Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի հարկի տակ

Քրիստոնեական  դաստիարակության կենտրոնի հարկի տակԵղեռնի թեմայով դասական և ժամանակակից բանաստեղծությունների արտասանությամբ սկսվեց Էջմիածնի Էօրնեկեան դպրոցի` Մեծ ողբերգության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակում անցկացված գրական ցերեկույթը: Այն անցկացվեց Մայր Աթոռի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի հարկի ներքո:
Հյուր էին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և «Ծիծեռնակ» ամսագրի խմբագիր, բանաստեղծուհի Անուշ Վարդանյանը:
Էօրնեկեան դպրոցի տնօրեն Յուրի Ջիլավյանի բացման խոսքից հետո ՀԳՄ վարչության անդամ Նորայր Ղազարյանը անդրադարձավ Եղեռնի թեմայով բանաստեղծական լավագույն էջերին: Հ. Թումանյանի, Ավ. Իսահակյանի, Վ. Տերյանի, Վ. Թեքեյանի, Մ. Զարիֆյանի, Ժագ Հակոբյանի բանաստեղծությունների կողքին հնչեցին ժամանակակից բանաստեղծների գործեր:
Ազգային գրականության ներկա խնդիրները կարևորեց քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն, Էօրնեկեան դպրոցի տեսուչ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը.
– Մաշտոցի կողմից գրերի գյուտին անմիջապես հաջորդեցին գրականության սկզբնավորումն ու ազգային լեզվով դպրոցների հիմնարկեքը: Դպրոցի և գրականության անքակտելի կապը պետք է պահպանել: Այդ միասնությունը հարկ է դիտել որպես ոսկեդարյա խորհուրդ: ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանի «աշխատանքային այցը» դպրոց և քրիստոնեական դաստիարակության կենտրոն բարձր ենք գնահատում: Ամեն հիշարժան հանդիպում իր նպաստն է բերում ազգային տեսլականին: Պետք է կարևորել գրողի դերը ազգային արժեքների հոլովույթը կենդանի պահելու գործում: Հիշենք ոսկե պատվիրանը. «Ոչ միայն հացիվ, այլ նաև բանիվ»:
Հյուրերը դպրոցին նվիրեցին նոր գրքեր և ամսագրեր:

Սեփ. թղթ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։