ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է արձակագիր, հրապարակախոս
ԷԴՈՒԱՐԴ ԽԱՉԻԿՅԱՆԻՆ
ծննդյան 60-ամյակի առթիվ
«Գրական թերթը»
միանում է շնորհավորանքին
Արփիալույսը թեք ընկել, ծիածանել էր փոքրիկ ջրվեժը, որը փրփրակալած գահավիժում էր յոթներանգ շողարձակելով: Կամարն ասես կինոսրահի ճերմակ կտավի վրա քարացած կադր լիներ, որ թրթռում էր, բայց տեղից չէր շարժվում:
Գորշագլուխ, դեղնամորթ արու արջը, որ նոր-նոր էր զգում իր ջահել, կենսառատ մարմնի ուժն ու եռացող արյան հոսքը պրկվող, հուժկու մկաններում, ջրվեժի տակ ձուկ էր որսում՝ բրդոտ պարանոցից կախված զանգի ձայնով խրտնեցնելով, իսկ հուժկու թաթի չլմփոցով խլացնելով պտավոր, արծաթավուն թեփուկներով կարմրախայտի քոչվոր վտառը, որ գետակը բերում էր հեռավոր լճից: Իսկ զանգը կախել էր նախրապան տերը, երբ ինքը դեռ չորս ամսական էր: Սահմանամերձ գյուղի մեծերը մի երեկո հավաքվել էին սպանված գայլի գլխավերևում, իսկ որսորդ Ավետն ասել էր.
– Լա՛վ, թող մնա, ձեռնասուն կենդանի է, բայց վզից զանգ պիտի կախենք, գյուղի կնանիք ու երեխեքը հեռվից հեռու սրա մոտենալը իմանան, որ հանկարծակիությունից հանկարծ լեղաճաք չլինեն, իսկ բակապահ շներն էլ վախից դիվոտելով՝ կապը չկտրեն ու անտառ փախչելով՝ գելի բաժին չդառնան…
– Ավի, էդ հո արջի գլխին պատիժ կդառնա՝ ո՞նց է որս անելու…- ընդվզել էր գյուղի ամենատարեցը՝ Զարզանդ դային:
– Տնաշե՛ն,- քահ-քահ ծիծաղել էր Ավետը՝ որսորդական բարակի գլուխը շոյելով:- Նապաստակի բախտը վաղ թե ուշ դեմ է առնում աղվեսի ժանիքների՝ արջը ճագա՞ր է, ի՛նչ է: Հասած տանձ ու մոշ կուտի, երբեմն էլ՝ մեղր՝ ումի՞ց պիտի վախենա: Հա՛, ախպեր, էդպես համ մենք հանգիստ կլինենք, համ ինքը՝ ապահով…
– Նապաստակներն ապրում են աղվեսի մշտարթուն պատկերն աչքերում…- մտախոհ ծորացրել էր Զարզանդը:- Իրո՛ք, արջն էլ ճագար չէ:
Որոշեցին ու հաջորդ օրը վզից կախեցին նիկելաթափ մի զանգ…
Կերուկուշտ արջի որովայնը տռզեց-կլորացավ, հոգնեց որս անելուց և հերթական կարմրախայտը երախում՝ դուրս եկավ գետափ, փլվեց կաղնու ստվերում, ապա բերանից ցած գցելով ձկանը՝ սկսեց հետևել, թե ինչպես է թպրտում խոտերին՝ պոչը դես ու դեն զարկելով:
Արևը հաճելիորեն տաքացնում էր կիսափակ կոպերը, և կենդանին աննկատ մրափեց՝ նիրհի մեջ մազմզոտ ականջները ստեպ-ստեպ շարժելով: Իր կարճ կյանքի սկզբում աշխարհն ընկալում էր ծաղկի առէջին անշարժացած մեղվի հիացումով, մինչ այն օրը, երբ չարաղետ դիպվածը փլվեց գլխին՝ ապրվելիք կյանքը տակնուվրա անելով:
…Մայրն առավոտ ծեգին դուրս եկավ անձավից ու այլևս չվերադարձավ: Հիշեց սարսափազդու հրացանի տրաքոցը, թե ոնց էր ինքը վախվորած ծիկրակում քարայրից, և թե ինչպես էր սպիադեմ երկոտանին ձեռքի փայլուն ժանիքով քերթում մոր դեռ տաք մարմինը: Եվ ռունգերում մնաց այդ գազանի ու քիթ կծկծացնող վառոդի հոտը: Հաջորդ օրը, երբ պատահածն իմաստավորելու ճիգերից թևաթափ, վնգստում էր մաշկահան դիակի վրա, հայտնվեց ապագա տերը: Ինքը կյանքասեր, չարաճճի քոթոթ էր, ու անգիտակից վերուվարում էր մոր մարմնի վրայով: Իսկ մարդն իրեն քաթանե պարկը գցելուց առաջ անչար փնթփնթաց.- Իմ խեղճ Չարուկ, մենակ հիմա ի՞նչ ես անելու… Չհասկացավ, բայց կլորիկ, շագանակագույն աչքերը մարդուն հառելով՝ հանկարծ զգաց, որ իրեն կարեկցում են և երբ վզատակից բռնելով՝ նետեց պարկը, չփորձեց դիմադրել: Մարդը իրեն գյուղ բերեց, տեղավորեց անտանիք, կիսաքանդ փարախում: Ինքն էլ երբեմն տաք գիշերներով գալիս, կողքին պառկում էր: Ու էդպես իրար փափթաթված անխռով քնում էին: Որոշ ժամանակ անց վարժվեց տիրոջը, իսկ երբ անցյալի հուշը սկսեց խամրել-աղոտանալ, աստիճանաբար սկսեց մոռանալ այն չարաբաստիկ առավոտը: Գյուղն իրեն կամաց-կամաց ընտելացավ, իսկ նախիրը՝ զանգին, և երբ լսում էին զանգի ղողանջը, անահ արածում էին…
Ծուլորեն արևկող արած կեսօրն արդեն կորցրել էր ժամանակի զգացողությունը, երբ տերևների մեջ ծվարած ցողը կաթիլակաթ սահեց, չլմփած մռութին. արջը անսպասելիությունից կնճռոտեց քիթը: Եվ հետո միայն լսեց պայթյունի ձայնը, որին հաջորդեց մահասարսուռ ճիչը. պարանոցի բուրդը բիզ-բիզ կանգնեց, աչքերը լցվեցին արյունով, և վախը, որ տրաքոցի հետ թափանցել էր ներս, մի պահ անզգայացրեց մարմինը: Հետո դանդաղ կանգնեց ետևի թաթերին, իսկ երկրորդ կրակոցից հետո ահարկու մռնչաց, ապա սևեռվեց տանձենուն, որի տակ սովորաբար նստում էր տերը, բայց նա հիմա անկենդան փռված էր գետնին:
Տագնապի դող անցավ մարմնով, և երբ քամին մարգագետնից բերեց սպիադեմի ծանոթ գարշահոտը, ներսում ննջող ցասումը թափ առավ, ահագնացավ:
Դեռ չէր տեսնում իրեն որբացնողին, բայց զգում էր նրա ժանտ ներկայությունը:
Ու տեղից պոկվելով՝ մի քանի ոստյունով կտրեց ծանծաղուտն ու զանգակը զրնգացնելով՝ քառատրոփ վարգեց տիրոջ ուղղությամբ: Մի պահ մոռացավ մորից ժառանգած զգուշավորության մասին. նախիրն անխռով արածում էր հյութեղ խոտը, է՛լ ավելի ծանրացնում գետնահաս կուրծերը, որոնք ալիքվում էին ոտքերի արանքում, քանզի գայլերի երդվյալ թշնամի ու իրենց պահապան արջը մոտերքում էր, քանզի գետափի կողմից պարզորոշ որսում էին զանգի հնչյունները, իսկ իրենց կռվազան, շիլաչ ցուլը սիրակարոտ մռլնգում էր:
Եվ արջի երակներում մեկեն խայտաց հոր մարտական արյունը:
Բայց ղողանջի դավաճան ձայնը գրավել էր օտարազգի հրոսակների ուշադրությունը, և նրա ուղղությամբ կրակեցին. որսաց գլխի վերևով սլացող փամփուշտների նյարդամաշ սվսվոցը ու տեղում մեխվելով՝ խելակորույս սլացավ ետ: Մի ակնթարթ նրան թվաց, թե ետևից վազում է հսկա, բևեռային արջը և իրենով փակում մահախոց գնդակների ճանապարհը. գնդիգլոր սուրաց զառիվերից: Պահապան արջն այլևս չկար, էլ չէր զգում տաք շնչառությունը և խաղաղվեց, երբ թաքնվեց խիտ, փրկարար կաղնուտում: Փորձանքից անվնաս դուրս գալու բերկրանքը խառնվեց սրտակեր մաղձին, և անզոր կատաղությունը խորշոմներ գծեց մռութին. կենդանին մարդու պես թառանչեց: Գիտեր, որ պարտավոր է վերադառնալ, բայց բնազդը ստիպում էր անշշուկ տապել, հետո մեջքի վրա պառկելով՝ թաթը մտցրեց պարանի տակ, պոկեց ատելի զանգակը, որը խոտերին ընկնելով՝ որբացած ծլնգաց:
Մինչև մթնշաղ լուռ պառկեց, ապա անտառից դուրս գալով՝ զգուշորեն քայլեց գետի եզերքով: Ծանր հուշը սաղմոսվել էր ներքին լռությանը, որը դահճի անողոքությամբ բզկտում էր ջղերը, իսկ մեղավորության զգացումը չէր անցնում, ավելի էր բորբոքում ցասման անթեղված հուրը, որի այրոցն արդեն զգում էր նյարդերով: Գլուխը տմբտմբացնելով՝ շարունակեց առաջանալ. թաթերի նուրբ ներբանները պնդացել էին և էլ չէր զգում խճաքարերի ծակող ցավը: Կտրեց գետակը, մտավ մարգագետին. ո՛չ նախիրը կար, ո՛չ տանձենու տակ պառկած տերը: Քիթը կնճռոտելով՝ հոտոտեց, առավ որսորդ Ավետի «Վիլիսի» բենզինի և քսայուղերի բույրը, ապա՝ նախրի, որ ձգվում էր գետից այն կողմ: Ռունգերը լայնացնելով՝ լնգլնգալեն գնաց կճղակների թողած հետքով: Երբ բավականին խորացել էր անտառում, արդեն պարզորոշ զգաց նախրի հոտը:
Իսկ հալվող օրը վիրավոր թռչնի պես արնաքամվում էր՝ շուրջբոլորը ներկելով բոսոր կարմիրով. լեռներում խմորվող մարաթոնյան լռությունը թափանցեց նիրհող անտառ, որը սկսել էր լցվել գիշերաորս կենդանիների տենդոտ շնչառությամբ:
Քիչ անց արևը կորավ լեռնապարի ետևում, և երկնքում հայտնվեց դժգույն լուսինը, հետո մթնորակ մի ամպ քողով շղարշեց նորալուսնի երեսն, ու ամեն ինչ թաղվեց անթափանց խավարում:
Չարուկը ողջ գիշեր գլխահակ առաջանում էր, մինչ գտավ ծեռտահոտ քարայրը և չլսելու տալով չղջիկների արնատենչ ծղրտոցը` կոլոլվեց ու գլուխը թաթերին դնելով՝ փորձեց բացաչ քնել: Նրա արջային ուղեղը մտածումի շավիղներ փնտրելով՝ խճճվեց հարահոս պատկերներից. մե՛րթ մայրն էր, արջերի աստծու հսկա կերպարանքով` բևեռային ցեղակիցների ճերմակ մորթով, մե՛րթ տերը՝ վայրի տանձերով լի կողովը ձեռքին:
Իսկ ներսի ցավը չէր մեղմանում, ջղաձգվում էր աչքերում, խոնավանում, ու ճաք տված հիշության ճեղքերից երկատված պատկերներ էին հայտնվում՝ չամբողջացող, լղոզված: Հետո, կարոտի անճանաչ զգացումը կալանեց սիրտը և խառնվելով արյանը՝ հոսեց երակներն ի վեր ու լցվեց ուղեղը, ուր հուշապատկերները լռելյայն սահում էին հայացքի առջևով, բայց չէին կերպավորվում: Անկանոն հերթագայությամբ շարունակում էին գլխից ներսուդուրս անել` մե՛րթ մեկը, մե՛րթ մյուսը, մինչև աչքերի առջև չհայտնվեց սպիադեմի զազրելի կերպարանքը…
Արջը վեր թռավ տեղից, քինաշունչ մռնչաց և արևգալի հետ անձավը լքելով՝ սկսեց կերակուր փնտրել: Քանդեց-անցավ լույսով քողարկված սարդոստայնի միջով ու փտած կոճղի տակ մրջնաբույն գտնելով՝ փռվեց շեմին ու սկսեց անուշ անել թթվաշ միջատներին: Հետո հեռվից հաչոցներ որսաց և տեղից բարձրանալով՝ մռթմռթալով գնաց ձայների կողմը:
Դարավանդի բարձունքից վերջապես երևաց անտառի թխակապտավուն շերտը, որի ստորոտում ծվարել էր անծանոթ շենը: Նախրի հոտը տանում էր դեպի գյուղամեջ, իսկ սպիադեմը գնացել էր հակառակ ուղղությամբ. քայլեց վերջինիս հետքով: Երկհարկանի տանը մոտենալով՝ պառկեց, իսկ ռունգերը լցվեցին փայտաշեն պատշգամբից բուրող կախանի և արևառ չրերի հոտով: Սակայն կենդանու ուշադրությունը դռան կողմն էր: Գիտեր՝ իր ախոյանը ներսում է, ու համբերատար սպասում էր երկոտանի գազանի հայտնվելուն: Չէր նկատել երկար շղթայով կապված առյուծաբաշ գամփռին, որն անսպասելի հայտնվելով թիկունքում՝ սկսեց լորձոտ հաչել: Անծանոթ շան հանդեպ թշնամանք չուներ՝ թաթով թեթև տվեց դնչին, շպրտեց մի կողմ. գամփռը սրտաճմլիկ կաղկանձեց: Պատշգամբի լույսը վառվեց, ու քիչ անց շեմին հայտնվեց սպիադեմը՝ ինքնաձիգը ձեռքին:
Շունն ընկնավորի պես թավալվում էր գետնին, շնչահեղձ ոռնում, և հունիսյան լուսաբացը լցվեց մահվան թրթիռով: Մարդը զենքն առաջ պարզելով՝ քայլեց շան կողմը: Կենդանու աչքերում չարագույժ կրակներ ցոլացին (ներսի ցավը չէր սպեղանվել, ու ժամանակը սոսկ մոռացման թմբիր էր բերել): Փորսող առաջացավ և երբ հաշված մետրեր էին մնացել՝ մոլեգին նետվեց առաջ և շան գլխավերևում պպզած երկոտանուն դեմքն ի վայր տապալելով՝ համփռեց կոկորդը:
Մերկ զարմանքի մեջ քարացած սպիադեմը հազիվ լսելի ծկլթաց, և կոկորդից հորդացող ճիչը սառեց, եղյամվեց շուրթերին: Արջը գռմռալով գզզում էր ու չէր զգում կոկորդ լցվող արյան բերկրալից համը. բուկն աքցանել, ետևի թաթերով բզկտում էր արնաշաղախ մարմինը և ետ քաշվեց, երբ գյուղամիջից որսաց նյարդամաշ փոխհրաձգության ձայները…
***
Մի քանի օր անց Չարուկը պառկել էր տիրոջ թարմ գերեզմանին, որի վրա դեռ չէին մահացել սգո պսակները և փշփշոտ լեզվով լիզում էր կավահողը: Ոչ ոք չէր քշում նրան՝ գյուղն արդեն գիտեր վրիժառու արջի պատմությունը, ու թե ինչպես է հոշոտել գթատյաց Ահմեդին: Իսկ կենդանին լուռ պառկել, հողի խորքերից առնում էր տիրոջ, գյուղի կողմից՝ տուն վերադարձած նախրի հոտր և նեղացած երեխայի պես կիսաձայն թնկթնկում էր…