Ղուկաս ՍԻՐՈՒՆՅԱՆ

Անկախության 25 տարիները ափեափ լցված են Ղարաբաղով, մեր համազգային հոգածության առարկան հայրենական այդ հողն է, նաև հայոց բանակի ծնունդով ու նրա դժվար կայացմամբ: Բոլորիս շրթունքներին՝ նորից հաղթանակի համը: Մեր` որպես ազգի հավաքական վերհառնումը նման էր ցողունի միջից բողբոջի պայթել-դուրս գալուն: Դա իսկական հրաշք էր: Այդ վեհացումը հայի երազանքն էր: Հետո ի՞նչ եղավ: Սկսեցինք բուռն թափով շարժվել դեպի Եվրոպա, ապա կես ճամփից փոշմանեցինք:
Մինչ այդ արդեն սկսվել էր անկախության հերոսական պատմության երկրորդ` դրամատիկ, ցավագին մասը: Չավարտվող պատերազմի շնչի տակ կյանքը դարձավ ջղաձիգ օրերի շղթա, փլուզվեցին լավ օրերի պատրանքները, սկսվեց խելահեղ արտագաղթ, որը նման է հրդեհվող տնից փախուստի, ամեն անկյունից նայում է դառը աղքատությունը, իսկ կոռուպցիան այնքան զորացավ, որ մնում է ամրագրել օրենքով: Չեմ ուզում շատ խորանալ, դառնության փոշին կխեղդի: Սա գուցե այն գինն է, որը մենք պիտի վճարեինք անկախության դիմաց, չէ՞ որ բոլորն էլ վճարել են: Բայց խոստովանենք, որ մերը շատ թանկ եղավ:
Ինձ հատկապես ցավ է պատճառում, որ այսօր մարդկային հարաբերություններում 1000 գրամն այլևս մեկ կիլոգրամ չէ, ոչ էլ 100 սանտիմետրը` մեկ մետր:
Ես վհատվողներից չեմ. միշտ մի մոմ տեսնում եմ խավարի մեջ: Ինքս էլ եմ վառում կարեցածիս չափով:
Համոզված եմ, որ ամեն ազգ միայն անկախ գոյությամբ ըստ ամենայնի կբացահայտի իր հոգևոր ունեցվածքը: Մենք ապրում ենք տեղատվության ժամանակներ, որին կհաջորդի մակընթացությունը: Ծովի օրենք է, կյանքի օրենք է:
Երազելով երազում եմ հինգ տարի հետո այն օրը, որ գրիչ կվերցնեմ ու կգրեմ Անկախության 30-ամյակի մասին տեքստ, որի բառերի մեջ կշողշողան ցավի ու վշտի երանգներից զերծ, կանչող, գթառատ, գրպանը լի հայն ու Հայաստանը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։