Ապրիլի 20-ին լրացավ Դանիել Վարուժանի ծննդյան 140-ամյակը: Այսքան տարիներից այս արևի տակ նա ապրեց ընդամենը 31-ը, բայց եղեռնազոհ բանաստեղծը, արդեն սրբացած լուսապսակով, վերապրում է մեր ժողովրդի հիշողության մեջ ու շուրթերին առ այսօր: Եվ այսօր, թերևս, հարկ չկա նրա անվան կողքին ավելացնելու մեծատաղանդ, մեծագույն դեմք, անկրկնելի և այլ բնութագրիչներ: Այդպես նրան որակում ու գնահատում էին դեռևս կենդանության տարիներին ու հետագա տասնամյակներում: Եվ ոչ միայն մեր նշանավոր մտավորականները: Վարուժանին իմ այս անդրադարձը նպատակ չունի կրկին հիշեցնել հայտնի այդ գնահատումները (թեև շատերը, թերևս, առիթ չեն ունեցել դրանք կարդալու): Ասենք` այն, որ Հակոբ Օշականը դեռ 1913թ., վերլուծելով Վարուժանի՝ երեք տարի առաջ լույս տեսած «Ցեղին սիրտ» ժողովածուն, գրում էր. «Կը փութամ հայտարարել, թե… Վարուժան մեր ամենէն մեծ բանաստեղծն է», իսկ նրա մահից երեք տասնամյակ անց՝ «Չեմ վախնար գրելու.- Դանիել Վարուժան մեծագոյն փառքերէն մեկն է մեր քնարերգութեան եթե ոչ մեծագոյնը»: Կամ այն, որ ֆրանսիացի նշանավոր հայագետ Ֆրեդերիկ Ֆեյդին, որ հրաշալի գիտեր հայերեն, գրում էր. «Վարուժան կը պատկանի այնքան արեւմուտքին, որքան Հայաստանին», որ
«…նրա տեղը համաշխարհային գրականութեան մէջ թերևս հեռու չէ այն բարձունքից, որ գրաւում է… Վերհարնը» և որ նա իրենց «մեծերից տարբերվում է միայն լեզվով»: Եվ կամ այն, որ հունական գրականության քաջագիտակ Զաքարիա Պապանդանյուն էր գրում, թե «Նրա մահով թերևս կորավ համաշխարհային լիրիկայի ամենամեծ ներկայացուցիչներից մեկը»: Իրապես այս ամենը կրկնելու երևի թե հարկ չկար, որովհետև հայ բանաստեղծության անդաստանում վաղուց խոր արմատ են ձգել ու երկնամերձ սաղարթ նրա «Ցեղին սիրտը», «Հեթանոս երգեր» ու «Հացին երգը» խորագրերով բանաստեղծական ինքնատիպ արարումները՝ ժամանակների հետ փոխանցվող իրենց հմայքով, խորքով ու պատկերով: Սարսուռներ, ցեղին սիրտ, Գողգոթայի ծաղիկներ, հացին երգ բառ ու բառակապակցությունները, որ հոգեպես ապրեց ու հնչեցրեց բանաստեղծը հարյուր և ավելի տարի առաջ, առ այսօր ու հետայսու անբաժան են Վարուժան անունից: Նյութով, թեմայով ու հղացքով իրարից տարբեր, բայց խորքում նույնարմատ այս հղացումները, ստեղծված ընդամենը մի տասնամյակում, վկայությունն են հեղինակի մեծ ու բազմակողմ տաղանդի, ի վերուստ ստացած շնորհների՝ Չարենցի հիացքին արժանի («Եվ ո՞վ էր տվել այդքան ուժ, այդքան թափ ու շնորհք վերին») ու նաև համաշխարհային պոեզիայի իմացության
(«…տեսած էի Եվրոպան: Օգտվելով տեղվույն հսկա գրադարանեն, կարդացեր էի հնդիկներեն մինչև Հոմեր, Հոմերեն մինչև Մետերլինկ»): «Հաճելի է ինծի միշտ լարերս փոխել ու վերանորոգվիլ արվեստիս մեջ և եթե մուսաները չլքեն զիս՝ դեռ պիտի կրնամ շվարեցնել իմ կարգ մը ակնոցավոր քննադատները…»,- գրում է Վարուժանը նույն նամակում դեռ լույս չտեսած «Հացին երգը» շարքի առիթով: Այդպես «շվարեցնել» կարող են քչերը: Այդպես հզոր ու բազմադեմ եղավ նաև Չարենցը մեզանում, որ գրքից գիրք փոխում էր իր «քնարի լարերը», հայտնվում էր նոր նյութի ու նոր ձևի մեջ (հիշենք կարճ ժամանակի մեջ իրար հաջորդող նրա գրքերը՝ «Դանթեական առասպել», «Ծիածան», «Ամբոխները խելագարված», «Տաղարան» այլն): Բայց Վարուժանի բազմակողմ տաղանդի ու նրա մեծության մասին կրկին հիշեցնելու կամ նրա բանաստեղծության մի նոր նրբերանգի մասին չէ, որ ուզում եմ հիշել այսօր: Այլ՝ նրա մի քանի դասերի, որ այնքան համահունչ ու արդիական են նաև այսօր:
Մեծ եղեռնի մասին չի գրել Վարուժանը. նա եղավ առաջին եղեռնազոհ գրողներից մեկը: Բայց նա տեսել էր եղեռնը Մեծ եղեռնից առաջ, ջարդե՛րը: Դեռ 12-ամյա պատանի՝ 1896 թ. իր դասասենյակի լուսամուտից նա տեսել էր Պոլսի փողոցներում տեղի ունեցած ջարդերը, և այդ պատկերները դաջվել էին պատանու ուղեղի պաստառին: Նաև հայկական գավառներից հասնող լուրերը այդ ու հետագա տարիներին, համիդյան բռնությունները, կիլիկյան ջարդերի մասին «կարմիր լուրերը» (այդպես որակեց Սիամանթոն), որ ստանում էր Վարուժանը հեռավոր Գենտ քաղաքում ուսանելու տարիներին: Ահա այս ապրումներն էին, որ ծնունդ տվեցին այն բանաստեղծություններին, որ դարձան մի ամբողջ գիրք՝ «Ցեղին սիրտը» խորագրով:
Գիրք, որի մեջ այնպես հստակ ու այնքան պատկերավոր լսելի ու տեսանելի է ցեղի սրտի բաբախը, որ տրոփն է նաև բանաստեղծի սրտի: Փոխադարձության ու միասնության այս դրսևորումը տարբեր առիթներով իր նամակներում մեկնել ու բացատրել է բանաստեղծը. «Ցեղին հոգին արյուն կուլա մեջս, հրդեհված քաղաքներեն եկող ամեն լուր՝ տաք մոխիրի պես կը թափի գլուխիս ու սրտիս վրա…» (Նմկ – 174 ), «…հայությունը կը խեղդվեր սուրի և սովի մղձավանջին մեջ… նախընտրեցի երգել ցեղին սիրտը, որուն բախյունները կ՛զգայի իմ մեջս, իմ սեփական արյունիս խորը: Հայությունը կուլար ու կը մռնչեր մեջս…» (Նմկ – 207): «Հայրենասիրականներուս խմորը ավյունովս և զուտ կրակով շաղված եմ. ան ժողովուրդին զանգվածին համար եղավ. massa – ին ուզեցի խոսիլ» (Նմկ – 172):
Ժողովրդի ցավի ու տառապանքի այսպիսի վերապրումի ու այն որպես բանաստեղծություն հղելու այս «բացատրությունները» ինչո՞վ դաս և հուշում չեն մերօրյա բանաստեղծներին (և ոչ միայն):
Եվ ի՛նչ ու ինչպե՛ս ասելու կերպը: 1906 թ. գրված իր «Ջարդը» (1895-1896) ընդարձակ քերթվածի մասին, որ լույս տեսավ նախ՝ «Անահիտ» հանդեսում 1907 թ., ապա՝ առանձին գրքույկով 1908-ին և ներառվեց «Ցեղին սիրտը» (1909) ժողովածուի մեջ, Վարուժանը ասել է՝ «…արցունքիս, ցասումիս և հեգնությանս մեկ խմորումն է…» (Նմկ – 107): Իմ կողմից ընդգծված այս բառերը ժողովրդի ու բանաստեղծի ապրումների ու խոհերի հաջորդական ընթացքը խորհրդանշող իմաստներ ունեն: Արցունքը՝ տառապանքի, ցասումը՝ համբերության, արժանապատվության չափի, հեգնությունը՝ դիմադարձ ոգու, ըմբոստության, պայքարի: Հենց այսպիսին է «Ջարդի» ներքին կառույցը: Նաև կառույցը «Ցեղին սիրտը» գրքի: «Ջարդը» քերթվածում սկզբնապես ջարդերի տեսարաններ են: Սուլթանի հրամանը և համատարած ջարդերի սահմռկեցուցիչ պատկերներ, հրդեհված ու արնաներկ երկիր, բայց քերթվածը ավարտվում է լավատեսությամբ ու հավատով՝ նոր արշալույսի գալստյան: Բանաստեղծը դիմում է հատկապես որդեկորույս ու սգակիր մայրերին, քույրերին, որովհետև նրանք են, որ պիտի ծնեն պայքարող առյուծասիրտ զավակներ: Հավատ է ներշնչում նրանց, թե՝ «հառաչ մ’ ալ, արցունք մըն ալ, վերջի՜նն է.//Զի ավասիկ, ահավասիկ կը տեսնեմ//Արգանդներուն մեջ ձեր լայն՝//Նոր Սաղմեր նոր Որդիներու ըստեղծիչ», որ վաղը պիտի ծնվեն «հսկա և հերոս», որ նրանց համար «Հայրենիքի Սերը վեհ//Կրոնքը կ՛ըլլա հազարավոր կրոնքներու», և որ պիտի «վրեժին մեջ մկրտվին»՝ «գլուխնուն վրա Ազատության արախչինն»: Ու երբ նրանք, պատրաստ պայքարի, «Լեռներուն վրա մըռընչեն,//Ո՛հ, այն ատեն, այս օրվան//Մեր մեռելները բոլոր //Միահամուռ ոստումով//Պիտի կանգնին գերեզմանին մեջ իրենց…//Պիտի սպասեն վարդահեղեղ գալուստին// Արշալույսի մ’ Արշալույսի մը՝ որուն// (Հավատացե՛ք ինձ, Մայրեր)//Ես ոտնաձայնը կ՛ առնեմ…» (140):
Եթե ոտնաձայնը լսելի է, ուրեմն՝ այնքան էլ հեռու չէ, անորոշ չէ: Ուրեմն՝ պետք է հաղթահարել ցավը, զգալ կորուստները, բայց գերի չդառնալ կորստյան ցավին, կրկին արարել, նոր զավակներ ծնել ու սնել նրանց հայրենիքի «վեհ սիրով», իր հողի վրա ապրելու, արարելու, շենացնելու, պահպանելու, տիրո՛ջ զգացումներով: Հողը մարդկանցով է երկիր, հողը մարդիկ են պահում, ու երկրապահ քաջասիրտ զավակների ծննդյան առաքելությունը մայրերին է տրված, և Վարուժանը հենց նրանց է դիմում, նրանց է փոխանցում նոր Արշալույսի վարդահեղեղ գալստյան մասին իր հավատը: Եվ Վարուժանի խոսքը արդիական է դառնում նաև այսօր:
Նույն հղացումով 1909-ին ամբողջացած «Ցեղին սիրտը» ժողովածուն, որ ընթերցողին հասավ 1910-ի գարնանը, արդիական էր և՛ համիդյան բռնապետության օրերին (մամուլում լույս տեսած բանաստեղծությունները), և՛ երիտթուրքերի: Ու պատահական չէր, որ գրքի տպագրությունից մեկ տարի հետո «Շանթ» հանդեսի (թիվ 23) հարցարանի՝ «Որո՞նք են Ձեր ամենաշատ սիրած գրքերը» հարցին ընթերցողների մեծ մասը պատասխանել էր՝ «Ցեղին սիրտը»: Ջերմ ընդունելությունը պայմանավորված էր հեղինակի և զանգվածի (ժողովրդի) զգացական ներքին կապերով. բանաստեղծը հաղորդակից է նրա ապրումներին, իր սրտի տրոփը չափաբերում է «ցեղի սրտի» (խոր ու ճշգրիտ խորագիր գրքի համար) տրոփին, նույնանում են նրանց սրտերի զարկերը: (Հիշենք Չարենցի հանրահայտ խորհուրդը իր «բանաստեղծ բարեկամին»՝ «Թե ուզում ես երգդ լսեն,//Ժամանակիդ շունչը դարձիր,//Կապվիր նյարդով յուրաքանչյուր//Քո օրերին ու քո դարին…»): Նույնանում էին և՛ ցավը, և՛ տագնապները, և՛ ցասումը, և՛ ըմբոստությունը, և՛ երազանքները: Այդպես է ամբողջ գրքում՝ սկսած հենց ընծայականից, որ հանրահայտ «Ձոն» բանաստեղծությունն է՝ բոլոր ժամանակների հայ հայրենասիրական բանաստեղծության բացառիկ օրինակներից մեկը՝ իր նրբակերտ ու անթերի կառույցով, տարողունակ բովանդակությամբ՝ անցյալի փառքերը, ներկա՝ բռնապետության թաթի տակ հեծող հայրենիքը և զայրույթից ու ընդվզումից ծնված պայքարի կոչը, որ ազատ ապագայի ճանապարհն է: Այդպիսին է նաև գրքի «Նախերգանքը»՝ «Նեմեսիս» ընդարձակ քերթվածը՝ քանդակագործի տպավորիչ կերպարով, որ փակված իր արվեստանոցում՝ քանդակում է վրիժառության աստվածուհու՝ Նեմեսիսի արձանը, որով ներշնչված զանգվածները պատրաստ են ելնելու պայքարի բոլոր տեսակի բռնությունների դեմ: Այդ քանդակագործին Վարուժանը քերթող է անվանում («Քերթողն հըսկա, մըրըրկավարս, հըրաչվի»), նաև՝ «Քանդակագործ բանաստեղծ», որ նշանակում է, թե խոսքը ընդհանրապես արվեստագետի մասին է, նրանց, ովքեր իրենց արարումներով կարող են (ու պարտավոր են) կերպավորել ժողովրդի երազը, մղել նրան այդ երազանքների կատարմանը:
Ահա Վարուժանի դասերից ևս մեկը բոլոր ժամանակների արվեստագետներին և այսօր՝ մեզ:
«Ցեղին սիրտը» գրքի հեղինակը իրապես «Նեմեսիս»-ում կերտված «բանաստեղծ քանդակագործն» է, որ իր բացառիկ «հերյունով», նրա պես ներշնչումով, նրա վարպետությամբ քանդակում է (Վարուժանի ոճը այս գրքում առավելապես «քանդակային» է) մեր՝ հայ կյանքի համապատկերը՝ սոցիալ-քաղաքական անազատության, ջարդերի ու բռնությունների, հույսի, հավատի ու երազի, ըմբոստացման ու պայքարի քանդակային դրվագներով:
Եվ դարձյալ պիտի կարևորել գրքի նպատակային հստակ կառուցվածքը՝ երեք մասերի բաժանված. «Բագինին վրա», «Կրկեսին մեջ», «Դյուցազնավեպեր»: Առաջինը հայ տառապանքը պատկերող քերթվածների բնորոշ անվանումն է, աստվածների բագինին վրա զոհաբերված ժողովրդի տառապանքի պատկերը, մյուսները՝ մահու և կենաց պայքարի կրկեսը (արենան) մտած ժողովրդի ըմբոստության ու պայքարի: Եվ կարևոր է հիշել, որ բանաստեղծը չի ընկճվում տառապանքի ծանրության տակ, և գրքի ծանրաբեռ երկրորդ մասը հայ ոգու, վերածնության հավատի ու պայքարող հայորդիների մասին է, իսկ բանաստեղծական խոսքի ընդգծվող հատկանիշները՝ պաթոսը, կիրքը, առնականությունը: Այստեղ ազատության պայքարի, «կռվի երթի» մեջ բանաստեղծը տեսնում է դեռ օրոցքի մեջ «հայկակներին» («Եվ գուցե վաղն ան ըլլա//Ռազմիկ մ՛ հրաչյա, շանթող ամպ.//-Մեզ մսուրն Հիսուս մը կուտա՝//Իսկ հայ օրոցքն՝ Ապըստամբ…»-163), քաջարծիվ հայորդիներին, նրանց պահապան հայրենի խրոխտ լեռները («Թըշնամվույն դեմ բերդ եք դուք, դյուցազներու ապարանք»), տեսնում է նվիրյալ մարգարե-առաքյալներին, որ շրջում են երկրով մեկ, «արթնացնում» ժողովրդին («Առաքյալը»): Փառաբանում է հաղթանակով վերադարձած հերոսին («Հաղթողը»), նաև կռվում վիրավորված, մեռնող հայորդուն, երդվում, թե՝ «վաղը» պիտի «շիրմիդ ոտքին մեկ ցիցի վրա նիզակենք//Գլուխը Ցարին կամ Սուլթանին. Բըռնությունն…» («Վիրավորը»): Այսինքն՝ ամեն տեսակի բռնություն: Բանաստեղծության վերնագրի տակ փակագծում նշված է՝ «Հայ-թաթարական կռիվներուն առթիվ գրված»: (Հիշե՞նք, թե ովքեր էին այն օրերին կովկասյան թաթարները: Այն ժամանակ ո՛չ ազերի կար, ո՛չ՝ Այզերբայժան):
Իսկ այս բոլորից առաջ Ազգի «կանգնելու» նախապայմանը բանաստեղծը համարում է հայրենիքի զգացողությունը՝ ոգին, նրանով լցվելը, այն իր մեջ ունենալը: Եվ պատահական չէ, որ գրքի հենց առաջին շարքի սկզբում է դրել այդ ոգուն նվիրված «Հայրենիքի ոգին» բանաստեղծությունը, որ հրավեր, կանչ է, ոգեկոչում՝ «Եկո՜ւր, եկո՜ւր, Ժամանակն ա՜յս է, եկո՜ւր…»: Ի՛ր ժամանակն է. երբ մեր երկիրը «այլազգներու խըժդըժանքին մատնըված,//…սուգ ու արյուն կը բըխե», երբ «հորենական երկրեն հեռացած» հայերը «կը խառնակեն ազգերու խորդ արյունով», իսկ երկրում մնացողներին առանց այդ ոգու՝ ոչ արյամբ շաղված դաշտերը, ոչ քարուքանդ տաճարները «կրնան զայրացնել»,//«Ոչ օտարին ծաղրանքն և ոչ անարգանք//Կ՛արթնացնեն իրենց հոգվույն մեջ ընթարմ//Հըպարտությունն հայկական»: (Եվ ինչո՞վ այս խոսքերը արդիական չեն մեր այս օրերում): Ու թեև կա ցեղի «մաս մը ազնիվ՝ գաղափարի, գուպարի մեջ հալումաշ», բայց բանաստեղծը խնդրում է, որ այդ ոգին «Տեղա՛ բոլոր իգության մեջ մեր երկրին//Մեր արտերուն բոլոր խորքերը հոսե…», որ ըմբոստանան, «կանգնին» բոլորը՝ բանվոր ու գեղջուկ, մարտիկ ու քերթող, «Կանգնին այրեր ու մայրեր,//Ծերը կանգնի՛, կանգնի՛ տղան,//Ու ամեն ոք, Ազգին սիրով լոկ արբշիռ…» (83-85):
Վարուժանը գիտեր, որ հողը մարդկանցով է երկիր դառնում, և որ թուրքի նպատակը նաև հայ գյուղացուն պանդխտության մղելն է, ուստի «Ցեղին սիրտը» գրքի պատգամներից մեկն էլ դառնում է պայքարը պանդխտության դեմ («Կարոտի նամակ»): Մենակ մնացած ծեր մայրը իր նամակում պաղատում է, որ պանդուխտ որդին տուն վերադառնա, որովհետև ոչ միայն այլևս անտանելի է խեղդող կարոտը, այլև հայրենի տունն է քանդվում, ամայանում են օջախները՝ «Եկո՜ւր, որդյա՛կ, հայրենի տունդ շենցուր…»: Եվ ինչո՞վ այսօր մեզ դաս չէ Վարուժանի տագնապի այս կանչը, երբ մեր աչքերի առջև են «ջահելազուրկ», «ծերացող» հայ գյուղեր, որ թե՛ ժամանակավոր («խոպան»), թե՛ այլևս մշտատև մեկնածների պատճառով ամայանում են:
Հստակ էր երիտասարդ բանաստեղծի կողմնորոշումը. նա երբեք չհավատաց և հույսը չդրեց ուրիշների վրա, թե պիտի գան արևմուտքից կամ հյուսիսից, պիտի կարեկցեն կամ փրկեն մեզ: Ավելին, նա հստակ բնորոշեց օտարների կեցվածքն ու էությունը, հեգնեց ու որակեց այն որպես սուտ ու պատիր, կեղծավոր ու շահախնդիր: Այսպես, Վարուժանը «Ջարդը» քերթվածում պատկերված այդ ահավոր «տեսարանների» իրագործողներին սկզբնապես տալիս է ընդհանրական մի անուն՝ բարբարոս ոգի («Ո՜վ բարբարոս դու Ոգի…»), ասես հակադրելով մեր խաղաղ հոգի.-ին («Երբ արտին մեջ երգելով, //Խաղա՛ղ հոգի, կ՛աշխատեր,//Ըսպաննեցին» («Վաղվան բողբոջներ», 107): Երկու տարի անց՝ 1909 թ., Ադանայի կոտորածների առիթով Գենտից Պոլսի «Ազդակի» խմբագրությանը գրած նամակում դեռ ուսանող Վարուժանը թուրքին բնութագրում էր այսպես. «Հինգ դարեր պետք եղան՝ որպեսզի թուրքերեն մաս մը քաղաքակրթվեր, եվրոպականանար, ինչպես փտած կաթսաները կը կլայեկվին, ով գիտե, դեռ որչափ հինգ դարեր են պետք և որչափ հայի արյուն, մյուս մեծագույն մասին համար: Երիտասարդ թուրքերը չեն դադրիր Եվրոպայի հասկցնելե, թե թուրքը ի բնե բարի ժողովուրդ է, թե տաք հայերու անխոհեմությունն է աղետին պատճառը…»: Որքա՞ն հինգ դարեր…: 1918-ին Հ. Թումանյանը նրանց մասին պիտի ասեր. «Բերանն արնոտ Մարդակերը էն անբան//Հազար տարում հազիվ դառավ Մարդասպան.//Ձեռքերն արնոտ նա գնում է դեռ կամկար,//Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան»: «Հեռու է» նաև այսօր, մեկ դար հետո… Եվ Վարուժանն ու Թումանյանը արդիահունչ են նաև այսօր: Եվ «բարբարոս ոգին» շարունակում է ապրել ու գործել նո՛ւյն կերպ:
Այդ բարբարոս ոգու իրական կերպարը Վարուժանը տեսնում է քառադեմ՝ Սուլթանը, Ալլահը, Խուժանը, Եվրոպան: Եվ որքա՜ն համերաշխ են գործում նրանք: Ալլահը՝ մոլլաների քարոզով, որ մղում են մոլեռանդ ամբոխին՝ սպանել գյավուր հայերին, Սուլթանը՝ զենք ու զորքով, հանուն տիրակալության, ջարդերի հրամանն է արձակում, և արդեն պատրաստ խուժանը անցնում է «գործի»՝ մահակներով, խարազաններով, կացիններով ու յաթաղաններով… (Մեկ դար հետո էլ, այսօ՛ր, նորագույն զինատեսակների հետ, նրանք չմոռացան դանակն ու կացինը): Իսկ Եվրոպա՞ն… Նայելով այս ամենին («Ծուխ է, մոխիր ու ավեր», ամենուր դիակներ, «խանձումն ու հոտը մարմնի»)՝ Եվրոպան՝ «դեմքն իր ետև դարձուցած//Կոպերը թաց կը շփե -//Մեր ծուխեն աչքն իր բոզի//Կըսկըծելուն համար լոկ» (136):
Երկու տարի անց արդեն հիշատակված նամակում Վարուժանը Եվրոպայի համար մի ուրիշ մակդիր էլ ունի: Ասում է՝ թուրքերն իրենց կատարած ոճիրների համար արդարանում էին, մեղքը վերագրում հայերին՝ «Եվրոպայի հայանպաստ կարծիքին հակազդելու համար, կարծիք մը՝ որ արդեն առանց ատոր ալ պոռնկացած է»:
Մեկ դար անց ոչինչ չի փոխվել ո՛չ թուրք-ազերիների, ո՛չ Եվրոպայի վարքագծում: Իրենք կրակում են, հրետակոծում և հայտարարում, թե հայերն են կրակել: Տարածքներ են զավթում և հայտարարում են, թե հայերն են զավթել ու պիտի ետ տան: Կրակում են, սպանում և հայտարարում են, թե իրենք ուզում են խաղաղության պայմանագիր կնքել, իսկ հայերը՝ ոչ: Ու Եվրոպան, իհարկե, լռում է: Եվ լուրջ-լուրջ հայտնում է իր պատրաստակամությունը՝ օժանդակել այդ «խաղաղությանը»: Եվ մենք գիտենք, ու իրենք էլ գիտեն, որ խաբում են, որ դրանք սուտ ու շողոմ խոսքեր են:
Ադանայի կոտորածների լուրերից սրտաբեկ Վարուժանի հոգեկան խռովքի ծնունդ եղավ նաև նրա «Կիլիկյան մոխիրներուն» ընդարձակ քերթվածը, որի մեջ բանաստեղծը Օտարականին «հրավիրում է» «դիմացի լերան» վրայից դիտելու ավերակված, արյունով ներկված, հրդեհված քաղաքը, որ երբ նա գնա, իր «ոսկիի եղբայրներուն» պատմի և «չմոռնա» «Անոնց ըսել թե ինչպես Կիլիկիան մորթեցին,//Ազատության դափներուն նվագին մեջ դավաճան»: Նաև՝ «Գիտեմ՝ թե այդ եղբայրներդ մեծագոգ նավերով//Գալ պիտ ուզեն… օգնությա՞ն… օ՜հ, ո՜չ… մահվան մնացորդին,//Պիտ՛ ուզեն գալ լոկ մեր կույս, ատոք լեռները պեղել,//Եվ մեր ծոցվոր հանքերեն կըթել մետաղն հրաշափառ,//Կըթել մետա՜ղն ու իրենց եսին կուռքերը կերտել…»: Վարուժանի՝ իր ժամանակից արձակված խոսքի նետը մեզ է հասնում հուշելու պատմության ևս ստուգված մի դաս… Նայե՛ք և տեսե՛ք՝ ազերի-թուրքը պաշարեց, սովի մատնեց, ի վերջո, հայաթափեց Արցախը, իսկ այդ Եվրոպաներից, Ամերիկաներից, ՄԱԿ-երից գոնե մի մարդ եկա՞վ եթե ոչ ոճրագործին սաստելու, գոնե տեսնելու, թե ինչ է կատարվում (իբրև թե Ադրբեջա՛նը չէր արտոնում): Իսկ երբ Արցախը լրիվ հայաթափվեց… Եկա՜ն… այդ մակի ու եհակի ու ստահակի ներկայացուցիչները (հիմի Ադրբեջանը արտոնո՜ւմ էր) և դռնեդուռ ընկած՝ փնտրում էին՝ գոնե մի քանի հայ գտնել, որ ասեն՝ «հայերի մի մասը» մնացել է…
Վարուժանը ճիշտ էր նաև, թե նրանք հետո պիտի գան՝ մեր «ծոցվոր հանքերը պեղելու», հումանիտար ու այլ գայթակղիչ օգնության խոստումներով այս հողերում արմատ ձգելու, ճանապարհները վերահսկելու:
Բազում են Վարուժանի դասերը՝ բանաստեղծական տեքստում, թե՝ հրապարակահունչ, ի՛ր օրերի համար, թե՛ սերունդների: Եվ այսօրվա՛: «Հայը պիտի ապրի՜, հակառակ իր դահիճներուն… Հայը պիտի ապրի ժողովուրդներու սիրազոդ շղթային մեկ ոսկի օղակն ըլլալուն համար: Այս է մեր բոլորիս հույսը» (Նմկ-175): Պիտի հավատա իր ուժերին ու պայքարի: Ահա «ՑԵՂԻՆ ՍՐՏԻ» խորհուրդը: Դասեր՝ զանգվածին ու բանաստեղծ-արվեստագետներին՝ ինչպե՛ս սիրել հայրենիքը, ինչի՛ մասին գրել և ինչպե՛ս գրել. «Ճշմարիտ բանաստեղծությունը մարտիրոսություն մ՛է, ամեն բառի մեջ սրտին կաթիլ կաթիլ արյունումն է ստեղծելը» (Նմկ-128):
Մեծերը մեծ են նաև նրանով, որ արդիահունչ են ժամանակների հոլովույթում:
«ՑԵՂԻՆ ՍԻՐՏԸ». ԱՐԴԻԱՀՈՒՆՉ ՆԱԵՎ ԱՅՍՕՐ / Վազգեն ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
