ՄՇԱԿՈՒԹԱՀԵՆՈՒԹՅԱՆ ԿՆՔԱՀԱՅՐԸ / Սամվել Կոսյան

Վերջին շրջանում հարևան երկրների տարածքային հավակնություններին համընթաց, Ադրբեջանը միաժամանակ բոլորին մշակութային իսկական պատերազմ է հայտարարել: Անլիարժեքության բարդույթը ազերիներին ստիպում է իրենց ինքնահաստատման տեսլականը հորինել այլոց պատմական, մշակութային արժեքների ապօրինի յուրացմամբ, գիտակցելով, որ նավթադոլարները կարող են անցողիկ հաճոյախոսություններ ապահովել և ընդամենը, սակայն առանց մշակութային լուրջ կենսագրության անհնար է քաղաքակրթության դաշտում սեփական ինքնությունը հաստատել: Ինքնաքննադատությունը, որի բացակայությունը հոգեկան շեղման ախտանիշներից է, և ինչը հավերժորեն բացակա է ազերիական միջավայրից, թույլ չի տալիս Բաքվի իշխանություններին և նրանց հովանավորությունը վայելող «գիտնականներին» խուսափել կանխակալ գործողություններից և ուժ գտնել իրերն իրենց անունով կոչել: Թերևս սրանով է պայմանավորված, որ Բաքուն խնդրի լուծման կարճ ճանապարհ է ընտրել մշակութահենությունը՝ նպատակին հասնելու համար օգտագործելով խարդախությունը, ստորությունն ու սադրանքը: Պատահական չէ, որ ամեն անգամ, երբ հայերը փորձում են ազգային ինչ-որ բան գրանցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեքների ցանկում, ստիպված են առաջինը ազերիների դիմադրությունը հաղթահարել: Վերջինը լավաշի պարագան էր, հաջորդն, Աստված գիտե՝ ինչն են փորձելու յուրացնել: Նույնն է Վրաստանի կամ Իրանի նկատմամբ: Ազերիական մշակութային ոտնձգություններն առանձնապես ընդգրկուն են Իրանի հանդեպ, ինչի պատճառով այս երկու երկրների հարաբերություններում զգալի տարաձայնություններ են առաջացել: Շվեյցարիայի «Բրենդ Քլինիք» ընկերության գործադիր տնօրեն Ազիմ Ֆազլիփուրը, անդրադառնալով Իրանի մշակութային արժեքները հարևան որոշ երկրների կողմից իրենց անվանը գրանցելու գործընթացին, մասնավորապես նշել է. «Մի քանի տարի անց Իրանի պատմության վերաբերյալ մենք ի՞նչ ենք պատմելու մեր երեխաներին: Իրանական «Ճոկա» մարզախաղը գրանցվել է Ադրբեջանի, «Մոլանան», «Սամա» պարն ու սրճարանի ավանդույթը` Թուրքիայի, Իբն Սինան` Տաջիկստանի անվանը, իսկ այժմ էլ Ադրբեջանը փորձում է «Յալդալի գիշերվա» տոնն իր անվանը գրանցել»: Ազերիների կողմից իրանական մշակութային արժեքների յուրացման ցանկը կարելի է շարունակել: Նրանք ադրբեջանականացրել են իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիին, սեփականացրել իրանական երաժշտական գործիքները: Իրանի մշակույթի նախարարը, անդրադառնալով Նիզամի Գյանջավիի գերեզմանի պատերին պարսկերենով գրված բանաստեղծություններն ադրբեջաներենով փոխարինելու Ադրբեջանի նախաձեռնությանը, նշել է. «Կարճամիտ տարրերը, որոնք ջանում են վերացնել Իրանի մշակութային արժեքները, պարսից լեզուն և գրականությունը, չեն հասնի իրենց նպատակին»: Ադրբեջանական կեղծիքի տիպիկ օրինակ է պարսից լեզվի և գրականության դասախոս Սաֆար Աբդոլահի և Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովի վիճաբանությունը: Դիմելով պրոֆեսորին՝ Ախունդովը նշել է, թե Նիզամի Գյանջավին թուրք էր: Ի պատասխան՝ գիտնականը հիշեցրել է. «Եթե այդպես է, ապա ինչո՞ւ էր գրում «Ամբողջ աշխարհը մարմինն է, իսկ Իրանը՝ սիրտը»: Դեսպանը պնդել է, թե դա Նիզամիի թյուրքերեն բանաստեղծությունների պարսկերեն թարգմանությունն է: Պրոֆեսորը կրկին հակադրվել է. «Եթե Նիզամին թուրք էր, ապա ինչո՞ւ էր գրել «թուրքերենը չի արտահայտում մեր հավատարմությունը»: Ադրբեջանցի դեսպանն այլ փաստարկ չգտնելով՝ պնդել է, թե վերջինը իրանցիներն են ավելացրել: Կեղծիքի նման ցինիկ ու հետևողական պաշտպանության մեկնաբանություններն ավելորդ են: Ակնհայտ է, որ ոչ մեկը ի զորու չէ ազերիներից խլել ստի, սադրանքի, խարդախության կնքահայրը լինելու առաջնությունը: Եվ այդ ամենը պետական, իշխանական մակարդակով, բացեիբաց, առանց ամոթի կամ երկընտրանքի զգացումի: Թեև քանիցս հայտարարվել է, որ միջազգային կառույցները պետք է կանխեն հարևան ազգերի մշակույթը յուրացնելուն ուղղված Ադրբեջանի քայլերը, այդուհանդերձ, ազերիների ձեռագիրը չի փոխվում: Փաստացի, Իրանը, Հայաստանն ու Վրաստանն իրենց մշակութային արժեքները պաշտպանելու հավերժական պայքարի մեջ են: Այս անգամ Իրան-Ադրբեջան հակամարտությունը «Կասպիական ձիու» պատկանելիության շուրջ է: Որքան էլ Իրանը պդնում է, որ Ադրբեջանում «Կասպիական ձի» գոյություն չունի, և որ այն կատարելապես իրանական է, այդ պնդումը ազերիների ականջների համար դատարկ կրակոց է: Ականջ ունեցողն է լսում, իսկ ադրբեջանցիների ականջներն ավելի չլսելու համար են, ինչն էլ դժվարացնում է ազերիական մշակութային ագրեսիայի վերջը կանխատեսել: Եթե, իհարկե, այդ վերջը գոնե հեռանկարում գոյություն ունի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։