Հունվարի 24-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ ՀԳՄ-ի և ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ Հայոց բանակին և հայրենասիրությանը նվիրված 2019 թ. մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման և մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, բացման խոսքում տեղեկացնելով, որ ՀՀ ՊՆ-ի հետ ՀԳՄ համագործակցությունը չի սահմանափակվում մրցանակաբաշխությամբ, այլ ամենօրյա աշխատանք է, քանի որ ամբողջ տարին ու նաև երկար տարիներ ի վեր գրողները հանդիպումներ են ունենում զորամասերում, սահմանապահ դիրքերում, նշեց, որ արդեն վեցերորդ տարին է, ինչ անցկացվում է մրցանակաբաշխությունը, և մրցանակների հավակնում են ոչ միայն գրողներ, այլև բանակում ծառայող, իրավական և գործունեության այլ ոլորտներում բանակին ծառայություններ մատուցող մարդիկ: Նրա հավաստմամբ` տարեցտարի մրցանակաբաշխության մասնակիցների թիվն ավելանում է, մասնակցում են և՛ Արցախից, և՛ Սփյուռքից: «Հայոց պատմության ընթացքում մեր ամենամեծ ձեռքբերումներից մեկը մեր բանակն է, որը 30 տարի իր պայքարով, մասնակցությամբ ու գործողություններով ապացուցել է, որ և՛ պետականության, և՛ մեր ապագայի հիմքն է, ու առանց այդ բանակի հզոր ոգու մեր ստեղծագործություններն էլ չեն կարող լինել հզոր, ուժեղ և համամարդկային ու արժեք ներկայացնող»,- շեշտեց Էդ. Միլիտոնյանը և հպարտությամբ հավելեց, որ Գրողների միությունից է սկիզբ առել Երկրապահ կամավորականների «Երկրապահ» կազմակերպությունը, որը հիմնավորել էր երիտասարդ գրող Վազգեն Սարգսյանը: Ապա տեղեկացնելով, որ հանձնաժողովի անդամներն էին Նորայր Ադալյանը, Սամվել Կոսյանը, Շանթ Մկրտչյանը, Վարդան Դևրիկյանը, Գրիգոր Ջանիկյանը, ՀԳՄ նախագահը հանձնեց մրցանակները:
Գեղարվեստական արձակ անվանակարգում 1-ին մրցանակը հանձնվեց Ժաննա Հակոբյանին` «Ճակատագրով դատապարտվածները» գրքի, 2-րդ մրցանակը` Դավիթ Ավետիսյանին` «Զանգ կեսգիշերին» գրքի և 3-րդ մրցանակը` Նանեին` «Երկնագույն ծաղիկների ամիսը» պատմվածաշարի համար:
Պոեզիա անվանակարգում 1-ին մրցանակի արժանացավ Արևշատ Ավագյանը` բանաստեղծական շարքի, 2-րդ մրցանակի` Գագիկ Խաչատրյանը` «Հնչեղ լռություն» գրքի, 3-րդ մրցանակի` Սուսաննա Հովհաննիսյանը` «Գ.Թ.»-ում հրապարակած բանաստեղծական շարքի և Ժաննա Աբրահամյանը` «Ասք քաջաց» գրքի համար:
ԵԿՄ` Վազգեն Սարգսյանի անվան մրցանակը ԵԿՄ նախագահի տեղակալ Մանվել Եղիազարյանի կողմից հանձնվեց Սամվել Բեգլարյանին` «Էսսեներ» շարքի համար: Հրապարակագրության, գրաքաննադատության ժանրի մրցանակներին արժանացան Հրանուշը` «Արծվի վերադարձը» հոդվածի և Գայանե Պողոսյանը` «Զինվորի պարտքն է», «Հերթափոխ» հոդվածների համար:
Հայոց բանակում և մարտական դիրքերում մարտնչած ստեղծագործողների գրական մրցանակը շնորհվեց Վան Նովիկովին` «Կամավորի օրագիրը» պատմվածաշարի, Արմեն Բարխուդարյանին` «Զինվորի սերը» պոեմի համար:
Խրախուսական մրցանակներ տրվեցին Սամվել Մաճկալյանին («Արևորդիների վերադարձը» գրքի) և Արշակ Ազարյանին («Սիրո նվիրականը» գրքի համար):
Հայոց բանակին նվիրված գրական անթոլոգիաների, գրական-տեսական աշխատությունների մրցանակը շնորհվեց Արմեն Ավանեսյանին` «Արցախյան հերոսամարտը Վրեժ Իսրայելյանի արձակում» հոդվածի համար:
Մրցանակները հանձնեց ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Գագիկ Քթրյանը և հավելեց, որ մրցանակաբաշխությունը կարևոր է նրանով, որ բանակին առնչվող թեմաները, բանակային իրադարձությունները այս ծրագրի շնորհիվ արժևորվում են, գտնվում են մտավորականների, գրողների ուշադրության կենտրոնում: «Այս ծրագրերի միջոցով նպաստում ենք մատաղ սերնդի և ընդհանրապես հասարակության հայրենասիրական դաստիարակությանը»,- ամփոփեց նա:
Հանձնաժողովի հատուկ մրցանակներին արժանացան Մաքսիմ Հովհաննիսյանն ու Սոկրատ Խանյանը:
Ամիրան Գալստյանը ներկայացրեց տարբեր ժամանակներում Վազգեն Սարգսյանի հարցազրույցներից հատվածներ և Արևշատ Ավագյանի, Էդ. Միլիտոնյանի, Գ. Սարոյանի բանաստեղծություններից:
Գայանե Սամվելյանը կարդաց Ղուկաս Սիրունյանի, Նոնա Պողոսյանի, Ավիկ Դերենցի ստեղծագործություններից:
«Եթե չես ունենում բանակ, չես ունենում երկիր, չես ունենում ինքնիշխանություն: Ինչքան հզոր է բանակը, այնքան դու քո երկրի տերն ես»,- ասաց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը և հույս հայտնեց, որ հայկական բանակն այնքան կհզորանա, որ կդառնա Վազգեն Սարգսյանի երազածը: «Ամենամեծ ստեղծագործությունը ազատագրված հողն է»,- մեջբերելով Վ. Սարգսյանից` Խ. Մանուկյանն ասաց. «Խոսք, որի կշիռը ոչնչով չես չափի: Ցանկացած մարդ պիտի զինվոր դառնա, որովհետև ավելի մեծ արժեք, քան ազատագրված հողն է, գոյություն չունի»:
Երաժշտական կատարումներով ելույթ ունեցան ՀՀ պաշտպանության նախարարության «Զորական» համույթը և Արսեն Համբարյանը: Շնորհակալական խոսք ասացին մրցանակակիրները: Մրցանակների հանձնման արարողությունը վարում էր Գայանե Սամվելյանը:
One thought on “ԲԱՆԱԿԸ` Ե՛Վ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ, Ե՛Վ ՄԵՐ ԱՊԱԳԱՅԻ ՀԻՄՔ / Շաքե ԵՐԻՑՅԱՆ”