Հոկտեմբերի 14-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ Լևոն Անանյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթ, ինչպես նաև Բեյրութում հրատարակված նրա «Ժամանակ և ոգի» (Անթիլիաս) գրքի շնորհանդեսը: Ժողովածուն ներկայացնում է հրապարակագիր, արձակագիր և գրական գործիչ Լ. Անանյանի գրական ժառանգության վերջին քսան տարիների ընտրանին` էսսեներ, ելույթներ, վերլուծական հոդվածներ, հարցազրույցներ, հրապարակախոսություն, նրա մասին գրված խոսքեր, գեղարվեստական ստեղծագործություններ և այլն: Գրքում ընդգրկված գրությունները կազմում են ՀՀ վերանկախացման հաջորդած տարիների համայնապատկերը:
Էդվարդ Միլիտոնյանը բացման խոսքում նշեց, որ անհնար է պատկերացնել ԳՄ-ն առանց Լ. Անանյանի, առանց նրա ձայնի, նրա արագ վազքի, զայրացած խոսքի, բայց միշտ մեծահոգի, միշտ ժպտացող նրա գոյության: Այնուհետև անդրադարձավ նրա կատարած հսկայական աշխատանքին որպես լրագրող, հրապարակախոս, թարգմանիչ, բանաստեղծությունների և արձակ էջերի հեղինակ:
Բանաստեղծ, թարգմանիչ Սարգիս Կիրակոսյանը, ով նաև գրքի խմբագիրն է, նշեց, որ գրքի հեղինակն ու նախաձեռնողը Լ. Անանյանն է, իսկ ինքը նրա կամքն իրականացնողն է: Նրա հավաստմամբ` հատորը մշակույթի գործչի վկայագիրն է, ուր ամփոփվում է հետանկախացման վերջին քսան տարիների հայ ժողովրդի կյանքը իր բոլոր դրսևորումներով` պատմաքաղաքական, ազգային, մշակութային, գրական, հասարակական և տնտեսական վայրիվերումներով, հիմնահարցերով, տագնապներով և իրագործումներով: «Ապագայի պայծառ տեսլականով Լ. Անանյանը իր կյանքի նահատակությամբ հյուսեց հայ ժողովրդի հոգեմտավոր հրաշագորգը` վայրկյան առ վայրկյան ապրված լիիրավ հայի, արվեստագետի, մտավորականի ժամանակաշրջանը պատկերող հրաշագորգ»,- ընդգծեց Ս. Կիրակոսյանը և ավելացրեց. «Մեր ապագայի մայրուղին կբացի գրություն առ գրություն, տեղ-տեղ զուսպ, տեղ-տեղ մեղմ, խիստ, քնարաշունչ իր ներքին հոգեկան եղանակները միահյուսելով` այս գիրքը կկազմե Լ. Անանյան հայ մտավորականի կյանքի, հավատքի, նվիրումի և սիրո ավետարանը»:
ժուռնալիստների միության նախագահ Ա. Գևորգյանը, մեծ համարելով Լ. Անանյանի կորուստը, փաստեց, որ նա գրականություն եկավ ժուռնալիստիկայից` վկայակոչելով «Գարուն» ամսագրում տպագրված նրա հրապարակախոսական հոդվածները: Ըստ Ա. Գևորգյանի` Լ. Անանյանը լիդերին բնորոշ հատկանիշներ ուներ. «Նա մյուս ստեղծագործական միությունների շարժիչ ուժն էր»: Այնուհետև ՀՀ Ժուռնալիստների միության հուշամեդալը հանձնեց Լ. Անանյանի ընտանիքին:
Ըստ արձակագիր, կինոգետ Դ. Մուրադյանի` «Ժամանակ և ոգի» ժողովածուն հասարակական ու մշակութային գործիչ, հրապարակագիր Լ. Անանյանի կյանքի խտացումն ու իմաստավորումն է, կյանքի ստեղծագործական շրջանակը: «Նա հասկանում էր, որ Աստված իրեն տվել է մի գրիչ, որն ինքը կիսատ էր գործածում, որովհետև իր ամբողջ անձը, ժամանակը, ներուժը, հրայրքը, միտքը զբաղեցված էր հանրային գործով` ԳՄ աշխատանքներով, ԳՄ-ն օր առ օր հայաստանյան հասարակական կյանքի ամենակարևոր հասցեներից մեկը դարձնել»,- ասաց Դ. Մուրադյանը:
Գրականագետ Ա. Դոլուխանյանը գնահատեց Լ. Անանյանի` տարբեր հարաբերություններ կարգավորելու ձգտումը մշակույթի միջոցով` հարաբերություններ գրողների և միության միջև, ստեղծագործական միությունների նախագահների միջև, իր և իշխանությունների միջև, Հայաստանի և Սփյուռքի միջև, հայերի և հարևան երկրների ժողովուրդների միջև: «Շարունակենք այն մեծ ակոսը, որ բացեց Լևոն Անանյանը»,- ասաց նա:
Դրամատուրգ, «Գրական թերթի» խմբագիր Կ. Խոդիկյանը ներկայացրեց «Գարունի» խմբագիր Լ. Անանյանին` փաստելով, որ««Գարունի» ամենածանր Ժամանակի բաժինը ընկավ Լ. Անանյանի ուսերին` պատերազմ, էներգետիկ ճգնաժամ, բայց բոլորն անհամբեր սպասում էին ամսագրի հերթական համարին»:
Ելույթ ունեցան նաև «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի խմբագրի տեղակալ Սերգեյ Մուրադյանը, բանաստեղծ Տիգրան Գաբոյանը (Սիրիա): Գայանե Սամվելյանը, ով նաև վարում էր հուշ-ցերեկույթը, հատվածներ կարդաց գրքից:
Շաքե Երիցյան