ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՅԼ ԼԵԶՈՒՆԵՐՈՎ

download (2)
11 երկրում կատարված հայերենից այլ լեզուներով ուսումնասիրություններն ու մատենագրումները ընդգրկում են այն թարգմանությունները, որոնք կատարվել են բնագրից և հրատարակվել են թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում` 1991-2012 թվականներին: Ուսումնասիրությունները 1990-ից հետո առաջին անգամ է, որ 11 լեզվով հայերենից արված թարգմանությունների մատենա­գրություն են տրամադրում: Այս առումով հայ գրահրատարակչական ոլորտում դրական գործոն է Հրատարակիչների ազգային ասոցիացիա հ/կ-ի գործունեությունը, որ Գրքի հարթակ ծրագրի իրականացնողն է Հայաստանում: Հիշյալ 11 երկրներն ընտրվել են որպես լեզուների հիմնական ներկայացուցիչներ, ներառելով նախ` Եվրոպայի հրատարակչական ամենամեծ շուկաները (անգլիական, գերմանական, ֆրանսիական), երկրորդ` Եվրոպայի մնացած գլխավոր լեզուները (իսպաներենն ու իտալերենը), երրորդ` Եվրոպայի շրջակա տարածքից երկու լեզու (վրացերենն ու ուկրաիներենը), ինչպես նաև եվրոպական մի քանի փոքր լեզու (սերբերենը, շվեդերենը, հոլանդերենն ու բուլղարերենը): Ուսումնասիրողները տարբեր են, ներկայացվող երկրները` նույնպես և բնական է, որ առանձին երկրների ուսումնասիրությունները նույնպես տարբերվում են իրենց բովանդակային նրբերանգներով, թարգմանող երկրի և լեզվի առանձնահատկությունների լուսաբանմամբ, պատմական և մշակութային առնչությունների մեկնություններով: Մի բան ակներև է, որ ուսումնասիրողների հայացքը ավելի հաճախ ուղղվել է պատմական նախորդ շրջանների, մասնավորապես 5-րդ և միջնադարի գրականության, հայերենից թարգմանություններին: Այն տպավորությունն է, որ ներկայի տեղեկատվության ու վիճակագրության անբավարարությունը ոմանց ստիպել է կենտրոնանալ առավելապես անցյալի արժեքների վրա, որոնց ուսումնասիրություններն ավելի պատմական ակնարկներ են հիշեցնում և հնարավորություն չեն տալիս լիարժեքորեն գնահատել ժամանակակից իրավիճակն ու կազմել հայերենից թարգմանությունների ամբողջական պատկերը: Միաժամանակ, ուսումնասիրողները ներկայացնելով հայերենից թարգմանվող գրականության ցանկն ու այն երախտավորներին, ովքեր կազմակերպել և մասնակցել են դրանց թարգմանությանը, խուսափել կամ շրջանցել են թարգմանության որակի խնդիրը, ինչը չափազանց կարևոր է որոշելու համար տվյալ երկրում գրական գործի հաջողության աստիճանը, պահանջարկի դրական կամ բացասական գործակիցը:
11 երկրի թարգմանությունների ներկա մատենագիտությունը 221 գրանուն է պարունակում, ներառյալ այն 14-ը, որոնք թարգմանվել են Հայաստանում: Այս թիվը հավասարապես չի բաշխվում 11 երկրների վրա: Օրինակ՝ «Հայ գրականությունը Նիդեռլանդներում» ուսումնասիրության հեղինակ Աննա Մարիա Մարտիրոսյան-Մատաարը ցավով է նշում, որ չնայած Հայաստանի և Նիդեռլանդների միջև վաղ կապերին, երկար ժամանակ հայերենից հոլանդերեն ոչ մի գեղարվեստական թարգմանություն չի եղել: 2010 թ. Նիդեռլանդներում վերջապես հայերենից հոլանդերեն թարգմանությամբ երկու գիրք է հրատարակվել` Նաիրի Զարյանի «Սասունցի Դավիթն» ու Վահե Արսենի «Կանաչ աստվածների վերադարձը» բանաստեղծությունների ժողովածուն: Համարյա նույն պատկերն է Շվեդիայում: Վահագն Ավետյանը գրում է, որ թեպետ շվեդական գրքարտադրության 30%-ը կազմում են այլ լեզուներից թարգմանությունները, սակայն 1991 թվականից ի վեր հայերեն բնագրի կամ հայ հեղինակի որևէ թարգմանություն չի արվել: Հայերենից իսպաներեն թարգմանչական գործը նույնպես հարուստ ավանդույթներ չունի, ինչը արդյունք է Իսպանիայում հայկական թույլ գաղթօջախի: Այստեղ հայ մտավորականների նկատմամբ հետաքրքրությունն աճել է, երբ 2008 թ. Ա. Ղուկասյանի խմբագրությամբ հիմնադրվել է երկրում առաջին և ցայսօր միակ հայատառ «Հայրենիք» թերթը: Նման վիճակագրության պարագայում, եթե որոշ երկրներում արդյունքը համարյա զրոյական է, 221 թիվը չի կարող վճռորոշ լինել: Չպիտի մոռանալ, որ գրահրատարակչական գործում բոլորովին այլ առաջնահերթություններ էին Խորհրդային ժամանակաշրջանում, երբ հրատարակչական գործը պետության տիրույթում ու նրա մենա­շնորհն էր: Հետազոտողների մի մասը` ուսումնասիրության նյութը հնարավորինս ամբողջական և օբյեկտիվ ներկայացնելու համար, հայերենից թարգմանությունների զարգացումները պայմանավորել է նաև այդ երկրներում հայկականի ներկայությամբ և հայերի համայնքային զարգացումներով: Օրինակը Ֆրանսիան է, որտեղ տարիների ընթացքում հայկական սփյուռքը սկսել է ինքնուրույն կազմավորվել և շնորհիվ նորաստեղծ կազմակերպությունների (դպրոցներ, եկեղեցիներ, ասոցիացիաներ, թերթեր և այլն) ավելի հաճախակի են դարձել հայերենից ֆրանսերեն ծավալուն թարգմանությունները: Իտալիայի պարագայում, ինչպես նշում է թարգմանիչ Ա. Ֆերրարին. «Իտալիայի հայ համայնքի հնարավորությունները սահմանափակ են»: Իտալերեն թարգմանությունների հետազոտողն էլ ասում է, որ «Հայերենից իտալերեն թարգմանությունների գերակշիռ մասը գրաբարից է»: Ի տարբերություն մյուսների, վրացերեն թարգմանությունները հիմնականում արվել են ժամանակակից գրողներից:
Մի բան անառարկելի է, որ ինչքան էլ մշակութային հաղորդակցության ոլորտում մեծ լինի հայկական համայնքների դերը, գրականության միջոցով ժողովուրդների երկխոսելու ցանկությունը, ժամանակակից գրահրատարակչության գործի որոշիչը շուկան է, ինչի արդյունքում պահանջարկն է ձևավորում ոլորտի ռազմավարությունն ու քաղաքականությունը: Հրատարակիչները հենց պահանջարկի թելադրանքով էլ նախապատվությունը տալիս են դետեկտիվ, քրեական, արկածային, էրոտիկ ժանրի ստեղծագործություններին: Ցավոք, այս առումով հայ ժամանակակից գրականությունը մրցակցությունից դուրս է և քիչ բան ունի ներկայացնելու, եթե չասենք, որ մեզանում ընդհանրապես այս ժանրի ստեղծագործությունները մատների վրա կարելի է հաշվել: Ընդհանրապես արտերկրում նվազ է հետաքրքրությունը հայ գրքի նկատմամբ և թարգմանությունների մեծ մասն իրականացվում են միայն տեղերում գործող հայ թարգմանիչների և կազմակերպությունների եռանդուն գործունեության շնորհիվ: Այդպես է Բուլղարիայում և Սերբիայում, որոնց համապատասխան թվերն են` 22 և 12 գրանուն: Գերմաներեն 16 գրանունից 4-ը հրատարակվել են Հայաստանում: Անգլիայում հրատարակված 26 գրանունի մեծ մասը հրատարակել են Սփյուռքի հրատարակիչները կամ մշակութային կազմակերպությունները:
Հայ գրականությունը այլ լեզուներով ներկայացվել է նաև անթոլոգիաներով: Մատենագիտությունն ընդգրկում է 15 գրական անթոլոգիա, ինչպես նաև առակների, ասացվածքների ու պատմական փաստաթղթերի մի քանի ժողովածու: Այս թվի մեջ հավանաբար չի ընդգրկվել ՀԳՄ հրատարակած անգլերեն երեք անթոլոգիաները` հայ ժամանակակից արձակ, պոեզիա, դրամատուրգիա: Անթոլոգիաների ամենամեծ թիվը վրացերենով է` 5, չափածո և արձակ: Գերմաներենով հրատարակվել է` 3, ֆրանսերեն` 2: Այս դեպքում էլ 15-ից երեքը թարգմանվել ու հրատարակվել են Հայաստանում:
Հայերենից այլ լեզուներով թարգմանությունների գործում ուսումնասիրողները կարևորում են գրական ամսագրերի և ռադիոհաղորդումների դերը: Սակայն չեն նշում, թե հատկապես որ ժանրի ստեղծագործություններն են, որ արժանանում են այդ լրատվամիջոցների ուշադրությանը, մի բան, որը կօգներ կողմնորոշվելու ոլորտի հետագա գործունեությունը ծրագրավորելիս: Հեղինակները հազվադեպ են անդրադարձել կարևորագույն` գրքի միջազգային տոնավաճառների, դրանցում կազմակերպված շնորհանդեսների, գրական փառատոների կամ արվեստի այլ ձևերի մշակութային միջոցառումների լուսաբանմանը: Ուսումնասիրություններում ընդհանրապես խոսք չկա Ֆրանկֆուրտի, Փարիզի, Լոնդոնի և գրքի այլ միջազգային փառատոներին Հայաստանի մասնակցության մասին, որոնք թե՛ բովանդակային, թե՛ կոմերցիոն առումով կարող են էական լինել թարգմանական ոլորտի առաջընթացի համար: Ներկա ուսումնասիրությունների բացթողումներից է թարգմանությունների ֆինանսավորման աղբյուրների ու աջակցությունների խնդիրը, ինչը հնարավորություն չի տալիս պարզելու, թե 221 գրանվան որ մասն են հրատարակիչները ֆինանսավորել, և որ մասն է գրանցվել ոչ առևտրային աղբյուրների հաշվին, հանգամանք, որ որոշիչ է շուկայական հարաբերությունների և զանազան շահերի բազմազանության պայմաններում:
Այդուհանդերձ, ներկա ուսումնասիրությունները, լինելով առաջին փորձը, կատարել են իրենց առաքելությունը` գործունեության դաշտ բացելով հետագա ուսումնասիրողների համար: Գաղտնիք չէ, որ թարգմանությունը ոչ միայն գաղափարներն ու գրականությունը երկրի սահմաններից հանելու միջոց է, այլև տեղեկատվության, ճանաչողության աղբյուր թարգմանվող գործի հեղինակի, երկրի ու ժողովրդի մասին: Մինչդեռ ներկայացված ուսումնասիրությունների արդյունքում հստակ է , որ հայերենից այլ լեզուներով թարգմանության գործընթացն ավելի պատահական, ոչ համակարգային բնույթ է կրում, ինչը թուլացնում ու նեղացնում է տեղեկատվության ու ճանաչողության շրջանակը: Միայն համակարգված ռազմավարության դեպքում է հնարավոր ցանկալի արդյունքներ ակնկալել, ինչի համար անհրաժեշտ է հիմնովին ուսումնասիրել ոչ միայն թարգմանող երկրի շուկան, այլև նրա բնակիչների ավանդույթներն ու հոգեկան նկարագիրը, տնտեսությունն ու սոցիալական ոլորտը, առանց որոնց դժվար է կազմել հաջողության քարտեզն ու համակարգել, թիրախավորել գործընթացը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։