Սեպտեմբերի 29-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ հանդիպում Իրանից ժամանած պարսիկ դրամատուրգների հետ: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, բացման խոսքում տեղեկացնելով, որ Թեհրանում հրատարակվել է անթոլոգիա, որտեղ ընդգրկվել են ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից դրամատուրգների ստեղծագործությունները` Ն. Ադալյան, Ա. Այվազյան, Ժ. Անանյան, Պ. Զեյթունցյան, Ս. Խալաթյան, Գ. Խանջյան, Կ. Խոդիկյան, Ս. Կոսյան, Ռ. Մարուխյան, Ն. Շահնազարյան, Ա. Սիմոնյան, նշեց, որ այդ գիրքը հրատարակելը մի մեծ ծրագրի մեջ է մտնում, որը տարիներ առաջ Իրանի դրամատուրգների միության և ՀԳՄ համագործակցության արդյունքն է: Ըստ այդ ծրագրի` ամեն տարի հայ և պարսիկ դրամատուրգների փոխայցելություններից հետո երկու երկրներում տպագրվում են ժամանակակից դրամատուրգների երկերը: Այնուհետև ՀԳՄ նախագահը ներկայացրեց հյուրերին` դրամատուրգ, մանկագիր, վիպասան Աբաս Ջհանգիրյանին, Թահմինա Մուհամմադիին, Սալմա Սալամաթիին, Սահրա Ռամազյանին ու դրամատուրգ, ռեժիսոր, թատրոնի տնօրեն Ալի Աբեդիին, ովքեր արդեն հանդիպել էին հայ ռեժիսորների, գրողների հետ, այցելել տարբեր մշակութային հիմնարկներ, ցուցասրահներ: Փաստելով, որ Իրանում մեծ ծավալով ներկայացվում է հայ գրականությունը, ինչպես օրինակ` «Աֆրազ» հրատարակչությունը հրատարակում է հայ դասական և ժամանակակից գրողների բանաստեղծական ժողովածուները, Հայաստանում էլ տպագրվում են իրանցի գրողները, Էդ. Միլիտոնյանն ընդգծեց. «Այն գեղարվեստական ոգին, որ դարեր շարունակ կա մեր երկու մշակույթներում, փորձ է արվում արագ-արագ քայլերով հասցնել մեր ընթերցողներին: Հայաստանում բազմաթիվ ժամանակակից իրանցի գրողների տպագրելը մեծապես նպաստեց ճանաչելու այսօրվա պարսկական մշակութային գիտակցության, գրականության այն տեսակը, որը մեզ անծանոթ էր մինչ անկախությունը»:
Ըստ գրականագետ Արմեն Ավանեսյանի` հայ դրամատուրգիան, ինչպես իրանցիներն են խոստովանում, մեծ ազդեցություն է թողել իրանյան ժամանակակից` մոդեռն թատրոնի վրա, և այդ առումով շահագրգռված են, որ իրենց դրամատուրգիան բեմադրվի Հայաստանում: Սակայն, ինչպես նշեց Ա. Ավանեսյանը, դա թատերական գործիչների միության խնդիրն է, իսկ գրականությանն առնչվող մարդիկ աջակցում են, որ իրանյան դրամատուրգիան թարգմանվի հայերեն և հասանելի լինի հայ ընթերցողին, հայ դրամատուրգին, ռեժիսորին, դերասանին: «Կարծում եմ` համագործակցության այս կամուրջը շարունակական կլինի ոչ միայն դրամատուգիայի ասպարեզում, այլև պոեզիայում և արձակում»,- ամփոփեց նա:
Արձակագիր, դրամատուրգ Նելլի Շահնազարյանը տեղեկացրեց, որ առաջին իսկ հանդիպման ժամանակ, երբ նախագծվում էր փոխադարձաբար գրքեր հրատարակել, շեշտվել է, որ ծրագիրը կլինի ինքնանպատակ, եթե այդ պիեսները չվերածվեն ներկայացումների, չբեմադրվեն: Սակայն հետևողական մոտեցում չլինելու պատճառով բեմադրման հարցը այդպես էլ մնացել է չլուծված: «Երկուստեք պետք է մտածենք, որ պետություն ենք ներկայացնում, ընտրենք արժանավոր գործեր, բեմադրվեն լավագույն գործերը»,- ասաց նա:
Դրամատուրգ Կարինե Խոդիկյանը առաջարկեց պիես ընտրելիս հաշվի առնել տվյալ երկրի առանձնահատկությունները` նշելով, որ Հայաստանում կյանքը և թատրոնը՝ իրենց տարբեր հարթություններով հանդերձ, համահունչ են: «Ավելին` թատրոնից պահանջում ենք այն ավելի բաց խոսակցությունը և հարաբերությունը, որը կյանքում գուցե և չկա»,- շեշտեց նա: Շանթ Մկրտչյանի կարծիքով` այսօր դրամատուրգների և ռեժիսորների, թատերական գործիչների խնդիրը ազգային առանձնահատուկ նրբությունները իրենց հասարակություններին ներկայացնելն է: «Փակուղային վիճակ գոյություն չունի, եթե կա դրա գեղարվեստական լուծման ճանապարհը»,- ընդգծեց նա: Բանաստեղծ, թարգմանիչ Էդվարդ Հախվերդյանը գնահատեց Անդրանիկ Խեչումյանի թարգմանական գործունեությունը և վստահեցրեց, որ նա ըստ արժանվույն ներկայացնում է հայ դրամատուրգիան պարսիկ ընթերցողին:
Հանդիպման ընթացքում բուռն քննարկում ծավալվեց հայ և իրանցի դրամատուրգների միջև, ընդ որում, իրանցիների հիմնական մտահոգության առարկան իրենց պիեսները հայ թատրոններում բեմադրված տեսնելն էր: