ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ 90-ԱՄՅԱ ՈՒՂԻՆ

Նոյեմբերի 15-ին ՀԳՄ Մեծ դահլիճում հանդիսությամբ նշվեց Հայաստանի գրողների միության 90-ամյակը: Այն սկսվեց Հրանտ Մաթևոսյանի խոսքով՝ «Սպիտակ թղթի առջև» հոդվածից: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը բացման խոսքում անդրադարձավ Գրողների միության 90-ամյա պատմության կարևոր իրադարձություններին՝ նշելով նրա ունեցած մեծ դերը հայ գրականության ու մշակույթի զարգացման ընթացքում: ՀԳՄ նախագահը խոսեց Գրողների միության ստեղծման, հայ անվանի գրողների գործունեության, տարբեր սերունդների գրողների ու ժամանակի ընթացքում Միության առջև ի հայտ եկած խնդիրների մասին: Ելույթում անդրադարձ եղավ Գրողների միության իրականացրած ծրագրերին, հրատարակչական աշխատանքներին, տպագրվող պարբերականներին, ինչպես նաև՝ Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տան գործունեությանը: Նշվեց ՀԳՄ-ի համաժողովների, մրցանակաբաշխությունների, միջազգային գրական կապերի, այլ երկրներում հայ դասական ու ժամանակակից գրողների ստեղծագործությունների տպագրության, ՀՀ ԿԳՄՍ և Պաշտպանության նախարարությունների, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի և այլ կազմակերպությունների համագործակցությամբ կայացող ծրագրերի մասին՝ հատուկ ուշադրություն դարձնելով երիտասարդ գրողների համար ձեռնարկներին: Էդ. Միլիտոնյանն անդրադառնալով վերջերս վիճարկվող ՀԳՄ սեփականության իրավունքի հարցին՝ հույս հայտնեց, որ ՀՀ վարչական դատարանը ի թիվս այլ ներկայացված հիմքերի՝ հաշվի կառնի 90-ամյա գրական, աշխատանքային և ֆինանսական ներդրումները շենքերի պահպանման, նորոգման և ավելացումների ասպարեզում: Նա ասաց. «90-ամյա գրական կազմակերպությունն իր մեծերի փորձառությամբ պիտի ուղերձ ունենա համախմբման՝ Սփյուռքի, Հայաստանի: Իրար հետ չերկխոսելը, հարցերը չքննարկելը նաև հանգեցրեց նրան, որ Ադրբեջանն օգտվեց դրանից և Արցախի հարցը ուժային մեթոդով լուծեց: 90-ամյա մեր միությանը սպասում են գալիքի երգասանները: Գողթան երգիչներին միանանք՝ շարունակելու բանն, որ ի սկզբանե էր և անվերջ»:
Փաստաբան Լևոն Բաղդասարյանը խոսեց ՀԳՄ շենքի սեփականաշնորհման խնդրի մասին: Նրա կարծիքով՝ գրողները դաստիարակում են բազմաթիվ սերունդներ, նրանց ստեղծագործության արդյունքը կրում են բոլոր մարդիկ՝ անկախ մասնագիտությունից: Նա նշեց, որ «անգամ Խորհրդային միության ժամանակ, երբ ամեն ինչ պետական էր, Գրողների միության անշարժ գույքն իր սեփականությունն էր», և հույս հայտնեց, որ այժմ էլ կհարգվի ՀԳՄ սեփականության իրավունքը:
ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանը շնորհավորեց Գրողների միության 90-ամյակի կապակցությամբ՝ այսօրվա ամրության համար: Խոսելով հայ գրականության ու երաժշտության մասին՝ որպես հոգևոր միասնության, նա ասաց. «Երաժշտությունը բանաստեղծության լռության մեջ թաքնված ձայների արտացոլանքն է: Ոչ թե պիտի հորինես երաժշտությունը, այլ՝ պիտի լսես այդ ձայները, որոնք ապրում են բանաստեղծության ներսում, որոնք հուշում են կերպարը և բովանդակությունը: Ամբողջ համակարգը թաքնված է այդ բանաստեղծությունների մեջ»: Ռոբերտ Ամիրխանյանը կատարեց Եղիշե Չարենցի «Տաղ անձնական» և Վահագն Դավթյանի «Անանձնություն» բանաստեղծությունների խոսքերով գրված իր երգերը:
Արցախի գրողների միության նախագահ, այժմ՝ ՀԳՄ քարտուղար Նորեկ Գասպարյանն իր ելույթում խոսեց Արցախի գրողների միության մասին՝ սկսած 1925 թ. Ստեփանակերտում ստեղծված Ղարաբաղի պրոլետար գրողների ասոցիացիայից մինչև 2023 թ.: «Շնորհավորում եմ ՀԳՄ 90-ամյակի առթիվ՝ մտածելով, որ 100-ամյակին նվիրված հանդիսությանը մասնակցելու է արդեն Արցախից ժամանած գրողների մի մեծ պատվիրակություն»,- ասաց նա:
Գրականագետ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը նշեց միության՝ ազգապահպան ամենակարևոր կազմակերպություն լինելու մասին, հիշեցրեց Թումանյանի՝ Գրողների միություն ունենալու երազանքի, ինչպես նաև ՀԳՄ շենքի համար Իսահակյանի կատարած ներդրումների մասին և հույս հայտնեց, որ ոչինչ չի խաթարի Գրողների միության ապագա գործունեությանը:
Սիրիահայ բանաստեղծ Տիգրան Գաբոյեանն իր ելույթում նշեց. «Անկախացումէն վերջ, երբ Հայաստանը համահայկական պետութեան վերածվելու տեղ մը ստանձնելու առաքելութեան դիմաց էր, Գրողներու միութիւնը ինքնաբերաբար և վեհօրէն այն կառույցն էր, որ առավելաբար մարմնաւորեց մեր ազգային միութեան հասանելիութիւնը՝ անկախ արեւմտահայերէնի ու արեւելահայերէնի տարբերութիւններէն: Գրողներու միութիւնը հայ գրականութեան ու լեզուի դարբնոցն է, գրողները մարդկայնութեան եւ ազգայնութեան ամենաշենշող ջահակիրներն են»:
«Գրական թերթ»-ի խմբագիր Կարինե Խոդիկյանը խոսեց «Գրական թերթ»-ի խմբագրի աշխատանքի պատասխանատվության ու առաքելության մասին՝ նշելով, որ թերթում արտացոլված է մեր գրականության պատմությունը, այսօր էլ տպագրվում է վաղվա պատմությունը, և թերթի էջերը պիտի ակնածանքով թերթել: «Այս 90 տարիները մեզանից ամեն մեկի պատմությունն է, մեր հարստությունն ու պատասխանատվությունը: Եթե մենք միասնական ենք, եթե գիտենք՝ ինչի տեր ենք, Գրողների միության պատմության տերն ենք, ապա մենք այս դահլիճում կտոնենք թե՛ 95-ամյակը, թե՛ 100-ամյակը…»,- ասաց նա:
Իրանահայ գրողների միության նախագահ Թորգոմ Հակոբյանը իրանահայ գրողների միության անդամների, գրասերների և բարեկամների կողմից շնորհավորեց Գրողների միության 90-ամյակի առթիվ: «Գրողների միությունը մշտապես հայեցի դաստիարակություն է ներշնչում: Մենք ապրում ենք արտասահմանում, բայց շնչում ենք Հայաստանի օդը»:
Երիտասարդ բանաստեղծ Հայկ Սիրունյանը խոսեց երիտասարդ գրողների համար ՀԳՄ-ի իրականացրած ծրագրերի, Ծաղկաձորի ստեղծագործական տանը անցկացվող համաժողովների, «Գրեթերթ»-ի, ՀԳՄ մարզային բաժանմունքների նախաձեռնությունների մասին: Նա հորդորեց երիտասարդ գրողներին՝ սիրով նայել Գրողների միության շենքին, ուր մեծերի շունչն է:
Հանդիսության ընթացքում Գուրգեն Մահարու, Համո Սահյանի, Վահագն Դավթյանի և Վիլյամ Սարոյանի ստեղծագործություններն արտասանեց ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանը: Կոմիտասի «Հայաստան» ստեղծագործությունը Լևոն Հարությունյանի նվագակցությամբ կատարեց Արտակ Ստեփանյանը: Ավ. Իսահակյանի «Շուշան աղջիկ» ստեղծագործությունը Նիկոլ Գալանտերյանի երաժշտությամբ և Մարգարիտա Սարգսյանի մշակմամբ կատարեցին Աննա Պողոսյանը և Դիանա Հարությունյանը: Պարույր Սևակի խոսքերով և Ալեքսեյ Հեքիմյանի երաժշտությամբ «Իմ Հայաստան» ստեղծագործությունը կատարեց Արամ Խաչատրյանը: Նվագակցում էր Մարգարիտա Սարգսյանը։ Ելութ ունեցավ ՀԳՄ Սուրեն Քոչարյանի անվան պոեզիայի և ասմունքի թատրոնը՝ Սամվել Բաղինյանի ղեկավարությամբ: Եղիշե Չարենցի, Սիլվա Կապուտիկյանի, Զահրատի և Ակսել Բակունցի ստեղծագործությունները հնչեցին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասաններ Սամվել Բաղինյանի, Դավիթ Գասպարյանի, Արամ Կոստանյանի, Արմեն Քուշկյանի և Ռուզաննա Հախնազարյանի ընթերցմամբ: Հանդիսությունը վարում էր Ռուզաննա Հախնազարյանը:
Հանդիսությանը ներկա էին ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը, ՀՀ-ում տարբեր երկրների դեսպանությունների ներկայացուցիչներ, գիտության և մշակույթի գործիչներ, ՀԳՄ մարզային մասնաճյուղերի պատվիրակությունները: Հանդիսության ավարտին հնչեց Հրանտ Մաթևոսյանի խոսքն իբրև պատգամ.
«Սիրենք, սիրենք միմյանց: Սարյանից մեծ նկարիչ չկա: Մեր հացից քաղցր հաց չկա: Այս հայրենիքից դուրս այլ Հայաստան չկա: Խղճի ու մարդկայնության կերպարը հայ մարդու պատկերից է հանվելու: Սիրենք, սիրենք միմյանց – մեր այլանդակներին, մեր խեղճերին, մեր բարձրերին, մեր նվաստներին: Հայրենիքը հայրենիք է դառնում սիրով: Հայրենիքը՝ լավ կամ վատ, կյանք է, հայրենիքից դուրս՝ հավիտենական ոչինչ»:
Հերմինե ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։