Արմինեին տատը պատմել, ո՛չ հավատացրել էր՝ Նահապետ Նոյը առավոտ վաղ Արարատի գագաթին զարթնել, տեսել էր, որ արեգակի շողերը Ցղնայի սարավանդներն են ուղղվում, Ցղնայի հողն են ջերմացնում ու գուրգուրում, իջել, առը բացել, առաջին որթն էր տնկել: Դրա համար էր իրենց խաղողը ամենաքաղցրը:
***
Այդպես եղավ՝ Դեյր էզ-Զորում, Ռեսուլ-Այնում, Ռաքքայում տարապարտներին սրատեցին, մահաջնջեցին, բայց ողջ մնացողները շարունակեցին քայլել: Քայլեցին մինչև Սումգայիթ, որտեղ նրանց էլի՛ ողջակիզեցին, ու էլի՛ ողջ մնացողները քայլեցին: Քայլեցին, Երևանի մայր հրապարակը հասան, շատրվանների հառաչը լսելով` կանգ առան: Արմինեն հպվել էր մեծ ժամացույցի աշտարակասյանն ու տուֆի ծիրանագույն ջերմությամբ տաքանում էր: Աչքերը փակեց, արյան հոտ առավ: Զարմացավ՝ արյունը հոտ կունենա՞: Ինքնաշարժերի՝ մարդատարների, բեռնատարների, ծանրատարների հռնդյուն լսեց, բացեց աչքերը: Փոխադրամիջոցները մղձավանջ չէին, թափքերից գորշ ստվերներ էին ցատկում, խցկվում էին բռնագաղթածների արանքը, ձայնձայնում.
– Տաք թեյ ո՞վ ա ուզում…
– Բրդե ծածկոց ո՞ւմ ա պետք…
Քանի որ սումգայիթցիները, սպանդի մղձավանջը հայացքներում, չէին արձագանքում, հայաստանահայերի ձայները կոշտացան, խստացան.
– Չէ՛, ըսենց չի լինի, ելե՛ք տուն գնանք…
Տարապարտներն իրարից բաժանվելուց էլ էին վախենում, չնայած հայաստանահայերը սիրտ էին տալիս.
– Մոտիկներով եկե՛ք, տեղ շատ ունենք…
Մեկը գոռգոռոցով աշխատում էր խլացնել մյուսներին.
– Եզդի մարդ եմ, Ջանֆիդայում երեքհարկանի տուն ունեմ, տասը հոգի տանեմ…
Գոռգոռոցն այնքան կրկնվեց, որ վերջում խռպոտեց.
– Ինչի՞ եք ըտենց անում, ուրեմն որ եզդի եմ, հայ չե՞մ…
Մեկ էլ խճողումից մեկը դուրս պրծավ, «քուր ջան, քուր ջան» ճչալով Արմինեին փաթաթվեց: Էլ այսկողմ-այնկողմ չնայեց, երեխայի պես գրկեց, ինքնաշարժ մտցրեց:
***
Դեռևս փետրվարի կեսերին լիքը-լիքը «Վոլգայով»՝ կճուճներով, թակույկներով, քթոցներով, տարբեր փքվածության կուժ-կուլաներով, Ցղնայից Սումգայիթ եկան հայրն ու մայրը: Հայրը ձմեռվա խաշի, կերուխումների էն ամենալավ ժամանակը գյուղից բացակայելու շատ լուրջ պատճառ ուներ: Հայտնի չէ՝ ո՛վ, գլուխը մտցրել էր Սումգայիթում սահմանափակ պատասխանատվությամբ ձեռնարկություն ստեղծել, Ցղնայի էն համով ծիրաններն ու սալորները, տանձերն ու դեղձերը, որ ծառերի տակ փտում էին, բերել, մրգաջուր, մրգանուշ դարձնել, մեծ շահույթով վաճառել:
Հոր հեռախոսային խոսակցությունից Արմինեն գլխի ընկավ, որ պիտի այդ օրը Սումգայիթում հաստատված ցղնացի հին թասընկերներին հանդիպի, նրանք էլ տեղի պատասխանատու պաշտոնյաների հետ ծանոթացնեն, գործը գլուխ բերեն: Աղջիկը գիտեր, թե այդ հանդիպումները ինչով են վերջանում. հայրը կեսգիշերին հարբած գալու էր, ետևից իր պես մի երկու հարբած էլ բերելու, կնոջն անկողնուց հանելու, հրամայելու էր.
– Սեղա՛ն գցիր…
Հայրը հարբած, բայց մենակ էր եկել, մեծ-մեծ խոսում, դղյակներ էր կառուցում, լսեցնել էր տալիս, թե որտեղ էր հիմնելու մրգապրանքի արտադրության իր ձեռնարկությունը, ամեն բերքահավաքի ինչքան եկամուտ էր ստանալու: Իբր ամեն պայմանավորվածություն կայացել էր, առավոտ շուտ հիմնարկեքը պիտի աներ:
– Հեչ չմտածես, կնի՛կ ջան,- հայրն իր խոսելուց հոգնեց, փլվեց արտասահմանյան՝ անհարմար թիկնակով բազկաթոռին, մնչաց,- սրանից հետո դու Ֆրանսիան ու Իտալիան էլ չես հավանելու, ամերիկյան լողափերում ես հանգստանալու: Շե՛ն մնա Սումգայիթը…
Խոսքը չավարտած՝ քնեց: Նրա մրափը ստեպ-ստեպ խռկոցով էր խզվում, ու այդ արանքում դրսից հիշոցներ, հայհոյանքներ էին լսվում, որոնք հետզհետե մոտենում էին: Հարայ-հրոցը հարկ հասավ: Մետաղե լինգերի ճռռոցով տեղահան արեցին նախ ձախ, հետո աջ կողմի բնակարանների դռները:
Ամենավերջում իրենց դուռը ծեծեցին: Չէին ծեծում, աքացիներով կոտրում էին:
– Մե՛լս, խաթրո՛վ բաց,- գոռում էին հարկով մեկ,- թե բացես, կյանքդ կբաշխենք, թե որ ջարդելով մտնենք, բոլորիդ կմորթենք:
Հայրը, մշուշված մտածումներով, խումարի մեջ վեր թռավ, վերնաշապիկը պատռեց: Նա ոչ միայն անունն էր փոխել՝ Մելս դարձել, այլև կրծքին կողք կողքի դաջել էր տվել Մարքսի, Էնգելսի, Լենինի, Ստալինի կիսադեմերը: Դուռը բացեց, մազոտ կուրծքը ցցեց.
– Թե համարձակություն ունեք, սրանց մատով դիպեք:
Կացինը կուրծքը մխրճեցին: Հետո մայրը աչքներով ընկավ, հոր թպրտացող մարմինը արյան ճապաղիքի մեջ թողեցին, նրա վրա հասան: Դե՛, մայրն այդ տարիքում էլ սիրուն էր… Մի քանի հոգի նրան տարան, մի քանի հոգի թալանով ընկան, մի քանիսն էլ Արմինեին ու տատին քաշքշելով բակ իջեցրին: Թե այդ իրարանցման, պատերին ցայտող արյան շիթերի մեջ հորեղբոր կինը ինչպես միակ որդուն փեշի տակ թաքցրեց, ո՞ւր փախցրեց, Արմինեն գլխի չընկավ: Հետո Վահագնիկին Նախիջևանի ազատագրության պատերազմում, Ցղնայի մատույցներում էր տեսնող եղել…
Ցուրտ փետրվարի ձմռան վերջին օրը ադրբեջանցիները բակում բարկ խարույկ էին բորբոքել, համ տաքանում, համ էլ շենքի հարկերից հրհրած հայերի ձեռքերն ու ոտքերը մետաղալարով կապում, ողջակիզում էին: Շատերին անվադողերի մեջ էին խցկում, հետո խարույկը նետում: Որ լավ վառվեն: Ով հողը չանգռում, դուրս պրծնել էր ուզում, շիկացած նիգերով կիսաեփ մարմինը քրքրում, հետ՝ անթեղի վրա էին հրում:
Տատի ձեռքուոտքը չկապեցին էլ, վրան մի բաժակ քարյուղ լցրին, բոցերի մեջ նետեցին:
– Տա՜տ,- Արմինեն տեսավ, ինչպես բռնկվեցին տատի մազերը, ուզեց ետևից նետվել, չեչոտ դեմքով մի տղա ձեռքը պինդ բռնեց, չթողեց.
– Դու իմ էսօրվա թալանն ես:
Հենց այդ պահին էր, որ ռուս զինվորներ հայտնվեցին, հայերին հավաքեցին, զրահամեքենաների մետաղե որկորը լցրին:
***
Ծանոթ ձայնը լսելուց հետո միայն Արմինեն փղձկաց: Արշամ ապերիկին վերջին անգամ շատ տարիներ առաջ Ցղնայում, ուսման մեկնելու օրն էր տեսել: Մատաղ արված գառան աչքերը դեռ չէին փակվել, տղան հոր տված մի տրցակ փողը ծոցագրպանը խցկեց, ճամփա ընկավ, որ նրա ուզած տեղը՝ Բաքվի բարձրագույն կուսակցական դպրոցում ուսանի: Հետո Նախիջևան վերադառնա, իբր բարձր պաշտոն ստանա:
Սեպտեմբերին էլ պարզվեց, որ Բաքվի փոխարեն Երևան է գնացել, ճարտարագիտական համալսարանի ճարտարապետական կրթաճյուղն ընդունվել:
Ուխտել էր՝ պիտի ավարտեր, Ցղնա վերադառնար, Նահապետ Նոյի դամբարանը վերականգներ…
(Հատված Նախիջևանի մասին վեպից,
որը դեռ խորագիր չունի)