Աշխեն ԱԲԱԶՅԱՆ

Անկախության 25 տարիներ… Ի՞նչ տվեցին: Պարոնյանը կասեր. «Առաջ, առաջ պոռալեն, ետ-ետ կերթանք»: Իբր առաջ ենք գնում, բայց կորցնելով տարիներով ձեռք բերածները ամեն քայլափոխի: Մինչև ե՞րբ: Անորոշ, գորշ, անտեսանելի հեռանկարներով ապագա և ցավե՜ր, ցավե՜ր անվերջանալի, որ ամեն պահ սիրտդ ու հոգիդ են կրծում:
Խեղճացել ենք, ընկճվել, դուրս գալու ելք չենք գտնում: Դուրս գալու ելք չենք տեսնում: Երանի տեսնողների աչքին:
Ազատ, անկախ Հայաստան: Ինչ բարձր է հնչում: Այսօրվա Հայաստանում մարդիկ գլխահակ ու մտածկոտ են քայլում: Պատճառը… Բազումներից մեկը նշեմ՝ վարկերը: Սահմանամերձ են կոչվում բնակավայրերը, ուր ապրում եմ ես: Սահմանամերձ բառը իմ մեջ ամփոփում է տագնապ, տրաքոց-տրաքոց, անսպասելի իրավիճակ և՛ ցերեկը, և՛ գիշերը: Բնակիչներն ասում են, թե վարկերը դաժանությամբ առաջ են անցել կռվի արհավիրքներից: Օրինակներ՝ ինչքան ուզեք: Մարդիկ հիվանդացել են: Այդ հիվանդությունը կոչվում է վարկացավ: Մեր գյուղացիները երբ հանդիպում են միմյանց, սովորական բարև-բարի լույսից հետո հնչող առաջին ավանդական հարցը՝ ոնց ես: Պատասխանը՝ լա՞վ կլինի՝ ես էլ քեզ հարցնեմ՝ ոնց ես: Այո՛: Երկուսն էլ լավ գիտեն, թե ոնց են (վարկի տոկոսները չեն մարել): Խոսեմ տխուր հետևանքներից: Գյուղերից մեկում երկու հոգի գժվեցին, մեկը ինքնասպանություն գործեց:
Զոյա Զուրաբյանը մասնագիտությամբ մանկավարժ է: Առաջ քաշեցին՝ կուսշրջկոմում հրահանգիչ էր: Անկախացանք, շրջկոմը վերացավ: Զոյան մյուսների նման ինքնագործունեություն ծավալեց, տնտեսություն զարգացրեց: Համագյուղացիները գնահատեցին նրա եռանդը, ստեղծագործական միտքը, վարվելակերպը շրջապատում և այլ բարեմասնություններ: Եվ գյուղապետ ընտրեցին: Արդարացրեց վստահությունը, պատվով ավարտեց իրեն հասանելիք ժամկետը: Կամովին հրաժարվեց հաջորդ ընտրությունից, անցավ սեփական տնտեսությանը, վարկեր վերցրեց՝ զարգացնելու, ընդլայնելու ունեցածը, զավակներին իրենց նպատակին հասցնելու և… Այսօր այդ կինը Ռուսաստանի քաղաքներից մեկի ռեստորաններից մեկում աման է լվանում, որպեսզի վարկերը մարի:
Անկախոււթյան 25 տարիներ…
Սիրտս պայթում է անզորությունից: Եկեք, ձեզ տանեմ մեր գյուղերը և մեկ առ մեկ ցույց տամ, թե քանի մարդ է մնացել ամեն թաղում: Միայն մեծահասակ կանանց կտեսնեք: Ամեն ամիս նրանցից մեկը հեռանում է կյանքից անցյալի կարոտով և ներկայի տառապանքով:
Հարց մի՛ տվեք: Տառապանք է նաև պատասխանելը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։