Դավադրությունները շարունակվում են / Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

Մեր հանրապետության անկախանալու առաջին իսկ օրվանից սկսված ապակառուցողական գործողությունները շարունակվում են առ այսօր։ Ամբողջ տնտեսությունը իբր թե ազգայնացնելով և մասնավորեցնելով՝ ավերվեց, և հիմա ի՞նչ ունենք։ Իրար հաջորդող իշխանություները միայն նպաստել են երկրի տնտեսական քայքայմանը։ Սակայն ամենացավալին այն է, որ ներկա իշխանությունները ձեռք են բարձրացնում նաև մշակութային, կրթական բնագավառների վրա։ Այսօր էլ շրջանառվում է ակադեմիական համակարգի կազմաքանդմանն ուղղված դիսկուրս՝ իբր այն առավել արդյունավետ դարձնելու և մայրաքաղաքի կենտրոնը ծանրաբեռնվածությունից ազատելու և այլ անհեթեթ նպատակների համար։ Մեր «ազգային» իշխանություները կեղծ, անհամոզիչ հայտարարություններով ցանկանում են ՀԳՄ-ին և այլ ստեղծագործական միություններին զրկել Խորհրդային ժամանակներից որպես սեփականություն տրված շենքերից։ Մի՞թե պարզ չէ, որ ստեղծագործական միությունները, զրկվելով իրենց սեփականություններից, չեն ստանալու համապատասխան, հարմար տարածքներ, ինչի հետևանքը հայտնի է՝ պիտի կազմալուծվեն ու դադարեն գործելուց, ու դա պիտի նպաստի ազգային գիտության և արվեստի կործանմանը, լավագույն դեպքում՝ անկմանը։ Չի կարող պատահել, որ իշխանությունները չհասկանան այդ պարզ ճշմարտությունը։ Հետևաբար, եթե այդ ամենն անում են գիտակցաբար, ուրեմն՝ գիտակցաբար էլ նպաստում են ազգային գիտության ու արվեստի անկմանը։ Ինչո՞ւ…
ՀԳՄ վարչության նիստում քննարկվեց այդ խնդիրը և միաձայն ընդունվեց որոշում՝ պայքարել սխալ ու ապազգային որոշման դեմ, պահպանել օրինական սեփականությունը։ Մենք գտնում ենք, որ իշխանությունների որոշումն անօրինական է, և պարտավոր ենք պայքարել այդ անօրինական որոշումն իրագործելու դեմ։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։