Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Այսօրվա նման հիշում եմ 25 տարի առաջ սեպտեմբերին տեղի ունեցածը. ես հպարտությամբ ձայնս տվեցի Հայաստանի Հանրապետության անկախությանը: Դա, հիրավի, պատմական պահ էր մեր ժողովրդի կյանքում: Լավատեղյակ լինելով մեր պատմական անցյալին՝ այդ օրը մտածում էի, որ Ք.ծ.ա. VI դարում Դարեհ Առաջինի Բեհիսթունյան արձանագրության մեջ եղած հնագույն պետականություն ունեցող երկրների ու ազգերի մեծագույն մասը հիմա չկա, իսկ հայերը ոչ միայն կան, այլև նորից նորոգում են իրենց պետականությունը: Եթե որևէ մեկը կասկածում է, թե հայերն իրենց դարավոր մաքառումների ժամանակ չեն ձգտել ազգային պետականության վերականգնմանը, ապա թող այցելի անկախությունից հետո շքեղ տեսք ստացած Մաշտոցի անվան Մատենադարանի հիասքանչ շենքը, որի գրապահոցի դարավոր ձեռագրերը ասվածի պերճախոս վկաներն են: Ֆրանսիացի նշանավոր պատմաբան Ռընե Գրուսեն Ն. Ադոնցի «Քննական պատմություն Հայոց» աշխատության առաջաբանում գրում է. «Տիգրան Մեծը իր ժողովրդի ապրելու իրավունքն ապահովեց հավիտենականության համար»: Այս իմաստուն եզրահանգումը պետք է լինի ՀՀ ամեն քաղաքացու չմոռացվող նշանաբանը: Բոլորս էլ գիտենք, որ անկախության տարիներին եղան և կան տնտեսական դժվարություններ, աղքատություն, որի համար ցնծում են մեր թշնամի հարևանները, բայց կա նաև առաջընթաց: Ունենք Հայաստանի տնտեսությունը զարգացնող տուրիզմ, մեծ պետությանը վայել ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան խիստ պատվավոր մրցանակ, որոշ նորացված բուհեր ու դպրոցներ, օլիմպիական չեմպիոններ, նշանավոր գիտնականներ, նկարիչներ, երաժիշտներ, գրողներ, արվեստագետներ, և ամենակարևորը` հայրենասիրությամբ շնչող նոր ու գեղեցիկ սերունդ: Գերագույն նվաճումը, իհարկե, Արցախի Հանրապետության իրողությունն է: Սա տոնական խոսք է, և չեմ ուզում նշել մեր կյանքում տեղ գտած խոցելի երևույթները: Շնորհավորելով ողջ հայ ժողովրդին` հայրենիքում և Սփյուռքում, դիմում և խնդրում եմ մեր պետական պաշտոնյաներին` հիշել և որդեգրվել ԱՄՆ-ի նախագահ Աբրահամ Լինքոլնի հետևյալ պահանջին. «Մեր առաջնահերթ խնդիրը պետք է լինի ոչ թե հարուստներին ավելի հարստացնելը, այլ աղքատության վերացումը»: Իսկ մեկ այլ իմաստուն` Մահաթմա Գանդին, ասում էր. «Եթե ուզում ես աշխարհը փոխվի, սկսիր քեզանի՛ց»: Այս պահանջը վերաբերում է և՛ ինձ, և՛ բոլոր հայերին: Լինենք լավատես և ազգովին գործենք արդարորեն:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։