Զահրատին
Աստղերը երկնքում չեն հանդիպում միմյանց,
լույսն է հեռվից հեռու պարուրում նրանց:
Գիսաստղերն են միայն` տիեզերքում ճամփորդ,
հանդիպում երբեմն աստղերին ապրող:
Աստղը` ընկած, երկրում քար է սովորական,
թռիչքի պահին` երազ իրական:
Օրն` այնտեղ դարեր, դարն` այստեղ օրեր,
մարդ – աստղ – տիեզերք – կարճ հանդիպումներ:
Կան բանաստեղծներ, որ աշխարհում իրենց աշխարհն են ստեղծում, կան բանաստեղծներ` իրենց հեռավոր մոլորակը, բանաստեղծներ, որ երկրի վրա իրենց և ուրիշների համար դրախտ կամ դժոխք են գտնում, կան բանաստեղծներ, որ կապում են երկիրն ու երկինքը: Բանաստեղծներ էլ կան, որ լույսի պես են. գալիս են, մնում երկնոլորտում ու մշտապես լույս բխում առ Երկիր ու մարդիկ: Այդպիսին է Զահրատը. «Նորանշան տիեզերք մը անհունին մէջ»: Նրա բանաստեղծությունները «գիւտի մը վրայ հիմնուած են», ինչպես ինքն էր ասում, գյուտարարի տեսանկյունից էր նայում կյանքին ու սովորականի մեջ գտնում անսպասելին, հանկարծականը: Ու բառերն էլ այդպես հանկարծ ճառագում են նրա տողերում: Նա ճանաչելի է դարձնում մարդուն, նրա ֆիզիկական ու հոգևոր աշխարհը: Արևմտահայ գրականության մեջ նա թումանյանական աշխարհաստեղծման հետնորդն է: Նրա բառերով շնչավորվում են քարը, ծառը, երկիրը, երկինքը, ծովը, նավը: Թումանյանի «Աշխարհքին ու մարդկանց արևի պես նայեք» պատգամի կրողն է Զահրատը:
Բառը գրում է բանաստեղծին, գիրը` վկայում: Հրանտ Մաթևոսյանը Սարոյանի «Ի՞նչ մտադրությամբ սկսեցիր գրել» հարցին պատասխանում է. «Երբ սկսեցի` ես վստահ էի, որ կյանքի ընթացքը շրջելու եմ»: Ու շրջեց` յուրովի շարունակելով հայ գրականության մեծերի ընթացքը: Այլ կերպ չէր լինի խորհրդային գաղափարախոսության ժամանակներում պահպանել մարդկային հոգու լույսը:
«Ուզում եմ նոր մի հովիտ փռել և բնակեցնել նոր մարդկանցով ու կենդանիներով… Շատ կուզենայի` որ իմ հովիտը մեծ ու արևոտ լիներ, կուզենայի` որ նրա բնակիչները միայն լավ մարդիկ լինեին և վատերի համար իմ հովտում տեղ չլիներ…»,- գրում է նա: Զահրատն էլ իր աշխարհում լավն է բնակեցնում.
Գացէք ըսէք չար բաներուն, որ չըլլան.//Որ չըլլայ թէ պատահին:
Ամեն ժամանակ իր գրականությունն է բխում: Իր ժամանակի հայկական բանաստեղծության մայրուղին կերտող Ռազմիկ Դավոյանը գրում է.
Եղբա՛յր, դու էլ ես արևի որդին,//Եվ եթե հոգուդ աչքը չես փակել,//Հանգցրու լույսը և նայիր մութին,//Եվ կտեսնես, որ լույսը չի հանգել:
Իսկ արևմտահայ բանաստեղծության ընթացքը զուգահեռող Զահրատը.
Աշնան թախծոտ երկինքներուն աստղերն հովէն երբ մարին.//- Թող մարին – ես կը վառեմ:
Նրա տողերը լուսավորում են աշխարհի մութ անկյունները` հայտնաբերելով բնության ու մարդկային էության գաղտնախորհուրդ գծերը: Զահրատը շրջվեց դեպի մարդու ներաշխարհ` կարևորելով արտաքուստ թվացյալ մեծից առավել` փոքրը, բարձրաձայնից առավել` լռակյացը, տեսանելիից առավել` անտեսանելին ու միշտ գնալով դեպի լուսավորը. «լոյս դառնալ և անհետիլ տիեզերքին մէջ ի սպառ», ինչպես Թումանյանը.
Հուր եմ դառել, լույս տվել,//Լույս տալով եմ սպառվել:
Մեծարենցի, Դուրյանի, Վարուժանի, Սիամանթոյի մեծասքանչ լեզուն պիտի որ արևի պես լուսավորի նրանց հետնորդների ուղին` բանաստեղծական սերմեր ցանելով, մեկի մեջ շատ, մյուսի մեջ` քիչ: Ահա, Զահրատի բանաստեղծական աշխարհն է, որ իր մեծ նախնիների հողում է բառավորվում: Եվ լուսարձակի պես նրա լույսը տարածվում է հայ գրականության անդաստաններում ու կաթիլ-կաթիլ հասնում համաշխարհային գրական օվկիանոսի ափեր: Թող որ զահրատյան բանաստեղծությունների լույսը հարատև լուսավորի մարդկանց հոգիները:
