Ժամանակն ամեն ինչ փոխել էր: Հինը վերցրել, տեղը նորն էր դրել` նոր գույներով ու նոր ձայներով: Սակայն դեռ լսվում էր սարսափահար, հուսահատ խրխինջը: Ձին չարչարվում էր, ձգտում ազատվել պարանոցին օձի նման փաթաթված պարանից: Իսկ գայլերի քաղցած ոհմակը պտտվում էր նրա շուրջը: Ձին խուճապի մեջ էր ընկել: Փռընչոցով աշխատում էր հեռու վանել ռունգերին քսվող գայլերի հոտը, բայց սովից խելագարվող գազանները համառ ու վճռական առաջ էին գալիս: Իսկ պարանոցին օձի նման գալար-գալար փաթաթված պարանը խեղդում էր: Գուցե այդ ամենն իր ներսում էր, ոչ թե ժամանակի վրա, բայց ինքը հըստակ լսում և տեսնում էր:
… Այդ ամենը շատ վաղուց էր եղել: Իսկ ինքը երկար ժամանակ բացակայել էր: Իրեն խաբում էր, թե կյանքն է մեղավոր, թե ժամանակ չունի, բայց իրականում խուսափում էր անցյալին հանդիպելուց: Եթե չլիներ գյուղի հասարակության հետ նախընտրական քարոզարշավի նպատակով հանդիպման պարտադրանքը, երևի էլի չգար: Ամեն ինչ արտաքնապես փոխվել էր` օտար և ուրիշ էր, բայց անցյալը զարմանալիորեն դեռ կենդանի էր: Ձիու խրխինջը, ոտաբոբիկ փշերի միջով քայլելը, աղքատությունը, հատկապես անտանելի սովը՝ մարդկանց, շների, գայլերի… Եվ սովից խելագարվող գայլերը կերան ձիուն, թողնելով միայն հուսահատ խրխինջը, որ իր մանկության ձեռքը բռնած, մինչև հիմա թափառում էր լեռներում:
Քեռուն` Լևոն Տիտանյանին, բոլորը Տիտանյան էին կանչում` ազգանունով: Ինքն էլ էր քեռի Տիտանյան ասում: Սիբիրից նամակ էր գրել: Հայտնում էր, որ արդարացրել են և ընկերոջ` Բարդուղ Պետրոսյանի հետ տուն են վերադառնում: Քեռի Տիտանյանը մասնակցել էր պատերազմին, վիրավոր վիճակում գերի ընկել, բայց փախել էր, միացել Ֆրանսիայի պարտիզանների Միսակ Մանուշյանի խմբին: Քեռին, Բարդուղ Պետրոսյանն ու Ալեքսանդր Ղազարյանը հայկական պարտիզանական գնդի հրամանատարններ էին դարձել, կռվել գերմանական ֆաշիզմի դեմ: Հաղթանակից հետո հայրենիքը նրանց որպես հերոսների էր դիմավորել: Ալավերդի քաղաքը քեռի Տիտանյանի ոտքերի տակ ծաղիկներ ու խալիներ էր փռել: Բայց հետո, երբ Ֆրանսիան դարձավ թշնամական երկիր, հայրենիքի համար հերոսաբար մարտնչած պարտիզանները հայտարարվեցին հայրենիքի դավաճաններ, քսան տարով աքսորվեցին Սիբիր…
Իսկուհի տատը նամակն առած վազել էր իրենց տուն: Ձեռքերը դողում էին: Քեռի Տիտանյանը ընկերոջ` Բարդուղի հետ Սիբիրից գալիս էր:
– Ստալինը շուտ էր սատկելու…,- ուրախության արցունքները փեշի տուտով սրբում էր Իսկուհի տատը,- աղջի, բա հիմա ի՞նչ ենք անելու… Գոնե մի ձեռք տեղաշոր էլա չունենք, որ քնի էդ օտար տղամարդը…
Տատն ամեն օր գալիս էր, աղջիկներին խնդրում, որ բուրդ ճարեն` տեղաշոր կարի, բայց որտեղի՞ց… Խորհրդային հարկահանները թաթար-մոնղոլների նման ամեն ինչ տարել էին, նույնիսկ անկողինները:
Ինքն այդ ժամանակ ութերորդ դասարանի աշակերտ էր՝ խելքը ձեռքերին ու ոտքերին, սիրտը՝ սարերում: Շատ բան չէր հասկանում, բայց սիրում էր քեռուն: 42 թվականին զոհված հոր կարոտը քեռուց էր առնում: Իր համար քեռին հերոս էր: Արդարությունը վերականգնած լինելու համար որոշեց օգնել տատին: Ամռան արձակուրդին սար գնաց, աշխատեց հովիվների հետ: Աշխատանքի դիմաց բուրդ ուզեց, որ տատը անկողին կարի: Ուրախությունը սարի չափ էր: Սարերի ազատության մեջ ձիեր էին արածում: Աչքը նրանցից մեկի վրա էր: Որոշել էր ձիով գյուղ իջնել, կանգնել տատի դռանն ու զարմացնել բոլորին, ապացուցել, որ ինքն արդեն մեծ է: Ինքն էլ զինվոր է:
Կարմիր, սպիտակ ճակատով գեղեցիկ ձի էր: Աշխատանքից ազատ ժամերին գալիս էր մոտը, խոսում, շոյում մռութը, ապա միասին սլանում էին կանաչ հարթավայրերով ու լեռներով: Ախպերացել էին: Ձին իրեն տեսնելիս ուրախ վրնջում էր, բարձրանում հետևի ոտքերին: Բուրդը բարձեց, իջավ գյուղ: Հպարտ էր, երջանիկ: Ինքն իրեն դասագրքերի հերոսներին էր նմանեցնում: Բայց երբ բեռն իջեցրեց, տեսավ ձիու արնածոր մեջքը, քիչ էր մնում լաց լիներ: Պարանն առանց թամբի ձիու մաշկը կտրել, մարմնի մեջ էր խրվել: Եթե այդ վիճակում բաց թողներ՝ կիմանային, որ ինքն է մեղավոր: Որոշեց բուժել, նոր տանել սարերում բաց թողնել: Գյուղին մոտիկ անտառի մի բացատում վերքը կապեց, մշակեց: Ամեն օր գալիս, վերքին դեղ էր դնում: Ձին սպասում էր նրա վերադարձին, բռան մեջ սեղմած կես պատառ հացի բուրմունքին: Հեռվից էր զգում, որ գալիս է: Բարձր խրխնջոցը եկեղեցու զանգերի նման արձագանքում էր լեռներում: Երբ մոտենում էր, ձին բարձրանում էր հետևի ոտքերին` կարծես ձեռքով էր անում …ու գրկում էր իրեն… Հսկա, հուժկու կենդանին գրկում էր… Երջանկանում էր իր գալով…
Վերքն արդեն ապաքինվում էր: Եկավ օրը, երբ պետք է տաներ բաց թողներ սարերում: Գիտեր, որ հիմա ձիու տերն անհանգստանում է:
Ամեն օրվա պես հեռվից չլսվեց ձիու ուրախ խրխինջը: Տարօրինակ, դավադիր լռություն էր: Մի տեսակ անհասկանալի դատարկություն: Սիրտը կասկած ընկավ: Արդեն աշուն էր, գայլերը շատացել էին: Մտածեց` երևի պարանը կտրել, գնացել է: Վազելով, շնչակտուր մոտեցավ: Ձին չկար: Պարանից կապված, ընկած էր կմախքը: Քիչ էր մնում խելագարվեր՝ վախը, մեղքը, ափսոսանքը, զղջանքը միախառնվել, խցանել էին կոկորդը: Շունչը կտրվում էր: Ուժեղ, գեղեցիկ, երիտասարդ ձիուց մնացել էին կրծած ոսկորներն ու խրխինջը:
Մի քանի օր լուռ տառապում էր: Վերջապես խոսեց մոր հետ: Մայրը սարսափած ճչաց.
– Քեզ բանտ կտանեն… Չասես, ոչ մեկին չասես…
Տարիներ շարունակ լռել էր: Տարիներ շարունակ մեղքի զգացողության ծանր բեռը կրել էր ներսում, ժամանակի մեջ տարել իր հետ: Ձին՝ գյուղացու ապրուստի միակ միջոցը, միշտ գալիս էր երազում: Գայլերը հոշոտում էին: Ձին հուսահատ խրխնջում էր… Տապալում էին գետնին: Հոգեվարքի մեջ ոտքերը ցնցվում էին… Իսկ ինքը, ակամա հանցագործ, գլուխը ձեռքերի մեջ առած, ողբում էր… Ու այդպես, անվերջանալի ու անընդհատ…
Մեծացել, տարիքն առած տղամարդ էր: Շատ ջրեր էին հոսել, հասարակարգեր էին փոխվել, բայց չէր կարողանում ազատվել իրեն ուղեկցող մղձավանջից: Ուզում էր խոսել մեկի հետ, ազատվել մեղքի զգացողությունից, բայց ո՛չ քեռին կար, ո՛չ հայրը, գուցե ո՛չ էլ ձիու տերը: Ու երբ գնում էր գյուղ, իր խիղճը, ձիու հուսահատ խրխինջի հետ, դեռ թափառում էր սարերում:
…Համագյուղացիների հետ հանդիպումը ջերմ անցավ: Սակայն հիշողությունները հանգիստ չէին տալիս: Եվ պատմեց ձիու մասին, խնդրեց՝ եթե տերը դահլիճում է, թող ձայն տա: Բոլորը զարմացած էին: Գուցե մտքներում ծիծաղում էլ էին իր տարօրինակության վրա: Ձիու տերը հաստատ դահլիճում չէր: Գուցեև վաղուց այն աշխարհում էր, հավատարիմ ձիու կողքին:
Չնայած հանդիպումը շատ ջերմ անցավ, դահլիճից դուրս եկավ կոտրված սրտով: Պատանի հասակում գործած մեղքն ավելի էր ծանրացել, կարծես ոտքերը ծալվում էին: Իզուր սարերից հավաքեց թափառող ձայներն ու պատկերները, բերեց, մոտեցրեց և ավելի կենդանացրեց, ավելի իրական դարձրեց: Եղած-չեղածը վերջապես մի ձի էր… Ուրիշները մարդ են սպանում ու կարողանում են հանգիստ, խաղաղ ապրել… Երբ, մտքերի հետ կռիվ տալով, պատրաստվում էր մեքենա նստել, մի ծերունի մոտեցավ.
– Ես էդ ձիու տերն եմ… Էն ժամանակ էլ գիտեի, որ դու ես տարել, բայց լռեցի, որ քեզ բանտ չնստեցնեն…
Մարմինը փշաքաղվեց: Գլուխը պտտվում էր: Նայում էր ծերունուն: Պետք էր ինչ-որ բան անել, ինչ-որ բան ասել, բայց չէր կարողանում: Վերջապես տիրապետեց իրեն: Գրպանում երեք հարյուր դոլար կար: Մեկնեց նրան.
– Նեղ ժամանակներ են… Էս ձիու փոխարեն: Հաշվենք, թե վաճառել ես: Այսքան տարի ինձ հանցագործի նման եմ զգացել… Ինչ լավ էր, որ հանդիպեցինք…
Ծերունին ակամա վերցրեց փողը: Ափի մեջ սեղմած կանգնել, իրեն էր նայում: Երբ նորից ուզում էր մեքենա նստել, ծերունին առաջ եկավ: Հասկացավ, որ ասելիք ունի.
– Չէ, – ասաց ծերունին, – դու կազատվես մեղքի զգացողությունից, բայց եթե վերցնեմ փողը, հիմա էլ ես հանցագործ կդառնամ: Ախր էդ ձին իմ ախպերն էր, իմ միակ մխիթարանքը: Եթե փողը վերցնեմ, դավաճանած կլինեմ նրան: Եվ իմ մեղքն ավելի մեծ կլինի, քան քոնը:
– Խնդրում եմ վերցրու…որ խիղճս մի քիչ հանգստանա, կարողանամ հանգիստ քնել…
-Չէ…- նորից ասաց ծերունին,- էդ ձին իմ ախպերն էր:-Եվ փողը դնելով խոսակցի մոլորված ափի մեջ, հեռացավ…
Լռությունը թանձր մառախուղի նման բռնեց չորս կողմը: Լեռներից դարձյալ լսվում էր ձիու տագնապահար, հուսահատ, հոգեմաշ խրխինջը:
ՄԵՂՔԸ / ՀՈՎԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
