­Կա­յա­ցավ ե­րի­տա­սարդ գրող­նե­րի «Ա­րա­րատ Մկր­տում­յան» մրցա­նա­կա­բաշ­խութ­յու­նը

Վաղամեռիկ բանաստեղծ Արարատ Մկրտումյանի ծննդյան օրը՝ մայիսի 1-ին, գրական տոն էր Հաղպատի «Քեֆելյան» համալիրի բացօթյա սրահում։
«Պոեզիա» և «Արձակ» անվանակարգերում կայացավ երիտասարդ գրողների «Արարատ Մկրտումյան» 8-րդ ամենամյա հանրապետական գրական մրցանակաբաշխությունը։
Հանդիսությունը վարում էր Ալավերդու դրամատիկական թատրոնի դերասան Սամվել Էլբակյանը, որն անդրադարձավ օրվա խորհրդին և ներկայացրեց Արարատ Մկրտումյանի կենսագրությունը։ Նույն թատրոնի դերասան Արթուր Սիմոնյանը կարդաց բանաստեղծի գործերից։
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իր խոսքում նշեց, որ Արարատ Մկրտումյանն այն եզակի գրողներից է, որոնց ստեղծագործությունն իրենցից երկար է ապրում։ «Նրա պոեզիայի էներգիան փոխանցվում է սերնդեսերունդ և պահպանում է իր կենսականությունն ու արդիականությունը։ Այս մրցանակաբաշխությունը մեծ նշանակություն ունի երիտասարդ գրողների կայացման գործում»,- մասնավորապես ասաց ՀԳՄ նախագահը՝ երախտագիտություն հայտնելով բանաստեղծի եղբորը՝ «Արարատ Մկրտումյան» հիմնադրամի նախագահ Արթուր Մկրտումյանին, որի անունը գրված է ՀԳՄ պատվո տախտակին։
Ա. Մկրտումյանի գործերից կարդաց Ալավերդու թատրոնի դերասանուհի Սիլվա Նազարյանը։
Արթուր Մկրտումյանն իր խոսքում նշեց, որ անցած տարի «Արձակ» անվանակարգում կայացած մրցանակաբաշխությունից հետո պարզվեց՝ Լոռու և Շիրակի մարզերում կան նաև շնորհալի երիտասարդ գրող-արձակագիրներ։ Նա երախտագիտություն հայտնեց Էդվարդ Միլիտոնյանին, մրցանակաբաշխության հանձնախմբի անդամներ, ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ Մանվել Միկոյանին, Շիրակի բաժանմունքի նախագահ Անդրանիկ Կարապետյանին, հանձնախմբի մյուս անդամներին՝ հսկայական աշխատանք կատարելու համար։
Այս տարի «Պոեզիա» անվանակարգում մրցանակաբաշխությանը մասնակցել են լոռեցի 11 հեղինակներ։
Անի Ղազարյանի բանաստեղծությունների «Ճաքը նռան շուրթին» ժողովածուն տպագրվել է որպես գլխավոր մրցանակին արժանացած գիրք։
Մրցանակը և Արարատ Մկրտումյանի դիմաքանդակով մեդալը նրան հանձնեցին Արթուր Մկրտումյանը և Անդրանիկ Կարապետյանը։ Անի Ղազարյանին բարեմաղթանքներ հղեց և ՀԳՄ պատվոգիր հանձնեց Էդվարդ Միլիտոնյանը։ Անի Ղազարյանը երախտագիտություն հայտնեց Արթուր Մկրտումյանին, Մանվել Միկոյանին և մրցանակաբաշխության հանձնախմբի անդամ, բան. գիտ. թեկնածու, դոցենտ Վալերի Փիլոյանին՝ իր կայացմանը մեծապես նպաստելու համար։
Հրաչուհի Լոռեցյանը, Վիոլետա Լապտևան, Մարինկա Ռաֆայելյանը, Միլենա Ղարիբյանը, Երանուհի Հովհաննիսյանը, Սերինե Սերոբյանը, Գայանե Լամբարյանը, Գրիգոր Պեպանյանը, Նազելի Ավետյանը և Մերի Մանուկյանն արժանացան խրախուսական մրցանակների։ Նրանց գործերը տպագրվել են «Լռության միջանցքներ» անթոլոգիայում։
«Արձակ» անվանակարգի գլխավոր մրցանակին արժանացավ լոռեցի արձակագիր Մարատ Սիրունյանի պատմվածքների և վիպակի «Կորսված երազներ» ժողովածուն։ Նրան շնորհավորեց, հաջողություններ մաղթեց և ՀԳՄ պատվոգիր հանձնեց Էդ.Միլիտոնյանը։ Մ. Սիրունյանը հանդես եկավ երախտագիտության խոսքով։
Խրախուսական մրցանակների են արժանացել լոռեցի Հովհաննես Կարապետյանը, շիրակցիներ Լաուրա Հարությունյանը, Սյուզաննա Գալստյանը, Սեդա Մինասյանը, Ռիտա Հովհիկյանը, Հայկ Տեր-Մկրտչյանը, Լիլիթ Սարգսյանը, Լիլիթ Հակոբյանը, Էդիտա Գալստյանը, Արմեն Արշալույսյանը և Անի Խաչատրյանը։ Նրանց պատմվածքները տպագրվել են «Ալեբախումներ» անթոլոգիայում։
Վալերի Փիլոյանը շնորհավորեց մրցանակակիրներին։ «Գրականությունը հայրենիք է, որը ենթադրում է և՛ ավանդույթ, և՛ նորարարություն։ Մաղթում եմ, որ նոր սերունդն ստեղծի նոր գրականություն»,- ասաց նա։
Անցած ութ տարիներին «Արարատ Մկրտումյան» մրցանակաբաշխության արդյունքում բոլոր գրքերը տպագրել է «Արմավ» հրատարակչությունը (տնօրեն՝ Արմինե Քոչարյան)։ Հրատարակչության գլխավոր խմբագիր, բան. գիտ. թեկնածու Արմեն Ավանեսյանը երիտասարդ գրողներին աջակցելու համար երախտագիտություն հայտնեց Արթուր Մկրտումյանին՝ ասելով, որ Մկրտումյանների գերդաստանը մկրտում է երիտասարդ ստեղծագործողներին։
Միջոցառման կազմակերպչական աշխատանքներն իրականացրել էր ռեժիսոր, լրագրող, Ալավերդու թատրոնի գեղարվեստական ղեկավար Հրաչյա Պապինյանը։
Մրցանակաբաշխության հանձնախմբի անդամ, բանաստեղծուհի Սոնա Անտոնյանը, շնորհավորելով մրցանակակիրներին, տեղեկացրեց, որ նախորդ օրը Մոսկվայում կայացել է պոեզիայի «Հեռանալ։ Մնալ։ Ապրել» անթոլոգիայի շնորհանդեսը և հայ պոետների կյանքի և ստեղծագործության մասին գրական երեկոն։ Անթոլոգիայում ռուսերեն թարգմանությամբ տպագրվել են Արարատ Մկրտումյանի, ինչպես նաև շիրակցի բանաստեղծներ Տիգրան Չերազի և Մանուկ Ժաժոյանի գործերը։ Միջոցառումը կազմակերպել են բանաստեղծ, թարգմանիչ Նիկոլայ Միլեշկինը, գրականագետ Ելենա Կուկինան և բանաստեղծ, մշակութաբան Սլավի-Ավիկ Հարությունյանը։
Միջոցառմանը ներկա էին նաև «Արարատ Մկրտումյան» մրցանակաբաշխության հանձնախմբի անդամներ Խորեն Գասպարյանը, Գագիկ Սարոյանը և Ռոզա Հովհաննիսյանը։
Սեփ. լրտ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։