ՄԱԿ-Ը ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ԱՐՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ Զորի ԲԱԼԱՅԱՆ

Մեր ժողովրդի կողմից անչափ սիրված և հարգված Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի մասին ես շատ եմ գրել: Նորին սրբության հարյուրամյակի կապակցությամբ (2008 թ.) «Լիտերատուրնայա գազետա» թերթը տպագրեց իմ ծավալուն ակնարկը: Հիմա, նույնիսկ շատ տարիներ անց, պատահաբար չէ, որ հիշեցի այդ զարմանալի մարդուն: Մի անգամ, հերթական հանդիպման ժամանակ, երկար ձգվող խոսակցության թեմայի արծարծման ընթացքում, ես հարցրի Վեհափառին. «Ինչո՞ւ են ռուսական Պատրիարքին անվանում «Ամենայն Ռուսիո», իսկ հայկական Կաթողիկոսին՝ «Ամենայն Հայոց»: Առանց երկար մտորելու, նա իսկույն պատասխանեց, ակնհայտորեն սպասելով այդ հարցին. «Որովհետև «Ամենայն» Հայաստանն աշխարհագրականորեն փշրված է, իսկ «ամենայն» հայերն ապրում են բոլոր հինգ մայրցամաքներում»: Եվ, առանց շունչ առնելու, հավելեց՝ աշխատելով ճշգրտել իր միտքը. «Չէ՞ որ երբ Երկիր մոլորակի վրա ինչ-որ տեղ արյուն է հեղվում, ապա, որպես կանոն, հեղվում է նաև հայկական արյուն: Եվ, իհարկե, ես որպես հայ ժողովրդի հոգևոր առաջնորդ, անհանգստություն արտահայտելով մեր հայրենակիցների ճակատագրի համար, չեմ կարող անտարբեր գտնվել այլ ժողովուրդների ճակատագրի հանդեպ»:
Ինձ համար հիշարժան այդ հանդիպումից մեկ տարի անց Էջմիածնում Վեհափառին այցելեցի ռազմաճակատային Բեյրութից վերադառնալուց անմիջապես հետո, որտեղ գործուղվել էի «Լիտերատուրնայա գազետայի» կողմից: Ասացի, որ բազմիցս եմ հիշել մեր զրույցը և իր մարգարեությունը: Պատմեցի՝ ինչպես էր միլիոնանոց քաղաքում հեղվում բազմաթիվ ժողովուրդների արյունը: Քրիստոնյաների և մահմեդականների արյունը: Զոհվեցին և վիրավորվեցին հարյուրավոր հայեր, ավելի քան երեսուն հազարը զրկվեցին տանիքից և օթևան գտան Սիրիայում: Մեծամասնությունը՝ Հալեպում:
Պարզվեց, որ Վեհափառը լավատեղյակ էր իրավիճակին: Նա ասաց, որ հանգամանալից նամակ է ուղարկել Եկեղեցիների համաշխարհային խորհրդին և պատճենը՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին: Ես ուշադիր նայում էի նրա դեմքին, բարձր, լուսավոր ճակատին, բարի-թախծոտ մուգ աչքերին և մտածում, որ աշխարհիկ կյանքում, ավարտելով Բուխարեստի պետական համալսարանը, նա աշխատել է ուսուցիչ, զբաղվել լրագրական գործով, գրել գրականագիտական հանգամանալից աշխատություն Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» լեգենդար գրքի մասին: Հիշեցնեմ, որ տասնամյակներ անց նրա տաղանդավոր գրական ուսումնասիրությունը հրատարակեցինք «Դրուժբա նարոդով» հեղինակավոր ամսագրում:
Հայտնի է նաև, որ հետպատերազմյան՝ 40-ական թվականների վերջերին ակտիվ մասնակցություն է հանդես բերել խաղաղության մարտիկների շարքերում: Արժանացել է միջազգային մրցանակի՝ Ժոլիո Կյուրիի անվան Խաղաղության ոսկե մեդալի:
Այդ զրույցի ժամանակ, հիշում եմ, մի պահ լռություն տիրեց: Վեհափառը մատներով դիպավ իր թավ, ճերմակ մորուքին, խորը արտաշնչեց և մեղմաձայն ասաց. «Այն, ինչ այսօր կատարվում է Լիբանանում, միայն սկիզբն է, դրանք ծաղիկներն են: Ես կասեի՝ դա գալիք արյունոտ տարիների գարունն է»:
Զարմանալի է, որ ավելի քան երեսուն տարի անց (այն էլ ինչպիսի՜ տարիներ) վեհափառյան «գարնան» յուրօրինակ պատկերը համաշխարհային քաղաքականության կողմից օգտագործվելու էր «արաբական գարուն» բառակապակցության մեջ: Ամենայն Հայոց Կաթողիկոսը ասես այն ժամանակ կանխատեսում էր այսօրվա օրը: Եվ դեռ այն ժամանակ, բարձր գնահատելով ՄԱԿ-ի դերը մեր բարդ աշխարհում, առաջարկեց. «Ստեղծված իրավիճակում,- ասաց նա,- ՄԱԿ-ի կառուցվածքում Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ կառույցների կողքին պետք է գործի Համաշխարհային հիմնական եկեղեցիների խորհուրդ, նույնիսկ Փիլիսոփաների և պատմագետների խորհուրդ»:
Ես կարծում եմ, հիմա էլ առանձնապես ուշ չէ սթափ ականջալուր լինել ամենևին էլ ոչ հասարակ բառերին այն իմաստուն մարդու, ով, կրկնում եմ, դեռևս Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս եղած ժամանակ ակտիվորեն պայքարել է խաղաղության մարտիկ- ների շարքերում: Վեհափառը վախճանվեց 1994 թվականի օգոստոսի 18-ին, վերապրելով Սումգայիթի և Բաքվի ողբերգությունը, վերապրելով ԽՍՀՄ-ի փլուզումը: Սկիզբ առնող միաբևեռ աշխարհի գալիք օրով դեռ այն ժամանակ նա մեծապես անհանգստացած էր: Հասկանում էր, որ առաջիկա տասնամյակների ընթացքում անիմաստ է խոսել բազմաբևեռության մասին, գիտակցելով Ռուսաստանի, Չինաստանի և լուծարված ողջ սոցիալիստական ճամբարի վիճակը՝ Վարշավայի պայմանագրով հանդերձ: Նա ասաց, թե լավ է հիշում՝ ինչպես էին իրատես անձինք Հիտլերի իշխանության գալուց անմիջապես հետո, Ֆրանկոյի օրոք, Իսպանական Ֆալանգայի թեժ օրերին անարդյունք փորձում վերանայել Ազգերի լիգայի իմաստն ու էությունը: Հայտնի է, որ դա ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմով: Վեհափառը հավելեց. «Այսօր, ստեղծված այս իրադրության մեջ ՄԱԿ-ը պետք է հիմնովին վերակառուցվի՝ արմատապես վերանայելով իր կանոնադրությունը»:
Ես ուշադիր ուսումնասիրել եմ ՄԱԿ-ի պատմությունը, սկսած 1945 թվականի հոկտեմբերի 24-ից, և եկել այն եզրակացության, որ այսօր, երբ ԻԼԻՊ-ը բազմաթիվ անգամներ լկտի թատերայնությամբ, ըստ էության լիովին անպատիժ, ողջ աշխարհի աչքի առջև թռցնում է մարդկանց գլուխները, ՅՈՒՆԵՍԿՕ-ի աչքի առջև հիմնահատակ ավերում է հին աշխարհի ճարտարապետական գլուխգործոցները, պետք է գործուն կերպով մտածել առաջին հերթին բուն ՄԱԿ-ի մասին, որն ինչ-որ բանով հիշեցնում է պենիցիլինի ճակատագիրը (թող ներվի ինձ՝ բժշկիս, առաջին հայացքից այսքան տարօրինակ համեմատությունը): Ի դեպ, պենիցիլինը բժշկության

մեջ գործածության մտավ նույնպես 40-ականների վերջերին, երբ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Անգլիայի և Չինաստանի ներկայացուցիչ- ները Վաշինգտոնի Դամբարտոն Օուքս առանձնատանը քննարկում էին ՄԱԿ-ի կանոնադրությունը: Այն ժամանակ ինչ-որ մեկը դա անվանեց բոլոր դժբախտությունների գալիք համադարման: Իսկ չէ՞ որ պենիցիլինը նույնպես կոչեցին բոլոր դժբախտությունների համադարման: Եվ իրոք, սկզբում, առաջին տարիներին այդպես էլ կար. հրաշք: Սակայն մի քանի տարի անց «բոլոր ցավերի համադարմանը» սկսեց բառացիորեն հակառակ ազդեցությունը գործել: Իհարկե, ոչնչով մեղավոր չէին մեծ գիտնականներ, նոբելյան դափնեկիրներ Ալեքսանդր Ֆլեմինգը, Հովարդ Ֆլորին և Էռնստ Չեյնին: Պարզապես, ժամանակի հետ չարանենգ մանրէներն ակտիվորեն հարմարվեցին բորբոսասնկերին, որոնք շուտով, պարզ ասած, համեղ կեր դարձան նրանց՝ մանրէների համար: Մի ամբողջ գիտություն ի հայտ եկավ հակաբիոտիկների գծով, առանց որոնց այսօր, ցավոք, բժշկագիտությունն առայժմ չի կարող յոլա գնալ: Բայց հայտնի է նաև, որ հակաբիոտիկները դժվար թե կայուն ապագա ունենան: Դրանք ավելի շատ խնդիրներ են պարունակում, քան օգուտ:
Իսկ չէ՞ որ նույնն էլ հիմա կատարվում է ՄԱԿ-ի հետ, որն անվիճելիորեն, անկախ նրանից՝ ցանկանում ենք թե ոչ, կարիք ունի հիմնովին վերափոխվելու, ինչպես, կրկնում եմ, դա եղավ անցած հարյուրամյակի 30-ական թվականների կեսերին Ազգերի լիգայի պարագայում: Կարծում եմ, այդ ամենը շատ էլ բնականոն էր: Վերջիվերջո, այսօրվա ՄԱԿ-ը Դամբարտոն Օուքս առանձնատանը հավաքված առաջին չորս պետությունները չեն, այլ՝ մոտ երկու հարյուր երկրներ: Այն ժամանակ ատոմային ռումբ ուներ միայն մեկ երկիր, այսօր՝ ավելի քան մեկ դյուժին, այդ թվում՝ Պակիստանը և Հյուսիսային Կորեան: Այն ժամանակ աշխարհում ապրում էր երկուսուկես միլիարդ մարդ, այսօր՝ յոթուկես միլիարդ: Այն ժամանակ մահմեդականները 300 միլիոն էին, այսօր՝ մեկուկես միլիարդ: Այդ թվի մեջ է մտնում, բնականաբար, ԻԼԻՊ-ը, որը չտեսնված վտանգ է ներկայացնում, առաջին հերթին, հենց իրենց՝ մահմեդականների համար:
Դեռևս 90-ականների սկզբին, կանխատեսելով ԽՍՀՄ-ի փլուզումը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը զարմանք հայտնեց, թե ինչպե՞ս կարելի է անփոփոխ թողնել
ՄԱԿ-ի կառուցվածքը, որն ունի մեկ գեր-խնդիր՝ ազգերի միջև հասնել փոխըմբռնման: Եվ Վեհափառը խորապես միտք արեց ՄԱԿ-ի դերի և խնդիրների վրա այն պայմաններում, երբ աշխարհը դառնում է միաբևեռ: Նա խոսում էր այն մասին, թե ինչպե՞ս կարող են քաղաքական գործիչներն օգտագործել ողորմություններն ու պատժամի- ջոցները, կրոնական երկպառակությունները, հարևան երկրների, աջերի ու ձախերի միջև ծնվող անհամա- ձայնությունները: Բերում էր բազմաթիվ օրինակներ պատմությունից: Այդ ամենի մասին խոսակցություն եղավ, այսօրվա պես հիշում եմ, 1990 թ. սեպտեմբերի 29-ին, Մոսկվայում: Զրույցին մասնակցում էր հայ մեծ արտիստ Սոս Սարգսյանը: Ես գրառումներ էի կատարում հուշատետրում: Երկար ու դժվարագույն տարիներ անց, շուրջերկրյա նա- վարկության ժամանակ օգտագործեցի այդ գրառումները «Արմենիայի» նավամատյանում, երբ անձնակազմն իր աչքերով տեսավ արյունը Կահիրեի հրապա- րակներում: Մի հատված բերեմ գրառումից, որը զետեղել եմ իմ Երկերի ժողովածուի ութերորդ հատորում.
«…Գուցե արժե մտածել, բացի ամենայնից, ՄԱԿ-ի նստավայրի աշխարհագրությունը փոխելու և այն «չեզոք» երկրում տեղադրելու մասին, ճիշտ նույն կերպ, ինչպես որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի թեկնածու է ընտրվում բացառապես այն երկրից, որը հավատարիմ է չեզոքության սկզբունքին: Անրաժեշտ է փոխել ՄԱԿ-ի էությունն ու բովանդակությունը, ելնելով տրամաբանորեն ճշգրտված գործունեությունից, որից կախված են աշխարհի բոլոր ժողովուրդների, բոլոր երկրների, մեր ողջ մոլորակի ճակատագրերը: Իսկ մոլորակն այսօր արդեն հիշեցնում է աստվածաշնչյան Բաբելոնը: Դա, իհարկե, գեղարվեստական պատկեր չէ: Դա հիշեցում է այն մասին, որ երկրները կործանվել են անըմբռնողականությունից: Վաղուց է ասված, որ այն թշնամիների է վերածում բարեկամներին: Այդպես եղավ բիբլիական աշտարակաշինության ժամանակ: Աշտարակը փլուզվեց, և միմյանց չհասկացող մարդիկ զոհվեցին: Այսօր նաև մեր Երկիր մոլորակին կարող է բաժին ընկնել այդ օրինաչափ ճակատագիրը՝ իր բոլոր, լիովին ոչ առասպելական իրողություններով հանդերձ…»:
Եվ այսօր, ինչպես ասում էր իմաստուն Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը, մենք դեռևս կարող ենք փրկել մեր մոլորակը, մեր ընդհանուր տունը: Ես հավատում եմ դրան: Քանզի այլ տարբերակ չկա…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.