Come home, come home
Before Turks come to get you.
Austrian nursery rhyme
Տեղանքը ավելի բաց էր քան Աղստև գետի կիրճն այդտեղից վերև կամ վար: Քարի լիճ բարձրացող ճանապարհին հասած` կանգ էի առել: Անտառ ու Ցախի խմբագրությունը ինձ ուղարկել էր Մելքիսեդեկ մականվանյալ գրողի մը ձեռագրերը ուսումնասիրելու: Ես Եզր Աղխեանն եմ: Վերոնշյալ խմբագրությանը միայն վերջերս համագործակցել սկսած եմ, ինչպես խմբագրության աշխատակցուհի Ռոզա Օհաննեսյան օր մը դիպուկորեն նշեց՝ Մելքիսեդեկ կոչեցյալ օդեն ընկած գրողի մը նորեն ծլած գիրերը վերծանելու: Այս պատմության մանրամասները դեռ չեմ հասցրած ուսումնասիրել: Գիտեմ միայն որ կյանքի վերջին շրջանում Մելքիսեդեկ ապաստանել է Հովքում, որ մի քանի տասնամյակներ առաջ դեռ մուսուլմաններով բնակեցված է: Մուսուլմաններու հոստեղ ինչպես հայտնվելը առանձին ուսումնասիրության թողած` առայժմ պիտի գյուղը գտնեի, որպեսզի հետո գտնեի նաև տունը, որտեղ այս սակավ հայտնի գրողը որոշ ժամանակամիջոց կեցած էր: Ջիփիէս-միպիէս հոս չպիտի բռնէ: Հայաստանում ասոր նման այնքան գրողներ կային իրարու պես, քոփիգեթեր (գործին ձեռնամուխ ելնելեն առաջ կմտածեի), որ պարզ չէր՝ ինչու խմբագրությունը մասնավորապես այս մեկ հեղինակի արած գործի նկատմամբ այդչափ խորը հետաքրքրություն ցուցաբերելու պետք ուներ, ու հիմա դեդևելով, փորձելով ըմբռնել, թե ինչպես էր ստացվել, որ այդ մարդը, որ բազում հոգեբանական վայրիվերումներու, շատ անգամներ սուր վիճակներու մեջ հայտնված լինելով յուր գրական փորձընկալումներու, երևակայական հետախուզություններու, փիլիսոփայական ճշմարտությունների որոնումներում, որպես իր վերջին հանգրվան՝ իրեն համար այս գյուղը ընտրած էր, գիտակցությունս բութ ծայրով մը կկարդար «Քարի լիճ» գրվածը ցուցատախտակներին երկու տարբերակով թարգմանված՝ «սթոն լեյք» և «ռոք լեյք», փորձեցի հասկանալ՝ որն է ավելի լավ հնչում. իհարկե՝ ռոքը:
Կանգ էի առել՝ կարծես իրականություն վերադարձած, քանի որ նախորդ օրը որևէ նոր ձեռագիր գտնելու հույս անգամ չկար, ու երեկ Անտառ ու Ցախի խմբագիրը, ստանալով Մելքիսեդեկի ձեռագրերը, մակերեսորեն ուսումնասիրելով դրանք, հայտնեց՝ կարելի է տեսնել որ տպագրվելիք գիրքը կենսագրական ձև պիտի ունենա կարևոր գրողի մը մասին, որի անունը նույնիսկ ծանոթ չէր ինձ: Ինքը՝ հեղինակը, ձեռքի տակ արդեն եղած գրերում վեպի տարբեր կառուցվածքներ է հղանում, սակայն շատ անգամ թվում է, կարծես մոռացած, թե ինչպես արդեն միևնույն բանը մի քանի անգամներ մտածել, թևեր է հագցրել ու հիմա ընդհանրապես այլ բանի մասին է խոսում, մոնտաժը կարծես Բարոհուզյան, կտրտած, գիրը անվստահ տեքստ է դարձնում՝ ամեն անգամ նորից ու նորից փորձ անելով մի նոր կետից գրվել: Ընդհանուր կառուցվածքի կամ վեպի ձևի մասին նրա մտորումները գրականության տեսանկյունից անհետաքրքիր չեն, սակայն իսպառ բացակայում են նրա առաջին գրվածքներում, ինչն էլ հետաքրքիր է դարձնում դրանք: Վերջին շրջանում նա հեռանում է բոլորից, փակվում այս գյուղում և այլևս կապ չհաստատելով արտաքին աշխարհի հետ՝ իսպառ վերանալով կորչում է: Այժմ այդ մարդու թողած տեքստերում բանալին են գտել առ մեր ժամանակի նևրոտիկ մարդը: Ահավասիկ ծիսական կարևորության ընծայումը սույն հեղինակին: Մելքիսեդեկը գրականությունը լուրջ ընդունել ըսկսավ Մինսկում: Լինելով Գյումրիից՝ ծանոթ էր տեղի Թատրոնին: Երիտասարդ տարիքում ընկերական շփումներով ներքին խոհանոցից գիտեր Թատրոնը: Ներսի այլերի հետ հարաբերությունները հոգեկանի մետաֆիզիկական հաստատությունը այլևս պիտի կռած լիներ: Գրական կեղծանունին կնքամայրը Կարին Ջանջուղազյանն եղած է, որ Թատրոնի ամենեն շնորհալի դերասանուհիներից մեկն է: Հրավիրել էին տուն, տանն էլ կնքել էին, հետո ճանապարհել՝ զարմացած, որ թեյ չի խմել: Ի սկզբանե կարծեցած էի, թե ինքն իրեն Աբրահամի ցեղից սերող քահանայապետի մը տեղ դրած պիտի եղներ, ու այդ էր պատճառը, որ գյուղացիները կատակում էին, թե նա համբարձվել է, բայց հետո մի տեղում Մելքիսեդեկը որպես շամպայնի շիշ է ներկայացրած: 40 շիշ տարողություն ունի: Համ էլ, այդ բանը մեծ նշանակություն չունի, քանի դեռ նրա «Ես վեպը» գրքի ֆրանսերեն թարգմանությունը մենակ չորս հարյուր հիսուն հազար օրինակ վաճառվել է մինչև հիմա:
Գյումրիից հետո Մելքիսեդեկը ճանապարհին է, ճամփորդ՝ մեզ պես: Գրում է ուղեգրություններ, որոնք մեկ Արևելյան Եվրոպա, մեկ՝ Արևմտյան ուղեկցելով ընթերցողին՝ իրականում ուղևորություններ են՝ ուղղված ներսդին: Մելքիսեդեկի գրականությունը, քանի որ ձանձրույթի գրականություն է, այդպես էլ կմոռացվեր-կմնար, եթե չլիներ նրա միակ՝ այս վերջին ճամփորդությունը: Ճամփորդություն դեպի Հովք: Այդտեղ է, որ նա հասկանում է սեփական Շիզոիդ անձը: Գիրքը մեծ աղմուկ է բարձրացնում: Եզր Աղխեանի հեղինակած կենսագրությունը՝ նվիրված այդ բացառիկ հայտնագործությանը, նկարագրում է հեղինակի՝ Հայաստանի կորած անկյուններից մեկում՝ Հովքում ապրած շրջանը: Ուղեգիրը, որի անունը այժմ Մէլիկսեդ է, հրատարակվում է ֆրանսերենով: Եզրի գիրքը Մէլիկսեդի խորհրդավոր ուղեգրության մասին է: Մի օր, հայրենիք վերադարձած՝ նա կհաստատվի Հովքում ու կօգնի, որ այդ գյուղում ապրող հայերը հայրենադարձվեն Շամխոր, Ադրբեջան և Գետաշեն, Շահումյանի շրջան, այնտեղ, որտեղից եկել են 1989 թ.: Որպես Եզր Աղխեանի հայերեն գրքերի թարգմանիչ և չլինելով հնարածին հայրենադարձությամբ առանձնապես հետաքրքրված մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանի Հանրապետությունը կպատրաստվի, որ տարածքներ փոխանցի Ադրբեջանին՝ եկել էի Հովք: Ըստ հեղինակի՝ գյուղում ոչ ոք չկար: Նորից այդ ձանձրալի, երկարաձիգ ու միալար մանրամասնությունների նկարագրությունները: Տանտերը հեռախոսով ասել էր՝ տունը չեմ գտնի: Ճիշտ որ՝ հասել էի գյուղի վերջին: Հեռվում մի հոգնած լեռ էր, ձյունե բաճկոնը գցած ուսերին՝ Հովհաննես Գրիգորյանի լեռն էր՝ գյուղը՝ գրիչ ծոցագրպանին: Հետո ավտոյից իջել, բլրի վրա կանգնել, ման էի գալիս գրքում նկարագրած տունը: Երեք տուն կար: Մեկը ցեխերի մեջ էր, մյուսը աթարի, իսկ երրորդը՝ փլատակներում՝ մեկնումեկը էդ պետք ա լինի… Ու մի կանգառ, որտեղ դանդաղեցրած մարդը դեռևս նստած է: Հանկարծ տեսարանը փոխվում է, ու կրկին հիշողության սարդոստայնում ենք. միևնույն գյուղում Դդումի փառատոն է: Գունավոր տաղավարներ են շարած փողոցի մյուս կողմում, զբոսաշրջիկներ, տեղացիներ: Տնական ուտեստներ են պատրաստել, գյուղական տոնավաճառ է: Նա ընկերների հետ քայլում է սեղանների արանքով: Կրակի վրա կարտոֆիլ են խորովում քիչ այն կողմ: Առաջ եկեք՝ կանչում են, տնական օղի են հյուրասիրում:
Գյուղի միակ փողոցում մա՜րդ չկար: Գուցե իսկապես վերադարձել են իրենց հայրենիք, և Մելքիսեդեկն էլ նրանց հետ հաստատվել է Շամխորում՝ հին բերրի հողերում: Էդ մարդկանց մասին որևէ տեղեկություն գտնել հնարավոր չէ, գրում է Ուղևորություն դեպի Հովքի հեղինակը. միայն այս գրքից: Գիրքը սկսվում է Հայաստանում և վերջանում Ադրբեջանում: Գրքի թարգմանությունը, կարծես, միևնույն ժամանակ երկու տեքստերի վրա աշխատանք՝ դժվար է երկու տեքստերի հնչողություններին էլ ներհատուկ մնալով՝ լինել երկու ձայների միջև հերթափոխող: Նման անօգուտ գրքերը տպագրելու փողը ովքե՞ր են տալիս: Ինչպե՞ս են անցնում պարեկները՝ պարզ չէ, հետո նկարը քարուքռա ճամփով է անցնում: Կանգառի կմախքում նստած մարդը հիմա նայում է ճակատի տակով: Իմ առջև հյուսվում է հեղինակի հիշողության սարդոստայնը: Սա այդ մարդն էր, միակ մարդը, որ մնացել էր գյուղում: Հայաստանի գյուղերում, գրում է Աղխեանը, կարելի է դանդաղեցրած մարդկանց հանդիպել: Այդ մարդիկ տարիներով նույն տեղում նստած են մնում, տեղից չշարժվելով: Ընթացքում, երբ տեքստը թարգմանվում է, մտորում եմ՝ թափառելով Եզր Աղխեանի այն մտքի հետ, թե պե՞տք է արդյոք մարդը, որ իրեն դրել է ինչ-որ քառակուսիների մեջ, ընդհանրապես որևէ գործողություն կատարի, ինչպես, ասենք, յոգինը:
Ի պատասխան ուղարկած նամակիս՝ խմբագիրը գրել էր, որ իմ գործը Մէլիկսեդի տեքստերի գեղարվեստական հորինվածքը քննության առնելը չպետք է լինի: Խնդիրը ոչ այնքան տեքստի գեղարվեստական հորինվածքն էր – այդ արժանիքի մասին խոսք լինել չի կարող – այլև, որ ուղեգրության մեջ նկարագրած ամենաոչէական և աչքի չընկնող մանրամասնությունների մասին պետք է խորհեի: Պետք է այդ գիրքը վերաթարգմանեի ու այնպես, որ նոր թարգմանությունը ավելի ստույգ լիներ, քան բնագիրը: Բանն այն է, որ ո՛չ հայերը կարող են վերադառնալ, ո՛չ էլ՝ թուրքերը: Գործը նախօրոք… Ինչպե՞ս էին ասում: Խմբագիրը գրում էր, ու ԱԱԾ-ն հետաքրքրված է ամեն ինչով՝ կապված այդ գյուղի հետ:
Ճանապարհը դեպի Հովք ոլորվում էր: Հիմա մարդիկ էին խռնված: Գյուղացիներ պետք է լինեին, որոնց մտահոգ դեմքերից սիրտդ կծկվում է: Նրանք պատմում էին անտառից փայտ բերելու արգելքի մասին: Այն մասին, որ ապրուստի միջոց չունեն ուրիշ: Ճանապարհը, որ մինչև գյուղի վերջ պետք է ձգվեր, ձգվում էր մինչև Վերին թաղի ծայրը, մնացած գումարը գրպանվել էր, փաստորեն, եզրահանգում էին երեք տասնամյակ առաջ այստեղ տեղափոխված հայերը, համակենտրոնացման ճամբարում են պահում իրենց: Բա՛, ճամփա չունեն գյուղից դուրս գալու: Ով էլ ճամփեն գտել էր, փասափուսեն առել, թողել կա՛մ քաղաք էր գնացել, կա՛մ Ռուսաստան, ասում էին մյուսները: Բաքվեցիներ էին մեծ մասը: Բաքվից եկած մարդը ինչ պտի աներ էս գեղում: Ե՞տ դառնանք… Եսիմ ով է հիմա ապրում իմ տանը, ասում էր մարդը: Հա, ճանաչում էր, գիտեր՝ ով են՝ որ եկա, իրենց տան բանալիքը տվեց, տարիքով մարդ ու կնիկ էին, չոբան, էլի՜: Ինքը հակակարկտային կայանում էր աշխատել, կինը՝ փոստում: Շամխորից քսան րոպե էր իրենց գյուղը:
Հովք բնակավայրը հնում եղել է այժմյան Դիլիջանի և նրան հարակից տեղանքում: Հովքը պատկանել է Վարաժնունիներին, ապա մտել Կայան Ձորոփորի մեջ: Վարաժնունիները արքունի որսապետությունը կը վարեին: Նրանց միջից ամենաուժեղը Փիլարտոս Վարաժնունին է: Սա Ասորիքում հայկական իշխանություն է հաստատում՝ ոտնձգություն անելով հափշտակելու Ռոմանոս IV Դիոգենես կայսեր գահը: Արդյունքում՝ կայսրը ճանաչում է նրա իշխանությունը: «Возобладав, он сражался против турок с армиями Ромеев…» Այս մասը ընդհանրապես տեքստից հանել պետք է, գրել էին խմբագրությունից: ԿԳՄՍՆ-ն նկատել էր. առաջինը՝ Փիլարտոս Վարաժնունին ապստամբ էր, հետո հավատափոխ եղած մեկն էր, դրան գումարած՝ Թոռնիկ իշխանի դեմ զորք էր դուրս բերել՝ Սասունը կամենալով ստեղծած իշխանապետությանը ձուլել: Ինչ-որ ձևով Հայաստանի ներկայիս ղեկավարին կհիշեցներ:
Կուպեներով օբյեկտը վարձով էր տրվում: Հնդիկ բանվորների, միգուցե: Տեղանքի լռությունն էի ուսումնասիրում և առաջանալով՝ տեսա, որ ճանապարհը Քարի լճից հետո վերև է տանում, սակայն պտտվեցի, իջա մայրուղի: Կանգառում նստած տղամարդը նույնկերպ թավ հոնքերի տակով պարզ հայացքով հետևում էր: Մելքիսեդեկը նստում է այս մարդու կողքին, ու նրանք զրուցում են առանց իրար լեզու հասկանալու: Հիմա, երբ մեքենան ետ տվի, զադնի դիր ու թռի՝ մտածեցի՝ հիշելով էս մարդու ասածը մի անծանոթի: Այս անգամ Դիլիջան եկող ճանապարհը, որ ըստ իս՝ գյուղը երկու մասի էր բաժանում, հատեցի ու ձախ կողմով դեմիս մեքենային հետևած աջ արի: Սկզբից վարանեցի ելնել նեղ երկաթե կամրջի վրայով անցնելու, ապա տեսնելով, որ պարեկի ամենագնացը գետը անցել, հեռվում կանգնած էր – հեռվում դաշտի մեջ – վախվորած ես էլ անցա: Առաջ գնալով՝ քշեցի անձրևաջրերով լեցուն խրամատներով, հասա մինչև քստմնելի պարսպապատ այդ տարածքներից մեկին, որ ճանապարհի վրայից գյուղ է թվում, հետո լարված ետ քշեցի, որ չթաղվեմ՝ խույս տալու համար մեքենայից իջած, տեղացիների հետ զրուցող պարեկեների ուշադրությունից: Նրանցից քիչ այն կողմ բետոնե էլեկտրական սյուներ կային, սյուների արանքը՝ ձիերի երամակ էր, թմբի վրայով երկաթգիծն է անցնում: