ԻՆՁ ՄԻ ՀԱՐՑՐՈՒ
Եթե անծանոթ այցելու ես դու,
Իմ հողի մասին ինձ մի հարցրու,
Կաղնուց հարցրու դու այս դարավոր,
Հարցրու քարափից, ձորերից այս խոր,
Հարցրու Քիրսից ու Մռով սարից,
Թարթառից հարցրու և Գանձասարից,
Դադիվանքի զույգ խաչքարից հարցրու,
Խաչենագետից, Կարկառից հարցրու,
Մեր Ջրաբերդից, մեր Ցորից հարցրու,
Մեր Ամարասի սուրբ ձորից հարցրու,
Մեր արծվաբույն Դիզակից հարցրու,
Աբու Մուսեի նիզակից հարցրու,
Հարցրու Ջալալ իշխանի թրից,
Դավթակ Քերթողի հանճարեղ գրից,
Խաչենի իշխան Սմբատի թրից,
Դու մեր Մովսեսի ու Կիրակոսի
Մագաղաթյա հին մատյանից հարցրու,
Ավան Յուզբաշու ատյանից հարցրու,
Առան իշխանի տնից հարցրու,
Հարցրու ավերակ Տիգրանակերտից
Եվ հրաշք քաղաք Ստեփանակերտից,
Նրանք ինձանից մեծ են ահագին
Եվ իմ երկրի պատմությունը հին
Սերտել են անգիր…
ՄԵԶ ՄԻՇՏ ԽԱԲԵԼ ԵՆ
Մեզ միշտ խաբել են,
Հավատացել ենք բոլոր
«Սրբերին»,
Բոլոր կուռքերին՝
Լենին պապիկին,
Եվ Խրուշչևին,
Եվ Բրեժնևին,
Եվ Գորբաչովին,
Եվ նրանց բոլոր
Առաքյալներին,
Որոնք Կրեմլում
Հեքիաթ են հյուսել
Դրախտի մասին
Եվ սակայն մեզ հետ
Դժոխք են տարել՝
Մեզնից խլելով
Վերջին նշույլը
Հավատի, հույսի…
Կորած հավատս
Գտնելու համար
Նորից քո դուռն եմ
Եկել ծնկաչոք,
Հիսուս իմ խաչված…
ԱՍՏԾՈ ՏՈՒՆՆ ԵՍ
Իմ Ղարաբաղ,
Ես քո ամեն
Սրբավայրում
Մոմ եմ վառել
Ու աղոթել,
Համբուրել եմ
Ամեն խաչքար
Ու զարդարել
Ծաղիկներով:
Ամեն գետից
Ու գետակից,
Աղբյուրներիից՝
Հայտնի, անհայտ,
Ջուր եմ խմել
Ու թաթախվել
Ոնց մեռոնով
Ամենասուրբ…
Իմ Ղարաբաղ,
Իմ վանքն ես դու,
Իմ խաչքարը,
Իմ հավատը,
Իմ կյանքն ես դու,
Աստծո տունն ես,
Թե Աստված կա,
Դա հենց դու ես…
ՄՆԱՑԻՐ, ՈՐ ԱՊՐԵՍ…
Հրաչյա Բեգլարյան, դու այսօր 90 տարեկան ես, և այն, ինչ այսօր պիտի ասեմ, ընդունիր որպես խոստովանություն։ Կարծում եմ՝ չէիր կասկածում, որ ես անհամբեր սպասում էի մեր ամեն մի հանդիպման։ Եվ ասելիքի պակաս երբեք չենք ունեցել։ Ընդհակառակը, հազվադեպ է հաջողվել տեղավորվել ժամանակ ասվածի անծայրածիր թվացող տարածքներում։ Եվ միշտ էլ ինչ-որ բան մնացել է կիսատ։
Պատահականությո՞ւն է։ Դժվար։ Հիմա չասե՞մ, որ ուսածդ բեռը մենակի բեռ չէր, ոչ էլ բռնած գործդ էր մի քանի տարվա։ Ասեի, չէիր ընդունի, կվիրավորվեիր էլ։ Որովհետև մեկ ուրիշը ոչ էդ գործն էր անելու, ոչ էլ էդ բեռն էր արժանապատվորեն տանելու։ Որովհետև դա, ճիշտ է, մեկ մարդու բան չէր, բայց միայն ու միայն մեկ, եզակի մարդու համար էր, հենց քեզ համար, Հրաչյա Բեգլարյան։
Առանց ինչ-որ մեկի հետ պայմանավորվելու, առանց ուրիշի ուղեկցության դու պիտի բնակություն հաստատեիր մեր պատմության միայն քեզ ծանոթ ու հասկանալի վայրերում, հենց դու պիտի նամակներ ուղարկեիր ընկերներիդ, ծանոթ, մտերիմ գրչընկերներիդ, դու պիտի պարտադիր խոսեիր նրանց մասին և ներկայացնեիր անվերջանալի թվացող հուշերն ու մեկը մեկից հետաքրքիր պատմությունները, տաք հանդիպումների պատառիկները…
Չասե՞մ, որ դու տանը չէիր նստում։ Ամենուր էիր, որտեղ վանք ու եկեղեցի կար, իշխանական հնամյա պալատ, պարիսպ, խաչքար… Հեռավոր շեներում էիր, ռամիկ ու իմաստուն մարդկանց հետ, բուռն, անզուսպ, ծուռ… Միշտ այլախոհ… կարծիքների բախման կիզակետում, բոլորից առաջ, ինքդ քեզ բաց թողած…
Տուն էիր շինում, ծառ տնկում, որսորդական հրացանով մարտնչում հրթիռների դեմ և գրում առանց ընդմիջումների… Դժվարին պահերին էլ սիրում էիր ասել՝ բան չկա, ամեն ինչ լավ է լինելու։ Հիմա էլ ես եմ ասում՝ բան չկա… Հրաչյա Բեգլարյան։ Բանաստեղծություններդ ու հուշերդ, նամակներդ ու ուղերձներդ, ակնարկներդ ու ելույթներդ հավաք, ամբողջ տեսնելիս մտածում եմ, որ, իսկապես, մտահոգվելու բան չկա, որ ամենուր ներկա ես՝ մեկ հանգիստ ու խաղաղ, մեկ՝ ինքդ քեզ պատերազմ հայտարարած ու ծուռ, մեկ՝ շանթ ու կրակ… Բայց երևի սա չէ կարևորը, կարևորն այն է, որ դու ճիշտ ես ապրել, քեզ հասանելիք հոգսերից, չարչարանքից, ցավից ուրիշին բաժին չես հանել, դու լուռ ու մունջ, Տիրոջը փառք տալով՝ կրել ես քո խաչը և ամեն օր հաղթահարել քո մացառաշատ ու քարքարոտ ճանապարհը։ Եվ ով էլ այնտեղ հանդիպել է քեզ, կարգին քեֆ ես ցույց տվել, մաղթել բարի ճանապարհ և հեռու պահել հալածանքից ու գայթակղությունից…
Հիշո՞ւմ ես, Հրաչյա Բեգլարյան, Կոլխոզաշենի քո այգուց ինձ խնձորենի էիր խոստացել, ասացիր՝ կտանես, կտնկես, որտեղ սիրտդ ուզում է։ Բայց այդ անգամ գարունն ուշացավ, ուզում եմ ասել՝ խնձորենին մնաց քո այգում։ Մտածում եմ, գուցե լավը դա՞ էր։ Ի՞նչ իմանաս, այն ուրիշ տեղ կարող էր նույնիսկ չպտղավորվել… Պապս ասում էր՝ միայնակ ծառը չբեր է… Միայնակ տունն էլ… Հա, մի բան էլ էր ասում պապս, ասում էր՝ ծառը կարոտից է մահանում, բայց երբեք, երբեք չասաց, թե ինչից է մահանում մարդը…
Կարծում եմ՝ կընդունես, եթե ասեմ՝ երանի քեզ, Հրաչյա Բեգլարյան, երանի քեզ, որ մնացիր Արցախում, մնացիր, որպեսզի շարունակես ապրել…
Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ