2. Կիկոյի հարությունը
Թե ի՛նչ ներքին կապեր կան Զահրատի՝ ժողովածուից ժողովածու անցումների միջև, կարող ենք արձանագրել հենց միայն նրա Կիկոյի կերպափոխումներին հետևելով։ «Բարի երկինք» ժողովածուի առաջին էջերից՝ «Ուշ» խորագրով շարքում հարություն առած Կիկօն, որ Մեծ քաղաքի իր մենության մեջ հայտնի զերօն է «Աղիւսակ» շարքից, զավեշտալի հաշվարկ է անում՝ «Մշեղի հաշիւ», և ամուսնանում է։ Իսկ նրա հաշվարկը՝ տունը լցված մժեղների կեսը կնոջը բաժին ընկնելու և իր բաժինը կիսելու հույսով, կարծես այդքան էլ արդարացված չէ.
«Բայց մժեղները – աշուն էր – շատցան//Ու հիմա նորէն//Մժեղը նոյնքան//Կին մ’ալ աւելի» » [4/13], [2/189]։
Ինչ խոսք, անչար հումորով ու իր հալածական Կիկոյի հանդեպ անթաքույց համակրանքով է լեցուն Զահրատի այս շարքը։ Ահա «Կիկոյի կինը» և «Կիկոյի տունը» բանաստեղծությունների զուգադիր պատկերը.
Կինը՝
«Կիկոյի կինը բարակուկ դերձան//Ասեղի ծակէն անցնելու է//(…) //Կիկոյին կինը տաքուկ վառարան//Գիշերէ գիշեր աղուորնալու է» [4/14], [2/190]։
Տունը՝
«Կիկոյի տունը թիթեղէ վանդակ//Կ’ըսես արեւուն տակ պիտի հալի//Կիկոյին տունը ծակոտկէն նաւակ//Կ’ըսես ջուր կառնէ – պիտի ընկղմի…//(…)//Տանիքին թառած զոյգ մը խենդ տատրակ//Հիմա անոնց հետ կ‘ելլէ կը թռի//Կիկոյին տունը սիրոյ պահպանակ//Կ’երերայ սակայն պիտի չփլի» [4/15], [2/191]։
Ողջ պատկերային համակարգով հանդերձ, Զահրատը նաև հատուկ վերաբերմունք է դրել այս երկու բանաստեղծության մեջ, և Կիկոյի կյանքի գծերն առնվազն մի ընթացք այսպես գալիս, ուղղակիորեն նույնանում են հեղինակի հետ «Տունը» բանաստեղծությամբ.
«Աղաւնիները բոյն կը շինեն տանիքէն ներս կիսափուլ//Կղզիին ամէնէն հին տունը//Մերն է//Պատշգամին ճեղքերէն դուրս խոտեր ծաղիկ կը բանան//Կղզիին ամէնէն նոր սէրը//Մերն է» [4/16], [2/192]։
Հետագայում Կիկոյի կերպարի տարընթերցումով կամ հակոտնյայով՝ «Կիկոյի կինը», «Կիկոյի տունը», ինչպես նաև՝ «Կիկոն մեռաւ», «Սերենատի պէս» և էլի մի քանի բանաստեղծությունների զուգադիր նմանողությամբ, Զահրատը կյանքի է կոչում իր Նորիկին, որ հակառակ ամեն ինչին պիտի ծնվի և կենսունակ լինի – մի քիչ տեխնոկրատ ու ամեն ինչում առաջամարտիկ։ «Մեկ քարով երկու գարուն» ժողովածուի «Կիկօ որ դուռը բացաւ» խորագրի անմիջական հաջորդն է «Յայտագիր Նորիկի» շարքը, բայց այն ուսումնասիրության առանձին թեմա է, ինչպես որ Զահրատի բանաստեղծական պատկերասրահում ապրող մյուս կերպարները՝ Արթաքին, Բրաբիոնը, Խարալամպոսը, Ապպասը, Ագապին, Սամուելիկը, Մելինեն։
Իսկ մինչ այդ մտաբերենք, որ «Համառօտ կենսագրութիւն Կիկոյի» շարքում «Սդրիփ-դիզ» խորագրի զավեշտական դրվագով մեզ հպանցիկորեն կիսամերկ տեսիլված Կիկոն դեռ հագուստ ունենալու սպասումի մեջ է և անբաժան իր բախտից, ինչպես որ գույն-գույն կարկատաններն են անբաժան իր ցնցոտիներից («Հետոյք Ա.», «Հետոյք Բ.»[4/60-61], [2/238-239]), իսկ խեղճի «հետոյքը» մերթ «դրօշազարդ զբոսանաւ», մերթ «կրկեսի վրան» ու մերթ «միջազգային համաժողով» է հորջորջվում, թեև ծանակվել կարող էին այդպես կարծողները՝
«Կաղ ու գաճաճ – կուզ հաշմանդամ – համր ու ճաղատ կը վազեն//Դրօշազարդ զբօսանաւ են կարծեր» (ն. տ.)։
Միայն թե՝ Կիկօն է թիրախը – նա, որ մեկ անգամ «Խնդացող մարդու դիմակ մ’էր առեր
«Զրկանքով բանուած դէմքին» [1/29], [2/33]…
Եվ որպես Կիկոյի հոգեկան ապրումի ամբողջացում՝ Զահրատն այդ շարքի վարագույը փակում է՝ մեզ լսելի դարձնելովԿիկոյի երգը.
«Կիկոյին երգը ճռինչ հողմավար//Ջաղացքի հէքեաթ – մեքենային դէմ //Կիկոյին երգը բզզիւն միալար//Մժեղի զարմանք – հրթիռներու դէմ//(…)//Կիկոյին երգը մռնչիւն արդար//Բողոք մը վերջին – սահող կեանքին դէմ//Կիկոյին երգը լռութիւն մարմար» [4/62], [2/240]։
Զավեշտի ու ողբերգականության եզրով քայլող Կիկոն Զահրատի «Կանանչ հող» ժողովածուն բացում է միանգամայն նոր կերպավորմամբ՝
«Գարնանամուտին //Կիկօ թթուածին տալ ուզեց օդին//Կանաչ հագուեցաւ//Բայց ամէն մարդ որ կանաչ կը հագուի//թթուածին չի տար//Անպայման տերեւ ըլլալ պէտք է նախ//Կիկօ թթուածին տալ ուզեց օդին//Գարնանամուտին//Անշուք մէկ մայթին վրայ մեր թաղին//Ծառ մը ծաղկեցաւ//Կանանչ» [3/3], [2/289]։
Կանաչ ծառ լինելու այս կերպարից՝ հենց հողոտ արմատներով է ասես Կիկոն հայտնվում Զահրատի մյուս՝ «Մեկ քարով երկու գարուն» ժողովածուի «Կիկօ որ դուռը բացաւ» շարքում, որտեղ «Հող», «Տող», «Շող», «Լող», «Գող», «Դող» անցումներով հանդես է գալիս որոշակի դերակատարությամբ։ (Իսկ քերթվածների վերնագրերով տաղաչափական հանգ կազմելու փորձը Զահրատի՝ առավելապես առանց հանգի գրվող քերթողական արվեստում համանման մտահղացումներ իրագործելու հետաքրքիր առանձնահատկություններից է, որն առանձին ուսումնասիրության թեմա կարող է լինել)…
Ահավասիկ Կիկոյի «Հող»-ը՝
«… Ցեխը թափանցիկ հողի փոխեց//Ցորեն ցանեց որ դուք հաց ուտէք //Ու երբ կշտացաք//Ծաղիկ ցանեց որ դուք երազէք -//Դուք հացը կերաք – Կիկօ երազեց» [6/135], [2/449]։
Հարություն առած Կիկոյի նոր դերակատարությունը բաշխելն է՝ ցորեն, ծաղիկ, լույս, թթվածին, ինչպես որ ինքը՝ Զահրատը։ Բուն բանաստեղծի դերակատարություն ունի Կիկոն, և Զահրատն այս գաղափարը նաև պատկերի մեջ է նշանագրում –
«Մինչդեռ իր տնկած ծառերը այսպէս//տող տող կը ծլին//տող տող կը մեծնան//քերթուածի նման (…)//Ծառ որ կը տնկէ քիչ մըն ալ ինքն է» [6/136], [2/450]։
Եվ որքա՛ն որ խաղարկային է «Գող» քերթվածի ենթատեքստը, այնքան էլ ներքին խաղը բնորոշ է Կիկօ-Զահրատ բանաստեղծին.
«… Մենք – պաշտօնապէս -//Կը դիտենք Կիկօն //որ խուճապահար//Մեր մանկութենէն փշուր մը գողցեր//Պահեր է – մոռցեր թէ ո՞ր քարին տակ» [6/137], [2/453]։
«Կիկօ որ դուռը բացաւ» շարքի համանուն բանաստեղծության մեջ Կիկոյի հյուրընկալությունը երազի պայմանականությամբ շարժանկար է։ Այստեղ ամեն բան խորհրդանշական է, և Կիկոյին տրված հարցը, թե՝ «կը պաղէ՞ր աչքը», պատասխանի փոխարեն խոստովանության պես է հնչում, որը կրկնվում է մի քանի անգամ՝ «սիրտը շատ տաքցեր է», այսինքն՝ թունդ է ելել, լիքն է…
«Գիշեր էր – ձեզի լոյս – լոյս վառեմ ըսաւ ան//Ու դէպի երկինք բարձրացաւ – ետ չեկաւ -//Մեր վերադարձին//Կսկլոր լուսին մը կը փայլէր մեր վերեւ» [6/138-139], [2/454-455]։
Իսկ շարքը եզրափակող «Դող» բանաստեղծությունն ասես ամբողջացնում է մարդու կյանքի կամ մարդկային քաղաքակրթության վախճանաբանական գաղափարը.
«…Կիկօ կը խորհի -//Աշխարհ մը ուր փայլուն խօսքեր պիտի չըլլան//Աշխարհ մը ուր խօսքեր պիտի չըլլան//Աշխարհ մը որ պիտի չըլլայ//Այդ աշխարհը//Հողն է» [6/140], [2/456], «Դող»։
Զահրատը շատ ու շատ ավելի ուշ, ասես տևական մոռացումից հետո, Կիկոյին հիշատակում է իր «Ծայրը ծայրին» ժողովածուի «Արձագանքի հովիտ» շարքում։ «Շոգենաւային սպասարկութիւն» խորագիրն ունի կոթողային բանաստեղծությունը, որը յոթ տների վեցյակ տողերով՝ կռշութավոր, ազատ բանաստեղծությամբ, անդրադարձ է պոլսահայ բանաստեղծության իր Նախորդներին… ու Իրեն՝ Կիկօ ստեղծողին։ Վարուժանը, Մեծարենցը, Դուրեանը, Թէքէեանը, Ռուբէն Սեւակը, Զարիֆեանը, որ մեծ ու հզոր եղան, և Բոսֆորի վրա սահող շոգենավերի պես հեռացան հորիզոնից, գալիս ու անցնում են իրենց քերթողական արվեստին բնորոշ շքեղ ուղեբեռով… Եվ, մոռացության հավաքական մեղքի զգացումով է Զահրատը քերթվածի վերջին տան մեջ ինքն իրեն անդրադառնալով՝ ամփոփում…
«Իսկ ես անարժան շոգենաւ որ դեռ//Մէկ մարդէն միւսին բարեւ կը տանիմ//Կայմերուս կախած նայլոն դրօշակ//Տիւթ կ’ընեմ – ճամբայ կ’ելլեմ Կամուրջէն//Դէպի Կղզիներ – աւելի անդին -//Հոս մոռցած Կիկոն իր կարօտին հետ» [7/46-47], [5/210-211]։
Անկարևոր չէ, թե ավելի անդին լողալով՝ ուր է հասել Զահրատ բանաստեղծի շոգենավը՝ աշխարհի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում հանգրվանելով. «Մեկ քարով երկու գարուն» ժողովածուի «Քարանուագ» շարքը՝ «Զալցբուրգ»-ից մինչև «Վենետիկ», «Թօքիօ», «Փարիզ», «Լոնտոն», «Էջմիածին» ու «Վատիկան»՝ քսանմեկ քաղաք-բանաստեղծությունների հանգրվաններով, միշտ առանձնահատուկ և բնորոշ պատկերելով, «Նիւ Եորք» խորագրի տակ՝ մեծ աշխարհի երկնաքերների և փոքր մարդու հարաբերությամբ, Կիկոյի թեման հավաքվում է կոթողային մի բանաստեղծության մեջ.
«Մինչդեռ այդպէս չէր -//Քարերը այդքան հսկայ չէին որ//Երկինք հասնէին -//Ու մարդը որ այդ քարերը շինեց//Այնքան պզտիկ չէր -» [6/174], [2/491]։
Որքան այժմեական և համամարդկային է Զահրատի մտահոգությունը՝ գիտական նվաճումների – առաջընթացի հակադրության մեջ հենց մարդկայինը վտանգված, մարդուն ավելի ու ավելի փոքրացած, զրոյացած տեսնելու խնդրով… «Ի վերջոյ կեանքը Նորէն կոստոստէ այսպէս – քարէ քար -», ասես մի պահ շեղելու համար շարունակում է Զահրատը, սակայն բուն ասելիքը վերջին տողերում է.
«մինչդեռ քարին տակ//կեանք կայ ճզմուած » (ն. տ.)։
Սա է հիմքը զահրատյան փիլիսոփայության, նրա թվաբանության աղյուսակի.- սա հենց նրա «Մեծ քաղաքի» «Մարդու միս» բանաստեղծության՝ օրեցօր աճող շենքերի ու ընդարձակվող փողոցների համապատկերից եկած, ապագայի պատկերն է, ուր շրջմոլիկն այլևս տեղ չունի՝ զրոյից զերօ է, իսկ նրա երերուն քայլի հետադարձ արձագանքը մեզ արդեն ծանոթ է.
«Թէ օր մ՛ալ մարդ մը բոպիկ ոտքերով անցաւ տատամսոտ//Այդ օր պողոտան մարդու միս ճանչցաւ» [1/19], [2/23]։
Ու թեև կյանքը մարդուն տրորել գիտե, Զահրատի նուրբ հումորը կեցուցիչ է. «Ծայրը ծայրին» ժողովածուի «Կիկոյի վերջին արկածախնդրութիւնը» քերթվածը հենց այդ շարքից է։ Այստեղ Կիկոն մի հրաշքով նախ հայտնվում է Արուսյակի վրա, որը՝ «կին չկարծէք – մոլորակ մըն է, որ արեւուն շուրջը կը դառնայ» [7/54], [5/218]։ Սա իսկապես էլ վերջին արարն է Կիկոյի լուսաժապավենին։ Զավեշտի ու ողբերգականի դիպաշարով մեզ տեսիլված զահրատյան պատումն ամփոփվում է Կիկոյի՝ Արուսյակից Երկիր ետդարձի փորձով, բայց կես ճամփին նա նոր ուղեծիր է գտնում ու այդպես էլ անվերջ պտտվում է Արեգակի շուրջ… Իսկ Զահրատի վերջին տողերը հնչում են որպես վերջին կադրում հայտնված տողատակի հետգրություն.
«Երբ մինչեւ առաւօտ բաց երկնքի տակ//Սիրաբանելէ վերջ հեղ մը վեր նայիք//Եւ աստղ մը տեսնէք փոքրիկ պսպղուն -//Թաշկինակ շարժեցէք անոր մտերմիկ//Որովհետեւ ան աստղ չէ – Կիկոն է» [6/55], [5/219]։
Գրականություն
1. Զահրատ, «Մեծ Քաղաքը», «Կեդրոնական սանուց միութեան» հրատ., 1960 թ., Իսթանպուլ։
2. Զահրատ, Բանաստեղծութիւններ, Ա հատ., «Արաս» հրատ., 2006 թ., Սթանպուլ։
3. Զահրատ, «Կանանչ հող», «Հայ արուեստի զարգացման միութեան» հրատ., 1976 թ., Փարիզ։
4. Զահրատ, «Բարի երկինք», «Մխիթարեան սանուց միութեան» բացառիկ հրատ., 1971 թ., Իսթանպուլ։
5. Զահրատ, Բանաստեղծութիւններ, Բ հատ., «Արաս» հրատ., 2006 թ., Սթանպուլ։
6. «Մեկ քարով երկու գարուն», «Ալեք Մանուկեան մշակութային հիմնադրամի» հրատ., 1989 թ., Իսթանպուլ։
7. «Ծայրը ծայրին», «Ռ. Հատտէճեանի Մուրատ օֆսէթ տպարան», 2001 թ., Իսթանպուլ։
8. «Ջուրը պատէն վեր», «Ռ. Հատտէճեանի Մուրատ օֆսէթ տպարան», 2004 թ., Իսթանպուլ։
*Սկիզբը՝ ԳԹ, թիվ 14