Զահրատյան շարժանկարի աստղը
Առաջին ժողովածուից սկսած` պոլսահայ բանաստեղծ Զահրատն իր թաղեցիների կերպարներով շնչավորում է «Մեծ քաղաքի»՝ իր հոգու աչքին տեսանելի անցուդարձը և այն անորսալին, որ ո՛չ թե կոպիտ իրականության ստվերն էր, այլ՝ այդ իրականության անտեսված մարդկայինը՝ ամենանո՛ւրբը, կորսվո՛ղը։ Զահրատի խղճի ու բարության պրիզմայում այդ աննկատ մնացած կամ դուրս թողնված մանրամասները պատկեր են դառնում՝ ամեն անգամ մեզ ներկայանալով իրենց թարմ ու անմիջական կերպավորումներով։ Անսպասելի անցումների վարպետ բանաստեղծն այսպիսով աշխարհի կոշտ պարտադրանքը և մարդկային փխրուն երազները կողք կողքի է բերում, որպես անհեթեթ իրավիճակի մեջ հայտնված կերպարի հոգեբանությունը մեկ-երկու գծով փոխանցող շարժապատկեր, որն ասես համր կինոյի ներքին դիտում՝ բանաստեղծի հոգուց երևակվում է ընթերցող-դիտողի հոգու ամենամաքուր մնացած պաստառին։
«Քաղաքին այդ կողմերը օտար էին Կիկոյին//Բարձր բարձր շէնքերն օտար//Մարդիկը – գեղեցիկ կիները օտար// Գոգնոց հագած աղջիկ մը եկաւ//Հինգ ղրուշ դրաւ ափին – //Օտար էին մարդիկը – օտար – //Կիկօ մուրալու չէր ելած» – [1/24], [2/28]։
Կերպարներ ստեղծելու և այդ կերպարների լիարյուն կյանքը պատկերելու՝ առավելապես արձակին բնորոշ հատկությամբ, Զահրատի բանաստեղծությունն ավելի հետաքրքիր երանգներ է ստանում, իսկ նրա քերթողական պատկերասրահում առաջինն ու առանցքայինը Կիկոն է։
«Մութին համբուրուող զոյգեր կան//Կիկօ կը վախնայ Ահմէտ Էֆէնտի փողոցէն անցնելու//Իր առանձնութիւնը միտքը կ’իյնայ» [1/27], [2/31]։
Այսուհանդերձ, Զահրատն արձակով պատմություն պատմող չէ, այլ՝ առավելապես իրավիճակների ու կերպարի հոգեբանության լույսի ներքո կերպափոխումներ գրանցող, որոնք, որպես լիցքավորված միավոր բառեր, տեսողական շարժման մեջ գործի են դրվում հատկապես բանաստեղծական տաղանդի շնորհիվ։
Կիկոյի մաշկի մեջ նրան խորությամբ զգալով, նրա հետ նույնանալով՝ Զահրատը ստեղծում է իր երկվորյակին։ Կիկոն բանաստեղծի հոգի ունի և չապլինյան շրջմոլիկի միամիտ, բարի սիրտ։ Նրա նախակարապետը «Մեծ քաղաքը» ժողովածուի հենց առաջին էջերից մեզ ներկայանում է նախ՝ Կարապետ անունով, և անմոռանալի է մնում առաջին այդ հանդիպումը.
«Սալարկեցին Մեհմէտ Պէյ փողոցը//Մայթեր շինեցին//Հիմա Կարապետ//Չի գիտեր //մայթէ՞ն քալէ թէ մէջտեղէն» [1/16], [2/20]։
Այստեղ Կարապետը նույնինքը Կիկոն է, և Զահրատն արդեն Կարապետ-Կիկոյի տարակուսանքի միջից դուրս է բերում սրանց երկուսի երկվորյակին՝ «որբ մնացին իր հողաթափերը», որ խոշորացված պլանով հաջորդ պահին մեզ հրամցնում է որպես խորապես տպավորիչ գերիրապաշտական պատկեր՝ «Կարապետին հողաթափերը սալայատակին վրայ շլմորուն» (նույն տեղում)։
Իսկ Կարապետ-Կիկոյի հետ բանաստեղծի նույնացման առաջին վկայագիրը Քաղաքին ուղղված նրա «Նամակ» բանաստեղծությունն է։
«Քաղաք գիշերանց երբ նորէն լոյսերդ վառին ու տանիքներէն վեր//Գոյն գոյն մառախուղ մը տարածուի – երբ ամէն ինչ նիրհէ//Դուն պանդուխտ տղադ Զահրատը մի մոռնար//Հարցնողներուն բարեւ ըրաւ ըսե» [1/18], [2/22]։
Զահրատը թեթևորեն հենց իր բախտի արդարացման ակնարկ է անում՝ արդարացումի մեջ շահեկան ոչինչ չփնտրելով.
«Եթէ ճիտս ծուռ է մնացեր իրաւ որ յանցանքը իմս չէ//Պողոտաներէդ պէրճանքը պերճօրէն կը վազէր//Ես չէի հասներ» (ն. տ.)։
Ժամանակներ հետո Զահրատը «Կանանչ հող» ժողովածուում հենց Կիկոյի անունից առաջին դեմքով է գրում՝
«Ես Կիկոն եմ -//Կորաքամակ//քանի որ//Աշխարհի հոգը շալակած-//Կամ աշխարհն եմ-//Խուճապահար //քանի որ//Կիկոյին հոգը շալակած» [3/7], [2/293]։
Եվ իր կյանքի փորձով հետագայում ընդհանարացնելով նույն թեման՝ ամփոփում է.
«Իր ապագան շալկեր կ’երթա//Պահ մը գետին դնէ շունչ առնէ//Կը կոխեն կ’անցնին» [8/22], [5/280]։
Ու թեև Կիկոն իր մեկ ջանքով կամ՝ մենակ «Մէկ անգամ Կիկօ», հայտնի «զերօն» [1/39], [2/43] է, և միայն հարյուրի չափ՝ «մենք» (որ կարող ենք և ավելին լինել-դառնալ), միևնույն է, մարդուն՝ մարդագլուխ, զուտ որպես առաջընթացի գործիք համարող-դարձնող աշխարհի չոր հաշվարկներում հոգևորի ու մարդկայինի համար տեղ չգտնելով՝ Զահրատը հենց մարդկայինը հիշեցնելու համար է խոսում։ Եվ ահա «Աղիւսակ» շարքը ամփոփող «Անհաշիւ» բանաստեղծությունը՝
«Կիկոն երկինքէն թելով մ’են կախեր//Կիկոն ուր – թելին ծայրն ով գիտէ ուր -//Խելքովը Կիկօ ապրիլ է եկեր//Կիկոն ուր – թելը խաղցնողը ուր -//Թելին ծայրն արդեն կորսնցուցեր է//Թելով մը կախուեր Կիկօ երկնքէն (…)» [1/48], [2/52]։
Կիկոյի հետ, նրա նման թելով երկնքից կախված լինելու, օրերից մի օր էլ՝ թելերի ծայրին իրար խառնված մեզ ևս տեսնելու, մի խճճված հանգույցի պատճառով թելի ծայրը բաց թողնելու և կապը կորցնելու մտահոգությամբ Զահրատը մեզ ևս՝ բոլոր հարյուր և ավելի Կիկոներիս, մտածել է տալիս.- տրտմեցնելո՞ւ համար արդյոք,- իհարկե՝ ո՛չ։ Նրա հումորն ու կենսասիրությունն այսպիսի՜ փորձություններ ե՞ն հաղթահարել…
«Ես- լրջութեամբ յագեցած//Ձեր օրերու – կատակն եմ -//Երբ աշխարհը մութ տեսնեք //Ոստոստելէն կը վազեմ//Կը խոնարհիմ ձեր առջեւ//Պարեմ կ’ըսեմ – ոչ կ’ըսեք» [4/33], [2/209]։
Զահրատյան կենսասիրությունը հաճախ ինքնազավեշտի ու ինքնահեգնանքի միջոցով է ճանապարհ բացում ապրելու, ինքնանորոգման, ինքնահաղթահարման համար։
«Մեծ քաղաքի» «Նախաքերթուածներ» շարքում Զահրատն իր «Նախակարապետ» խորագրի մեջ գաղտնագրել է Կարապետ-Կիկոյին և ձայնարկուի զրնգուն կանչով նրան զարդարուն տեսքով ասպարեզ է բերում՝ ասես պրծացնելու համար հայտնի հողաթափերի շլմորուն երկվությունից.
«Ճամբայ բացէք – կտրիճս կու գայ – հէյ//Կիկոն է – տոնական զգեստ է հագեր» [1/64], [2/68]։
Իսկ գուցե դա իր ներքին բնազդն է՝ ազատագրվելու սեփական երկվությունից։ Բայց հեգնումի մի ենթատեքստ էլ ունի այս տեսարանը. սա Կիկոյի տոնական, կարծես թե ամենահիշարժան հայտնությունն է, որ ողբերգակ ծաղրածուի՝ «Ահա և ես»-ի տակ քողարկված՝ «Ահա իմ թշվառությունը» զավեշտախաղն է, և Զահրատն այն ո՛չ պատահականորեն՝ հենց ազգային բանահյուսության նախաքերթված-ի ակունքներից է բխեցնում, որը հավելյալ բովանդակություն է հաղորդում թե՛ իրավիճակին, թե՛ կերպարը բացահայտող ներքին գծերին.
«Մահիկ ասեղ//Ասուպ դերձան է առեր//ամենօրեայ լաթերուն//երազ երազ կարկտան// լուսին կոճակ է կարեր//Բոլորը մէկ արեւներով արդուկեր» (ն. տ.)։
Այստեղ նորարար և ավանդական բանաստեղծությանը հավասարապես տիրապետող Զահրատի քերթողական վարպետությունն անտրոհելի միասնությամբ ճաշակելով՝ մի պահ անդրադարձ կատարենք նրա ստեղծագործական որոնումների՝ ընդունված ձևերից նորարարությանը անցում կատարելու առաջին փորձին՝ հիշելով, որ հենց Կիկոյի շարքով նշանավորեց Զահրատի ընտրությունը «Նոր օր»-ի հաջորդական հրապարակումներով, որոնք խմբագիր Աւետիս Ալիքսանեանի խոստովանությամբ՝ թեև բաժանորդ կորցնելու պատճառ եղան, սակայն զղջալու առիթ չտվեցին [5/ 390-391]։
Կիկոն դարձավ Զահրատի ամենամեծ գյուտը, նկարչի իր փորձաքարն ու միաժամանակ թալիսմանը, որը ժողովածուից ժողովածու քայլեց նրա հետ։
«Մեծ Քաղաքը» ժողովածուի համատեքստն ընդհանուր առմամբ, և առանձնահատուկ մի քանի բաժին Կիկոյի շնչառությունն են փոխանցում ամենատարբեր ելևէջներով. «Համառօտ կենսագրութիւն Կիկոյի», «Աղիւսակ», «Նախաքերթուածներ», «Ուշ», «Մայմուն»։ Կիկոն զահրատյան շարժանկարի աստղն է, և այս շարքերը, եթե ոչ ամբողջությամբ, առնվազն մի քանի բանաստեղծությամբ անդրադարձ են Կիկոյին։
Թափառաշրջիկ, օտար ու միայնակ՝ նրա ունեցած-չունեցած ընկերը մառախուղն է՝ որպես իր թշվառությունը քողարկող միակ հավատարիմ, որին վստահել է իր գաղտնիքը.
«Բարի սիրուհիի մը նման //մառախուղը թեւերուն մէջ է առեր Կիկոն»… [1/26], [2/30]։
Եվ ամենաթախծոտ ելևէջով մառախուղի միջից հնչում է մենության սերենադը՝
«Ի՞նչ բան կայ աւելի հաւատարիմ //Քան մեծ վիշտ մը – առանձնութեան մէջ – » (ն.տ.)։
Կիկոն աշխարհի խո՛րթն է՝ նաև յուրայինների մեջ… և մերթ կամրջի վրա, մերթ թաղի մեջ ծանակված՝ մեզ տեսիլվում է ավելի զավեշտալի, ավելի դրամատիկական…
«Խորթ աչքով մի նայիք Կիկոյին//Ան իր թաղին մէջ ՄԻւՍԻւ ԿԻԿՕ է//Թաղն ըսես թաղի չի նմանիր//Տունն ըսես տունի չի նմանիր//Կիկոն ըսես Միւսիւի չի նմանիր //(…)//Սակայն խորթ աչքով մի նայիք Կիկոյին//Ունի չունի «Միւսիւ»ություն մը ունի» [1/25], [2/29]։
Եվ որքան էլ որ Զահրատն իր հերոսին խնայելու ջանք գործադրի՝ ճիշտ այնպես, ինչպես որ մարդն ինքն իրեն է հաճախ իր ներսում օտարում, Զահրատը՝ Կիկոյին, Կիկոն էլ նրան պիտի փորձի օտարել, թեև վերջինիս դեպքում աբսուրդի տարրեր էլ կան, երբ Կիկոն այցելում է ինքն իրեն կամ՝ իրեն ստեղծողին.
«Կիկօ ըսաւ որ շատ կարօտցեր էր զիս//Ես ըսի թէ շատ կարօտցեր էի զինքը//Յետոյ խորհեցայ թէ զինք որքան շուտ մոռցեր էի//Յետոյ խորհեցաւ թե զիս որքան շուտ մոռցեր էր ինք//(…)//Գնաց – դրան մէկ կողմն ես – դրան միւս կողմն ինք -//Արդէն իսկ զիրար մոռցեր էինք» [1/30], [2/34]։
Մոռացված ու անտեսված լինե՞լն է պատճառը, որ Կիկոն «Ոխ» ունի և որոշել է անմահ լինել.- բոլորը պիտի մեռնեն՝ ըստ նույն շարքի հաջորդ քերթվածի.
«Ու Կիկօ աշխարհի վրայ միսմինակ//Բոլոր հայելիները պիտի կոտրէ» [1/31], [2/35].- հայելիները, որոնք, անշուշտ, հիշեցնում են իր թշվառության մասին։
Կիկոն անցյալ տոներից մնացած զավեշտախաղի կերպար է, որի հանդեպ որքան որ արագ խանդավառվում են տոնի ժամանակ, նույնքան արագ էլ մոռացության են մատնում տոնի ավարտին… Իսկ արդյոք մոռանալով-մոռանալու ներքին պահանջը չէ՞, որ արդեն Զահրատին մղում է ազատագրվելու իր Կիկոյից՝ հռչակագրի պես ազդարարելով. «Կիկօ մեռաւ» – «Հանգիստ իր կօշիկներուն» … [1/35], [2/39]։
«Երկինքէն ինկած աստղի մը պէս էր Կիկօ» [1/36], [2/40],- իր հերոսի մասին՝ հոգու մեջ բանաստեղծ լինելու անուղղակի վկայությամբ, Զահրատն ամփոփում է «Համառօտ կենսագրութիւն Կիկոյի» շարքը, և նրա շիրիմին հենց բանաստեղծին վայել սգո հանդես է՝
«…աստղերը կու լան //Կամուրջը կու լայ //- ողջութեանը Կիկօ ուրիշ մտերիմ չունեցաւ – » (ն.տ.)։
Կիկոյի այս անժամանակ մահն, այնուամենայնիվ, չի նշանակում, թե նա հարություն չի առնելու կամ պակաս ներկա է բանաստեղծի մյուս քերթվածներում։
Զահրատի «Կապոյտ հող» շարքն այս տեսակետից «Լացի գիշեր» և «Յարութիւն» քերթվածների քառատողերով, որ բանաստեղծի մասնավոր վերաբերմունքն են արտահայտում Նազովրեցու՝ մարդեղեն ու աստվածային էությանը, միաժամանակ ակնարկ ունեն խաչելության մեջ իր (Կիկօ-կիկօների) տառապանքը տեսնելու, և այս շարքի՝ «Դիմաստուեր», «Մարդու մը միտքը», «Աղերսագիր», «Միօրինակութիւն» քերթվածներում Կիկոն ասես Զահրատի համահեղինակն է դառնում –
«Ինչ դժուար է երբ մարդ ձեռքը աղերսագիր մը ունի//Ու չի գիտեր որու՞ յղէ որու՞ տայ//Փողոց փողոց կամ դուռնէ դուռ կը պտտի ճարահատ//Փողոցն անել – դռները գոց երեսին//Երազ երազ կամ սիրտէ սիրտ կը դեգերի շուարուն//Երազը մութ – սիրտերը փակ իր սրտին» [1/119], [2/123]։
Զահրատը կյանքի ու մահվան միջև տառապանքի փորձությամբ տոկացող «յաւիտենական թիապարտ» Կիկոն է, որ «Տառապանք եւ մխիթարութիւն», «Կաղապար եւ մահ», «Ժամանակի հետ» խորագրերով բանաստեղծորեն ձգտում է հասնել երազի հետքից՝ իր աշխարհը կանգուն պահելու բոլոր անհույս ջանքերով.
«Ինք մեռաւ//ու կաղալէն կաղալէն//իր վերջին երազը քալեց դէպի քաղաքը կապոյտ… //… Իր վերջին երազն էր ատիկա – անտէր//քալեց կաղալէն կաղալէն//կապոյտ անթացուպերով//- Ինք չգիտցաւ» [1/124], [2/128]։
Գրականություն
1. Զահրատ, «Մեծ Քաղաքը», «Կեդրոնական սանուց միութեան» հրատ., 1960 թ., Իսթանպուլ։
2. Զահրատ, Բանաստեղծութիւններ, Ա հատ., «Արաս» հրատ., 2006 թ., Սթանպուլ։
3. Զահրատ, «Կանանչ հող», «Հայ արուեստի զարգացման միութեան» հրատ., 1976 թ., Փարիզ։
4. Զահրատ, «Բարի երկինք», «Մխիթարեան սանուց միութեան» բացառիկ հրատ., 1971 թ., Իսթանպուլ։
5. Զահրատ, Բանաստեղծութիւններ, Բ հատ., «Արաս» հրատ., 2006 թ., Սթանպուլ։
6. «Մեկ քարով երկու գարուն», «Ալեք Մանուկեան մշակութային հիմնադրամի» հրատ., 1989 թ., Իսթանպուլ։
7. «Ծայրը ծայրին», «Ռ. Հատտէճեանի Մուրատ օֆսէթ տպարան», 2001 թ., Իսթանպուլ։
8. «Ջուրը պատէն վեր», «Ռ. Հատտէճեանի Մուրատ օֆսէթ տպարան», 2004 թ., Իսթանպուլ։
(Շարունակությունը՝ հաջորդիվ)։