Ֆակուլտետի դեկան, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Յուրի Դավթյանը բացման խոսքում արժևորեց «Գրական թերթի» դերը՝ փաստելով, որ այն նպաստում է Հայաստանում մշակութային, գրական կյանքի ակտիվանալուն ու կայունանալուն: Նա «ԳԹ»-ն եզակի համարեց այն առումով, որ համընթաց է այն ֆակուլտետների հետ, որոնք հայոց լեզվի և գրականության մասնագետներ են պատրաստում, և կարևորեց բանասիրական ֆակուլտետի դերը՝ նշելով, որ այս բուհում դասավանդել են այնպիսի մեծավաստակ երախտավորներ, ինչպիսիք են՝ Վաչե Պարտիզունին, Աշոտ Աբրահամյանը, Արշալույս Բաբայանը, Պարույր Սահակյանը և ուրիշներ, այս ինստիտուտում են սովորել գրողներ Հրանտ Մաթևոսյանը, Սերո Խանզադյանը, Արամայիս Սահակյանը, Ռազմիկ Դավոյանը և ուրիշներ: Հավաստելով, որ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտները մեծ դեր ունեն հանրապետության լուսավորչական, կրթական հաստատություններում, Յու. Դավթյանը հավելեց. «Ղարաբաղյան պայքարում հաղթեց հայոց լեզվի և գրականության ուսուցիչը»:
Գրականագետ, ԵՊՄՀ բանասիրական ֆակուլտետի հայ գրականության ամբիոնի վարիչ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանը, կարևորելով ուսանողների հանդիպումները գրողների հետ, շեշտեց, որ հնարավոր չէ գրականագետ դառնալ առանց «ԳԹ» կարդալու: Ապա անդրադարձավ «ԳԹ»-ի դերին, նրա երկարամյա ուղուն՝ հպարտությամբ նշելով, որ Հայրենական պատերազմի տարիներին թերթի խմբագիր է եղել Արշալույս Բաբայանը:
Ա. Դոլուխանյանը ուսանողներին ներկայացրեց թերթի խմբագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանին և նախկին խմբագիր, բանաստեղծ Սամվել Կոսյանին, արժևորեց նրանց ստեղծագործությունները, վստահաբար շեշտելով. «Նրանք գիտեն, թե այսօր աշխարհում գրականությունն ինչ ուղղությամբ է զարգանում»: Նա իր ուսանողներին խորհուրդ է տալիս կարդալ թերթում լույս տեսնող գրականագիտական, քաղաքական հոդվածները, առաջնորդողները, օտար գրողների թարգմանությունները: Հատուկ շնորհակալություն հայտնեց Կ. Խոդիկյանին` որոշ առաջնորդողների համար, որոնք հատկապես վերաբերում են Երևանին, նրա դիմագիծը աղավաղելուն: Անդրադառնալով Ս. Կոսյանին, որպես քաղաքական մեկնաբանի, բանախոսը նշեց, որ Ս. Կոսյանը շատ դիպուկ կերպով անդրադառնում է այսօրվա քաղաքական կողմերին՝ չմոռանալով ազգայինը: «Իմ կարծիքով՝ խմբագրի և աշխատակիցների շնորհիվ թերթը պետք է խորապես ազգային ուղղվածություն ունենա՝ երբեք չմոռանալով համամարդկայինը, որովհետև այն նաև դաստիարակչական նպատակ ունի»,- նկատեց պրոֆեսորը: Անդրադառնալով «Գրական անցուդարձին», որտեղ հստակ երևում են գրական միջավայրում տեղի ունեցող իրադարձությունները, Ա. Դոլուխանյանն ամփոփեց. «Թերթը լայնորեն կապված է այսօրվա գրական կյանքի հետ և լիարժեք պատկերացում է տալիս, թե ինչ է կատարվում Հայաստանի գրական կյանքում»:
Գրականագետ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը, անդրադառնալով «ԳԹ»-ի գրական, նաև ոչ գրական քաղաքականությանը, ընդգծեց թերթի գործառույթային բազմապատուհան մոտեցումը երևույթներին: Նա արժևորեց խմբագրի ճշմարտացի վերաբերմունքը հասարակական կյանքի շատ ու շատ երևույթների նկատմամբ: «Գրական թերթը» ծառայում է մեր գրական մտածողությանը, բարգավաճմանը, գրական մտածողության մեջ ներքին խութերի հաղթահարմանը»,- ասաց Ս. Դանիելյանը և ցանկություն հայտնեց թերթը տեսնել ավելի բազմածալ, «ԳԹ»-ն լիներ մեր սահմանագլուխը գեղարվեստական մտածողության մեջ, հարգեին «ԳԹ»-ի խոսքը, լինեին բանավեճեր, որտեղ մասնագետները կարողանային հայտնել իրենց առողջ կարծիքը:
ԵՊՄՀ բանասիրական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Էդգար Ապրեսյանը, նշելով, որ 1932 թ. լույս տեսնող «ԳԹ»-ի էջերում կարելի է գտնել գրասերներին հետաքրքրող բազմաթիվ հոդվածներ, տեղեկություններ գրական ասպարեզում կատարվող իրադարձությունների մասին, կարևորեց այն, որ «ԳԹ»-ի ընթերցողն առնչվում է պրոֆեսիոնալ աշխատանքի հետ: «Հասկանում ես, որ այսօր կա արդի գրականություն, և այն զարգանալու միտումներ ունի»,- ամփոփեց նա:
Ըստ նույն կուրսի ուսանող Մուշեղ Հարությունյանի՝ «Գրական թերթը» պայքարում է գրականության և արվեստի զարգացման, մարդկանց ինտերնացիոնալ կապի ամրապնդման համար: «Գրական թերթի» շնորհիվ լուսաբանվում են ժամանակակից գրողների ստեղծագործությունները՝ նոր ուժ և շարունակականություն տալով գրական կյանքին»,- ամփոփեց նա:
Գրականագետ Մարտին Գիլավյանը ցանկություն հայտնեց «ԳԹ»-ի էջերում տեսնել գրականագիտական, գրաքննադատական հոդվածներ:
«ԳԹ»-ի խմբագիր Կարինե Խոդիկյանը ներկայացրեց խմբագրակազմին՝ արժևորելով յուրաքանչյուր աշխատակցի պատասխանատվությունը իր գործի հանդեպ: Անդրադառնալով բարձրացված հարցերին՝ նա խոստացավ սփյուռքահայ իրականության համապատկերը տալ «ԳԹ»-ի էջերում: Իսկ ինչ վերաբերում է գրաքննադատական հոդվածներին՝ նա մեկ անգամ ևս ընդգծեց, որ դրանք պետք է գրեն գրականագետները: «Եթե գրաքննադատությունը ուժեղ լինի, միջակ գրականության դեմ պատնեշը կլինենք ոչ միայն մենք: Մեր կողքին պետք է լինեն նաև գրաքննադատները: Գրամոլության դեմ պիտի պայքարի համախմբված գրականագիտությունը»,- ասաց Կ. Խոդիկյանը:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ