Մովսեսի վարքագիծը շարունակում էր անխաթար մնալ տրամաբանության և արդարամտության տիրույթում, այնուհանդերձ, նա իրեն մեղավոր էր զգում ընտանեկան նոր կացության համար. պատերազմից հետո կինը դեռևս Երևանում էր՝ աղջկա ընտանիքի հետ, և նշաններ չէին երևում, որ առաջիկայում տուն կվերադառնա: Մինչդեռ նկարիչ ամուսինը ոտից գլուխ խորասուզված էր Ստեփանակերտի ալեկոծ առօրյայում, և, կարծես թե, այդպիսով, ակնարկում էր, որ ընտանեկան նորագո իրավիճակի առնչությամբ ինքն առարկություններ չունի: Մովսեսի բուն հոգեվիճակն ամենևին էլ նման եզրահանգման տեղիք չէր տալիս, նա անկեղծորեն չէր ուզում հավատալ, որ իր ու կնոջ միջև լռելյայն համաձայնություն է կայանում, իբր իրենք կարող են ապրել նաև այդպես՝ իրարից հեռու ու անհաղորդ միմյանց հույզերին: Նա կնոջ շեշտված եսասիրությունը սեփական ձախողումն էր համարում, քանի որ չի կարողացել անցած տասնամյակներին էնպես ներազդել կողակցի վրա, որ նա միաձույլ լինի իր հետ կյանքի առանցքային հարցերում: Այդ տրտմաշուք խոհածումը ներքուստ վառում էր, բայց և, միաժամանակ, մտածում էր, որ ինքն այնքան մեծահոգի է, որ կարող է զոհաբերությունների գնալ հանուն կնոջ ու հարազատների: Բայց արդյո՞ք առողջ ու դրվատելի զոհաբերություն է դա, արդյո՞ք ամուսնական ու տղամարդկային թուլություն չէ իր պահվածքը, հատկապես հիմա, երբ քո շուրջ կյանքը մրրկած է, և յուրաքանչյուրի դիրքավորվածությունն իր բնույթով ներգործում է ընդհանուր կացության վրա… Որքան ժամանակակից, նույնքան և ավանդապահ է Մովսեսը, ինչը նրան, երբեմն, մարդկային կեցվածքի երկվության է մղում, ինչպես հիմա՝ կնոջ հետ կապված այս թնջուկում: Նա վատ էր զգում և այն պատճառով, որ արդեն երկու ամիս է՝ չէր տեսել աղջկան ու թոռներին, որոնց նախկինում հանդիպում էր գրեթե ամեն օր՝ արվեստանոցից տուն գնալու ճանապարհին, և նրանց համար պատրաստ էր տալ հոգին, անգամ՝ արվեստանոցը, եթե դրա կարիքը լիներ…
Եվ ահա դեկտեմբերյան մի երեկո, երբ տանը միայնակ ընթրում էր (հադրութցի կենվորները երկու օր առաջ էին տեղափոխվել առանձին վարձու բնակարան, որի վճարը պետք է պետությունը հոգա), Մովսեսը փորձեց ինքնասփոփել, որ իրեն համակող տխուր մտածումերը ծնվում են միայնությունից. ա՛յ, եթե այդ պահին կողքին լինեին, ասենք՝ Նվարդը, կամ Արսենը, Տեր Միսաքը, «հադրության հնգյակը», կամ նրանք բոլորը միասին, ապա ինքը չէր տրվի նման սենտիմենտալության: Վերցրեց հեռախոսը, որ զանգի Նվարդին, բայց թվերի կեսը հավաքելուց հետո միտքը փոխեց, մի րոպե դարձյալ խորհեց, ապա զանգահարեց ծանոթ տաքսիստին.
– Բարև, Վաղո՛… Լա՞վ ես… Շան օրի… Վաղը ռեյս ունե՞ս Երևան… Շատ լավ, ինձ էլ վերցրու… Առավոտ որքան շուտ շարժվենք, էնքան լավ… Պայմանավորվեցինք:
Մովսեսն իրեն վերադարձրեց ընտանիքի պատասխանատու հոր դերը և վճռեց մի երկու օրով գնալ Երևան. կտեսնի դստեր ընտանիքն իր աննման թոռներով, կնոջը գումար կթողնի, արվեստակից ընկերներին կհանդիպի ու ետ կգա: Կնոջն ու դստերն էլ չի պարտադրի, որ իր հետ վերադառնան Ստեփանակերտ. «Թող իրենք վճռեն, ես ոչինչ չեմ պնդի»:
Սառը-եղյամապատ առավոտ էր, երբ Մովսեսը ծանոթ տաքսիստի «Օպելով» ուղևորվեց Երևան: Պատերազմից հետո առաջին անգամ պիտի անցներ Քաշաթաղի շրջանով, որ առավելս հայտնի է Լաչինի միջանցք անունով. այն Արցախը շաղկապում է մայր Հայաստանի հետ՝ ստեղծելով միասնական հայրենիքի ու երկրի երևույթ: Հենց այդ հատվածում էին խիտ տեղավորվել ռուս խաղաղապահները՝ ութ ուղեկալ մոտ ութսուն կիլոմետրի վրա: Ամենատհաճը երկրորդ ուղեկալում էր՝ Շուշիի խաչմերուկին, որտեղ ռուսների կողքին, ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա, հենակետ էին դրել նաև ազերիները. նրանք հայտնվել են մայրուղու հենց կողքին՝ իրենց թշնամական հայացքներով: Ցանկացած պահի ազերի զինվորականները կարող են սադրանք հրահրել երթևեկողների նկատմամբ, չքաշվելով խաղաղապահներից: Նրանք լավ գիտեն խարդախելու և այլոց մեղքի մեջ ներքաշելու արհեստը: Մինչ այդ օրը Մովսեսը ծանոթներից լսել էր, թե ինչպես են ազերի պարեկները գոռգոռում կամ քար նետում հայկական ավտոմեքենաների ետքից. մի խոսքով՝ պայթյունավտանգ խաչմերուկ է: Երբ հասան այդտեղ, ռուս զինվորականները հրահանգեցին մեքենան միառժամանակ կանգնեցնել ճանապարհի աջակողմյա եզրին. քիչ անց պարզ դարձավ, թե՝ ինչու:
– Թուրքերի ավտոշարասյուն են բաց թողնում, էն ա, տեսեք,- բացատրեց վարորդ Վաղոն:
Մեքենայում Մովսեսից բացի ևս ուղևորներ կային՝ միջին տարիքի երկու կին, որոնք գրեթե միաբերան բացականչեցին.
– Վա՛յ, ձեզ թաղեմ… էս ի՞նչ եք լցվել Շուշի…
Վարորդը պատմեց, որ բերդաքաղաքը գրավելուց հետո ազերիները մեծամասշտաբ վերակառուցողական աշխատանքներ են սկսել, ամեն օր երկար շարասյուներով հսկայական քանակությամբ շինանյութ են տեղափոխում Շուշիի տարբեր թաղամասեր: Բեռնատարները մինչ տեղ հասնելն անցնում են արցախյան ճանապարհներով, և նրանց ուղեկցում են ռուս խաղաղապահները: Հիմա նման շարասյուներից մեկը ետ է վերադառնում բեռնաթափվելուց հետո:
– Այսինքն՝ նրանք արագորեն անցել են Շուշին թրքացնելու գործին,- մտախոհ անդրադարձավ Մովսեսը:
– Հա՛, եղբա՛յր, վախենամ, թե Ղազանչեցոցն ու Կանաչ ժամն էլ հիմնահատակ քանդեն,- կանխատեսեց վարորդը:
– Թաղե՛մ դրանց…- կրկին անիծեցին ուղևոր կանայք:
Մովսեսը մեքենայի պատուհանից մտախոհ նայում էր քիչ հեռվում կանգնած ազերի զինվորականներին և մտովի արձանագրում, որ նրանք դեռևս նախահարձակ վիճակում են և կարծես թե սպասում են հրամանի կամ առիթի, որ կրկին գրոհեն՝ այս անգամ դեպի Ստեփանակերտ և նրանից անդին: Եվ ո՞վ պետք է կասեցնի նրանց, ինչպե՞ս պետք է նրանց ետ շպրտել դեպի իրենց ելման դիրքերը՝ մինչև ազերական հարթ ամայությունները, որպեսզի Շուշիում և նրա շուրջ փռված տարածքներում կրկին թագավորեն անդորրն ու ստեղծարարությունը: Իր ներքնատեսությամբ՝ նոր իրականությունը չափազանց կեղծ ու խախուտ է, և այն ենթակա է փլուզման… տեսանելի ապագայում: Բայց արդյո՞ք բավարար է ներքնատեսորեն արձանագրածը՝ տենդագին խոհածում էր Մովսեսը, չէ՞ որ հիմա ամեն ինչ վճռվում է զենքով, ասել է թե՝ ոչ մի բնական ու արդար կանոն կարող է չգործել:
Հաջորդ ուղեկալում ևս գրեթե նույն պատկերն էր՝ անձնագրերի և բեռնախցիկի ստուգում խաղաղապահների կողմից, ձևական մեկ-երկու հարց զենք կամ թմրանյութ պահելու վերաբերյալ, և ազերական զինվորականների ագրեսիվ ներկայություն չնչին հեռավորության վրա:
– Փառք Աստծո, որ թուրքերը չեն մասնակցում անձնագրերի ու բեռների ստուգմանը,- համարյա մխիթարանքի պես հնչեցին վարորդի խոսքերը, երբ արդեն հեռանում էին Շուշիի երկրորդ խաչմերուկից: Նա ուղևորների ուշադրությունը սևեռեց ձախ կողմի վրա՝ դեպի մոտակա անտառը, որտեղով նոր ճանապարհ էին կառուցում ազերիները:- Շուտով նրանք առանձին ճանապարհ կբացեն Հադրութով և կարիք չեն ունենա Շուշի հասնելու համար ռուսների ուղեկցությամբ անցնել մեր տարածքով:
Մովսեսն իր մեջ լռվեց մերժվածի պես: Հերթական ուղեկալներում խաղաղապահներին լուռումունջ ցույց էր տալիս անձնագիրը և ինքնաբերաբար նրանց մատնում իր մտախոհությունը: Եվ սաստիկ մռայլվեց, երբ անակնկալ արձանագրեց, որ ավելի քան նվազ է դեպի Արցախ երթևեկող ավտոմեքենաների թիվը, երբ պիտի լիներ ճիշտ հակառակը. խեղանդամված, արնաշաղախ երկրին շատ է պետք ազգակիցների սրտացավ ու անմիջական վերաբերմունքը… Ճնշվեց ու խոր ինքնամփոփվեց այդ փաստից, միառժամանակ կորցրեց ուղեկիցների ու վարորդի հետ զրուցելու ցանկությունը: Այնուհանդերձ, երբ մոտենում էին Գորիսին, ցանկություն ծագեց խոսակցության բռնվել խաղաղապահների հետ՝ նրանցից ճշտելու մի երկու թեժ հարց, սակայն արագորեն մտափոխվեց. «Ի՞նչ պիտի ասեն էս ջահել զինվորները… Նրանք ի՞նչ գիտեն մեծ քաղաքականության կեղտերից…»։ Նա իրեն սեփական տնից օտարվածի պես էր զգում, տուն, որտեղ հիմա այլք են հսկում քո երթուդարձը: Թեպետև խոցված էր իր ազգային ու մարդկային արժանապատվությունը, Մովսեսը հոգու խորքում գոհություն էր հայտնում Աստծուն, որ ճակատագրական պահին այստեղ են մուտք գործել ռուս խաղաղապահները և կանխել հետագա արնահեղությունը:
– Ի՞նչ եք կարծում, Մովսե՛ս եղբայր, ռուսներն ինչքա՞ն կմնան էստեղ,- երբ Աղավնոյի ուղեկալում էին, հարցրեց վարորդը:
– Չգիտեմ, դժվար է կանխագուշակել… Ամեն ինչ կախված է նրանից, թե ամբողջ աշխարհում ինչ իրավիճակ կլինի… Ռուսների գործն ամբողջ աշխարհի հետ է… Նրանք իրենց համար անելիք են տեսնում բազմաթիվ տարածաշրջաններում:
– Այսինքն՝ եթե նրանց համար շատ կարևոր ճակատ բացվի մի ուրիշ տեղ, զորքն էստեղից կհանեն ու կտանեն էնտե՞ղ…
– Հա՛, հենց էդպես: Դրան մենք միշտ պատրաստ պիտի լինենք: Աշխարհը հիմա մի խլթխլթացող կաթսա է, չգիտես, թե որ տարածաշրջանում վաղը կբռնկվի նոր հակամարտություն… Անկախ ամեն ինչից, մենք հիմա պիտի առավելագույնս ազնիվ գտնվենք ու խոստովանենք, որ ռուսները մեզ համար հնարավորություն ապահովեցին, որպեսզի վերականգնենք մեր ուժերը, ապաքինվենք վերքերից և նորից լծվենք մեր պայքարին:
Ուղևոր կանայք ուշադիր լսում էին Մովսեսի դատողությունները: Նրանցից մեկը արձագանքեց.
– Որևէ մեկը պարտավոր չէ մեզ միշտ օգնել, ռուսները կանեն էնքան, որքան իրենց պետք լինի: Մենք մեր ուժերը պիտի համախմբենք, ոչ թե էսպես ցաքուցրիվ անենք վերջին հիմարի պես…
– Իմ որդին էլ է էդպես մտածում,- խոսեց մյուս կինը:- Նա հիմա Երևանի հոսպիտալում վիրավոր պառկած է, երեկ զանգել ու ասում էր, որ խաղաղապահների վրա շատ հույս չդնեք, նրանք գալիս ու գնում են, էդ մենք պիտի մեր հարցերը լուծենք:
Մովսեսը նոր իմացավ, որ իր ուղեկիցներից մեկը վիրավոր զինվորի մայր է և քրոջ հետ գնում է որդուն տեսության: Ափսոսաց, որ շուտ չի ծանոթացել ուղեկից կանանց հետ՝ վատ տրամադրությունը խանգարեց, որ նրան պաշարել էր ուղևորության սկզբին, Շուշիի մոտ: Զինվորի մայրը սկսեց պատմել, թե որդին որտեղ է կռվել ու ինչպես է Վարանդայում ընկերների հետ ընկել ԱԹՍ-ների հարվածի տակ. տասը հոգուց ողջ են մնացել հինգը: Մովսեսը կնոջը խոստացավ, որ կգնա նրա տղային տեսության:
– Նեղություն չքաշեք, եղբա՛յր, շնորհակալ ենք,- զգացված ասաց վիրավոր զինվորի մայրը,- թույլ չեն տալիս հոսպիտալ մտնել:- Նա ձեռքի հեռախոսի մեջ ցույց տվեց որդու լուսանկարները՝ մենակ, ընկերների հետ, գնդացիրը ուսին և վիրավոր: Սիրունատես ու ներքին առնականությամբ լի տղա էր երևում:
Գորիսի արևմտյան բարձունքի աղբյուրի մոտ կարճատև հանգստի դադար առան: Սրճարանում Մովսեսը ուղեկից կանանց ու վարորդին սուրճ ու թխվածք հյուրասիրեց, հետո մոտեցավ սևքար, եռանկյուն հուշարձանի մոտ գտնվող այն կետին, որտեղից, գոգավորության մեջ հարմարավետ տեղավորված, քաղաքը երևում էր՝ ինչպես առջևդ փռված մի հսկայական վիշապագորգ, և թվում էր՝ ուր որ է այն կալիքվի աներևույթ կախարդական մատի թեթևակի շարժմամբ: Մովսեսը տարիներ ի վեր սովորություն ունի երևանյան ուղևորություններին կանգնել այստեղ և զմայլվել չքնաղ տեսարանով, բայց խթանիչը սոսկ պատկերի գրավչությունը չէր. ժամանակին նա այստեղ հիացմունք էր ապրում վաղամեռիկ որդու հետ, երբ նրան պարբերաբար Երևան էր տանում՝ բուժման հերթական կուրսն անցնելու: Ջանքերն ապարդյուն անցան, բժիշկներն անզոր եղան փրկելու տղային, որի նենգ հիվանդությունը գաղտնի սկսել էր զարգանալ դեռ առաջին պատերազմի օրերին, երբ նա հարազատների ու հարևանների հետ, ռմբահարումների ժամանակ, ապաստանում էր շենքի նկուղում: Մովսեսը վաղուց մենակ է կանգնում այստեղ՝ ինքնասույզ ու մեկուսի, բայց միշտ զգում է, որ որդին իր հետ է, և ինքը, թիկունքին կանգնած, շոյում է գլուխը և առնում նրա մաշկից եկող հրաշալի բույրը:
Վարորդի և ուղեկից կանանց հետ զրուցելով ու նիրհելով՝ Մովսեսը Երևան հասավ երեկոյան կողմ: Ծայրամասային թաղամասերից մեկում նա մեքենայից իջավ մի համեստ սուպերմարկետի դիմաց: Թոռների համար խաղալիքներ, նկարչական պարագաներ, քաղցրավենիք ու միրգ գնեց և տոպրակներով ծանրաբեռ՝ բարձրացավ կողքի շենքի առաջին մուտքի չորրորդ հարկ: Դուռը բացեց աղջիկը՝ Կարինեն:
– Վա՛յ, պապան…- բացականչեց և ամուր փաթաթվեց հորը: Հետո մոտ երկու րոպե, բաց դռան շեմին, աղջիկը լացում էր ու ծիծաղում, ապա միայն հեկեկում էր, ասես գտել էր մահվան գուբից փրկված ծնողին:
Ի վերջո, Մովսեսը ներս մտավ, և «անկոչ հյուրին» իրենց գիրկն առան նաև կինն ու երկու թոռները: Երբևէ իրեն այդքան հախուռն ու հուզումնալից չէին դիմավորել տնեցիք, որտեղից էլ վերադառնար՝ հեռավոր արտասահմանից, ուր պարբերաբար մեկնում էր իր արվեստային գործերով, թե մոտիկ գյուղերից, որտեղ սովորաբար գնում է թարմանալու և էտյուդներ անելու: Մովսեսը նախքան կլվացվեր ու կտեղավորվեր բազմոցին, սրընթաց խորհեց, որ հարազատների ներկա դիտանկյունից իր գտնվելու վայրն ու ժամանակը հավանաբար այնքան դժոխային էին երևում, որ այնտեղից ողջ դուրս գալն իսկական հրաշքի պես էր թվում նրանց: «Իսկ գո՞ւցե նրանք ճիշտ են արձանագրում իրողությունը, ավելի ճիշտ, քան էնտեղ գտնվողներս… Բայց իրո՞ք հեռվից ամեն ինչ ավելի հստակ է երևում…»:
Կինը՝ Գայանեն էլ արտասվեց, սակայն՝ զուսպ ու կաշկանդված. գուցե նա շատ ավելի հույզ ու տառապանք ուներ իր մեջ ամբարած, քան դուստրը, սակայն ցուցադրում էր պատշաճը, հավանաբար ամուսնուն անտեղի չհուզելու համար: Կինը թարմ սանրվածքով էր, հավանաբար երեկ կամ այդօր էր գեղեցկության սրահում եղել. եթե կեղծավոր լիներ, կասեր, որ սիրտը նախազգացել է ամուսնու գալուստը, դրա համար սիրուն հարդարվել է: Բայց Գայանեն նման կեղծավորությամբ օժտված չէ, նույնիսկ հոգում առկա շատ գույներ ի ցույց չի դնում, բավական խնայողաբար է վերաբերվում իր ներաշխարհի «գույքին»: Նա գիտե, թե իրեն ինչպես պետք է պահի, որպեսզի լինի ամբողջական ու չծամծմված։ Այնուհանդերձ, Մովսեսը նկատեց, որ կինը նիհարած ու գունատ է:
– Հո հիվանդ չե՞ս, Գայանե՛…
– Չէ՛, ուղղակի ծանր օրեր քաշեցինք… Շատ էինք հուզվում մեզ մոտ կատարվող դեպքերի պատճառով…
– Ինչ եկել ենք, մամայի ախորժակը փակվել ու չի բացվում,- լրացրեց աղջիկը:
Մովսեսը մտաբերեց, թե ինչպես էր Գայանեն դողացնում ու ատամները կափկափում պատերազմի առաջին օրը, երբ սկսվեց ռմբակոծումը, և դեռ աղջկա ընտանիքի հետ դուրս չէր եկել ուժգին կրակի տակ հայտնված քաղաքից: Նույնիսկ դիտողություն արեց նրան, որ իրեն արցախցու պես չի պահում, ասես պատերազմ չի տեսել երբեք: «Ի՞նչ անեմ, ինձնից անկախ է ստացվում…»,- խեղճացած պատասխանել է խուճապի ու դողի մեջ սփրթնող կինը: Նրա վախը սկսվել էր առաջին պատերազմի ամիսներին, երբ հղի էր երկրորդ երեխայով, իմա՝ դստերով: Այն ժամանակ Մովսեսը կնոջն ու փոքրիկ տղային բավականին ուշացումով էր ուղարկել Երևան, չգիտեր, որ պատերազմը կարող է տարիներով ձգձգվել, և քաղաքը երկար պիտի մնար ռմբահարումների թիրախ: Աստծուն մինչ օրս փառք է տալիս, որ դուստրը ծնվել է ողջ ու առողջ, առանց ֆիզիկական ու նյարդային շեղումների: Մինչդեռ միշտ կասկած ուներ, որ Կարինեն կարող էր կրել պատերազմական ազդեցության հետքերը, գուցե մոր պես լիներ սաստիկ վախեցող՝ յուրաքանչյուր սուր ու բարձր ձայնից:
– Դու ո՞նց ես, Կարինե՛ ջան, դո՞ւ էլ մամայի պես շատ ես վախեցել…
– Դե, հա՛, պա՛պ, վախենում էի, բայց ոչ մամայի չափ:
– Վախենում ենք բոլորս, բայց չպետք է թույլ տանք, որ վախը մեզ կուլ տա,- անդրադարձավ Մովսեսն ու ցանկացավ զարգացնել «վախի տեսությունը», սակայն միտքը փոխեց և անցավ թոռնիկներին՝ նրանց հետ վերսկսելով վաղուց ընդհատված նկարչական պարապմունքները:
Եկավ փեսան, և բոլորը նստեցին բացված սեղանի շուրջ: Մովսեսը վաղուց ընտանեկան ընթրիք չէր ճաշակել, նրան թվաց, թե վերստին բնական ու հարազատ միջավայրում է, սակայն աչք ածելով օտար սենյակը, տրվեց այն զգացողությանը, որ իրենք կարճատև ընդմիջման են մի երկարատև հետապնդման մեջ, որն իսկական ավարտ կարող է ունենալ միայն Ստեփանակերտում, իր առանձնատանը…
* Հատված «Տաճարի պահուց զորքը» անտիպ վեպից