ՅԱԿՈԲ ԽԱՉԻԿԵԱՆ

Յուլիսի 3-ին Մոնրէալում մահկանացուն կնքեց վիպագիր, գրականագէտ, տեսաբան Յակոբ Խաչիկեանը՝ օտարագիր գրողների ընտանիքի ամէնից ակնառու ներկայացուցիչներից մէկը: Նրան մեծ համբաւ բերեց 1991թ. ֆրանսերէնով հրատարակուած «Ամառ առանց այգաբացի» վէպը «Ժան-Իւ Սուսիի համահեղինակութեամբ», որը թարգմանուեց տարբեր լեզուներով, իսկ մէկուկէս տասնամեակ անց՝ նաեւ հայերէնով:
Ճակատագրի խաղ է թերեւս, եւ առանց պատահականութեան կնիքի, որ հեղինակը մահացաւ իր նախասիրած եղանակին՝ ամռանը, ճիշդ 100 տարի անց իր վէպում նկարագրած իրադարձութիւններից: Փաստօրէն անարշալոյս դարձաւ նաեւ 2015 թ. ամառային օրը, իսկ ինքը անվաղորդայն արշալոյսների կենդանագիրն էր:
Յակոբ Խաչիկեանը ծնուել է 1931թ., Պոլսում: Կրթութիւն է ստացել տեղի Մխիթարեանների վարժարանում, Ռոպէր քօլէճում, ապա անցել Նիւ Եորքի Քուինզ վարժարան: Սկզբնական շրջանում գրել է հայերէն բանաստեղծութիւններ: Որոշ ժամանակ ԱՄՆ-ում ապրելուց յետոյ, 1957թ. հաստատուել է Կանադայի Քուեբեկ քաղաքում: Մոնրէալի համալսարանում ստացել է փիլիսոփայութեան դոկտորի աստիճան: Դասաւանդել է Քուեբեկի զինուորական արքունական վարժարանում «արժանացել է պատուաւոր Պրօֆեսորի կոչման», ինչպէս նաեւ Շերբուրգի համալսարանում:
Նա գիտաճանաչողական, գեղարուեստական հատորների հեղինակ է, կատարել է բազմաթիւ թարգմանութիւններ՝ օտար ընթերցողին հայ գրական արժէքները ծանօթացնելու յանձնառութեամբ: Նկատի ունենք մասնաւորապէս «Հայ գրականութեան ժառանգութիւն» «”The heritage of Armenian literature”, Դետրոյթ, 2000, 2002, 2005» հատորների շարքում նրա ծանրակշիռ դերը:
Յակոբ Խաչիկեանի գրչին են պատկանում «Թոմաս» «Ու. Սարոյեանի նշանաւոր առաջաբանով, 1970 թ.», «Ճակատագրի ափերը», «Լապտերասեան օրագիրը», «Մոխրագոյն կոստիւմով երիտասարդը» վէպերը, որոնք ամբողջութեան մէջ ներկայացնում են հայ-թուրք յարաբերութիւնների շարունակական ընթացքները տասնամեակների մէջ:

Քնարիկ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։