ԼՈՒՍՆԱՍԱՐԴ / Արզուման ԱՅՎԱԶՅԱՆ

Թենի ամուսինը արտագնա աշխատանքից չեկավ: Երկրի վրա պակասորդ չեղավ: Մարդը այդպես էր որոշել և արեց: Ուղևորության տոմսը գրպանումս` սպասում եմ նոր օրվա առաջին վայրկյաններին, որ ժամացույցը պիտի ազդարարի: Աշնանային երկինքը թեև ամպոտ, բայց լուսին կա: Լուսնի վրա` սարդ:
– Թենն է,- ասում եմ ինքս ինձ: – Ինձ է ճանապարհում:
Թեն անուն ընդհանրապես չի եղել, ո՛չ մեր դասարանում, ո՛չ էլ գյուղում: Այդ էր պատճառը, որ իմ ոտանավորները հույս չէին ներշնչում համագյուղացիներին: Բայց և նրանց դուր էին գալիս: Ոտանավորներս վերնագրել էի` «Վերջալույսի աղջկան` Թենին»:
Առավոտյան աշխատանքներից հետո` հորթ, ուլ, գառ, նախիր, հոտից հետո հերթը սագերինն էր: Մանրավաճառից գնած սրինգը գրպանս, յուղով ու շաքարավազով բրդուճներին վերջ տալուց հետո, դուռ-դրկիցի սիրտը շահելու համար, որ իրենց սագերն անտեր չմնան, սկսում էի սրնգահարել` հնչյունները լցնելով գյուղի ականջը: Թե ես երբ էի ոտանավորներ հորինում, գաղտնագրու­թյան տետրում գրում ու գիտակցության թե ենթագիտակցության էի պահ տալիս, դա միայն իմ գործն էր:
Ժամացույցը մեկնելու ժամն ազդարարեց: Ուղևորներս տեղավորվեցին: Կողքինս այլազգի ռուսախոս կին էր: Երևի թե տարեկից էինք: Ես, որ երեսունն անց էի` իմ անձնագիրն էր հաստատում: Նա` չգիտեմ: Ցանկացա կիրթ մարդու տպավորություն թողնել: Ժպտադեմ բարևեցի: Հարևանցի մի քանի բառ փոխանակեցինք: Կարիք չկար կեսգիշերին հոգնած, տանջված կնոջը անհանգստացնել, բայց որ հոգնած էր, երևում էր: Նույնկերպ վարվեց և ինքը: Մենք իրար վստահեցինք, հավատացինք և գուցե ավելին: Մենք ճանապարհի ընկերներ էինք: Շարժիչը հուզվեց, ոգի առավ, փնչացրեց ռունգերն ու առաջ ընթացավ: Ապակիներն անթափանց էին: Աստիճանաբար քչփչոցները դադարում էին: Սրահի լույսերն հանգան: Վերջնամասից նույնիսկ խռմփոց էր գալիս:
Հը՜, Թե՛ն, գնացինք: Իսկ երկնքում արդեն լուսին չկար: Սարդը` իմ գաղտնագրության տետրի բնակիչ է միայն: Բոլոր աղջիկների նեկտար-կերպարը հավաքած, ինքն իր էությունից սերված, իմ «Վերջալույսի աղջիկն է Թենը»: Եվ հիմա ինձ ուղեկցում, ճանապարհում է Թենը: Նրա ծիծաղն է, թիթեռ է դարձել ու թևերը խփում է անթափանց ապակուն:
Կողքիս կինն անհանգիստ շարժումներ է անում, փորձում է հարմար դիրք ընդունել՝ քնելու թե ննջելու համար: Վերջապես թույլտվություն է խնդրում` գլուխն հենել ուսիս:
– Զգացեք Ձեզ տանը:
Ես չեմ մերժում նրան: Կինը գլուխը հենում է ուսիս: Ընթացքը, ձայնը, օրորոցը, մութը՝ ճնշող, հոգնեցնող: Գիտեմ, որ ես դժվար հաշտվող եմ վիճակիս հետ: Ավտոբուսում քնել չեմ հիշում, կամ գուցե եղել է:
Ահա, ծանրացած կոպերիս տակից տեսնում եմ ինձ: Նստեցի մեր բոստանի տաք քարերին: Նա-ի դեմ ու դիմաց: Նա տանը մենակ էր, և երեխու քունն էր հսկում: Նրանց տունը մեր բոստանի հարևանությամբ էր: Միակը, որ առուն այս կողմ էր անցել ու խեղճ ու կարոտ նայում էր գյուղին, իսկ գյուղն ամբողջ մի աչքով նայում էր այդ տանը:
Մենք՝ տարեկիցներս, որ ջահելության դուռն անցնելու համար մի երկու քայլ էր մնացել, և որ բավարարվում էինք գարնան շնորհած «թզան տերևով»՝ մեր մերկությունը ծածկող մի վարտիքով: Երգ էինք հորինել նրա մասին: Սիրում էինք երգի ամենաոգևորիչ ու գրգռիչ տողը՝ «կապույտ շորերով նորահարս դարձած»: Այդ նորահարսն արդեն իմն էր, և վերջ: Խոսում էի, լեզվիս տալիս: Պարզ, միամիտ: Չէ՛, ես այդ միամիտը չէի: Ես արդեն գաղտնագրության տետր ունեի և գիտեի, թե ինչպես են հասնում «չի կարելիին», և էլի բաներ էի հայտնաբերում ու գրանցում այնտեղ:
Նա նկատեց, որ ոտքերս արյունոտվել են: Ես ասացի, որ հանդում քիչ չեն քար, փուշ, խոզան ու էլի բաներ: Չգիտեմ՝ որքան էինք բլբլացել, ես նրան հարցրի` ուր գնալը: Նա ասաց, որ գնացել է «ուրախության հանգույց» քանդելու: (Դա այն է, որ նորապսակներին մեջք մեջքի լողացնում էին գյուղի տարեց կանայք, որ նորապսակների մարմիններն իրար վարժվեն): Դա, դե իմ խելքի բանը չէր: Նա-ն մենակ չէր ուզում լինել: (Թե որքան էր ավտոբուսն օրորել իմ հոգնած գլուխը:) Մենք արևի տակ մնացել: Նա ինձ համար ջուր բերեց, խմեցի, բաժակը տարավ, հետ եկավ ու էլի նստեց նույն տեղում` դեմ ու դիմաց, տաք ու կիզիչ քարերին, որ խուտուտ էին տալիս: Նա չռված աչքերով կլանել էր ինձ: Ես` իրեն: Ես տեսնում էի նրա ոտքերի վրայով վեր ու վար անող մրջյուններին: Դյութիչ մրջյուններ: Իսկ ինքը` կարիճին: Կարիճը ցցել էր պոչը, չէ՛, գլուխը՝ պատրաստ խայթելու: Առաջարկեցի իջնել հովին տուն-տունիկ խաղալու: Չեկավ, երեխան լաց կլինի: Մերս կիմանա, կծեծի:
Այդ ժամանակ էր, որ երեխան լացեց:
Աչքերս բացեցի: Սնկսնկում էր կողքիս կինը: Թափ տվի թևքից, չարթնացավ, բայց շնչառությունը կարգավորվեց: Ես, տափակ քարեր հավաքելով, իջա լճափ: Ամառային պապակ բոստաններին ջուր տվող լճափ: Տեղավորվեցի ափին` կողքիս տափակ քարերը, որ սլացնեմ:
Իմ գաղտնագրության տետրը բավականին մրոտված էր, թեև չէին պակասում սպիտակ էջերը: Գաղտնագրությանս տետրում գրանցում էի եղածը, երբ նստած էի մեր բոստանի այրող պատի քարերին: Ես տափակ քար էի սլացնում: Եվ ոտանավորներ հորինում:
Թենն է. ոտքերը բոբիկ, անգին մի շոր, հյուսքը ուսից կախ: Ուրախ, զվարթ, ծիծաղկուն, առավոտից մինչ իրիկուն հոգսերով, վերջերս էլ՝ մտացրիվ: Թենը Եսթերենց աղջիկն էր ու Մարգարենց հարսը: Գյուղը դեռ գյուղ չեղած՝ հարևաններ էին: Յոթ սև կատու էր անցել հարևանության միջից: Տարեցները հաշվել էին սերունդների միջև եղած հեռավորության պորտը, որ հարևանները խնամիներ դառնան: Տեսան՝ տան հոգս տանող էր, բայց երկու տարի է, որ չի գալիս տուն: Հուսադրելով, թե լավ գումար է բերելու ու էլ չի գնալու: Դե Թենն էլ սպասում էր: Թենը շոր էր լվանում: Ինձ չի տեսել: Նրա աչքից բան կվրիպի՞: Պարզապես բաներ է հորինում: Տես, ասում եմ ես ինձ: Տես, դեմքը կարմրել է, ճակատը կարմրել է, հիմա դեմքը կպատռվի ու արյուն կծորա, չէ՛, կարմիր-կարմիր վարդեր են խառնվում ջրին: Տեսնես ջուրը ուր է տանում այդ վարդերը: Ես գիտեի, որ երբ մարդ իր գաղտնիքի մասին է մտածում, կարմրատակում է, սուտ խոսելուց նույնպես: Չի ուզում՝ ոչ ոք իմանա իրականը: Բացել էի գաղտնագրությանս տետրը ու, իմ ընկալմամբ, դատողություններ էի գրի առնում: Որը կոչվում էր ամոթխածություն:
Թենը, ջրում կանգնած, մեջքն ուղղեց, հյուսքը նետեց ետ, ձեռքը՝ մեջքին, ոտքերը քիչ չռված էին, ու սկսեց ծիծաղել, ծիծաղը սկզբից հանդարտ էր, հետո ավելի հրդեհվեց: Երեխայի մայր, մի երկու ամսվա կին, ծպտյալ աղջիկ էր Թենը:
Սկզբում հանգիստ էի: Հետո կարծես արթնացա ու ձայնում եմ.
– Հը, ի՞նչ եղավ, Թեն:
– Հեչ, բան մտքովս անցավ: – Ու նորից ծիծաղում էր:
– Ի՞նչ, Թեն, – նա ինձ չէր պատասխանում ու ծիծաղում էր: Ես վատ էի զգում, որ այդ բանի հետ ես կապ չունեմ: Հետո ծիծաղը կտրեց, կռացավ լվացքը շարունակելու: Նորից ուղղվեց: Ծիծաղելով առաջարկեց վարտիքս լվանալ: Ես մերժեցի: Խռովածի պես կռացավ ու շարունակեց լվացքը: Ես իմ գաղտնագրության տետրի հետ էի, ու քար էի սլացնում գետի երեսին:
Թենը նորից ուղղվեց: Խռովածի ժպիտով: Պարտվածի պես էր ժպտում: Ես ի՞նչ էի արել որ: Չէ մի: Ձեր հորթ ու գառը ո՞վ է տուն բերում: Չեմ ուզում քո յուղ ու շաքարով բրդուճները: Դե, գնա: Արդարանում եմ ես:
– Գիտե՞ս, իմ գոգում ես մեծացել, թևերիս վրա:
Ժպտալով ասում էր նա: Ձերոնք էին խնդրում: Քնեցնում էի քեզ: Ա՛յ, այսպես: Ավտոբուսի ճոճքօրորն ու նրա օրորալը համընկնում էին իրար: Նրա զգեստի տակ
օրորվողներն էլ: Ինչ էին: Հա՛, իմ աչքերում պայթող ռումբ: Երկնաքարեր, որ գալիս էին Երկրի-երկնքից ուղիղ իմ աչքերին, իմ ջահելության, այն աչքերի:
Թենն իմ չորսբոլոր շորեր էր փռում: Երկնաքարերն ուր որ է կընկնեն իմ աչքերին: Թենը հանդարտ, շորորվելով շորեր է փռում: Զգեստի տակ ձկներ են խայտում: Թենը ինքն իրեն ինձ է մատուցում:
Քո տարիքում էս ջրերի վրա ցատկոտում ու վազում էի: Հա, ես ջուր շատ եմ սիրում: Ջրի մեջ ինձ նախամարդ եմ զգում: Կարկամած լեզվով ես հազիվ կարողացա ասել, որ ես էլ: Նա ինձ առաջարկեց լողալ: Չէ, ասի, ջուրը սառն է: Ո՞նց թե, հավկիթը ջրի մեջ կեփի: Նա ուղղվեց, հոգոց հանեց: Ձեռքը թափ տվեց ու իրեն նետեց ջուրը: Մի քանի անգամ վեր ու վար անելուց հետո կանգնեց լճի մեջտեղում: Բայց շորն ընդգծում էր իրեն: Շորը հանեց ու ափ շպրտեց: Մերկությունն ալիքները ափ էին բերում ու փշրում ափին: Նա ձեռքերով հրավիրում էր ինձ: Ես ոտքի կանգնեցի ու փախա կարտոֆիլի թփերի մեջ: Ինչքան էի քնել, չգիտեմ: Երբ վերադարձա, նկատեցի՝ թփերը ծաղկել էին: Թենը չորացած շորերը տեղավորել էր լվացքի զամբյուղի մեջ: Դժգոհ էր, խռոված: Չեկար, չէ՞, ես գիտեմ, դու ուր գնացիր, եկար: Ես խոստացա վաղը լողալ իր հետ: Հաջորդ օրը տախտակամածով իջա լճափ: Տեղավորվել էի տախտակամածին ու սպասում էի: Նա եկավ ու տեղավորվեց իմ կողքին: Տախտակամածը ճոճվեց-ճոճվեց ու շուռ եկավ: Մենք ջրի հատակում էինք: Ձկան նման շնչասպառ թռա ջրի երես, խայտող ձուկը ձեռքիս:Կողքիս կինն էր ինձ արթնացրել: Ներողության կարիք չկար: Մենք արթնացել էինք միմյանց գրկած: Նա ինձ ու իմը, ես իրեն: Վարորդը բութ մատով երկինքն էր ցույց տալիս: Այն կողմն է արտաքնոցը: Մնացած ժամանակն արագ անցավ: Իջնելիս նկատեցի ապակուն Թիթեռ-Թենի թևերի ուրվագիծը: Լույսը բացվեց: Մենք խառնվեցինք օրվա բնականոն ռիթմին: Ամենքս իր ուղղությամբ:
Ջուրը հիշողություն ունի, կյանք է շարժում, ջաղաց է պտտեցնում: Ջրից էլեկտրական հոսանք են ստանում: Միայն թե հոսանքալարեր և մարդիկ իրար չբախվեն, թե չէ կարճ միացում կստացվի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։