Այս տարի մայիսի վերջին կիրակին զուգադիպում էր Վրաստանի Անկախության օրվան, ուստի, փոխադարձ համաձայնությամբ, սայաթնովյան Վարդատոնը կայացավ հաջորդ կիրակի: Հոծ բազմությունը հեղեղել էր Ս. Գևորգ եկեղեցու բակն ու հրապարակը:
Ասես արթնացել էր դարասկզբի Թիֆլիսը… վրացերեն, հայերեն, ռուսերեն` տարբեր բարբառների կոշտ կամ երգեցիկ հնչերանգներով: Մեծաքանակ խմբեր էին ժամանել Ջավախքից, Նոյեմբերյանից, Լոռու մարզից և այլ տեղերից: Վրաստանի և Հայաստանի պետական դրոշների ծածանումով` բեմահարթակում տեղ է զբաղեցնում Սայաթ-Նովա աշուղական անսամբլը` սիրված երգիչ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի գլխավորությամբ:
Բեմահարթակում են նաև օրվա բանախոսները` Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին, վրաստանաբնակ հայազգի անվանի բանաստեղծ, թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանում Հայաստանի դեսպանատան աշխատակիցներ, գրականության և արվեստի ներկայա- ցուցիչներ:
Հայաստանի գրողների միության պատվիրակությունը (Գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյան, Գյումրու ԳՄ բաժանմունքի նախագահ Սամվել Մարգարյան, ԳՄ Տավուշի բաժանմունքի նախագահ Սամվել Բեգլարյան, բանաստեղծ Շանթ Մկրտչյան) գլխավորում էր ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը:
Ներկաների համար ջերմ ու խոնարհելի էր Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գտնվելը, որի հուզական ելույթը իսկական ձոներգ էր ոչ միայն Սայաթ-Նովային, այլև հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությանը:
Նույն հենքի վրա հնչեցին նաև Մաղվալա Գոնաշվիլիի, Լևոն Անանյանի, Ավիկ Իսահակյանի,Գիվի Շահնազարի և այլոց ելույթները: Բուռն ծափահարություններով ընդունվեց Սամվել Մարգարյանի՝ Սայաթ-Նովային ձոնված բանաստեղծությունը:
Ընդհանրապես, ջերմությամբ էր ընդունվում ամեն կատարում, որ ներկայացվում էր Թբիլիսիի հայկական թատրոնի դերասանների, երգիչ-երգչուհիների և պարային համույթների կողմից:
Այնուամենայնիվ, ամենահնչուն քնարը Թովմաս Պողոսյանի Սայաթ-Նովա անսամբլն էր, որի յուրաքանչյուր կատարում ունկնդիրներին կրկին ու կրկին տեղափոխում էր Սայաթ-Նովայի չքնաղ մեղեդիների աշխարհը:
99-րդ անգամ հազարավոր մարդիկ խոնարհվեցին մեծ աշուղի շիրիմին, ու բոլորի շուրթերին թերևս նույն բառերն էին.
Երգով եկավ,
Երգով գնաց,
Երգով մնաց
Սայաթ-Նովան:
Սամվել ԲԵԳԼԱՐՅԱՆ