Թբիլիսիում, Վիրահայոց թեմի «ՀԱՅԱՐՏՈՒՆ» մշակութային կենտրոնի սրահում բացվեց բանաստեղծ,
գեղանկարիչ, հրապարակախոս, Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ Արևշատ Ավագյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, և կայացավ բազմավաստակ արվեստագետի հանդիպումը հայ և վրացի գրողների, թարգմանիչների, գեղանկարիչների, մտավորականների, արվեստասերների հետ: Ցուցահանդեսի և հանդիպման պաշտոնական բացումից առաջ մի խումբ պատանիներ վերջին անգամ փորձում էին իրենց գեղարվեստական ծրագիրը և արժանանալով ցուցահանդեսը դիտող բազմազգ հանրության հիացական արձագանքներին` չէին կորցնում ուշիմությունը` ընկալելու համար իրենց վաստակաշատ ուսուցչուհու` Ռոզա Զոհրաբյանի վերջնական ցուցումներն ու ճշտումները: Քիչ անց նրանք ողջունեցին օրվա հերոսին:
Բացման խոսքով հանդես եկավ Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Գևորգ Սնխչյանը: Նա բավականին մանրակրկիտ և համակարգված փաստերով ներկայացրեց Արևշատ Ավագյանի ստեղծագործական ուղին, որին ավելի հանգամանալից փաստերով անդրադառնում էին ելույթ ունեցողները, որոնք ոչ միայն հնչեցնում էին գովասանքի, երախտագիտության ու գնահատանքի խոսքեր, այլև տարբեր լեզուներով կարդում էին հեղինակի բանաստեղծություններից՝ բուռն ընդունելության ու ծափողջույնների արժանանալով հանդիսականների կողմից: Ելույթները ընդմիջվում էին կենտրոնի սաների երգ ու ասմունքով: Թբիլիսցի, բայց արդեն երևանաբնակ բանաստեղծ Միքայել Ախտյանը իր հուզումնալից ելույթն ավարտեց Արևշատ Ավագյանին նվիրված բանաստեղծությամբ: Բանաստեղծ-թարգմանիչներ Անահիտ Բոստանջյանն ու Գիվի Շահնազարը իրենց ելույթները համեմեցին հայ բանաստեղծի վրացերեն թարգմանությունների ընթերցմամբ: Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլու ջերմ խոսքերով լեցուն ուղերձն ու դեպքերի բերումով նրա բացակայելու ափսոսանքը փոխանցեց Վրաստանի գրողների միության քարտուղար, «Ցիսկարի» ամսագրի խմբագիր Բաղաթեր Արաբուլին: «Այսօր մեզ հետ է ճանաչված հայ բանաստեղծը, որին կարդում ու սիրում է նաև վրաց ընթերցողը»,- ասաց նա: Իսկ Վրաստանի ռուսալեզու գրողների միության նախագահ Միխայիլ Ռազմաձեն և Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը ավելի շատ խոսեցին գեղանկարիչ Արևշատ Ավագյանի մասին` հատկանշելով նրա գեղանկարների անշփոթելի յուրահատկությունը, բազմախորհուրդ պատկերների շարժունակությունն ու գունային լեզուն: Թբիլիսցի հանդիսականը մեծ ոգևորությամբ ընդունեց Արևշատ Ավագյանի խոսքերով գրված Արսեն Համբարյանի երգերը, ինչպես նաև Կոմիտասի ու Սայաթ-Նովայի երգերի կատարումը:
Երեկոն եզրափակվեց Արևշատ Ավագյանի ելույթով: Երբ դահլիճում արդեն կողք կողքի թևածում էին գիր, գույն ու մեղեդի, նա խոսեց բնության, մարդու, աստվածայինի, տիեզերքի ու երկնայինի մասին, աշխարհի ու աշխարհիկի մասին, Մշակութային խորհրդարանի ու Մշակույթի հայկական ֆոնդի շուրջը հավաքված մտավորականների, մարդկային հարաբերությունների ու ազգամիջյան մշակութային փոխհարաբերությունների ընդլայնման կարևորության մասին…
Ասվածն ու կատարվածը օրհնելով` իր ողջույնի խոսքը որպես միջոցառման ավարտ հնչեցրեց Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը. «Ես համոզված եմ, որ այս պահին երկնքում Թումանյանը և Ծերեթելին կրկին ու կրկին ուրախանում են, ցնծում են, որովհետև իրենց հիմնադրած բարեկամությունը շարունակվում է նոր սերնդի միջոցով. նշանակում է` մենք իրենց, իրոք, նվիրյալ զավակներն ենք»:
Արսեն ՀԱՄԲԱՐՅԱՆ