2018 թվականին Բուխարեստի «Արարատ» հրատարակչությունը ռումիներեն լույս է ընծայել հայ արձակի ստվարածավալ (514 էջ) հատորը: Գիրքը բացվում է Նորայր Ադալյանի «Արտույտ» վիպակով, որը նաև ամբողջ ժողովածուի վերնագիրն է: Ներկայացված են Մարգարիտ Աճեմյանի, Արփիար Արփիարյանի, Ատրպետի, Ակսել Բակունցի, Հակոբ Պարոնյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Անդրանիկ Ծառուկյանի, Զապել Եսայանի, Հովհաննես Ղուկասյանի, Վիգեն Խեչումյանի, Ավետիք Իսահակյանի, Գեղամի, Մուրացանի, Գարեգին Նժդեհի, Երվանդ Օտյանի, Լևոն Հովսեփյանի, Վարդգես Պետրոսյանի, Րաֆֆու, Սիրունիի, Շիրվանզադեի, Վահան Թոթովենցի, Գրիգոր Զոհրապի գործերը: Հատորի թեմաներն ու ժանրերը բազմազան են. պատմական անցյալ, Ցեղասպանություն, ժամանակակից կյանք, վիպական հատվածներ, պատմվածքներ ու վիպակներ: Ներկայացված են հեղինակների կենսագրություններն ու նրանց գլխավոր երկերի անվանացանկը: Ժողովածուն կազմել է Արփիար Սահակյանը: