Արդյոք կարո՞ղ եք չլսել, երբ բանաստեղծն է կանչում / Աննա Մարիա ՇՎՅՈՆՏԵԿ

sona

Աննա Մարիա ՇՎՅՈՆՏԵԿ

Գրող, գրականագետ,

արվեստաբան (Լեհաստան)

 

Պոեզիան պոեզիայի

մասին

Պոեզիայի արժեքը տարբեր սահմանումներ ունի: Սոնա Վանի քնարական բանաստեղծությունները զարմացնում են բանաստեղծուհու անանունությամբ, նա թաքցնում է իր անունն ու ազգանունը («կարևոր չէ, ինչպես են ինձ կոչում») կեղծանվան տակ և առաջնահերթությունը տալիս է պոեզիայի գաղափարին՝ կանխորոշելով դրա հիմնարար խնդիրները: Արտասովոր է, երբ բանաստեղծուհին իր մասին խոսելով, չի խոսում հենց իր մասին, այլ այն դերի, ինչպիսին Արարչին է վերագրվում: Նա գտնում է, որ գրելու պարգևը պարտավորեցնում է: Նրա բանաստեղծությունների ընթերցումը հավաստիացնում է, որ պոեզիան փրկություն է մարդկության համար, որովհետև, հակառակ աշխարհի անտարբերությանը, նա ընկալում և զգում է մարդուն, որովհետև հակառակ ժամանակի անցավորությանը, պահպանում է մարդկանց մասին հիշողությունը, որովհետև, հակառակ հոգևոր գոյության հանդեպ հավատքի կասկածներին, Սոնա Վանը ստեղծում է խղճի պոեզիա:

Այդ պատճառով էլ Մուսային ուղղված ապաթարցներում խնդրում է չլքել այն բանաստեղծուհուն, որը մեղավոր է թե՛ մահացածների, թե՛ ժամանակակից ու ապագա սերունդների համար: Այդ պատճառով էլ սիրելի տատին ուղղված հուզական նամակում հավատում է իր բանաստեղծական նպատակին՝ որպես հավիտենության առաջնորդ: Այդ պատճառով էլ բացարձակ համոզմունքով պնդում է, որ վերապրել է աղետներ, որպեսզի պատմի նրանց մասին: Այդ պատճառով տրոհվում է «տխրության մասնիկների»՝ լսելով բանաստեղծի մահվան մասին լուրը, քանզի վերջինս այն սակավաթիվ մարդկանցից էր, որ տեսնում ու զգում էր այն, ինչը չէին տեսնում ու զգում այլոք: Եվ դառը հեգնանքով հնարագիտորեն դիմում է քմահաճ Մուսային՝ գրավելով նրա ուշադրությունը: Այդ նա՝ ծնկաչոք ու առաջ պարզած ձեռքերով պիտի աղերսի բանաստեղծին՝ հոգևոր սնունդ տալու մարդկությանը:

 

Պոեզիան՝ հիշողություն

XX դարի կեսերին ծնված հայուհու բանաստեղծությունների մեջ նրա մանկությունն է բացահայտվում՝ լի դարա­սկզբին թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ողբերգական պատմություններով: Ապագա բանաստեղծուհու հիշողության մեջ այնպիսի անջնջելի ու խոր ներգործություն ունի այդ անհավատալի վայրագությունը, որ իր աշխարհընկալումը մշտապես տեղափոխում է անցյալ, որը նա անձնապես չի զգացել: Իր բանաստեղծությունների սահմանները հանում է կոպերի տակից, որտեղ տրոփում են նախնիների անմարդկային տառապանքների անկապտելի պատկերները: Այս պոեզիան նպատակ ունի աննկարագրելի դաժանություններից տուժածներին փրկել մոռացությունից ու տեղեկացնել պատմական փաստերի մասին: Որպես հեռավոր իրադարձությունների բացակա վկա («վայրի կիրք տեսա/ սուլթանի կարմրատակած աչքերում/և տատասկները նրա երակների»)՝ անցյալին է վերադառնում հրեշավոր բարբարոսությունների ենթարկված անմեղ զոհերի ընտանիքների անունից («այդ ես եմ ճչում(…)/ ձեր երազների մղձավանջներում»), ինչպես և պատմության ուսուցիչ՝ որպես Հոմերոսի հավատարիմ աշակերտ:

Նրան ուղեկցում է համոզմունքը, որ բացի համր բնությունից («տատասկներն են հիշում»), մղձավանջի տրորված արժանապատվության, այսօր արդեն միայն նա չմոռացավ («ես (…) անապատի վերջին հայացքն եմ»), այսպիսով արձանա­գրում է անցյալը, որ այն մնա դարեր շարունակ: Բանաստեղծությունների բովանդակությամբ սրում է իրադարձությունները շեղող անապատային քամու հետ մենամարտը, անապատի ավազով ծածկելով մահապատժի «դժոխային ճանապարհի» հետքերը, ջնջելով սպանությունների պատկերները անապատային կեղտ ու փոշուց՝ խղճի բախումը աներեր բնության հետ, երբ ավազը դիակների ոսկորներն է տեղաշարժում, նա ցանկանում է տեղաշարժել հանգուցյալների «ոսկորների ավազը», որպեսզի չդադարեն խոսել «մեռյալները, որոնք ճչում են պատերի միջից»: Խոսքերով ցանկանում է հարություն տալ պատմությանն անհաղորդների խուլ ականջներում ու կույր աչքերում մոռացվածներին: Զգայուն դարձնել նրանց վիրավոր ազգի ճակատագրի հանդեպ, որ մի կողմ դրված առօրյայի ափերին մատնվում է անցավորության:

Երազներում անդադար հառնում է ցեղասպանության մղձավանջը, ստրկացման վախը, անարգանքի սարսափը, արժանապատվության արատավորումը, գոյության սպանդը, մարդկության խայտառակությունը: Երեխաներին, աղջիկներին, անմեղ մայրերին դեպի դժոխք քարշ տալն անվանելով սև հրեշտակի սխալ՝ երազից, անխղճահար նկարում է յաթաղանից խարանվելու, բռնության, անապատի տապի նվաստացուցիչ դրվագներ-«կանանց վաճառող կավատի»: «Կյանքը հարվածում է որովայնին ու արգանդին», վախից տարածելով կանանց ոտքերը դահճի առջև, մահվանն ընդառաջ հանելով մեջքի վրա պառկած նորածինների անպաշտպանությունը, վնասելով ծնրադիր մանուկների ծնկները: Պատկերներն անտանելի են, որոնց հետ պոեզիայի զգայությունը չի կարող համաձայնել, և որը ավազոտ անապատը՝ պատմության դասագրքերից հեռու, թաքցնում է իր լռության ավազի տակ: Այսպիսով բանաստեղծուհին ամպերի միջով հեռավոր մայրցամաք է տանում իր տոհմական դամբարանը: Նրա տատի, հոր ու մոր հայկական գյուղակը, ինչպես նաև Երևանի կարոտը Սոնա Վանի բանաստեղծությունների օրագրում իրենց հանգրվանն են գտնում Կալիֆոռնիայում՝ այնտեղից ողջ աշխարհին իրենց մասին հայտնելու համար:

 

Պոեզիան՝ ինքնություն

Թուրքերի ոճրագործություններից ցնց­ված բանաստեղծուհին ոչ միայն ոգեկոչում է դրանք իր ստեղծագործություններում, այլև ինքն էլ տեղափոխվում է վշտակրության մի տիրույթ՝ մետաֆիզիկական մակարդակում զուգադրելով իր ինքնությունն անարգած սերնդի հայուհիների հետ: Նա շեշտում է, որ ձայնն է «թավշյա կույսի», «հարսնացուի քնարական տենորը», «այրու խստապատշաճ բարիտոնը», «կատարակտով տատի խռպոտ բասը»: «Ես ճիչն եմ/համրի կոկորդում/առանց սկիզբ ու առանց վերջ», «այդ ես եմ՝ փրկված փախչող կույսը»:Պատվազրկված կանանց տվայտանքների կեղեքիչ զգացումն անընդմեջ ընկերակցում է նրան սեփական մարմնական փորձառություններում: Նրա մեջ բաբախում են բյուրավոր նախամայրերի անտերունչ կանացիության ստորացումները, մեղքի զգացումը, որ կարող էր անպատժելիությամբ վայելել սիրո հաճույքները, խաթարում է դրանց լիարժեքությունը: Որպես սիրուհի, տղամարդուն է հանձնում իր մերկությունը՝ ձեռքերը լայն տարածած, անմեղության գեղեցկությունից զրկվելու վախից սեղմված, տղամարդու սերմից տագնապած՝ խարաններով, անապատի ավազով փոշոտված ազդրերով, հայ աղջիկների զիստերի վերքերով, ցավից խառնիխուռն վարսերով, մղկտացող մաշկով ու հիվանդոտ կոպերով: Իսկ սիրեկանը՝ որպես թուրք դահիճ, ընդամենը մի կարճ ժամանակով իր անկողինն է մտնում, որպեսզի քիչ անց, հարդարելով վարսերը, հեռանա լուսաբացին ու մոռանա իր ոսկեգույն զուգագուլպաները: Հարկավոր է խնդրել նրան, որ գրկի արևածագից առաջ, համոզվելու, «որ ես դեռ կամ», քանզի այս քնարերգության հերոսուհին ցանկանում է լինել այստեղ և հիմա, իր տղամարդու գրկում: Միևնույն ժամանակ նրա անտեսված ինքնությունը կտոր-կտոր է լինում այն ժամանակի բռնաբարված կույսերի և մահապարտների անապատում: Զուգահեռաբար, սեփական մեղավորությունից երկյուղած, հենց բեղմնավորման հրաշքի մեջ է տեսնում գոյության բնազանցական Առեղծվածը: Վարդագույն, թաց ու պիրկ արգանդը կոչում է «կոկոնի ու թռչնի հիբրիդ», սավանի տակ շարժվող տիեզերք, Աստված, ում թաքցնում է փեշի տակ, տարածություն՝ բաժան ծնկների միջև, որտեղ արևի նոսր ճառագայթ է: Ծնունդների անսահման շղթան, երբ յուրաքանչյուր ծնող մայր ծնկում է անկյունագծով, կոչում է ծնկների գրագողություն, որոնց վրա շարունակական է կյանքի արտերևույթը: Կանացիության այդ զրնգուն ու խոր զգայությունը թույլ չի տալիս ազատվել ամոթալի պատկերներից՝ անարգված բյուրեղյա կուսության, որ պիտի հասունանար դեպի սուրբ մայրություն: Զանգվածային բնաջնջման ենթարկված անմեղության պատկերները բանաստեղծության մեջ արձագանքում են անաղարտ գեղեցկության անքուն տրտմությամբ: Ծննդյան մեջ տեսնելով տևականության հրաշագործ խորհուրդը՝ բանաստեղծուհին խոստովանում է, որ ամենից ավելի գնահատում է կյանքը: Այդ պատճառով էլ, իրեն անվանելով հուսահատ կանանց Հերա, մտքով հարություն է տալիս բոլոր մայրերին, որոնցից խլել են երեխաներին, բոլոր աղջիկներին, որոնց մահը թույլ չտվեց մայրանալ: Այդ պատճառով էլ անարգված ու որբացած կանանց անունից Սոնա Վանը խոստովանում է, որ պիտի մայրանա՝ հակառակ անհարատևությանը, որը սպանում է, որովհետև միայն հիմարներն են «հրաժարվում կյանքից/անմահության համար»: Այս պոեզիան հազարավոր ձայների ձայնն է:

Իր տեսակը ոգեկոչված նախամայրն է, ում ճակատագիրը թույլ է տվել ապրել մի սովորական քաղաքի պատուհաններից այն կողմի բարեկեցության մեջ: Հասկանում է, որ փողոցն իրենից պահանջում է կարմիր կամ վարդագույն շրթներկի անդուրեկան ներկաքողարկում, դիմափոշով վարագուրված քիթ, կիսաշրջազգեստ՝ մարիոնետների թատերախաղում, ուր դիմակավորված են մարդիկ, շենքերը, ծառերն ու ասֆալտը: Լվացքը կախելով հարմարավետ բնակարանում՝ նա, ինչպես երազում, տեսնում է իրեն օտար ողջ միջավայրը՝ ծափահարություններ, գովազդի սիրահարներ, փողոցային ռադիո ու ոսկու քմայնությամբ լի օդ: Սակայն Սոնան չի դավաճանում հարազատ վայրերի համր քարերի խավարին: Այդ մութ անդունդը պարբերաբար խոցում է արտաքին աշխարհում մայր մտնող արևի ճառագայթը, որպեսզի րոպե անց նրան մենակ թողնի հառաչանքի անեզր տարածքում, ուր բանաստեղծուհին հայտնվում է տիեզերական ձգողականության օրենքներին հակասող հողմապտույտում: Այդպիսով, մշտապես մնում է հնօրյա աշխարհում, հավերժ անցյալին ու դրա մասին հիշողություններին ապրումակից, դրանցով կերտված:

 

Պոեզիան՝ հավատ

Սոնա Վանի բանաստեղծությունները՝ փոքրիշատե ուղղակիորեն, Աստծո գոյության վկայություններ են, նրան է բանաստեղծուհին հղում իր մշտատև ուղերձը: Մարդու անպատժելի անողորմությունը նրան հիմք է տալիս զգոն կասկածի տակ առնելու ՆՐԱ բնազանցական ներկայությունը երկրային իրականության մեջ: Հիշեցումների անվերջ հորձանուտում, չարությունից մաքրազերծվելու հնարավորությունից զուրկ, նա իրեն իրավունք է վերապահում անտարբերության մեղադրանք առաջադրելու անլսելի Աստծուն՝ ծնունդների շղթայի, երեխաների, հայրերի, մայրերի ճակատագրի, տառապանքներից, արհամարհանքից, ոչնչացումից ու մոռացումից ծնված հերթական սերունդների շուրթերով: Անվանում է նրան «զառամյալ ծերուկ՝ կատարակտով», քանզի «նա, ով խոսում է դժոխքից,/ կարող է անիծել և Աստծուն» փշոտ պսակի մաշված տատասկներով, որովհետև ո՞րն է Աստծո՝ մոր զամբյուղում խնամքով դասավորված սպիտակեղենի վրայի կերպարը, եթե նա չկա «արյունոտ բոքոնի» իրականության ջունգլիներում:

Բանաստեղծուհին մեկուսանում է կրոնական սովորույթներն անքննորեն ընդունող հասարակ մահկանացուների հավատքից: Մանկության տարիներին Աստծո ներկայությունը զգեստապահարանի փայտե տուփից հանված նշխարում էր, թղթե թևերով հրեշտակի, Միքայել հրեշտակապետի, պատին կախված կավե Քրիստոսի կերպարներում, անաչառ բանաձևերի աղոթքի մեջ, ձանձրացող քահանայի փարաջայի խորշոմներում, տատի պատմություններում, թե բնակվում էին տեղի գյուղական փոքրիկ եկեղեցում, երբ շատ աղքատ էին… նա ներշնչված է համոզմունքով, որ բարությունը, սերն ու գեղեցկությունը իրականում գոյություն ունեն («իմ հին երկնքի մասին երազը, որ կոկորդումս եմ պահել»): Եվ ամեն գնով ինքն իրեն սնում է ամենօրյա կյանքի փոքրիկ դրվագներից ստացված փաստարկներով, սիրելիի՝ թեկուզև հազվադեպ այցերով, հարևանների սիրային գիշերներին ակամա ակնդրումով կամ պուրակում նստարանին գրկախառնված զույգով, որովհետև Աստծուն հորինել են մերձեցման ջերմության կարիքն ունեցող «ձեռքի տաք ափերն ու համարձակ մատները»:

Տնտղում է նրան աղմկոտ քաղաքի պատուհանից, սպասում է իր խավարի միջից՝ պատրաստ ճանաչելու նրա ներկայությունը վեցերորդ զգայարանով, երբ դուրս է գալիս «խավարի հայելուց», որովհետև եթե չլիներ Աստված, մարդն անչափ միայնակ կլիներ: Խաբվում են Աստծո ներկայության վկայությամբ տղամարդու հետ մերձեցման ժամանակ գիտակցության կորստի բնազանցական հրճվանքում, որը սակայն, ի վերջո, առանձին գոյ է մնում: Այդ պատճառով էլ գրողի բազմաթիվ բանաստեղծություններ երկփեղկված են թվում. հասցեատերն Աստվա՞ծ է, սիրեկա՞նը, թե՞ երկուսը միաժամանակ: Նա գտնում է, որ դերերը փոխատեղվել են, և մարդը, ում պետք է պաշտպաներ Աստված, այժմ պատրաստ է փայփայել այդ անճոռնի անկամ ծերուկին, որ չի տիրապետում իր հաճությանն ու ուժին, որ հնարավոր է ինքը կարիք ունի կարեկցանքի: Միայն թե գոյություն ունենա… որովհետև աշխարհն առանց Աստծո կորսված մարդկություն է: Այսպիսով, աշխարհը փրկելու գործողության մեջ բանաստեղծուհին՝ քնքուշ մերձեցման խոսնակը, պատրաստ է իր վրա վերցնել ցավահար Քրիստոսի դերը, փոխակերպել Ղազարոսին, որպեսզի սովորական մարդկային բարությամբ, ինչպես Աստված պատկերացրեց, չհանդուրժել չարը: Նա պատրաստ է փոխարինել Աստծուն, որպեսզի աստվածային վկայություն տա մարդկային հանցագործությունների դեմ: Եթե նրանից է կախված կյանքը, նրա հյուսվածքից հյուսված Ղազարոսը և այլ «տիկնիկներ մահից հետո դրախտ են գնում»՝ հիշողության ու պոեզիայի, որը փրկության աստվածային ուժ ունի: Ես Աստծո նման եմ,- ասում է բանաստեղծուհին,- քայլում եմ ջրի վրայով, ձկներ եմ բազմացնում:

Աշխարհից դուրս, վերհառնելով իր աշխարհում, բանաստեղծուհին համոզված է, որ դա հենց իր արտասովոր անկ­շռությունն է նրան դարձնում Աստծո հետ հանդիպման ընտրյալ: Վերելքի ու վայրէջքի մշտատև տատանումներում, ուր գոյություն ունի զուգահեռաբար, նա հոգևոր բարձրության ու երկրային հատակի ապացույց է տեսնում: Երկնային ոլորտում հառնում են պատկերներ մանկությունից. տան տանիքին ամրացված գազով փուչիկները, աշխատող մոր արդուկի գոլորշին, ձյունը քաղաքի մայթերին (անապատի ավերիչ հրդեհի հակապատկերը), թռչնի երջանկությունը, սիրահարների սերը: Վերևից Սուրբ Հոգին է իջնում, ու նա համբառնում է՝ մեղքի զգացումով, որ հենց այդ պահին մոռացության է մատնում դաժան անցյալը: Միաժամանակ ընկնում է ամենն, ինչը կանխորոշում է մարդու առօրյան՝ ժամանակն ընկնում է կնոջ կրծքին, ափսաթաթիկ նորածինները մահանում են, գրիչն ընկնում է թղթի վրա: Այս դիտարկումների քնարակիր հեղինակը չի ցանկանում կորցնել կապը գոյության բարձունքների հետ, ասում է. «եթե ուզում եք պատժել ինձ, կախեք արճիճ» սեպերից ոտքերս՝ վեր, գլուխս՝ դեպի գետին:

Պնդում է, որ Աստված իր վերջին, անկամ տիկնիկն է, որ կենդանանում է միայն այն ժամանակ, երբ ինքն է ցանկանում: Որոնումներից հոգնած՝ ուզում է ազատվել Աստծուց («թող ինձ… հեռանամ»), որպեսզի հավատա ինչ-որ այլ՝ ավելի հուսալի բանի: Եվ, տարօրինակ կերպով, բանաստեղծուհու ազատագրման հենց այս աղերսն է Աստծո գոյության լավագույն վկայություն: Սոնա Վանն իր պոեզիայով կյանքի է կոչում հավատքն առ Աստված, որ մարդկության միակ վահանն է:

«Արդյոք ինձ թվո՞ւմ է, թե՞ այնտեղ՝ խավարում, ինչ որ բան շարժվեց»,- հարցնում է Սոնա Վանը:

Թարգմանիչ` Նաիրա ՄԱԽՉԱՆՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.