ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԻՉ ԲԱՆ ԿԱՐՈՂ Է ՓՈԽԵԼ

Սամվել-Կոսյան1Սամվել ԿՈՍՅԱՆ

Ադրբեջանի Հանրապետության օրվա Ալիևի ելույթը կրկին ռազմատենչության և հայատյացության հրավառություն էր: Ազերի նախագահը սպառնում էր, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման բանակցությունների ձախողման դեպքում Բաքուն ԼՂ հարցը կլուծի ռազմական ճանապարհով: Դժգոհելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից՝ նրա կարծիքով, բանակցությունների հիմնական խնդիրը պիտի լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը, որը ճանաչում է նաև միջազգային հանրությունը: «Եվ քանի դեռ դա տեղի չի ունեցել, Ադրբեջանը ստիպված կլինի ընդլայնել իր զինված ուժերի կարողությունը, և եթե բանակցությունները չտան սպասված արդյունքը, ապա Բաքուն իրեն իրավունք կվերապահի ռազմական ճանապարհով ազատագրել իր տարածքները»,- եզրափակել է նա: Ըստ երևույթին, ազերիների սպասված արդյունքը Արցախն ու ազատագրված տարածքները սկուտեղի վրա իրենց մատուցելն է, քանի որ այլ տարբերակները նրանց կողմից բացառվում են: Պետք չէ կարծել, թե այնքան միամիտ են, որ չհասկանան իրենց պահանջատիրության ու հավակնությունների անհեթեթությունն ու անհեռա­նկարությունը, պարզապես խեղդվողը ձեռքը ինչ-որ բանի պիտի գցի, ու մոլագարի պես զինվում են: Զենք ու զինամթերքի արտադրությանը զարկ տալուն զուգահեռ, ինչի նպատակով Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը սերտորեն համագործակցում է Թուրքիայի, Իսրայելի, Հարավային Աֆրիկայի և մի շարք այլ երկրների հետ, Բաքուն տարեցտարի ավելացնում է ժամանակակից ռազմական տեխնիկայի գնման ծավալները՝ զենք ներկրողների համաշխարհային առաջատարների ցուցակի 48-րդ հորիզոնականից հայտնվելով 35-ում: Նման թռիչք Ադրբեջանն արձանագրել է նաև պաշտպանական ոլորտի հատկացումների վարկանիշային աղյուսակում՝ 2013թ. բյուջեում ռազմական ծախսերի համար 3 մլրդ 700 մլն դոլար հատկացնելով: Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում և պատերազմական գործողությունները կվերսկսի, երբ վստահ լինի, որ նվազագույնը քառասուն անգամ ուժեղ է, և կամ, որ Հայաստանը քնած է: Միանշանակ, Հայաստանը քնած չէ, սակայն, ինչպես նշում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ադրբեջանի ռազմական հատկացումների ցանկացած ավելացում մտահոգիչ է: «Կարծում եմ, որ Բաքվի հատկացված միջոցները սպառազինու­թյանը արդեն դուրս են եկել այն շրջանակներից, որ կարող են, ասենք, այս կամ այն կերպ ազդեցություն ունենալ բանակցային գործընթացում առավելություններ ունենալու համար, և նրանց գերատեսչությունը լուրջ պատրաստվում է պատերազմի, ինչի մասին տեղյակ ենք և հետևում ենք: Իհարկե, ամբողջությամբ սպառազինությունների մրցավազքի մեջ չենք մտնում, բայց հետ էլ չենք մնում, մենք էլ ենք զարգացնում մեր ռազմական կարողությունները»: Այն, որ պատերազմի հավանականությունը գնալով ավելի բաց տեքստով է հնչում, իրոք, մտահոգիչ է: Իսկ հակամարտությունը խաղաղ բանակցությունների դաշտ վերադարձնելու միջազգային հանրության ջանքերը շարունակում են տեղում վազք հիշեցնել և կշարունակեն անարդյունք մնալ, քանի դեռ Ադրբեջանը չի ուզում հրաժարվել իր միակողմանի ու կոշտ դիրքորոշումից և, ի հեճուկս բոլորի, խաղաղությունը զենք ու զրահի մեջ է որոնում: Ալիևին լսելով՝ դժվար չէ եզրակացնել, որ Բաքուն ապագայում էլ է իր երգը երգելու, միաժամանակ փորձելով ավելի սրել իրավիճակը: Եվ այս առումով տարակուսելի են Մինսկի խմբի ջանքերը: Պիտի կարծել, որ այս ձևաչափով բանակցությունները կորցրել են իրենց արդյունավետությունը, և բոլորովին այլ մոտեցումներ են անհրաժեշտ: Աշխարհը սկսել է կամ փորձում է ճանաչել ղարաբաղյան հակամարտության ճշմարտությունը, և հավանաբար հեռու չէ նաև Ղարաբաղի անկախությունը ճանաչելու ժամանակը: ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգը դարձավ չորրորդը` Մեյնից, Ռոդ Այլենդից, Մասաչուսեթից հետո, որի օրենսդիր մարմինը (Վերին պալատ) Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու բանաձև ընդունեց, միաժամանակ դիմելով ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին` կոչ անելով աջակցել «ԼՂՀ ինքնորոշմանն ու ժողովրդավարական անկախությանը»: Բնականաբար, ազերիների արձագանքը չուշացավ: Ազերիները շտապեցին հայտարարել, որ այդ քայլը վնասելու է հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, մեկ անգամ ևս վկայելով, որ իրենց դիրքորոշումից չեն նահանջել ու չեն նահանջելու: Ազերիների հիստերիան հասկանալի է, հօդս է ցնդում ազերիական ավազե ցնդաբանությունը, իբր, միջազգային հանրությունը Ղարաբաղն ու ազատագրված տարածքները որպես Ադրբեջանի անբաժան մաս է ճանաչում: Եվ, ի ցավ ազերիների, այս հարցում սպառազինությունը քիչ բան կարող է փոխել:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։