Միջազգային պոեզիայի փառատոներին մասնակցելը աշխարհի ժամանակակից գրականությանը ծանոթանալու, տարբեր լեզուներով հնչող բանաստեղծությանը ունկնդիր լինելու, քո և այլոց լեզուներով բառի շնչառությունը զգալու, շատ բանաստեղծների ու նրանց բանաստեղծական աշխարհները ճանաչելու hնարավորություն է: Ու երբեմն գգացողություն ես ունենում, որ բանաստեղծների երամն է երկրեերկիր թռչում, ու վայրէջքի երկիրն է միայն տարբեր. բանաստեղծները նույն երկնքի ու երկրի բնակիչներն են – բանաստեղծության. տարբեր լեզուներով, տարբեր խորության ու մակարդակի, տարբեր ձայնով ու լռությամբ, բայց, այնուամենայնիվ, նույն աշխարհի, որի ակունքը բառն է:
Ռումինիայի Յաշ քաղաքում էր միջազգային փառատոնը՝ «Պոեզիա Յաշում»: Փառատոնը կազմակերպվում է Յաշի քաղաքապետարանի, «Միխայ Ուրսաքի» մշակութային կենտրոնի և Ռումինիայի գրողների միության կողմից: 10-րդ հոբելյանական փառատոնին մասնակցում էին տարբեր երկրներից եկած ու ռումինացի 70 բանաստեղծներ Ֆրանսիայից, Բելգիայից, Իսպանիայից, Իսրայելից, Մոլդովայից, Հունգարիայից, Ալբանիայից, Խորվաթիայից, Կիպրոսից, Հոնդուրասից, Պաղեստինից և Թուրքիայից: Յաշը հայտնի է որպես Ռումինիայի մշակութային մայրաքաղաք: Այն Ռումինիայի պատմության խորհրդանիշն է՝ պատմական մայրաքաղաքը: Այստեղ է հիմնադրվել առաջին տպարանը, տպագրվել առաջին գիրքը՝ միտրոպոլիտ Վառլաամի «Կազանիա»-ն: Ընդհանրապես, քաղաքը հարուստ է վանական համալիրներով: 17-րդ դարի ռումինական ուղղափառ եկեղեցու Երեք սրբերի վանքը հայ վարպետների աշխատանքն է, ու թե՛ նրա ընդհանուր տեսքը, թե՛ արտասովոր քարե զարդաքանդակները դրա աներկբա վկայությունն են: Քաղաքում հնագույներից է Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին, որ կառուցվել է 1395 թվականին: Հոգիդ այլ մի հարազատությամբ է թևածում հայկական եկեղեցու կամարների տակ, աշխարհի որ երկրում էլ այն գտնվի: Ասես նախնիներից մեզ հասնող նվիրական ղողանջ լինի:
Գրական ընթերցումներ ունեցանք «Միխայ Ուրսաքի» մշակութային կենտրոնում, «Օկտավ Բընչիլը» արվեստի ազգային քոլեջում, «Կարապետ Իբրըիլեանու» ազգային քոլեջում և «Գրիգորե Տ. Պոպա» բժշկական համալսարանում: Մեծ էր ուսանողների հետաքրքրությունը ներկա բանաստեղծների ստեղծագործության և, ընդհանրապես, գրականության նկատմամբ: Արվեստի ազգային քոլեջում ընթերցումներին ելույթ ունեցավ ուսանողների լարային քառյակը՝ հնչեցնելով Բեթհովենի ստեղծագործություններից: Մայիսի 14-ին Յաշի քաղաքապետարանում տեղի ունեցավ Պոեզիայի փառատոնի մասնակիցների ընդունելություն: Քաղաքապետ Միխայ Կիրիկան մեզ փառատոնի վկայագրեր հանձնեց՝ «Դիմադրություն մշակույթի միջոցով»: Զգալի էր Հայաստանի և հայկական մշակույթի նկատմամբ բոլորի ունեցած պատկառանքը: Իմ խոսքը բանաստեղծության ու բանաստեղծների՝ որպես աշխարհում լույսի ու խաղաղության տարածողների մասին էր: Քաղաքապետարանի պատերին որմնանկարներ կային, սրահում սրբապատկերների ցուցադրություն էր, որ վկայում էր պետության կողմից քրիստոնեական արժեքների նկատմամբ հարգանքի ու հոգածության մասին: Ամեն երեկո ընթերցումներ էինք ունենում թագուհի Մարիայի թանգարանում: Փառատոնի տնօրեն Ադի Քրիստին ներկայացնում էր օրվա ելույթ ունեցող բանաստեղծներին: Տպագրվել էր փառատոնի մասնակիցների ստեղծագործություններն ընդգրկող ռումիներեն անթոլոգիա: Բանաստեղծությունները հնչում էին բնագրով և ռումիներեն: Երկրների և լեզուների բազմազանության մեջ հայերենով ընթերցումը անանձնական մեծ պատասխանատվություն էր: Հաճելի էր Ռումինահայոց Միության նախագահ, Ռումինիայի գրողների միության նախագահի տեղապահ Վարուժան Ոսկանյանի ներկայությունը: Նրա իմաստուն, տիրական խոսքը սիրով ու հարգանքով էր ընդունվում ռումինացի և հրավիրյալ գրողների կողմից: Հանրահայտ «Շշուկների մատյան»-ի հեղինակին հետաքրքիր էր ճանաչել նաև որպես բանաստեղծի: Նրա կարծիքով՝ «բանաստեղծները հնչեցնում են իրենց բանաստեղծությունները տարբեր լեզուներով, բայց բանաստեղծությունը հոգու լեզու է»: Փառատոնի եզրափակիչ օրը ուղևորվեցինք Չուրիա, որտեղ նշվեց Հարության տոնը, և «Չելա Նեամցու» մշակութային կենտրոնում ունկնդրեցինք ռումինացի, ինչպես նաև փառատոնին մասնակից այլ բանաստեղծների: Այցելեցինք առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում անմեղ զոհվածների հիշատակն հավերժացնող հուշակոթող: Թռիչքներից ու ճախրանքներից, վերելքներից ու վայրէջքներից հետո բանաստեղծության անանձնական աշխարհում հոգին ճերմակ մի պտույտ է ավելացնում: