ԶԱՀՐԱՏԸ՝ ԲԱՌԻ, ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՆԱՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Պոլսահայ բանաստեղծ Զահրատի հարուստ ստեղծագործական ժառանգության քիչ մասն է կազմում արձակ գիրն ընդհանրապես. մի քանի գրություն, ելույթների համար որոշ գրառումներ, մեկ-երկու ժլատ սղագրումներ իր դիտարկումներից, ոչ ավելին… Ու թեև Զահրատի պոեզիայի ազատ ոճը, առտնին խոսքի պարզությունը հենց բանաստեղծության մեջ անկաշկանդ զրույցի համ են տալիս, մեզ, անկասկած, հետաքրքիր պիտի լինի նաև Զահրատի խոհը, նրա վկայությունը, կենսափորձի նրա զտածոն՝ անմիջականորեն բանավոր խոսքի մեջ։ Բարեբախտաբար Զահրատը հրաշալի զրուցակից է եղել, և ԳԱԹ արխիվում Զահրատի հավաքածուի մաս կազմող հարուստ մամուլը, հատկապես հարցազրույցների միջոցով, այդ հնարավորությունը մեզ մեծապես ընձեռում է, և մենք, անշուշտ, օգտվելով մեր հնարավորությունից, տարբեր հարցազրույցների միջոցով ընտրել-քաղաբերելով, գրողին լավագույնս բնութագրող խոսքի տիրույթում՝ իր փորձի, իր արարումների, իր զգացողությունների մասին ուղերձները՝ ներքին շաղկապումով միատեղված և միանգամայն հավաստի, ներկայացնում ենք «Գրական թերթի» ընթերցողին՝ մեկ անգամ ևս նշանավորելով բանաստեղծի 100-ամյա հոբելյանական տարին։
Անշուշտ, Զահրատի բանաստեղծությանը քաջ ծանոթ ընթերցողն այս տեքստերում կճանաչի նաև նրա որոշ բանաստեղծությունների ուղղակի մեջբերումները, և դա էլ իր համատեքստում հետաքրքիր լրացում կդառնա՝ բանաստեղծությանը հետագայում անդրադառնալիս։ Նշենք, որ սփյուռքի և հայաստանյան մամուլի տարբեր աղբյուրներից ընտրված տեքստերը՝ դասական կամ աբեղյանական ուղղագրությամբ, ներկա հրապարակման մեջ պահպանել են իրենց նախօրինակի գրության ձևը՝ հավատարիմ մնալով իրենց սկզբնաղբյուրին…

Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ

«Կարողացեք քիչ բառերով շատ բան ասել…» [1]։

***
Ես առանց որեւէ հավակնության, գրեթե խաղի համար սկսեցի գրել, բայց ժամանակի մեջ լուրջ գործ դարձավ։ Կարդացողների կողմից։ Մի կարճ պահ փորձեցի հանգավոր գրել, բայց արագ հասկացա՝ աղվոր չէ։ Իմը չէ։ Փոխեցի ուղղությունը։ Սկսեցի պարզ գրել, առանց հանգի։ Բայց չկարծեք գրածս բոլորովին անկաշկանդ է, իր ներքին կշռույթը ունի, ներդաշն է, իր ներքին երաժշտությամբ ու ներքին իմաստներով մեկ բանաստեղծական գրգիռ ունի։ Հետեւաբար դժվար է գրելն էլ, կարդալն էլ։
Առանձնապես քննադատներից շատ նեղացած չեմ։ Որեւէ անգամ պատասխան չեմ տվել։ Իմ զենքը իմ խոսքն է։ Շարունակեցի գրել ու մինչեւ հիմա կը շարունակեմ գրել։ Աստված եթե ձիրք է տվել, մարդիկ չեն կարող խլել [2]։

***
Կը հաւատամ պարզութեան, որ սակայն չի նշանակեր տափակութիւն, նուրբ երանգի տարբերութիւն կայ այդ երկուքին միջեւ։
Կարեւորը այն է, թէ բանաստեղծութիւնը ինքզինք պարտադրէ որպէս բանաստեղծութիւն, առանց ճապաղելու, առանց պատմութիւններ պատմելու։ Բանաստեղծութիւնը պէտք է ըլլայ հունտի պէս, որ երբ աւարտի չաւարտուի, ծիլ տայ, վերապրի մեզի հետ… [3]։
***
Բառը պետք է գործածել պարզ եւ իր առանձին ուժգնության մեջ չչարաշահել անոր ազդեցիկությունը, ժուժկալ ըլլալ։
Բանաստեղծներս բառի ռազմավար ենք։ Բառերը կառնինք-կկոկինք-կշարինք եւ կնայինք, որ լավ տեղավորված են՝ պատերազմ կղրկենք։ Անոնք ճակատ կերթան, ընթերցողներուն սիրտերը եւ միտքերը կնվաճեն՝ եթե հաջողին։ Եթէ ոչ՝ լավ չենք գործածած կամ բանաստեղծ չենք [4]։

***
Թե ինչ է ինձ համար գրականությունը՝ աշխարհում ամենակարեւորը։ Գիտակցորեն ու լրջորեն պիտի վերաբերվել գրականությանը, բայց ամենից առաջ պիտի սիրել։ Գեղեցիկ բառերը քիչ են, գեղեցիկ մտքերն էլ քիչ են, բանաստեղծության մեջ Աստծո մատը կա։ Պիտի քեզ գտնես։ Պիտի վախենաս գրածիդ համար։ Մակարդակ կա, որ պիտի պահես։ Ու պիտի սիրես։ Ամենից շատ պիտի սիրես… [2]։

***
Բանաստեղծութեան մէջ որքան որ կարեւոր է նիւթը, նոյնքան ալ կարեւոր է տալու ձեւը։ Եթէ խմորիդ մէջ կա և այդ կարողութեամբ ծնած ես, ատիկա կրնաս իրագործել։ Բայց այս ալ բաւարար չ’ըլլար առանց թէքնիքի, ինչ որ զարգացնել կարենալու համար պէտք է ձգտիլ։
Գալով «բանաստեղծ»-ի. որքան ալ աշխատիս, ճգնիս «բանաստեղծ» ըլլալու համար, արդիւնք չի տար, բան մը պակաս կը մնայ այդ գրութեան մէջ։ Այդ «բանաստեղծութեան» մէջ հաղորդականութիւնն է, որ կը պակսի, նաեւ անկեղծութիւնը։ Վերջապէս, շինծու բան մը մէջտեղ կ’ելլայ։ Մարդ բանաստեղծ չ’ըլլար, բանաստեղծ կը ծնի [9]։
***
Զահրատ ըլլալը կյանքի տվյալներու համադրություն է։ Այսինքն, պետք է մարդ բանաստեղծ ծնած ըլլա։
Ես աշխարհը չփոխեցի, աշխարհը փոխեց ինձ։ Շատ ավելի մարդկային եղա, քան կայի։ Շատ ավելի հասկացող, գրագետ եղա, քան կայի, շատ ավելի երջանիկ եղա։
Ճիշտ է, որ արվեստը զգացմունքները դեպի լավը կառաջնորդե։ Բայց աշխարհի բնակչության հարյուրից քանիսը արվեստի հետ շփման մեջ կը մտնի։ Երևանի մեջ քանիսը բանաստեղծություն կկարդա։ Անոնք ալ, որ կկարդան, քանի՞սը իրենց հոգին կազնվացնեն և իրենց հոգին ազնվացնելու հետևանքով լավ արարքներ կգործեն[5]։

***
Ան, որ իր կյանքին մեջը կը շարունակե գոնե քիչ մը բանաստեղծությամբ ապրիլ, շատ ավելի պայծառ, շատ ավելի երջանիկ աչքերով կը նայե աշխարհին… [6]։

***
Երբ վեց տարեկան էի, գրեցի առաջին բանաստեղծութիւնս պարտէզի կատուին վրայ։ Ասիկա ինծի համար բախտաբեր եղած է, թե ոչ, չեմ գիտեր։ Որովհետեւ այդ օրէն ետք կեանքս ուղղակի հիմնուեցաւ բանաստեղծութեան վրայ։
Միտքս ընդհանրապէս զբաղած կ’ըլլայ որոշ նիւթով մը։ Եւ կը սպասեմ որ գտնեմ ամէնէն յարմար կերպը այդ նիւթը կարենալ օգտագործելու համար բանաստեղծութեան մը մէջ։ Երբեմն կը հաջողիմ, երբեմն ալ ո՛չ։
Նորէն ալ փափաքս այն է որ նոր բանաստեղծութիւններս թարգմանուին օտար լեզուներու [7]։

***
Բանաստեղծություն գրած ըլլալու համար սոսկ բանաստեղծություն գրելը ճիշտ չէ։ Պետք է մարդ այնպիսի գործ մեջտեղ բերե, որ իրապես արվեստի գործ ըլլա, որովհետև բանաստեղծությունը արվեստի գործ է, պարզ խոսք չէ։
Բանաստեղծությունը պետք է խանդավառե։ Որպեսզի այդպես ըլլա, պետք է խուսափին հասարակ խոսքերեն, բայց չխուսափին հասարակ բառերեն։ Խոսքն ուրիշ բան է, բառն՝ ուրիշ։ Հասարակ բառերի համադրությամբ կարելի է հրաշքներ գործել… [5]։

***
Ընդհանրապէս խորքի եւ ձեւի միջեւ ներդաշնակութիւն մը, հարմարում մը կը փնտռեմ։ Բայց հուսկ այս փնտռտուքն ալ դասականացած ձեւի կը յանգի։ Ժամանակի ընթացքին մարդ կը դասականանայ, եթէ ինքզինքը չկարենայ նորոգել։
Ներշնչումը կրնայ շատ այլազան պարագաներու եւ ձեւերու տակ յայտնուիլ։
Ներշնչումի պահը ինծի համար խանդավառութեան, ուրախութեան, euphorie-ի պահ մըն է։ Կեանքի լաւագոյն մէկ պահ մըն է, երբ ամէն ինչ գեղեցիկ, ամէն ինչ զուարթ կը տեսնեմ։ Կերպով մը դուրս կ’ելլեմ կեանքի առօրեայէն, կեանքի տաղտուկներէն։ Ճիշտ այդ երանութիւնն է որ՝ աւելի կայ իմ այդ պահուն մէջը գտնուած վիճակիս եւ մարդուն իրաւիճակին միջեւ։ Իմ բանաստեղծութիւնս այս հակասութենէն կը ծնի [10]։

***
Ցավն անսպառ է, գրես-չգրես՝ չի վերջանա, ու ինչքան էլ գրողներն աշխարհի ցավը դուրս հանեն, աշխարհում դեռ որբություն կա, չքավորություն ու հայրենիքների կորուստ։ Բայց դե, այդ ամենի կողքին՝ կա նաեւ սեր, կա կարոտ, կա գուրգուրանք, որ պիտի ապաքինի վիրավոր աշխարհը։ Բանաստեղծությունն էլ այդպիսի մի գուրգուրանք է [8]։

***
Բանաստեղծ մը պէտք է գրէ իր մայրենի լեզուով։ Նոյնիսկ կ’ըսեն իր աղօթած լեզուով պէտք է գրէ։ Մենք հայ բանաստեղծներս մեր գօրծերը ծանօթացնելու համար լաւ թարգմանիչներու պէտք ունինք [11]։
***
Բառերու սինթեզը սեղմ համադրություն է՝ կարճ, կտրուկ։ Եւ արվեստի շունչը ունի։ Եթե արվեստի շունչը չկա, որչափ կուզես պարզ գրե, բան մը չի ստացվիր։ Ատ արվեստը կարելի է չորս տողին մեջ ալ իրագործել կամ… մեռցնել քսան տողին մեջ… [12]։

***
Նախապէս դրուած օրէնքներով շարժիլը կը կաշկանդէ գրողը։ Ամէն ինչ խառնուածքի հարց է եւ որոշ մտային պատրաստութեան մը։ Եթէ խօսքը բանաստեղծութեան մասին է, ապա ընդունուած իրականութիւն մըն է, որ մարդ բանաստեղծ չ’ըլլար, այլ՝ բանաստեղծ կը ծնի։ Բանաստեղծը ազատ պէտք է ձգել, որպէսզի արտադրէ՝ ինչպէս որ հաճոյ է իրեն։ Հակառակը կ’ըլլայ բռնազբօսիկ, քրքունակ եւ զուրկ հաղորդականութենէ։
Հաղորդականութիւն կը նշանակէ՝ կարենալ կամուրջ մը հաստատել, գրողին ու ընթերցողին միջեւ։ Ոսկի կամուրջ մը, թէպէտ աննիւթական, բայց շատ աւելի զօրաւոր, քան ճարտարարուեստին շինածները [13]։

***
Գալով գրողի անհատականութեան… Ժողովուրդը կ’ակնկալէ, որ անձը ըլլայ պարզապէս համակրելի եւ հեզահամբոյր։ Տարի մը, Հայաստանի մէջ, Գրողներու Միութեան նախկին նախագահ ողբացեալ Հրանդ Մատթէոսեանի կնոջ կինս հարց տուաւ, թէ Պարոն Հրանդ ինչո՞ւ այսքան կը սիրէ Զահրատը։ Պատասխանը. որովհետեւ համեստ է։ Ասիկա լուսահոգի Մատթէոսեանի ինծի վերաբերեալ ամենակարեւոր հաստատումներէն մին է։ Միւսն ալ եղած է հետեւեալը. Զահրատ առաջինն է, որ հայ բանաստեղծութեան մէջ ժպիտ բերած է [13]։

***
Գրականությունը ստեղծում են գրողները։ Մեր փափագը նոր գրողներ ունենալն է։ Ամեն շրջանի վրայով անցնում է իր ալիքը, անվանեք ճգնաժամ, կամ ինչպես կուզեք։ Եթե հետո նոր անուններ են գալիս, ուրեմն եղածը ճգնաժամ չէ։ Ես լավատես եմ [14]։

* Բոլոր քաղաբերումները՝ Գրականության և արվեստի թանգարանի Զահրատի հավաքածուից։ Ուղղագրությունը պահպանված է ըստ բնօրինակի։
1. Գրական թերթ, «Կլոր սրահ», լրատվության մեջ բերած խոսքից, 5.10.2001թ։
2. «Հայաստանի հանրապետություն», 15.05.1999թ., Երևան, «Բանաստեղծության մեջ Աստծո մատը կա», Անահիտ Ադամյանի հարցազրույցից։
3. «Գանձասար», ապրիլ, թիվ Բ, 1997թ., Հալեպ, «Բանաստեղծը պէտք է գրէ իր աղօթած լեզուով», Քնարիկ Գասպարեանի հարցազրույցից։
4. «Օրրան», 27.07.2002, Երևան, «…Որ այս կայծը առկայծի եւ վարակիչ ըլլա», Կարինե Հարությունյանի հարցազրույցից։
5. «Գրական թերթ», 12.10.2001թ., Երևան, «Զահրատ ըլլալը կյանքի տվյալներու համադրություն է… », Հուսիկ Արայի հարցազրույցից։
6. «168 ժամ», թիվ 21(38), հունիս, 2005թ., Երևան, «Այս խենթության շրջանն ալ անցուցինք», Հերմինե Նավասարդյանի հարցազրույցից։
7. «Մեղուաջան», թիվ 8, 2005թ, Կ.Պոլիս, «Տեսակցութիւն Զահրատի հետ», Լեռնա Մեզիրճեանի հարցազրույցից։
8. «Հայացք Երևանից», թիվ 7, հոկտեմբեր, 2001թ., Երևան, «Արիւնած ափերով կը մագլցինք կեանքն ի վեր», Կարմեն Դավթյանի հարցազրույցից։
9. «Դալարգիւղ», 1.04.2000թ., Կ. Պոլիս, «Բանաստեղծ Զահրատի հետ տեսակցութիւն մը», Էլմոն Հանչերի և Մեղանոյշ Ալպօյաճըի հարցազրույցից։
10. «Հայ ընտանիք», 23.04.1974 թ., Կ.Պոլիս, Հայր Լեւոն Զէքիեանի հարցազրույցից։
11. «Ակօս», 2.03.2007, («Նոքթա» թրքերէն պարբերականի, յունուար 13, 25-31 համարներում ամբողջական տպուած), Թալին Սուճեանի հարցազրույցից։
12. «Հայաստանի հանրապետություն», 29.09.2001, Արմենուհի Դեմիրճյանի հարցազրույցից։
13. «Ժամանակ» օրաթերթ, 31.10. 2005թ., Ստամբուլ, «Զահրատ անուն մէկը…», Արա Գօչունեանի զրույցից։
14. «Ազգ», 11.11.1997թ., Երևան, «…Եվ Կիկոն միշտ կա ու լինելու է», Անահիտ Ադամյանի հարցազրույցից։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։