Փոխադարձ սերը և կողք կողքի լինելը այլընտրանք չունեն

Սեպտեմբերի 27-ին Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ վրաց բանաստեղծ Գուրամ Օդիշարիայի «Չուղարկված նամակներից» (թարգմ.` Գագիկ Դավթյան) գրքի շնորհանդեսը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գիրքը համարելով շատ հոգեհարազատ ժամանակակից թե՛ հայ, թե՛ աշխարհի պոեզիային, նշեց, որ Գուրամ Օդիշարիայի ծննդավայր Սուխում քաղաքում սկսված և մարդկանց հոգիների մեջ ողբերգության վերածված պատերազմի ցավի ելևէջները անթաքույց կան նրա բանաստեղծությունների մեջ: Նրա հավաստմամբ՝ առաջաբանը, որ ինքը գրել է «Չուղարկված նամակներից» գրքի համար, Գ. Օդիշարիայի բանաստեղծություններից ծնված այն բարի պոետական խոսքն է, որ թելադրում է հեղինակը: «Թարգմանելով այսպիսի բանաստեղծի` մեր հարևան երկիրն ու եղբայր ժողովրդի ոգին առավել ենք ճանաչում: Եվ նրա հիացմունքը, ուրախությունն ու թախիծը, հավատն ու տագնապները, ինչը հրաշալի հայերենով, բարձրարվեստ վարպետությամբ թարգմանել է Գ. Դավթյանը, մերն է այլևս»,- ամփոփեց Էդ. Միլիտոնյանը:
ՀՀ-ում Վրաստանի դեսպանի ավագ խորհրդական, հայագետ Նինո Ափցիաուրին փաստեց, որ վարպետի ձեռքով արված թարգմանությունները վրաց ոգու հզորության արտահայտությունն են, և այս գրքին ծանոթանալուց հետո հայ ժողովուրդն ավելի լավ կճանաչի վրաց ժողովրդին ու վրացական հոգին: «Մեր հարաբերություններում փոխադարձ սերը, միմյանց սատարելը և կողք կողքի լինելը այլընտրանք չունեն: Մեր ապագան պայմանավորված է միայն մեր գիտակցությամբ և մեր բարիդրացիությամբ»,- ասաց նա: Ըստ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի` ճանաչելով Գ. Օդիշարիային, զգում ես ամբողջ հմայքը Վրաստան երկրի` իր պատմությունով, իր ներկայով, իր տեսլականներով, իր գրածներով: «Այդ գրքի մեջ քո հոգու սերն է և դրանք կրելով` այդ սերը փոխանցվելու է մեզ, մեր սերունդներին»,- ընդգծեց Խ. Մանուկյանը: Գրքի թարգմանիչ Գագիկ Դավթյանը «Չուղարկված նամակներից» ժողովածուն բնորոշեց իբրև գիրք-կինոֆիլմ, որտեղ էջ առ էջ Օդիշարիան բացում է ինքն իրեն, իր ներաշխարհը: Շանթ Մկրտչյանը, հիշեցնելով, որ առաջինն ինքն է տպագրել Գ. Օդիշարիային երկու տարի առաջ, ասաց. «Ամենայն գոյին ուղղված անչարությունը Գուրամի պոեզիայում այնքան ակնհայտ է, որ նույնիսկ սպիներն են ապաքինվում: Իր բանաստեղծության լույսերը նշմարելի են իր սիրո շղարշի ետևում»: Ելույթ ունեցան նաև գրականագետ Հասմիկ Սարգսյանը, «Իվերիա» վրացական համայնքի ներկայացուցիչ Նինո Սպանդերաշվիլին: Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Գուրամ Օդիշարիան` խոստովանելով, որ Գ. Դավթյանը փոխանցել է բանաստեղծությունների ամբողջ ոգին:
Գուրամ Օդիշարիայի բանաստեղծություններից կարդացին Աննա Գարեգինյանն ու Արսեն Խաչատրյանը: Շնորհանդեսը վարում էր Դավիթ Մաթևոսյանը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։