ՇՈՒՇԻ՜Ն, ՇՈՒՇԻ՜Ն… / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսա Շուշին՝ արթնացող, արթնացած, վերընթաց, վարընթաց…
Շուշին մի գեղեցիկ մարմին է, որ ապրելու մեծ կամք ունեցող հիվանդի է պատկանում… Մի բարդ մարմին-համակարգ, որ նաև ճակատագիր ունի ու տերն է այդ ճակատագրի:
Եթե ուզում ես մտնել ժամանակի մեքենայի մեջ ու ճամփորդել դեպի հեռավոր անցյալ, կարիք չունես ֆանտաստ գրող լինելու: Ոտքդ դի՛ր Շուշիի սալահատակին, և նա քեզ կներքաշի իր հիվանդ մարմնի մեջ, որի մեջ շարժվող ցավերը ո՛չ երեկ են բուն դրել այստեղ, ո՛չ մեկ կամ երկու դար առաջ, և ո՛չ էլ ազատագրումից և Ապրիլյան քառօրյայի ֆանտասմագորիկ անցքերից հետո: Այստեղ ծառերն ու թփերը, քարերը՝ ամեն պահ կենդանի հոսանքներով, իրենց հիշողությունն են հաղորդում ապրողին՝ հնաբնակին և պարզ անցորդին:
Կյանքով լի երեք ֆիլիպինցի կարճլիկ աղջիկներ հիացմունքով ուտում են «Գրանդ Քենդիի» պաղպաղակն ու ուրախանում, որ հայտնվել են աշխարհի մի հեռավոր, գուցե և մարդկության կողմից մոռացված, նույնիսկ լավ աշխարհագրություն իմացողին ոչինչ չասող այս էկզոտիկ վայրում: Գուցե պատահականության սկզբունքով աչքերը փակել, ցուցամատով փոքրիկ շրջաններ են գծել ու կանգ առել մի կետի վրա, վստահ, որ համացանցի միջոցով իրենց ուղղորդող ներքին ձայնը մի բան գիտի, որը իրենք դեռ չգիտեն: Պայծառ աչքերով նայում են ու անմիջապես որսում ժպիտդ. խտրականությունը կարծես խորթ է իրենց՝ հայի՞ ժպիտ է, գերմանացո՞ւ, ռուսի՞, արաբի՞… Ժպիտը համամարդկային լեզու է, որի օգտակարությունը հայտնաբերել ու արդեն չարաշահել են Ամերիկայում, ինչպես նաև իրենց կողմից իրենց վերագրվող ժողովրդավարությունը… Իսկ այստեղ, ըստ շուշեցի տարեց ուսուցչուհու, «ֆեոդալական կարգեր են»… որի դեպքում քո կամ ֆիլիպինուհու ժպիտը, ուզած-չուզած, տեղ-տեղ սառչում է: Սառեց, երբ ժամանակի մեքենան կանգ էր առել մի շինության առաջ՝ «Արցախի Հանրապետության մշակույթի նախարարություն» ցուցատախտակով: Անցնում ենք ջահել ոստիկանի կողմից հսկվող անցակետով ու քայլում ընդարձակ միջանցքներով, բացվում են դռներ դեպի լուսավոր, մեծ պատուհաններով սենյակները… Ժպիտը վերակենդանանում է արյանդ բջիջների մեջ, որոնց հանկարծակիի բերելու հատկություններն անսպառ են կարծես… 19-րդ դարում կառուցված այս շենքը Օրիորդաց վարժարանն է եղել, որի միջանցքները, սենյակները, աստիճանավանդակները, շենքը՝ ինքը, մինչև նյութեղեն դառնալը, ճարտարապետի երևակայության համար ազատ ներշնչման, թռիչքների դաշտ է ունեցել: Այստեղ, մինչև 20-րդ դարի սկիզբը, ճեմել, սովորելու մրցակցության մեջ են եղել գեղեցիկ համազգեստով, ժանեկազարդ օձիքներով շուշեցի օրիորդները… Ժպիտը ինքն իրեն տարածվում է դեպի ականջներդ… Տեսնում ես պատկառազդու ուսուցիչներին… Խստաբարո վարժապետներին ու վարժուհիներին, որոնց հայացքների տակ մեծացող հայ օրիորդը կյանք մտնելու այլ ձև չուներ, քան ընտանիքի, ազգի պատիվը բարձր պահելու առաքինությունն է:
Շարունակում ես դեռ ժպտալ, երբ ժամանակի մեքենան քեզ ետ է բերել դեպի համակարգիչներով գրասեղանների, եվրոպատուհանների, վերանորոգված սենյակների իրականություն, և հիշում ես շուշեցի ուսուցչուհու բողոքը ժամանակակից «ֆեոդալիզմից»… 19-րդ դարում կառուցված, ծաղկած Օրիորդաց վարժարանի դիմաց կառուցված է «դարբնոց»: Հա, ի՞նչ կա որ… Թո՛ղ այսպես ժամանակակից շինություն լինի, թո՛ղ էլ նման չլինի Ա. Այվազյանի «Եռանկյունու» դարբնոցին:
Հիշողության քայլերը տանում են դեպի Ռեալական հինավուրց ուսումնարանի շենքը: Ժամանակի մեքենայի հնարավորություններից օգտվելու մի երկու ձև ենք հազիվ գտնում՝ ապշությունից դուրս գալու ընթացքում: Պատերից բերանբաց նայում են հսկա վառարանները: Միջանցքներն այստեղ էլ ընդարձակ են՝ կարծես թե ամեն ինչ կանոնավոր է, քանդվածությունը՝ նույնպես: Պատերի ծեփը, որ հիմնականում թափված չէ, ծղոտի ու կավի այնպիսի մի խառնուրդ է, որ դարերի միջից քմծիծաղով է նայում գաջե երեսպատվածքներին: Աստիճանավանդակները լայն են այնքան, որ աշակերտների մտքով էլ չէր անցնի միմյանց հրելով տեղ հասնել՝ և այն էլ այնպիսի պատկառազդու ուսուցիչների խոժոռ հայացքների տակ, որպիսիք էին Աճառյանը, Աբեղյանը, Լեոն, կարճ ժամանակով՝ Իսահակյանը: Դասասենյակները մեծ ու լուսավոր պատուհաններ են ունեցել, որոնց միայն բացվածքներն են մնացել: Եթե այս լայնշի պատուհաններից կախվեն թանձր, ժանեկազարդ վարագույրներ, մի այլ լուսավորություն կընկնի հուզմունքից կարմրատակած, աչքերը լայն բացած աշակերտների վրա: Նրանց, որ մեկուկես դար առաջ իրար մեջ հավաքած կոպեկներով «Тифлисский вестник» էին բաժանորդագրվում (ընդամենը 1 հատ), որ հետո իրար փոխանցելով կարդան ու ամբողջ հոգով համապրեն Բուլղարիայում թուրքերի կատարած գազանությունների պատճառած ցավը, ոգեխառնվեն Աճառյանի, Աբեղյանի, Լեոյի, Իսահակյանի ավանդած գաղափարներին: Այստեղ էր, որ Իսահակյանի ու Սոֆիկի սերը հասունացավ: Նրանց գաղտնի հանդիպումները չվրիպեցին շուշեցիների հայացքից, ու Սոֆիկի եղբայրները Իսահակյանի առաջ խնդիր դրեցին. «Դու արդեն արատավորել ես մեր քրոջ անունը»:
Մեզ հյուրընկալող ուսուցիչների ընտանիքը ապրում է Լեոյի անվան փողոցում, որ խիստ տարբեր է Երևանում նույնանուն փողոցից, որտեղ 2008 թ. մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերը այնքան թարմ են, որ դեռ պատմություն չեն դարձել: Ծուռումուռ, նեղլիկ փողոցը, որի երկու կողմերից Լեոյի մանուկ օրերին մասրենիներ էին կախված, հիմա մոշի թփուտներն են կախվում անցորդների փեշերից և տանում դեպի ներս: Բայց չգիտես՝ նե՞րս է, թե՞ քարափ, տնե՞ր են այնտեղ, խրճիթնե՞ր, թե՞ ավերակներ: Ահա և այն երկհարկանի տունը, որ պատկանում էր հարուստ աղային, որ միայն նողկալի հուշեր է թողել Լեոյի թշվառ մանկության մեջ: Դրսից նայելով՝ ոչինչ հնարավոր չէ իմանալ տան ու նրա բնակիչների մասին. ճիշտ այնպես, ինչպես մերօրյա դղյակները, բարձր պարիսպ ունի: Ասացին, որ այստեղ հիմա մի ուրիշ հարուստ աղա իր խոզերն է պահում: Արդեն ճանաչում ունեցող Լեոն իր ծննդավայր քաղաքը, իր ցնցոտիավոր մանկությանն էր այցելել շատ տարիներ անց և այնտեղ փնտրել հազվագյուտ լույսը, որից սկիզբ էր առել ինքը… Սակայն այսօր, այս նեղլիկ փողոցոմ, որ չգիտես՝ դեպի վա՞ր է գնում, թե՞ դեպի վեր… կարևոր էլ չէ, թե ի՞նչ էր գտնելու Լեոն: Սա այսօրվա Շուշիի նույնքան խեղճ ու նույնքան աղետյալ մի հատվածն է, ուր բերել-հասցրել է քեզ ժամանակի մեքենան:
Մեզ ասացին, որ այս աղետյալ քաղաքի կիսաքանդ, ամեն օր ավելի ու ավելի ավերվող բոլոր տները, որոնք, եթե անգամ թաղված են բերքատու ծառերի մեջ (անխնամ), տերեր ունեն, սեփականված կամ սեփականաշնորհված են, բայց տերերը ոչինչ չեն անում իրենց պատկանող այս ավերակները կյանքի կոչելու համար: Սրանք սպասում են, տխրում, համբերում են ու քայքայվում: Շուշի՝ գեղեցկահունչ, սիրված ու լլկված, կառուցված ու հրդեհված, գերված ու ազատագրված, ազատագրված…
Դարերի մեջ պարսիկից թուրքի, թուրքից պարսիկի, հայ հայրենասեր մելիքից մի դավաճան մելիքի ձեռքով անցած, ժանտախտ, սով, երկրաշարժ տարած Շուշին, որտեղ հայը ճարահատ ապրում էր այլազգիների հետ՝ երբեմն մեծամասնություն, գաղթերից հետո փոքրամասնություն դառնալուց հետո, վերջապես միատարր է… Վերջապես հայերն այստեղ իրենց գլխի տերն են, ավելի ճիշտ՝ հայերի գլխի տերերը հայեր են… Բայց այն, որ թեկուզ փոքրաթիվ շուշեցիներն այսօր քնում ու արթնանում են իրենց հողի վրա, առավոտյան բացում են իրենց աչքերը, խանութների դռները, ցողում են հին, փոշոտ սալահատակը, իրիկունը քիչ ու միչ առևտրից գոհ՝ գնում են տուն, արդեն իսկ հրաշք է… Հրաշք է, որ ոմանք գործատեղեր ունեն՝ առավոտյան ոտքով շտապում են աշխատանքի… Ուշանալը բացառվում է… Աշխատանք կորցնելը կործանարար է:
Բայց քանի դեռ այս ու այն կողմից վազվզող երեխաներ են երևում (հեծանիվ ունեցողները քիչ են, որովհետև խորդուբորդ փողոցներով հեծանիվը շալակած պետք է հասցնել քաղաքի սալապատ կամ ասֆալտապատ հատվածները), քանի դեռ կարողանում են պաղպաղակի փող ստանալ ծնողներից, ուրախ են…
Շուշին, Շուշին… Չէ՞ որ հայ մշակութային կենտրոն էր, երբ պետականություն չունեինք, և քաղաքն էլ բնակչությամբ միատարր չէր… Հիմա էլ կա մշակութային այդ հեռանկարը, որ հեռվի նկար է թեև, բայց հույս է ներշնչում, երբ նայում ես Մշակույթի նորակառույց թանգարանին, նրա գեղեցիկ, նորաոճ հարդարանքով դահլիճին, որտեղ Շուշիի հասարակության հետ ունկնդրեցի Հասմիկ Պապյանին: Իսկ քաղաքի ճիշտ սրտում գտնվող Նարեկացի կենտրոնին (տնօրեն Հայկ Պապյան) մոտենալիս արդեն զգացվում էր՝ այստեղ տրոփող սիրտ կա, շունչ-շնչառություն կա…
Մայթը պատի կողմից եզերում են վահանակներ, որ տրոփող Շուշիի պատկերն են ընդգծում: Մայթին նստած Դավիթն ու Մարիամը, միանգամայն անտեղյակ վերուվար անող իմ տագնապներին, անուշ զրուցում են: Նրանք ամեն ժամ թարմացնում են Շուշիի մթնոլորտը, իրենց վստահված կենտրոնը, վերաձևելով վերադասավորում են ալիևների, ջումշուդների, փանահների ոտքերի տակ տապանված ու հառնած շինությունը, ցուցադրում են իրենց ու իրենց սաների քանդակները, նկարները, շնորհքը… Դավիթը բարենորոգում է կավե ամանները թրծելու՝ իր ձեռքերով պատրաստված քուրան: Մարիամը ազատագրված Շուշիում է ծնվել… 15 րոպեանոց մի երգի նման ուրախ ու տխուր (հիմնականում ուրախ) նոտաներով պատմեց իր կենսագրությունը… Մանկության օրերին իրենց տան պատուհանից եղբոր հետ ամբողջ օրը նայում ու հիացմունքով հաշվում էին անցնող հատուկենտ ավտոմեքենաները… Իսկ հիմա ավտոմեքենաներ, համերգներ, բջջայիններ, խմբակներ, երեխաներ, դասեր… Գլուխ քորելու ժամանակ չկա:
Այստեղ մոռացանք փանահներին, ջումշուդներին, ալիևներին… Ու Շուշին կենդանացավ, զարդարվեց պայծառ հեռանկարներով, «հեռան» ու «նկարը» խայտացին:
Տնից 15 րոպեում հյուրընկալս՝ Նվերը, իր փոքրիկ Արփիին վազեցնում է մանկապարտեզ, հետո անցնում աշխատանքին՝ Խանդամիրյանի անվան պետական թատրոնում: Շենքը կա, դահլիճը կա, կա ութ դերասան, ունեն թատերացանկ… Ոչինչ, որ չունեն հնչյունային և լուսային ձևավորման սարքեր, չունեն կայուն հանդիսատես… Խանդամիրյանի կառուցած թատրոնի շենքում, որ հիմա չկա, հյուրախաղերի են եկել Պետրոս Ադամյանը, Վահրամ Փափազյանը… Երբ Շուշիի բնակչությունը միատարր չէր…
Էլի ու էլի հայտնվում է ժպիտը, որովհետև դիմացի մայթով անցնում են նույն ֆիլիպինուհիները, որ էլի «Գրանդ Քենդիի» պաղպաղակն են վայելում ու չեն կշտանում անցնող-դարձողներին ժպտալուց…
Նորից Ռեալական դպրոցի հսկա շենքն է… Ձեռքով է անում. «Մի անգա՛մ էլ նայեք ինձ,- ասում է,- ո՞վ իմանա, մեկ էլ ե՞րբ կհանդիպենք»:
Ժամանակի մեքենան սրտի զարկերի պես մի պահ էլի կանգ է առնում… Մի քանի տարի առաջ, որտեղից որտեղ, մի զարմանալի մտահղացում է հայտնվել՝ Շուշիում 2013 թվականի սեպտեմբերի 1-ին կայացնել Անդրեյ Բաբաևի «Արծվաբերդ» օպերայի պրեմիերան: Ինչո՞ւ Անդրեյ Բաբաև, ինչո՞ւ «Արծվաբերդ», որից մի երկտող մինչև հիմա ճանկռտում է լսելիքս. «Լենին, արև ես դու աշխարհին, Լենին, բարև ես դու աշխարհին, հարազատ, իմաստուն Լենին»: Պրեմիերային ներկա գտնվողները պատմում են, որ այդ օրը հրաշալի տեսարան են ներկայացրել Ռեալական դպրոցի հին շինությունն ու նրա առջև փռված տարածքը՝ իրիկնային լուսավորության մեջ… Ոչ ոք չի էլ անդրադարձել, թե 19-րդ դարի հագուկապով երգիչ-երգչուհիները ինչի՞ մասին են երգում… Մինչդեռ պարզվում է՝ Ն. Զարյանի «Հացավան»-ի մոտիվներով գրված լիբրետոն հնարավոր է եղել վերափոխել և ստեղծել սիրո, հաղթանակի, բարու ու չարի պայքարի մի պատմություն, իսկ Լենինին նվիրված տողերը վերափոխելով՝ նվիրել… երևի Արցախին:
Եթե չիմանայի, որ բեմադրության ռեժիսորը Ժիրայր Դադասյանն է եղել, ներկայացմանը մասնակցել են ճանաչված օպերային երգիչ-երգչուհիներ, «Հովեր» երգչախումբը, որի խմբավարը եղել է Էդուարդ Թոփչյանը, որ այս ամբողջը եղել է այն ժամանակ ՀՀ առաջին տիկնոջ բարձր հովանու ներքո, որ տիկինը, ՀՀ վարչապետը և Արցախի Հանրապետության նախագահը երջանիկ են եղել, որ իրականություն է դարձել Ա. Բաբաևի երազանքը՝ Շուշիում իրականացնել 50-ականների օպերան… կմտածեի՝ ինչ կա՞ որ…
Բարձրաստիճան կազմակերպիչները հայտարարել են, թե սա արվում է որպես Ռեալական դպրոցը վերակառուցելու կոչ: Ավերակ շենքը իսկապես ձեռք էր բերել անսովոր գեղեցիկ մի պատկեր՝ իրիկնային մթության մեջ, շենքի առջև միանգամյա բացօթյա դահլիճում նստածների հայացքը գամված է եղել լուսավորված պատուհաններից երևացող-շարժվող մունջ, ստվերային պատկերներին, դերակատարները, զանգվածային տեսարանների մասնակիցները՝ գունագեղ բահերը ձեռքներին, սիրո, խանդի անհավանական մի համապատկեր են ստեղծել հավանաբար: Մի՞թե այս նույն ուժերով չէր կարելի մի ուրիշ ներկայացում վերակենդանացնել՝ թեկուզ «Ալմաստը»:
Թե ով ինչ է շահել, անհասկանալի է: Բայց Ռեալական դպրոցի՝ մեկ օրով ամրոցի տեսիլք ներկայացնող շինությունը ոչինչ չի շահել… բացի նրանից, որ մի քիչ մաքրվել են այս ու այն կողմ թափված քարերը, դարերի փոշին:
Հանուն ճշմարտության պետք է հիշել նաև, որ 2017 թ. սեպտեմբերի 1-ին ևս մեկ անգամ Ռեալական դպրոցի շինությունը դեկորի, նրա բակը՝ բեմահարթակի ու բացօթյա դահլիճի վերածվեցին: Այս անգամ ներկայացվեց Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթը»: Ռեժիսորը, պարուսույցը, խմբավարը, Դավթի դերակատարը հրավիրված էին տարբեր եվրոպական և ասիական երկրներից: Էլի հուզավառ օր էր, երջանիկ հանդիսատես, ներկա էր նաև ՀՀ նախագահը: Իսկ 2016 թ., նույն այս բացօթյա ներկայացման՝ բարի ավանդույթ դառնալու հավակնություն ունեցող նախագծով, Շուշիի բերդում, կատարվել է Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերան: Այս երեք միջոցառումներն իրականացվել են Շուշիի պատմական շինությունները վերականգնելու, մշակութային կյանքն աշխուժացնելու նպատակով, բայց, ցավոք, ընդամենը մեկական օրով աշխուժացրել են ոմանց աշխուժությունը:
Ինչևէ, Շուշին «Մշուշի միջից տեսիլ դյութականից» քիչ առ քիչ վեր է ածվում այն նյութեղեն քաղաքի, որի համար ընկան ու հառնեցին հայ քաջերի երազող սերունդներ:
Իսկ մեզ հանգիստ չի թողնում ու չպետք է հանգիստ թողնի ժամանակի մեքենայով ետ ու առաջ գնալու գայթակղությունը՝ սթափ լինելը, չհանձնվելը, կոշտուկները կակղացնելը, Աստծո զորությամբ լցվելն ու կատարելապես առողջանալը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։