ԱՐՁԱԳԱՆՔ / Նորայր ԱԴԱԼՅԱՆ

 

Չեմ կարող խոսք չասել 2024 թ. մարտի 22-ի «Գրական թերթում» տպագրված «Մշակույթի հիշողությո՞ւն, թե՞ հիշողության մշակույթ» հոդվածի վերաբերյալ, որի հեղինակը Կարինե Խոդիկյանն է։ Կուզեի դա գրված լիներ իմ սրտի ու իմ մտածողության գրչով։ Բայց ուրախ եմ, որ նա է գրել։ Ավելին։ Ասես շատերն են այդ հոդվածի հեղինակը, բոլոր նրանք, ովքեր սիրում են հավերժական Հռոմից տարեց Երևան Էրեբունին, ապրում են նրա հազարամյա մշակույթի հիշողությամբ, և այստեղ սողացող քաղաքացիներ չեն, այլ՝ տեր ու պահապան են նրան։ Վերջին տասնամյակում եղե՞լ է էլի մեկ-երկու գրվածք՝ այս աստիճանի անշրջանակ բովանդակությամբ։ Չեմ հիշում։ Գուցե կան։ Եթե նույնիսկ չկան, Կարինե Խոդիկյանի հոդվածը մի զգալի չափով խախտում է մեր անտարբերության լռությունը։ Եվ սա մխիթարիչ է։
Հոդվածը լուսավոր ենթաբնագիր ունի՝ հեղինակի հպարտանքն իր հոգևոր պատմության հատկապես ճարտարագործ երևույթներով, որոնք կինոժապավենի նման ցուցադրվում են մեզ։ Կարինեն քայլում է մեր քաղաքով (մենք էլ նրա հետ) և վայելում նրա ծիածանի գույները («Նա տեսել է երևի արևային մի քաղաք» – Չարենցն՝ Ալեքսանդր Թամանյանի մասին)։ Բայց… Սա շատ տխուր, չասեմ՝ ողբերգական «բայց» է, նրա հոդվածի երևացող երեսը։ Այսօր տեսնում ենք՝ հեռացել ենք մեծ ճարտարապետի տեսլականից, խեղաթյուրել ենք մեր «հեքիաթը», որն իրականում «վիպասք» է եղել, մենք, բարեկամներ, այլևս մենք չենք, ուրիշ ենք, «համաշխարհային ազգ», ինչպես ասաց մի տհաս, դեռևս ողջ քաղաքական դիակ։ Փոսի թատրոնը չկա, 5-րդ դարում ծնված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին 1936 թվականից ի վեր ոչ ևս է, «անկրկնելի ճաշակով, խաղողի ողկույզների ու տերևների զարդաքանդակներով սև տուֆե գեղեցկուհին» չկա, արդեն այս չկա, այն չկա՝ գրադարաններ, թանգարաններ, գրախանութներ, ամեն ինչ մի քանի դրամով վաճառված, քարուքանդ, անճանաչելիորեն այլակերպված… Կարինեի սիրտը ցավում է՝ ցավեցնելով նաև մեր սրտերը։
(Ինչո՞ւ չասեմ, բարեկամներ. մենք զայրացած ենք, որ թուրքը երեկ մեր Նախիջևանում, իսկ այսօր Արցախում ոչնչացնում է հայ մարմինն ու հոգին՝ գերեզմանոցներ, մշակութային օջախներ, խաչքարեր, հայոց լեզուն, մեր ժողովրդին արտաքսում իր հազարամյա բնօրրանից, ցեղասպանություն գործում՝ փորձելով ի լրումի հասցնել «Հայաստան առանց հայերի» ռուս կայսրության դարավոր հանցագործ ծրագիրը։ Իսկ ի՞նչ ենք արել ու անում մենք մեզ հետ, մենք մեր դեմ… Ասված է՝ մի ժողովուրդ կարող է մեռնել միայն ինքնասպանությամբ։ Մեզ է ուղղված այս վտանգավոր ճշմարտությունը։ Ե՞րբ ենք ուշքի գալու։ Ի՞նչ ենք ցանում ու հնձում…)։
Հոդվածում Կարինե Խոդիկյանն այստեղից սահուն անցում է կատարում դեպի մեր գերներկան՝ «ակադեմիական քաղաք», գրելով՝ «ակադեմիական քաղաքի գաղափարին կողմ եմ» (բայց կարևոր վերապահումներով.- Ն.Ա.)։ Ես, սիրելի Կարինե, ի սկզբանե վճռականորեն դեմ եմ եղել ԿԳՄՍ նախարարության գորգապատ սենյակներից ու միջանցքներից Երևանի աղբոտ փողոցներ նետված այս ծրագրին, որի մասին խոսել եմ թե՛ «Գրական թերթ» և թե՛ «Ազգ» պարբերականներում, ասել եմ՝ «այսօր մեզ ակադեմիական քաղաք պետք չէ, մեզ անհրաժեշտ է ունենալ բարոյականության քաղաք»։ Սակայն իշխանավորներից ո՞վ է լսում, շատերը՝ խուլ ու ստրկամիտ, սուտ «մոդեռնիստ» կամ կեղծ «նորարար»։ Ամեն բան, ինչ առաջարկում են ու խորհուրդ տալիս պատահական ու պատեհապաշտ խորհրդականները, մեղր կամ հալած յուղ չհամարեք, պարոն վարչապետ, «ակադեմիական քաղաքը» երազախաբություն է ու չար երազ։
Ասեմ ինչու։
Մի կողմ թողնեմ այդպիսի քաղաք կառուցելու և պահպանելու միլիարդավոր դոլարների անհրաժեշտությունը հազար ու մի գոյաբանական հոգս ունեցող մեր երկրում, թեև անտեսելու բան չէ։ Ուրեմն՝ Երևանում գործող բուհերն ու ակադեմիական ինստիտուտները, շուրջ հարյուր սուբյեկտ, իրենց հազարավոր աշխատակիցներով, տասնյակ հազար ուսանողներով և կից ու օժանդակ ծառայողներով մշտապես թե ամեն օր տանել-բերելով տեղափոխում ենք նախկին ՊերՃ Պռոշյան սովխոզի քարուքռա տարածք, ինչպե՞ս, ասեմ՝ մետրոյո՞վ (արդեն մի քանի տասնյակ տարի «Բարեկամություն» մետրոկայանից փորձում ենք հասնել Երևանի Աջափնյակ թաղամաս ու չենք հասնում), գնացքո՞վ, ինքնաթիռո՞վ, շոգենավո՞վ (սրան «Նավը լեռան վրա» վեպի հեղինակ Կոստան Զարյանն էլ չի հավատա), ուրեմն՝ ինչո՞վ՝ պարզ չի՞, պիտի ունենաս Իկարուսի թևեր… Գերհզոր, գերհարուստ, գերխելացի Ամերիկան անգամ այս խնդիրը չի կարող լուծել։ Իսկ մենք ուրիշ ենք… Դու ուրիշ ես, ԿԳՄՍ, նախարարություն ունենք, որ աշխարհը չունի։
Տեսնես զարգացած երկրներում այսպիսի գործընթաց կա՞։ Ես չգիտեմ։ Բոլոր մայրաքաղաքներն էլ, ամեն մեգապոլիս, իրենց ժողովրդի գիտաուսումնական ներուժի կենտրոններ են։ Օրինակ «ՅուՍիԷլԷյ»-ը ամերիկյան նշանավոր համալսարաններից է, որտեղ եղա 1999-ին։ Այն Կալիֆորնիայի փշոտ անապատներում չէ, մի մեծ-շքեղ ակադեմիական քաղաք շատ ավելի հսկայական ու շքեղ Լոս Անջելեսում, քաղաք է քաղաքի մեջ։ Փարիզն էլ իր մտավոր կենտրոնն ունի, Լոնդոնը, Բեռլինը, մեզ հարազատ եղբայր Տարտուն, ո՞վ չունի։ Եթե պետք է Երևանից ինչ-որ բան արտահանել, իհարկե պետք է, ապա ես առաջարկում եմ, քննարկեք, հարգելի ընկերներ, Երևանից դուրս բերել բոլոր նախարարությունները, նմանապես և ԿԳՄՍ-ին։
Ի՞նչ կշահենք՝ կառուցելով «ակադեմիական քաղաք»։ Թվում է՝ բիզնես։ Արդեն այդ մասին հասարակական կարծիք է շրջանառվում։ Դատարկված շենքերը, որոնցից մի քանիսը Երևանը զարդարող ճարտարապետական հուշարձաններ են, ինչպես օրինակ՝ Աբովյան փողոցում գտնվող համալսարանի սևատուֆ մասնաշենքը, որը մեր նորագույն գիտության առաջին հանգրվանն է, մի քիչ ներքև՝ Բժշկականը (քոռանանք ու Մատենադարանը չտեսնենք), Պոլիտեխնիկը, Կոնսերվատորիան և այլն, կպետականացվեն ու կսեփականացվեն՝ դառնալով փող շինող-լվացող հյուրանոցներ, սուպերմարկետներ, խաղատներ, սաունաներ ու պոռնկատներ, հո երթաս, Երևանի կենտրոն։ Ի՞նչ անուն տամ նրան, թող Երևանի քահանայապետն ասի՝ խաչակիր տեր Կճոյանը։ Չի ասում, վախենում է։ Ես էլ եմ վախենում, բայց մի կես բերան ասեմ-չասեմ՝ Արսենյան-Գռզո-Մայրապետյան թաղամաս՝ «Ավելի շատ ռեստորան» մեծադիր ազդագրերով։
Ի՞նչ կկորցնենք այս «ակդեմիական քաղաքը» շինելով։ Երևանի դիմապատկերը, սիրտն ու հոգին։ Կդառնանք մանկուրտ։ Չենք ունենա և՛ մշակույթի հիշողություն, և՛ հիշողության մշակույթ, ահա այսպիսի տագնապ է հնչեցնում Կարինե Խոդիկյանը։ Չեմ ցանկանում հայերիս կյանքում գյուղաշխարհի նշանակությունը դյուզն-ինչ փոքրացնել։ Սակայն կարծում եմ, որ մեր ու բազմաթիվ ժողովուրդների զարգացումը պայմանավորված է շատ ու տարբեր քաղաքային իրողություններով։ Ես եղել եմ արևմտյան շուրջ քսան երկրում և տեսել ու զգացել եմ՝ ինչպես է նրանց գյուղաշխարհը քաղաքացվում, այնտեղ վաղուց ջնջվել են երկու կենսամակարդակների միջև գտնվող կարմիր գծերը, և այս լավ թե վատ գործողությունը շարունակում է թափով առաջ ընթանալ, որի դեմ արդեն դիմադրիչ խաղ չկա, աշխարհը բնականորեն անում է իր ուրախ թե տխուր լարախաղացությունը։ Այստեղ մեր թավիշ հեղափոխության ոճով դանդաղ ու թավշորեն աշխատող Հայաստանն էլ կա։ Իմ մանկության տարիներին, հիշում եմ, օրինակ, Աշտարակը մրգաշատ ու ոսկեվազ գյուղ էր, իսկ այսօր՝ հայրենիքիս լիարժեք քաղաքներից մեկը՝ իր կենցաղով ու բազմապատկված բնակչությամբ։
Քաղաքը միայն շենքերը չեն, այլ ավելի՝ այնտեղ ապրող մարդիկ, ոչ բնակիչներ, այլ՝ քաղաքացիներ իրենց յուրակերպ հոգեկառուցվածքով։ Նրանց իրենց բան ու գործով Երևանից տեղափոխել Պռոշյան սովխոզ, որին, համոզված եմ, դեմ կլիներ նաև պայծառատես գյուղացի ու հիանալի վիպասան Պռոշյանը, որի «Հացի խնդիրը» գյուղագրություն չէ, այլ՝ քաղաքային մակարդակով քաղաքագրություն, ինչպես նաև նրա ուսուցչի՝ Քանաքեռ գյուղում ծնված, արևմտամետ հոգեբանությամբ Խաչատուր Աբովյանի անմահ «Վերք Հայաստանին», կնշանակի Երևանն անվանափոխել թուրքաշունչ Էրիվանով, որը համազոր է ինքնասպանության։ Վաթսունհինգ տարի առաջ եմ ավարտել Երևանի պետական համալսարանը և այսօր քայլելով իմ պատանեկության տարածքներով՝ հոգիս երջանկանում է կոնսերվատորիայի և մյուս բուհերի լուսամուտներից թռչող ձայներից։ Աչքերս խոսում են տասնյակ հազարավոր ուսանողների հետ, կարծես գույնզգույն թիթեռների պարսեր, ծիծեռնակների ու աղավնիների երամներ լինեն։ Այդպես էլ կա։ Զգանք ու գիտակցենք՝ նաև սա ենք մենք ու մեր քաղաքը։ Չդավաճանենք մեր քաղաքին ու մեզ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Անգլիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը կառավարության նիստում առաջարկում է պետական բյուջեից ամենաշատ հատկացում անել մշակույթին։ Ներկա գեներալներից մեկը նրան զգուշորեն առարկում է՝ «սըր, ախր պատերազմի մեջ ենք», ինչին Չերչիլը հակադարձում է՝ «մենք կռվում ենք հանուն մեր մշակույթի պահպանման ու զարգացման»։ Նիկոլ Փաշինյանն այս երկխոսությանը երևի ծանոթ է, որովհետև իր «Երկրի հակառակ կողմը» գրքում նշում է իրեն հոգեհարազատ մի քանի հռչակավոր գործիչների անուններ, այդ թվում՝ նաև Չերչիլի։ Ես այնքան միամիտ չեմ, որ մեր վարչապետին տեղավորեմ չերչիլիզմի շրջանակում։ Ոչ ու ոչ։ Բայց կարծում եմ՝ ժողովրդի կյանքում մշակույթի բարձր ներկայության կարևորությունը քիչ թե շատ պիտի գիտակցի ամեն վարչապետ։ Մեզանում սա դեռևս չլուծված խնդիր է՝ ավելի կաթիլային ոռոգմամբ սնուցվող այգիներ, քան մշակույթի հիշողություն։
Պարոն վարչապետ, չեմ վախենում՝ փողոցային ընդդիմությունն ինձ հայհոյի, և անկեղծորեն ասում եմ՝ իմ վարչապետ, ինչո՞ւ, ախր ինչո՞ւ եք ձեզ ներկայացնում ընդամենը այս մի բուռ Հայաստանի վարչապետ և ոչ նաև ծովից ծով տարածված պատմական Հայաստանի։ Ցեղասպան Ալիևը փսլինքոտվում է, թե, աշխարհ, իմացիր, Նոյ Նահապետն ադրբեջանցի է, իսկ դուք Արարատից եք հրաժարվում և հանրությանը ցույց տալիս մի ոսկեգույն թղթի կտոր, որտեղ Արարատը չկա։ Կա, պարոն վարչապետ, կարդացեք մեր հազարամյա պատմությունն ու գրականությունը, ականջալուր եղեք հայ ազգային իմաստությանն ու խրատներին, լսեք մեր ժողովրդի հոգու և սրտի ալեկոծումները, պատմամշակութային հիշողություն ունեցեք և կտեսնեք, որ դուք մի մեծ երկրի, մի մեծ ժողովրդի վարչապետն եք, մի՛ վախեցեք մտնելու այս ծանր բեռան տակ, այլապես դուք իմ վարչապետը չեք։
Կարինե Խոդիկյանի հոդվածը մեր այս օրերում որքան անսպասելի, նույնքան էլ սպասելի ստեղծագործություն է։ Ահա թե ինչու փորձեցի որոշ շեղումներով արձագանքել նրան։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։