ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆԸ ՄԵՐՁ

 

 

Հունիսի 11-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծ Սուրեն Դավթյանի «Մանկության թևերի սոսափը» և Զեմֆիրա Ենոքյան-Մկրտչյանի «Գարունը մայրիկիս» մանկական գրքերի շնորհանդեսը` ՀԳՄ մանկագրության բաժանմունքի նախաձեռնությամբ:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, փաստելով, որ մանկագրությունը պահանջում է փորձ, ճանաչողություն, ինչպես նաև իմանալ երեխայի հոգեբանությունը, և ամենակարևորը, ծանոթ լինել մանկագրության ժառանգությանը, ցավով նշեց, որ մանկագրության ժանրը այսօր աստիճանաբար մարում է, նոր անուններ երիտասարդների մեջ հազվադեպ են պատահում: «Երեխայի նման պարզունակ  մտքեր արտահայտելը համարում են մանկագրություն»,- ասաց նա՝ հավելելով, որ Հովհ. Թումանյանը աշխարհի բարձր մանկագրությունը փոխադրել, թարգմանել, հայեցի է դարձրել և ճաշակ է կրթել առաջին հերթին գրողների համար: Ապա անդրադառնալով Ս. Դավթյանի և Զ. Ենոքյան-Մկրտչյանի գրքերին՝ նա ամփոփեց. «Կյանքից եկած բանաստեղծություններ են՝ մանուկների հոգեբանությանը մերձ»:  «Դժվար է մանկագրական տողի պատկեր ստեղծելը: Պատկերի միջոցով է երեխան ճանաչում իրականությունը»,- ասաց գրականագետ Նորայր Ղազարյանը՝ հավելելով, որ մանկական գիրքը պետք է ոչ թե խրատի երեխային, այլ պատկերամտածողություն ձևավորի: Ապա անդրադառնալով ներկայացված գրքերին՝ Ն. Ղազարյանը խոսեց դրանց նմանությունից: Մասնավորապես՝ երկու գրքերում էլ վերնագրերը ազատական են, գրքային ճնշման ազդեցությամբ չեն հորինվել բանաստեղծությունները, ինչը բխում է իրականությունը անմիջական զգալու կարողությունից: Երկու գրքերն էլ բանաստեղծականացնում են միջավայրը, երեխան բանաստեղծական տողերում, պատկերներում տեսնում է իրեն: Բանաստեղծ Հակոբ Հարությունը կարևորեց Լ. Անանյանի կողմից Կոտայքի մարզում ՀԳՄ բաժանմունք ստեղծելը, որը հնարավորություն տվեց Կոտայքի մարզի ստեղծագործողներին թրծվել գրական միջավայրում և այսօր ներկայանալ գրքերի շնորհանդեսներով: Նա տեղեկացրեց, որ հետևել է մանկագրության մեջ Սուրեն Դավթյանի գրական ընթացքին, և սա նրա մանկական 4-րդ գիրքն է: Իսկ Զեմֆիրա Ենոքյան-Մկրտչյանի մասին խոսելով՝ վստահեցրեց, որ նա լավ հասկանում է մանուկների հոգեբանությունը, քանի որ նրա ողջ կենսափորձը կապված է մանուկների հետ: «Մանուկների աչքերով նայող ուսուցողական, դաստիարակչական, նաև ժամանցային գիրք է»,- ամփոփեց Հ. Հարությունը: Ելույթ ունեցան նաև Սաթենիկ Ղազարյանը, Օլգա Դարյանը, Հակոբ Մուշը: Շնորհակալական խոսք ասացին Սուրեն Դավթյանը և Զեմֆիրա Ենոքյան-Մկրտչյանը: Շնորհանդեսը վարում էր բանաստեղծ, մանկագիր, «Ծիծեռնակ» հրատարակչության տնօրեն Անուշ Վարդանյանը:  Գրքերը տպագրել է «Ծիծեռնակ» հրատարակչությունը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։