Այս տարվա տերյանական պոեզիայի 49-րդ օրը նվիրված էր մեծ բանաստեղծի ծննդյան 130-ամյակին: Նրա հայրենի Գանձա գյուղի դիմացի դաշտավայրը ամեն տարվա պես լեփ- լեցուն էր Հայաստանից, Ջավախքի գյուղերից, Թբիլիսիից ժամանած բազում հյուրերով:
Հայաստանի պատվիրակների խումբը ղեկավարում էր ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, իսկ Հայաստանի գրողների միության խումբը ներկայացել էր ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանի գլխավորությամբ: Ներկա էին նաև վրացի գրողներ Թ. Չալաբաշվիլին (Վրաստանի գրողների միության քարտուղար), հայ և վրաց գրականությունը հիանալիորեն կամրջող բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը և Վահան Տերյանի պոեզիայի թարգմանիչ Վ. Կալիշվիլին:
Ելույթ ունեցողների խոսքում շեշտվում էր Վահան Տերյանի պոեզիայի անանց թովչանքը, ճշմարիտ հայրենասիրության լիցքերը, խոր, լուսավոր քնարականությունը: Տերյանը հարյուր տարուց ավելի հմայում է մարդկանց հոգիները և կշարունակի հմայել, քանի դեռ մարդուն չեն լքել սիրո, կարոտի ու ցավի զգացումները: Տերյանն այն զորավոր հեղինակներից է, ովքեր պահում են երկիր, ովքեր ամրություն ու քնքշանք են հաղորդում «տանջված ու որբ ադամորդուն»:
Էդվարդ Միլիտոնյանը, կարևորելով Վ. Տերյանի պոեզիան ժամանակի մեջ, շեշտելով նրա` բանաստեղծ-մտածողի ազգային և համամարդկային լինելու հանգամանքը, մասնավորապես ասաց. «Տարիներով թյուրըմբռնում է եղել Վ. Տերյանի պոեզիայի վերաբերյալ, թե իբր նա թախծի, տրտմության, աշնան տրամադրությունների երգիչ է: Պիտի ասեմ՝ ճիշտ հակառակը. նրա պոեզիայում նկատելիորեն շողարձակում է երեք բառ՝ լուսե, պայծառ, հուր, որոնք արտահայտում են մեր ժողովորդի էությունը, նաև բնորոշում տերյանական պոեզիայի էությունը: Գրողին պետք է կարդալ` դասական լինի թե ժամանակակից: Վահան Տերյանն այսօր այսքան մեծ չէր լինի, եթե ժամանակին չընթերցվեր, չգնահատվեր: Գրականությունը մեր ճակատագրի արտացոլանքն է և ուղեկիցը, այնտեղ են ոչ միայն երեկն ու այսօրը, այնտեղ է նույնիսկ ապագան: Ուրեմն ինչո՞ւ թերանալ, չբացել գրքերը այսօրվա հեղինակների, ինչո՞ւ չկապվել դասական և նոր ժամանակների բնական ընթացքին»:
Դաշտահանդեսի ժամանակ ելույթներ ունեցան Ջավախքի գյուղերի երիտասարդական ու մանկական երգի-պարի համույթներ, ինչպես նաև հայաստանյան կոլեկտիվներ: Գանձայի զովաշունչ օդում թևածում էին տերյանական խոսքը, հայկական և վրացական սիրված մեղեդիներ:
Դաշտահանդեսն ավարտվեց, հյուրերը եղան Տերյանի տուն-թանգարանում, այնուհետև ցրվեցին՝ Փարվանա և Սաղամո լճերի ու ծաղկառատ մարգագետինների թովչանքը վայելելու:
Սեփ. լրտ.