Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ երիտասարդ բանաստեղծուհի Քրիստինե Հովսեփյանի «Սրտխփոց» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը։
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի ուղերձն ընթերցեց գրականագետ Արմեն Ավանեսյանը, որտեղ մասնավորապես նշված էր. «Քրիստինեն նուրբ ընկալումների և սրտի թրթիռով գրող բանաստեղծ է, իզուր չէ գրքի վերնագիրը «Սրտխփոց» կոչվում։ Հավատում ես նրա անկեղծությանն ու խոստովանությանը։ Ուրախալի է, որ նրա հայացքն ուղղված է ոչ միայն ներս՝ ներաշխարհ, այլև բնությանը, մարդկանց անցուդարձին։ Լավ գրվածքն այն է, որ հիշվում է, եթե ոչ ամբողջապես, ապա գոնե դրվագային, այդպես իմ հիշողության մեջ անձրևում է Քրիստինեի կարդացած «Անձրև» բանաստեղծությունը, որի համար շնորհակալ եմ նրան։ …Կրկին շնորհավորում եմ գրքի ծնունդը և ցանկանում թեմատիկ ընդլայնում և միշտ պահպանել բանաստեղծական նրբին հույզը»:
Հեղինակին, «Արմավ» հրատարակչությանը և բոլորին շնորհավորական խոսք հղեց գրադարանի տնօրեն Ռուզաննա Բարսեղյանը՝ կարևորելով ժամանակակից գրողների և նրանց ստեղծագործությունների տարածումը։
Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտաշխատողներ Արամ Խաչատրյանը և Միհրան Հովհաննիսյանը իրենց ելույթներում տեսագիտական առումով կարևորեցին, որ լավ գիրք է լույս տեսել, ընթերցողի հոգուն հարազատ։ Միհրան Հովհաննիսյանը հատուկ նշեց, որ գրքում կան հայ մարդու այսօրվա զգացումները։
Ելույթ ունեցան նաև բանաստեղծներ Գոհար Գալստյանը, Սաթենիկ Ղազարյանը, Հայկ Սիրունյանը, Դավիթ Մշեցին, Գոռ Հարությունյանը և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի անգլերենի դասավանդող Հասմիկ Սարիբեկյան Արեգունին։
Հեղինակի բանաստեղծություններն ընթերցեցին Հռիփսիմե Սարգսյանը, Մադլեն Թերզյանը, Սաթենիկ Ղազարյանը։ Երաժշտական համարով ողջունեցին սեբաստացի ուսուցիչներ Աչեր Բաստաջյանը, Լիլիթ Գրիգորյանը, Լիլիթ Վերմիշյանը և սովորող Վիկտորյա Հովսեփյանը։
Գրքի խմբագիր Արմեն Ավանեսյանը իր ամփոփիչ ելույթում շեշտեց, որ Քրիստինե Հովսեփյանի բանաստեղծությունները լռության պոեզիա են և շշուկով ընթերցելիք, որ բանաստեղծությունն աղմուկ չի ընդունում և կարողանում է մարդու հոգու հետ խոսել, ինչը մեր օրերում պակասում է մարդուն։
Քրիստինե Հովսեփյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին, գրքի տպագրման գործում աջակցողներին՝ «Արմավ» հրատարակչությանը, «Նովել» տպագրատանը, գրքի նկարչուհի Աննա Թորոսյանին, իր սիրելի աշակերտներին՝ հավելելով, որ գրականությունն ու մանկավարժությունն անսահման կարևոր են և իր հաշտությունն են աշխարհի հետ։
Օրը շատ ջերմ էր, հագեցած և պոեզիայով լեցուն…
Անի ԵՆԳՈՅԱՆ
Քրիստինե Հովսեփյանի «Սրտխփոց» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը
