ՀԳՄ մեծ դահլիճում տեղի ունեցավ Պարույր Սևակի 100-ամյակին նվիրված հանդիսություն: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ներկաներին շնորհավորելով Պոեզիայի միջազգային օրվա առթիվ, ասաց, որ Սևակի բանաստեղծությունները հնչում են մշտապես, սակայն քիչ են հայտնի նրա թարգմանությունները, այդ պատճառով որոշվեց Պոեզիայի միջազգային օրը նվիրել առավելապես նրա թարգմանություններին: «Պարույր Սևակը մեր եզակի բանաստեղծներից է: Չարենցից հետո Սևակը արժանավորապես շարունակեց հայ գրականության շղթան: Դժվար ժամանակներ են եղել, արգելքներ կային թեմաների առումով, հեշտ չէր գիրք հրատարակելը: Բայց Սևակն իր «Անլռելի զանգակատուն» պոեմով և «Մարդը ափի մեջ» գրքով մեծ հաջողություն ունեցավ և ճանաչվեց ժողովրդի մեջ: Ցեղասպանության թեման մեծ հնչողություն ունեցավ Շիրազի քնարերգության և Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի շնորհիվ»,- նշեց նա:
Ելութ ունեցավ ՀԳՄ Սուրեն Քոչարյանի անվան պոեզիայի և ասմունքի թատրոնը (ղեկ.՝ Սամվել Բաղինյան): Պ. Սևակի բանաստեղծությունները և Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Էդ. Մեժելայտիսի, Ա. Յոժեֆի, Ի. Շիմոնի և Ի. Չանադիի թարգմանությունները ներկայացրեցին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասաններ Սամվել Բաղինյանը, Ռուզաննա Հախնազարյանը, Դավիթ Գասպարյանը, Արամ Կոստանյանը և Արմեն Քուշկյանը: Հանդիսությունը վարում էր Գայանե Սամվելյանը: