Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Անսարք
խողովակների
սիմֆոնիան

Խողովակագործ վարպետի այցելությունները ձգվեցին սպասվածից ավելի երկար: Կինն իր ողջ առօրյան, գիտակցությունը ու երբեմն էլ գիշերային քունը պայմանավորում էր այդ այցելություններով: Որևէ այլ բան նրան չէր զբաղեցնում վերջին մեկ շաբաթվա ընթացքում: Խողովակագործն էլ իր հերթին մեծ ջանքեր էր գործադրում, որ կնոջ մեջ, խողովակների անխափան աշխատանքի հարցում ունեցած հետաքրքրությունից բացի, իր առնչությամբ մեկ այլ հետաքրքրություն ևս առաջացնի: Բոլոր փորձերը, սակայն, ապարդյուն էին:
Երկուսի համար էլ դժվար էր:
Խողովակագործն զգում էր, որ կինը մարմնացյալ բանաստեղծություն է, և նրան տիրելու համար անհրաժեշտ է իր մեջ նույնպես ինչ-որ կերպ բանաստեղծություն արթնացնել:
Մինչդեռ կինը ժամանակավորապես հեռացել էր աշխարհի ու մարդու բանաստեղծական ընկալումից և ճգնում էր դիմադրել կենցաղի ճնշող պարտադրանքներին:
Հաշվարկները հակասական էին, անհամատեղելի:
Կինը, որքան էլ ձգտում էր, չէր կարողանում բարեկրթության շրջանակներից դուրս չեկող իր պահվածքով ներգործել խողովակագործի աճող ցանկությունների վրա:
Խողովակագործն էլ, թեկուզ կոկ ու մաքուր էր հագնվում, փորձում էր բանիմաց ու սրամիտ երևալ, սակայն չէր կարողանում հասնել կնոջ երկնասլաց աշխարհներին:
Որպես երկուսից ամենախելոքը՝ ելքը պիտի գտներ կինը: Նրան հարկավոր էր, որ խոհանոցում անխափան աշխատեին ջրի խողովակները, հետևաբար չէր կարող արգելել վարպետի մուտքն իր բնակարան: Բայց և կասկածից վեր էր. նրա երևակայությունը չէր կարող ծնել խողովակագործի կերպարով որևէ բանաստեղծություն:
Ընտրվեց դասական տարբերակը՝ տղամարդուն ասպարեզից հանել՝ մեկ ուրիշ տղամարդով հրապուրվածություն խաղալով:
Բայց դժվարն էլ հենց մեկ ուրիշի ընտրությունն էր: Դա պարզապես արվեստ էր, մեծ դիվանագիտություն պահանջող քայլ:
Այդ մեկ ուրիշը պիտի լիներ հրապուրողի դերին հարմար, անցանկալի հավակնորդին միանգամից, մի հայացքով ոչնչացնելու ընդունակ, ու նաև՝ ոչ այնքան զգայուն ու խոցվող, քանզի մրցակցին վանելուց հետո ստիպված պիտի լիներ գիտակցել, որ իր դերը հենց միայն այդքանն էր, ու առանց փոխհատուցման հույսի, մի կողմ դնելով հաղթողի դափնիները՝ հեռանար…
Դե՛, իսկ խողովակագործը… Նա պարզամիտ ու շիտակ մարդ է. կնայի միայնակ կնոջ տանը տիրաբար բազմած տղամարդուն, կնկատի կնոջ՝ սովորականից ավելի ջերմ հայացքները՝ ուղղված կարծեցյալ սիրելիին, ու տղամարդկային բնազդով և խողովակագործի տրամաբանությամբ կզգա, կհասկանա, որ ինքն ուրիշի գրաված տարածքում է, որ սեփականատերն արդեն գտնված է, ու որ իր բաժինն անսարք խողովակներն են և դրամով վարձատրվող աշխատանքը խոհանոցում:
Կինը երկար չփնտրեց: Թեկնածուն հայտնվեց իր ոտքով՝ համակ սեր ու բանաստեղծություն…
…Հանդիպումն անսպասելի էր, դաժան: Խողովակագործի ժպիտը մարեց դեռ շքամուտքում, երբ դռների մեջ՝ կնոջ թիկունքում, տեսավ իր անվերապահ հաղթանակը տոնող տղամարդուն:
Խոհանոցում գործն ավարտեց արագ՝ առանց իրեն բնորոշ սիրալիրության ու կատակների: Շնորհակալություն հայտնեց դեռ մեկ շաբաթ առաջ ստացած հոնորարի համար և հուսաթափ, իր մեջ այդպես էլ չհայտնաբերված բանաստեղծության ծանրությունը հոգում՝ լքեց երազանք դարձած բնակարանը:
Դուռը վարպետի ետևից փակելուց հետո կինը մի թույլ, գրգռող ծակոց զգաց սրտում. իր փոքրիկ, չարաճճի խաղը նրան ներկայացավ իբրև մեծ, տիեզերական ոճրագործություն՝ հայտնի չէ ի՞ր, թե՞ խողովակագործի հանդեպ:
Նա կոտրված ժպիտով, որ դեռ մնացել էր վարպետին ուղեկցող հայացքում, շրջվեց ու հաշված վայրկյաններ անց հայտնվեց երջանկությունից շողացող տղամարդու գրկում: Մինչ վերջինս համբույրների անզուսպ տարափ էր տեղում կնոջ այտերին, պարանոցին, շուրթերին, կինը տխուր համակերպումով մտածում էր իր արած անհաջող ընտրության մասին և իրեն հայտնի շրջանակում դարձյալ որոնում հաջորդ մեկ ուրիշին:

Թռիչքներ`
կապարե թևերով

Դուռը` «Ռեկորդ» արտադրական ձեռնարկություն» ցուցանակով, բացվեց: Մտան ներս:
– Բարև՛:
– Հը՞:
– Բարև՛
– Հա՛:
– Ասացինք` բարև:
– Լա՛վ, հասկացա՛նք:
– Դե որ հասկացար, ասա` բարև:
– Բարևն Աստծունն է, հո երկնքից չե՞նք իջեցնելու` հատուկ քո բարևն առնելու համար,- գլուխը թղթերից չբարձրացնելով` սրախոսեց վերջերս իրեն ձեռնարկատեր հռչակած բանաստեղծը:
– Չէ՛, Աստծուն իջեցնել պետք չէ, գեթ ձերդ կիսաստվածության մի հայացքին արժանանայինք` կգոհանայինք մեր շռայլ բախտից,- նեղսրտած կատակեց ներս մտած երիտասարդը, որ «Ռեկորդի» պատասխանատու պաշտոնյա էր համարվում: Բանաստեղծի մտերիմ ընկերն էր, պոլիտեխնիկի վերջին կուրսի ուսանող:
Նստածը մի շտապ հայացք նետեց ու չնկատեց խայտաբղետ շրջազգեստով աղջկան, որ կանգնած էր երիտասարդի թիկունքում:
– Բերել եմ,- կամացուկ շշնջաց վերջինս:
– Ի՞նչը, պիտակնե՞րը: Լա՛վ է, գործը չի հապաղի: Ես մի նոր տարբերակ եմ մտածել, ավելի արդյունավետ, որ վնասով դուրս չգանք: Դե՛, տո՛ւր, շո՛ւտ: Ի՞նչ թղթից են,- առաջ հակվեց ձեռնարկատերը:
Մի նուրբ ձեռք դիպավ նրա մեկնած ափին:
Բարև Ձեզ:
Միաժամանակ լսվեց գործընկերոջ` կշտամբանքով լի մեկնաբանությունը.
– Ի՞նչ պիտակներ, խրվել ես լրիվ: Չասացի՞, վաղը նշանվելու եմ, հարսնացուիս եմ բերել ծանոթացնելու:
– Հա՜… Բարև՛ ձեզ, բարև՛ ձեզ: Ուրախ եմ: Երջանիկ եղեք,- վերջապես հաշվարկներն ընդհատեց ու հյուրերին նայեց բանաստեղծը:
Մի կարճ հայացքից ու փոխադարձ ժպիտներից հետո դարձյալ նրա մեջ խոսեց գործի մարդը:
– Լսի՛ր, բայց… բոլորովի՞ն ժամանակ չունես: Հանճարեղ բան եմ մտածել: Եթե այս` նոր մշակածս մեխանիզմը գործի գցենք, մեր շահույթը գրեթե կկրկնապատկվի:
– Օրիո՛րդ,- դարձավ նա աղջկան,- դուք դեմ չե՞ք լինի, եթե մի քանի րոպեով շեղեմ ձեր փեսացուի ուշադրությունը:
Պատասխանի ակնկալիք իսկ չկար նրա հարցում, և հաջորդ վայրկյանին փեսացուն ներգրավվեց ակտիվ քննարկման մեջ: Բարդ ու խճճված հաշվարկները, ապագա շահույթի ու վնասի հնարավոր հարաբերակցությունը, արտադրվող ապրանքի իրացման պատասխանատու ու դժվարին գործընթացը, տեղափոխման ու բեռնաթափման հոգսերն այնքան կլանեցին տղամարդկանց, որ օրիորդի գոյությունն ինքնըստինքյան տրվեց մոռացության:
Մինչ գործարար մարդիկ իրենց ապագան էին կառուցում, նշանադրության նախօրեն ապրող աղջիկն իր վաղն էր ծրագրում. «Թխվածքներս ու աղցաններս պատրաստ են, ինչ մնում է խորովածին ու տոլմային, դե կներե՛ք, դա արդեն իմ գործը չէ: Անգամ արտաքինովս զբաղվելու ժամանակ չեն թողնում: Ե՜րբ վարսահարդարի մոտ գնամ, ե՜րբ` դիմահարդարի… Բա մատնե՜րս… մինչև վերջին պահը գործի մեջ եմ լինելու. էլ ի՞նչ մանիկյուր, ի՞նչ բան: Հա՛, ամեն դեպքում խելոք վճիռ էր պատրաստի զգեստից հրաժարվելը: Ի՞նչ իմանամ, հյուրերից էլի ո՞ւմ խելքին կփչեր ճիշտ նույնպիսի զգեստ գնել տոնավաճառից և փչացնել ամեն ինչ… Չէ՜, ես դա ոչ մեկին թույլ չէի տա: Ա՛յ, թող հիմա նայե՜ն-նայե՜ն ու չկարողանան որոշել, թե ո՞ր ֆիրմայի, քանի՞ դոլարանոց շոր է հագինս: Բա ծաղիկնե՜րը… ո՛չ մի վարդ ու մեխակ: Միայն սպիտակ շուշաններ ¥նա էլ հավանություն տվեց այս մտքին¤. ամեն ինչում պետք է օրիգինալություն լինի»:
Մտքերն օրիորդին ավելի հեռուն տարան, նրա երևակայության մեջ հստակորեն գծվեց ամուսնական կյանքի առաջին քսանամյակը` երեխաների ծնունդը ¥մեկ տղա և մեկ աղջիկ¤, նրանց ստանալիք կրթությունը` անպայման երկու-երեք լեզու ուսուցանող քոլեջում, ապա՝ լավագույն բուհի լավագույն ֆակուլտետում, ամուսնու այժմյան բնակարանի շուտափույթ փոխարինումն առավել շքեղով` ծնողներից առանձին իհարկե, իսկ կահույքի մասին ¥անշուշտ, արտասահմանյան¤ մտածելն անգամ ավելորդ է…
Այսօրինակ մտորումներն օրիորդից խլեցին ամբողջ երկու ժամ: Այդ ընթացքում տաքացած զրուցող գործարարներն է՛լ ավելի էին տարվել իրենց ձեռնարկության ապագա նվաճումների հմայքներով:
Ձեռնարկությունը մասնաճյուղեր կունենա Ռուսաստանի առնվազն երեք քաղաքում: Ի՜նչ փողեր կդրվեն շրջանառության մեջ: Իսկ Ռուսաստանից Եվրոպա դուրս գալը` մեկ-երկու հաջող գործարքի խնդիր է,- եռում էր նախկին պոետը:
Այս ընթացքում պատահաբար աչքն ընկավ դռան մոտ նստած աղջկան:
– Ընկերուհի՛, դուք ինձ հետ գո՞րծ ունեք:
– Ե՞ս,- երազանքների ծովից դուրս լողաց օրիորդը՝ մի պահ չկարողանալով ըմբռնել, թե որտեղ է ինքը և ինչ են ուզում իրենից:
Դրությունը մի կերպ փրկեց գլխի կեսդարձով նրա կողմը շրջված փեսացուն.
– Հա՜, մոռացել էի, որ էստեղ ես: Լսի՛ր, գիտե՞ս, այսօր քեզ չեմ կարող ուղեկցել: Ոչի՞նչ, որ մենակ տուն հասնես: Տեսնում ես, էլի, գործներս շատ է, հազիվ ենք հասցնում:
– Այո՛, իհարկե,- վրա բերեց աղջիկը,- ես կգնամ:
Նա այն խոհեմ կանանցից, էր, որոնք արտաքին կոկետություններին չէին տրվում, երբ խոսքը վերաբերում էր ամուսինների ֆինանսական հաջողություններին ու իրենց անձնական բարօրությանը: Եվ ոչի՛նչ, որ իր հրաժեշտը մնաց անպատասխան: Կարևորը վաղվա օրն է. ինքը հարսնացու` ամենաշքեղ զգեստով և ամենաճոխ սեղանի առաջ, նա փեսացու` ապագայի ամենախելոք ու ճշգրիտ ծրագրերով: Իսկ այսօր, ի՞նչ փույթ, կարելի է և մենակ տուն հասնել: Միևնույն է, վաղվանից սկսած` ամեն օր միասին կլինեն: Մինչև կյանքի վերջը: Դեռ կհասցնի ձանձրանալ նրանից: Կինո, թատրոն, այցելություններ մերձավորներին ու ծանոթներին, շուկա, աշխատավայր՝ ամեն տեղ կգնա ու կգա նրա մեքենայով, որը, եթե գործերը հաջող ընթանան, նա կգնի հաշված ամիսների ընթացքում:
Օրիորդի ելքը մնաց աննկատ: Ձեռնարկատիրոջ ու պաշտոնյայի զրույցը ձգվեց մինչև ուշ երեկո: Հոգնությունն ու քաղցը զգացնել տվեցին:
– Փող ունե՞ս,- ընկերոջը դիմեց իրականություն վերադարձած բանաստեղծը:
– Չէ՛, անգամ պարտք տվող չգտնվեց:
– Քաղցած ենք,- եզրակացրեց առաջինը:
– Վաղն անպայման փող կլինի. մի տեղից ստանալիք ունեմ: Կգամ` միասին մի ճոխ ընդմիջում կանենք` կարկանդակով ու գարեջրով:
– Վա՞ղը:
– Հա՛:
– Վաղն ի՞նչ օր է: Գործ չունե՞ս:
– Ե՞ս, չէ՛, ի՞նչ գործ: Կարծեմ՝ շաբաթ է: Չէ՛, հաստատ գործ չունեմ:
– Լա՛վ, ուրեմն` կսպասեմ: Ցտեսությո՛ւն:
– Բարի՛ գիշեր,- մրմնջաց քնատ ուսանողը:
Դրսում` գիշերացող երեկոյի շշուկների մեջ, նա աղոտ մտաբերեց սպիտակ շուշանների հետ կապված ինչ-որ պատմություն:
Մինչև լուսաբաց դեռ մի տոթ ու անաստղ գիշեր էր սպասվում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։