Եղեռնազոհ գրողների ստեղծագործությունները ռուսերեն և անգլերեն

Հուլիսի 24-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ եղեռնազոհ հայ գրողների ստեղծագործությունների` «Հօղը կխօսի» ռուսերեն և գերմաներեն ժողովածուների շնորհանդեսը: Ընդգրկված են 10 հեղինակների` Արտաշես Հարությունյանի, Սիամանթոյի, Դանիել Վարուժանի, Ռուբեն Սևակի, Թլկատինցու, Գրիգոր Զոհրապի, Երուխանի, Ռուբեն Զարդարյանի, Գեղամ Բարսեղյանի և Տիգրան Չյոկյուրյանի ստեղծագործություններից: Ժողովածուները հրատարակվել են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ, ՀՀ նախագահի աշխատակազմի աջակցությամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ջանքերով: Գրքերի կազմի ձևավորման համար օգտագործվել են Եղեռնից հրաշքով մազապուրծ Արշիլ Գորկու նկարները:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, տեղեկացնելով, որ անցյալ տարվա վերջերից ծրագիր է եղել զոհված գրողների ստեղծագործությունները հրատարակել տարբեր լեզուներով, նշեց, որ արդեն կան անգլերեն, գերմաներեն, ռուսերեն հրատարակությունները, ընթացքի մեջ է ֆրանսերեն ժողովածուն, որը լույս կտեսնի առաջիկա ամիսուկեսում: Նրա հավաստմամբ` ժողովածուների լույսընծայումը լայն արձագանք է ունեցել, տարբեր երկրներից այլ լեզուներով հրատարակելու առաջարկություններ են եղել` արաբերեն, սերբերեն, լեհերեն: «Կարդալով մեր գրողների ստեղծագործությունները` օտարալեզու ընթերցողը հիանում և զարմանում է, որ մինչև այժմ իրենց անհայտ են մնացել մեր եղեռնազոհ գրողները»,- ասաց Էդ. Միլիտոնյանը և հավելեց. «Գրականության մեջ ժամանակը հավերժական է, և այս անունները հենց իրենց ստեղծագործությամբ մեծ ժամանակի հետ են առնչվում: Մեր խնդիրն է տարածել, ներկայացնել այս գրականությունը: Կարդալով մեր դասական գրողներին` նորովի է ճանաչվում ժամանակակից հայ գրականությունը»:
Ժողովածուների առաջաբանի հեղինակ, գրականագետ, բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Գաբրիելյանը խոստովանեց, որ գիրքը երկու զգացում է առաջ բերում` մեծագույն ցավ, տառապանք, որ կորցրել ենք այսպիսի մեծերի, և հպարտություն, որ այդպիսի գրողներ ենք ունեցել: «Ժողովածուն դառնում է մի յուրատեսակ հուշարձան կամ պանթեոն նրանց համար, հավաքվել են մի տեղ և իրենց տառապանքների, ցավերի, գրականության մասին զրույց են բացել»,- ասաց նա և հավելեց, որ կարդալով այս հեղինակներին` աշխարհն արդեն ծանոթանում է իսկական գրականության և միաժամանակ ցավագին, մեծագույն ողբերգության հետ: Նրա հավաստմամբ` այս գրքերը կարդացողներն արդեն կարող են որոշակի պատկերացում կազմել, թե մենք ինչ զոհեր ենք տվել, ինչ մշակույթ ենք կորցրել: Թուրքերը կամեցան բնաջնջել մի ամբողջ մշակույթ, սակայն, ըստ էության դա նրանց չհաջողվեց, քանի որ այդ մշակույթը շարունակվեց Սփյուռքում, ստեղծվեց սփյուռքահայ գրականությունը:
Գրքի ռուսերեն հրատարակության կազմող, «Литературная Армения» ամսագրի խմբագիր Ալբերտ Նալբանդյանը, կարևորելով արևմտահայ հզոր գրականությունը մի գրքով ներկայացնելու գաղափարը, միաժամանակ փաստեց, որ որոշ գործեր թարգմանվել են հատուկ այս հրատարակության համար, և առաջին անգամ է ռուսալեզու ընթերցողը ծանոթանալու մի շարք հայ գրողների գործերի հետ: Հատուկ այս գրքի համար թարգմանվել են Արտաշես Հարությունյանի, Տիգրան Չյոկյուրյանի, Թլկատինցու ու Գեղամ Բարսեղյանի գործերը:
Ըստ բանաստեղծ, ՀԳՄ քարտուղար Ղուկաս Սիրունյանի` Եղեռնի հետ կապված հարցը միջազգայնացնելու ճանապարհին կարևորագույն քայլ է ժողովածուն, որովհետև Ցեղասպանությունն առավել տեսանելի է, դառնում եվրոպացու աչքում, երբ տեսնում է այսպիսի առաջնակարգ գրողներին սպանված հենց թուրքի ձեռքով: «Այս գրողները, թեև ապրում էին խավար երկրում, բայց նրանց միտքը, հայացքն ուղղված էր համաշխարհային գրականությանը, բարձր արժեքներին, բարձր արվեստի չափանիշներին, և նրանք ստեղծել են հենց այդպիսի գործեր»,- ասաց նա: Արժևորելով բնագրին համարժեք թարգմանությունները` Ղ. Սիրունյանը վստահեցրեց, որ բնագրերում առկա հայրենասիրության ամբողջ հետքը, շունչը արտացոլվել է այս գործերում: «Այս գրքերի խնդիրը դրսում աշխատելը, հայ գրականության արևմտյան թևը աշխարհին հասցնելն է»,- ամփոփեց նա:
Թորոս Թորանյանը, կարևորելով կատարված աշխատանքը, պատմեց տարիներ առաջ հայ գրականությունը իր ջանքերով թարգմանել տալու և արաբական աշխարհում տարածելու մասին:
Նախագահի աշխատակազմի կողմից հասարակական կազմակերպություններին ուղղված դրամաշնորհային ծրագրերի «Ցեղասպանություն» անվանակարգի համակարգող Գայանե Մանուկյանը հավաստիացրեց, որ նման ծրագրերը ինքնաճանաչման և մեր ունեցածը վերարժևորելու հնարավորություն են տալիս, ապա խոսեց արվեստի տարբեր բնագավառներում իրականացվելիք նման ծրագրերին աջակցության շարունակականության մասին:
Արևմտահայ գրականությունը օտարալեզու ընթերցողին ծանոթացնելու կարևորության մասին ելույթ ունեցան նաև բանաստեղծ Բագրատ Ալեքյանը, ժողովածուների ռուսերենի և գերմաներենի թարգմանիչներ Գուրգեն Բարենցը, Արուս Ահարոնյանը, Գայանե Գինոյանը, Կարինե Հովհաննիսյանը:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն