Հուշ-երեկո՝ նվիրված Հրաչյա Բեգլարյանի 90-ամյակին
Արցախի մայիսը նշանավորվում էր համաժողովրդական տոներով, որոնց թվում գրչի ու գրականության մարդկանց համար վերջին տասնամյակներին առանձնահատուկ երանգ ու բովանդակություն ուներ անվանի բանաստեղծ, հրապարակախոս, Արցախի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական գործիչ Հրաչյա Բեգլարյանի (1934-2009) ծննդյան օրը։ Մայիսն այս տարի առանց Արցախ է, սակայն Հրաչյա Բեգլարյանի ստեղծագործությունների և նրա հիշատակը վառ պահող սերունդների շնորհիվ գրողի 90-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն արցախյան էր։
Գրական-գեղարվեստական երեկոն նշանավորվեց Հրաչյա Բեգլարյանի «Ղարաբաղս՝ Նոյան տապան» գրքի լույսընծայմամբ ու գինեձոնով։ Գիրքը կազմել է նրա որդին՝ բանաստեղծ Գագիկ Բեգլարյանը, խմբագիրն է բ.գ.թ. Արմեն Ավանեսյանը։ «Այս գրքով Արցախի հոգևոր հուշարձանն է կերտում բանաստեղծը։ Այստեղ կարող ենք հանդիպել թե՛ տեղանքների քարտեզագրումներ, թե՛ բնության, քար ու լեռան մարդեղենացման պատկերներ, թե՛ ազգային ճակատագրի ցավով արձագանքող պայքարի կոչեր և թե՛ գանգատ ու բողոք առ երկնավորը՝ հային բաժին ընկած բարդ ու դժվարին ճանապարհի համար»,- գիրքը բնութագրելիս մասնավորապես նշեց Ա. Ավանեսյանը։
Հրաչյա Բեգլարյանը սերունդներին թողել է գրական հարուստ ժառանգություն՝ «Հրաշք երկիր, իմ Ղարաբաղ», «Արցախն Ավարայր», «Արցախ-Նամե», «Անմահության ճանապարհով», «Քնար Ղարաբաղի» և մի քանի տասնյակի հասնող այլ գրքեր, որտեղ հայրենի հողի, ջրի, բնության, մարդու երգն է հյուսել բանաստեղծը։
Շատերը Հրաչյա Բեգլարյանին ճանաչում են նրա հանրահայտ «Ղարաբաղցին» երգով, որն այնքան մեծ ժողովրդականություն ստացավ, որ ինչ-որ տեղ պոկվեց հեղինակից և դարձավ ժողովրդինը, դարձավ արցախցուն բնութագրող ամենադիպուկ չափածո երկը՝ միշտ սրտաբաց, հյուրասեր, ընկերոջ համար կյանքը տվող, արդարադատ, մշակ ու շինարար, գիտնական ու զորավար, բազմավաստակ, շանթ ու կրակ ղարաբաղցին։
Մեծ բանաստեղծի հոբելյանական երեկոյին հնչեցին նրա կյանքն ու գործունեությունը, գրական վաստակը արժևորող ելույթներ, նրա ստեղծագործություններից ասմունք, երաժշտական կատարումներ, ցուցադրվեց նրան նվիրված ֆիլմ։
«Արցախի ձայների» կատարմամբ հնչեցին «Ղարաբաղցին» և «Հորովելը» երգերը։
Ելույթ ունեցան ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Արցախի ԳՄ նախագահ, ՀԳՄ նախագահի տեղակալ Նորեկ Գասպարյանը, գրող, գրականագետ, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը, պրոֆեսոր, Արցախյան շարժման ակտիվիստ Արզիկ Մխիթարյանը, գրողի հարազատները, գրչի երկրպագուներ։
«Լևոն Խեչոյանը ճշմարիտ է բնութագրել նրան՝ Ղարաբաղի Առյուծը. մազերի փռվածությունը՝ բաշի պես, առյուծաձև մի կերպարանք էր տալիս նրան։ Հրաչյա Բեգլարյանի դիմագծերում ասես խորխորատներ լինեին նրա կնճիռները, ճակատը՝ լեռնային բաց գագաթ, նրա դեմքին ամփոփված էին ղարաբաղյան բնության լավագույն գծերը։ Հրաչյա Բեգլարյանի էությունը ջինջ, պարզ, անմիջական մարդու տիպար էր։ Երբ նրա հետ հանդիպել ենք թե՛ Արցախում, թե՛ Գորիսում, թե՛ Երևանում, միշտ այդ տպավորությունն է թողել։ Նրա բանաստեղծություններում, ինչպես Սերգեյ Սարինյանն է դիպուկ բնորոշել, իսկապես խտացված է Արցախի կերպը»,- ընդգծեց Էդվարդ Միլիտոնյանը։
Երեկոն վարում էր բ.գ.թ. Ալիսա Բաղդասարյանը։ Նա, ներկայացնելով գրողի անցած ուղին, անդրադարձավ նաև Արցախյան շարժման օրերին նրա ունեցած ավանդին. «Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակունքների առաջամարտիկ գրչի մշակն ամենուրեք բարձր էր պահում ազգային մաքառող ոգու անկոտրում նկարագիրը։ Նրան չէին ընկճում ոչ ճնշումները, ոչ էլ՝ զնդանը: Բանտախուց տանելու ճանապարհին անգամ մեքենայից լսվում էր նրա ձայնը` Հայաստան, միացում, իսկ օրհասական պահին, երբ հրթիռակոծվում էր քաղաքը, և մարդիկ պատսպարվում էին նկուղներում, բանաստեղծը կանգնում էր իր բարձրահարկ տան պատշգամբում և կրակում որսորդական հրացանով։ Հոգ չէր, որ Սաֆոնովը հրամաններ էր արձակել` անջատել հեռախոսը, նշանակել 10-օրյա տնային կալանք, տուգանել 1500 ռուբլի և բանտարկել 15 օրով»։ «Հրաչյա Բեգլարյանի պոեզիան միանգամայն ինքնատիպ պոեզիա է։ Հրաչյան ավելի շուտ գրական ասպարեզ է գալիս ժողովրդական բանահյուսությունից։ Ահա թե ինչու նրա երգերը հնչում են որպես բանահյուսական հյուսվածքներ։ Երկար տարիներ ընկերություն ենք արել՝ որպես գրչեղբայրներ։ Համոզվել եմ, որ Հրաչյան ծնվել է պոեզիայի համար։ Դրանով է բացատրվում, որ նրա բանաստեղծություններում ծիածանված են մեր ժողովրդի հայրենասիրական զգացումները, աշխատասիրությունը, ժողովուրդների հետ համերաշխությունը։ Մեր դարավոր հարուստ պոեզիայում Հրաչյան թողել է իր ձեռագիրը, ստեղծագործական իր զգացումները։ Նրա երգերը կարող ենք ընդհանրության մեջ բնութագրել բեգլարյանական պոեզիա»,- իր խոսքում նշեց Սոկրատ Խանյանը։
Հրաչյա Բեգլարյանի՝ որպես գերդաստանի ավագի՝ հոր, պապիկի կերպարն իր հուշերով ամբողջացրեց նրա թոռնուհին՝ Արև Ղազարյանը. «Պապիկը շատ ազնիվ, հայրենասեր, ընտանիքի ջերմությունը գնահատող մարդ էր և մեզ էլ փորձում էր այդ հատկանիշներով դաստիարակել։ Դեռ մանկուց նրա հետ միշտ այցելում էինք Արցախի բոլոր սրբավայրերը, պատմական վայրերը։ Նա նաև շատ կենսուրախ, քեֆ-ուրախություն, կերուխում սիրող մարդ էր, շատ հյուրասեր էր, իսկևիսկ իր «Ղարաբաղցին» երգի տողերի պես։ Սիրում էր ծննդավայրի՝ Կոլխոզաշենի (Արցախ, Մարտունու շրջան)՝ իր ձեռքով կառուցած տանն իր շուրջը համախմբել համագյուղացիներին, համերգներ, հյուրասիրություններ կազմակերպել։ Նա միշտ լավ տրամադրությամբ էր ու կարողանում էր անգամ սովորական թեյախմությունը տոնի վերածել հարազատների հետ»։
Հրաչյա Բեգլարյանի պոեզիան ամբողջության մեջ Արցախը և արցախցուն ճանաչելու մի յուրօրինակ հանրագիտարան է։ Նրա բանաստեղծություններում արտացոլված է հայ մարդու սերը հայրենի եզերքի հանդեպ, գալիք վտանգները կանխելու և մարտահրավերները դիմակայելու մարգարեական մտածումները. այս առումով բնորոշ է նրա հետևյալ բանաստեղծությունը.
Երեկ Ղարսդ, Անիդ, Վանդ,
Այսօր ահա Նախիջևանդ,
Հերթը հասավ Ղարաբաղիդ,
Թե որ դա էլ ձեռքից առան,
Ո՞նց կպահես Երևանդ…
Քեզ եմ ասում, իմ Ղարաբաղ,
Ուշանում է Ավարայրդ:
Հրաչյա Բեգլարյանի այս խորիմաստ բանաստեղծությամբ է ամփոփվում նրա «Ղարաբաղս՝ Նոյան տապան» գիրքը, որն իր ասելիքով արդիական շեշտադրումներով է ներկայանում ընթերցողին։
