ԱՆԱՄՈԹՈՒԹՅՈՒՆԸ` ՇԱՀԱՇԱՐԺ  ԳՈՐԾՈՆ / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

hakob

Վախկոտ, ամեն տեսակ ամոթ կորցրած մարդը կարող է համաձայնել ամեն տեսակ ստորության:

Ժ. Լաբրյուեր

 

Սովետի ժամանակ լավ սերտել էի նրա կողմից խմբագրված պատմության դասը և պարզել, որ ուրվականների մտացածին տեսիլքն ինչպես աստիճանաբար նշմարելի հասարակական շարժ եղավ. «Մի ուրվական է պտտվում Եվրոպայում. կոմունիզմի ուրվականն է» («Կոմունիստական կուսակցության մանիֆեստ», Կ. Մարքս, Ֆ. Էնգելս): Իրականում ի՞նչ էր այդ ուրվականը` հիմա էլ լավ չգիտեմ, բայց ակնհայտ է, թե ինչպիսի ավերածություններ արեց հայերիս գլխին մեր ազգային ոգեկերտումը կազմաքանդելու, ապազգային հոգեբանություն սերմանելու, պատմությունը կեղծելու, ինչ որ ազգային է` առուծախ դարձնելու, հոռի ավանդույթներ ժողովրդին պատվաստելու գործում: Սովետպետության պատվանդանն էր ստախոսությունը: Մարդ մի բան մտածում էր, ուրիշ բան անում և մեկ այլ բան գրում: Է՛, ժամանակնե՛ր, երբ կարևոր չէր, թե դու ո՛վ ես, կարևորը քեզ ինչպես էր ընկալում օդում կախված ամենատես Աչքը, և անաստված երկրում բախտավոր էիր, երբ Աչքը երեսիդ էր կենտրոնանում օգտագործման նպատակով: Աթեիստական «մարդասիրական» հասարակարգում ճակատագրին չէին հավատում, գիտեին Աչքով թելադրվող ցուցամատի զորությունը, երբ կանգնում էր մեկի գլխին: Առանց այդ արժեհամակարգված ցուցամատի գրողը գրող չէր դառնում, երաժիշտը` երաժիշտ, նկարիչը` նկարիչ, արվեստագետը` արվեստագետ և… ի վերջո, մարդը` մարդ: Մինչ անիծյալ երազանքի ցուցամատը վրադ կանշարժանար, դու պիտի հասցնեիր խիղճդ ծախել ու չամաչել: Հանուն ուրախ ու երջանիկ կյանքի անամոթ լինելն ի՜նչ էր, որ չդառնայիր, ու…

Ներկա ժամանակը եթե ձևով նման չէ սովետին, ապա ներքին բովանդակությամբ հար նմանատիպ է: Ինչևէ, մտածումներիս ընթացքը տրամաբանական հաջորդականության ծիրում տեսնելու համար մեջբերեմ Լ. Ն. Տոլստոյի միտքը. «Ոչինչ ավելի ճշմարտացի ցույց չի տալիս բարոյական այն աստիճանը, որի վրա նա գտնվում է, ինչպես այն, թե մարդ ինչից է ամաչում և ինչից չի ամաչում»: Արդ` դառնամ մեր օրերին և բարձրաձայնեմ. «Մի ուրվական է պտտվում Հայաստանում. անամոթության ուրվականն է», որն ամենուր է ու ցանկացած ծակուծուկ ելումուտ ունի: Խնդրում եմ, չմտածեք, որ ես պետք է խոսեմ ճարպիկների, խորամանկների, գիտունիկների ու հազար ու մի բաների մասին` մեր օրերի մարդուն երևելի (անամոթ) դարձնող: Այդ ամենը իրականության մեջ հիմնականում հանդերձներ են, քանի որ բոլորի խորքում մի շարժիչ ուժ կա` ԱՆԱՄՈԹՈՒԹՅՈՒՆԸ: Անամոթությունը մեկ օրում չառաջացավ. այն բուռն ծաղկում է ապրում Հայաստանում ու առաջապահ դերակատարում ունի բոլոր ոլորտներում: Դիպուկ է Մ. Սերվանտեսի խոսքը. «Բարոյականությունն անբաժանելի է ամոթխածությունից, իսկ ամոթխածությունը` բարոյականությունից, և եթե մեկն ու մյուսը սկսում են փլուզվել ու քանդվել, ապա ամբողջ գեղեցիկ շինությունը խորտակվում է, արժեզրկվում և արդեն զզվանքից բացի ոչինչ չի ներ­շնչում»: Հավանաբար երկնքից ընկած ազատությունն ու անկախությունը ճիշտ չհասկացվեցին. ընկալվեցին որպես ամենաթողություն, որն էլ դարձավ առանձնակի պարարտ հող անամոթության համար: Խիղճը, որ պետք է զսպեր նրան ու լիներ հասարակության չափականության միավորը, օրենքների օրենքը, վերածվեց նպատակին հասնելու համար չօգտագործվող, անպետք, ավելին` խանգարող մի բանի: Մեր ժամանակը խիղճ ունեցողին ու չունեցողին համահարթեցրեց, որպեսզի կատարյալ ձևավորվի արհեստավարժ անամոթների փաղանգը, որի անդամների սովորական մակարդակը պետք է բնութագրվեր «ամենա»-ով: Այսինքն` ամենակարող, ամենագիտուն, ամենա… ամենա… ամենա… Որպես հետևանք` այսօր մարդն իր տեղը չի ճանաչում. նա չի հասկանում` ումի՞ց է պակաս, եթե ինքն էլ երկու ոտք ունի, երկու ձեռք, մի գլուխ, ինստիտուտ է ավարտել, հիմա ի՞նչ անենք, որ տվյալ գործն իր ուսման ու խելքի հետ բոլորովին կապ չունի: Է՜, կամաց-կամաց կսովորի, աշխարհը հո չքանդվեց, հետո` ամենավճռորոշը. չէ՞ որ ինքն էլ պակաս (…) չէ՛, փակագծում դիտավորյալ եմ կախման կետ դրել, որ ամեն մեկը յուր ճաշակով ու կարծիքով ամենադիպուկ բառը մտածի:

Գուցե որոշ գույներ շատ եմ խտացնում կամ ընդհակառակը` թուլացնում եմ խիստ երանգները, բայց և այնպես փորձեմ անամոթության համայնապատկերում դիտարկել ներկայիս մշակութային դաշտի, ավելի ճիշտ, գրողիս համար հոգեհարազատ գրական տարածքի «անամոթության» գերակա դրսևորումները: Շատ հետաքրքիր մի երևույթ է նկատվում ժամանակակից գրականության տիրույթում. յուրաքանչյուր ոք հայտնվել է այնտեղ և գրականության վերաբերյալ ծանրակշիռ կարծիք հայտնել, այն էլ միակ ճշմարիտ խոսք ասողի կեցվածքով: Այս իմաստով իրենց անհամությամբ առանձնանում են արվեստի տարբեր ճյուղերում շատ թե քիչ նկատվող արվեստագետիկները, որոնք, իրենց մասնագիտությունը թողած, լավ ու վատ գրքերից, մեծ ու փոքր գրողներից են խոսում տեղի-անտեղի, այն էլ վերամբարձ ու լուրջ տոնով: Այս ինչպե՞ս եղավ, որ մեր օրերում իրական գրողները ստվերում հայտնվեցին, այսքան խեղճացան ու անտեսվեցին, երբ որ պատահած երկրորդ հային թե քրքրես, կխոստովանի, որ փորձել է ինչ-որ բան գրել ու հուզված երկար կխոսի այդ մասին: Ուրեմն ո՞նց եղավ, որ այսօր թշվառ գրական դաշտ ունեցանք` խեղճ ու կրակ գրականագիտությամբ, բայց թեկնածուական գիտական աստիճան ստացած գրականագետ-թամադաների մի շոշափելի ծաղկաբույլ, որ կազմակերպում է գրական միջոցառումների շարվեշարան շոուները: Տեսնես որտե՞ղ են ննջում բանասեր դոկտորները, դոցենտները, պրոֆեսորները, ակադեմիկոսները, հավանաբար օր ու գիշեր տքնելուց հետո իրենց վաստակած հանգիստն են վայելում` ավագ սերնդի գեղարվեստական գրքերը գլխների տակ դրած: Այս ինչպե՞ս եղավ, որ գրական դաշտից դուրս մնաց «գրական դպրոց» գաղափարը, և նրա տեղում հայտնվեց թայֆայությունն իր շուկայով, որի նպատակն է, առաջին հերթին, մշակույթից նյութական շահ քամելը: Այս ամենն սկսվեց, ավելի ճիշտ, խեղաթյուրված շարունակվեց 90-ական թվականների հեղափոխությունից հետո, երբ նմանակելով 20-ականներին` ՀՀՇԿ-անացվեցին գրական գործընթացները: Տրամաբանական էր` հեղափոխությունը նոր անուններ պետք է բերեր ասպարեզ, բայց ցավն էլ այն էր, որ դա արվեց սովետից ժառանգություն ստացած սխեմաներով ու տեխնոլոգիաներով, այսինքն` գրական դաշտը ողողվեց նորացված անամոթներով, որոնք էլ բուծեցին կեղծ արժեքներով մի միջավայր, որտեղ տեր ու տիրակալը խելացի ձևացող քաղքենի ու գավառացի «մտավորականներն» ու լրագրողներն են, որոնք չիմացածն ու չհասկացածը փառաբանելու համար պարգևատրվում են` թուլաբաժին վաստակելու իրավունքով (այնուամենայնիվ, իսկական գրողները, խոսքը ոչ գրող խաղացողների մասին է, թեկուզ հանրության համար աննշմարելի, միշտ եղել են ու կլինեն. դա ուրիշ խոսակցության նյութ է): Քաղաքականության մեջ եթե ՀՀՇԿ-ն կորցրեց իր տեղը, ապա մշակույթում, իր ազդեցության ոլորտում պահպանելով հասարակական ու սոցիալական որոշակի լծակներ, գորշ կարդինալի պես իր ձեռքում է պահում ապազգային բիզնեսի վերածած գրական միջավայրը: Հիմնականում նրանց հովանավորությամբ ու դաստիարակությամբ գրական հրապարակում հայտնվեց շոումեն երիտասարդ գրողների ու գրականագետների աստղաբույլը: Նրանք, իրար ջան ասելով, ջան լսելով, ոգևորված սկսեցին գրականություն խաղալ: Հաջողությամբ կորված ողնաշարերի դիմացկունությունը ՀԳՄ-ի միջանցքներում փորձարկելուց հետո անառակ որդու արկածախնդրությամբ նետվեցին փողոց տրուբադուրների նման ու նվիրվեցին գրականությունն ապրանք ներկայացնելու շահաբեր գործին: Ջրի երես մնալու համար անընդհատ պարտաճանաչորեն կրկնեցին ու կրկնում են «պապաների» կողմից հորդորված «նակազները» և ցուցամատով դրոշմված «մեծերի» անունները: Այնքան կրկնեցին սուտը, որ հավանաբար իրենք էլ են հիմա հավատում ազնվագույն գրականությունը մերժող իրենց իսկ տարածած ստին: Ճիշտ է, վաստակաշատ ՀԳՄ-ն 85 տարեկան է, բայց արդի օպերատիվ գործունեության պայմաններում ծանրաշարժ է և չի հասցնում արձագանքել սոցիալ-տնտեսական, քաղաքական, միջազգային մարտահրավերներին, հատկապես երբ լրագրողները այդ օպերատիվությունը կարողանում են ապահովել նրանից լավ: ՀԳՄ-ն իներցիայով ընթանում է` նախորդների հեղինակության վրա հենված, ու եթե չփոխի իր մարտավարությունն ու ռազմավարությունը, տխուր ճակատագիր է սպասում նրան: Հետաքրքիր է, որ նրա որոշ անդամներ, առաջնորդվելով «խորամանկ գառը յոթ մոր ծիծ է ծծում» խրատով, հայտնվում են տարբեր խմբավորումների մեջ, առավել հաճախ` «երիտասարդական»: Զարմանալիորեն չհրաժարվելով ՀԳՄ-ի անդամությունից` դավադրաբար պայքարում են հենց նրա դեմ: Վերջին շրջանում ակնառու է, որ այսօրվա ակտիվիստ գրականագետները, բնավորվելով հրատարակչություններում, խմբագրություններում ու կայքերում, գործում են «շուկայի» օրենքներով, այսինքն` ոչ թե լուսաբանում են գրական ընթացքը, այլ ներկայացնում են իրենց շահն ապահովող հեղինակներին, թելադրում ֆեյսբուքյան թվաքանակով շատ ու ոչ խորաթափանց ընթերցողին գրական ճաշակ ու անուններ: Էլ չեմ ասում նրանց ստվերային համագործակցությունը պետական դրամաշնորհային մրցույթներին: Այդ ակնհայտ է ու պարզ, երբ նայում ես հանձնաժողովների ու մրցանակակիրների ցուցակները (եթե քեզ հաջողվում է դրանք գտնել, անմիջապես աչք է զարնում անունների կրկնությունը): Ընդհանրապես այդ մրցույթներն ու մրցանակաբաշխություններն այսօր գրական դաշտի ամենահակագրական երևույթներն են: Խաղից դուրս վիճակում են հայտնվել Գրականության ինստիտուտը, համալսարանները, բանասիրական ամբիոնները, որոնց համար դեռ 21-րդ դարը չի եկել: Ցավով պետք է նշեմ, որ տեսական-քննադատական միտքը կտրվել է արդի գրականությունից, ռեալ գրական գործընթացից: Այս իրավիճակում պատահական չէ, որ լուրջ ու օրեցօր խորացող ապագրական մրցակցություն է նկատելի երիտասարդ ու ավագ սերունդների միջև: Զավեշտալին այն է, որ այս երկու սերունդները միասին համերաշխորեն Ծաղկաձորում ամեն տարի երիտասարդ գրողների համաժողով են անցկացնում: Վերջին 10-12 տարում մասնակիցների կազմը համարյա չի փոխվում, նրբությունն այն է` կարծես այս երիտասարդները չեն մեծանում, հավանաբար բացահայտել են հավերժ երիտասարդ մնալու գաղտնիքը, իսկ ավագ սերունդն էլ իր տարիքային աճն է կանգնեցրել, դեռ մի բան էլ ետ է գնացել: Այդ համաժողովը, ահել ու ջահել իրար հետ թռիվռի անելուց զատ, գրականությանը ի՛նչ է տալիս, անկեղծ ասած, չգիտեմ: Ընդհանրապես ես չեմ հասկանում` գրողի երիտասարդն ու ծերը որն է, եթե հրաշքով Մեծարենցն ու Դուրյանը, ի վերջո, Չարենցը հայտնվեին մեր օրերում, պիտի արտոնյալ երիտասարդ գրող համարվեի՞ն: Ժամանակն է` սկսնակին տարբերակել տարիքով երիտասարդ գրողից ու իրատեսորեն նայել նրա ստեղծագործական կարողություններին: Ով ինչ ուզում է ասի, բայց ես նկատում եմ մշակութային որոշակի հակվածություն ունեցող երիտասարդների անկումային տրամադրվածությունը վերջին շրջանում: Թվում է` դա բնավ կապ չպիտի ունենար նրանց հետ, քանի որ նրանք իբր մտածող, ստեղծագործող անհատներ են (ձևանում ու ներկայանում), հատկապես ինքնավստահ կեցվածք ունեն, երբեմն էլ` գոռոզության հասնող: Ցավոք, նրանք չափի զգացողությունից ու ինքնահսկումից հեռացել են` այն համարելով իրենց ինքնուրույնության վկայությունը: Միաժամանակ  տեսնում եմ օր օրի ստվարացող, անհայրենիք երիտասարդական գրական մի խավ, որն իրեն համարում է ժամանակակից առաջադեմ մշակույթի էներգիան (սա նրանց սիրած բառն է ) կրողը, և զարմանալին այն է, որ բոլորին իրենց իսկ չհասկացած չափման միավոր «հերցով» են չափում, ինչը, ժողովրդական լեզվով ասած, նրանց նազուտուզն է: Ստացվում է, որ բոլորիս հոգածությունը դարձած երիտասարդությունը մեր աչքի առաջ մեծացել է անսպասելիորեն անամոթ, անհոգի, սպառողի հոգեբանությամբ, ազգային սկիզբ չունեցող, ազգային հետաքրքրությունների ու պատմական դեմքերի ու խնդիրների նկատմամբ անտարբեր, տարեցտարի իգացող, մի փնթփնթան եվրադոնդող: Ուրեմն` ո՞րն է խնդիրը. այն ապազգային անտեսանելի «ԳՈՐՇ ԿԱՐԴԻՆԱԼԻ» կողմից խրախուսվող անձնակենտրոն անամոթությունն է, որի նպատակն ազգային դիմագծի ոչնչացումն է (գիտեմ` հիմա կվկայաբերեք Ապրիլյան քառօրյայում երիտասարդության հերոսությունը և ճիշտ կանեք, բայց դա ուրիշ երևույթ է, սահմանային ուրիշ վիճակ, ուրիշ իրադրություն, ուրիշ հոգեբանություն, ի վերջո, գենային հիշողությունը վերականգնած հայ երիտասարդների ոգեղեն պոռթկում էր: Բայց լավ կլիներ` աչքս խոթեիք Ապրիլյան պատերազմն արտացոլող ու արժեք ներկայացնող գեղարվեստական գոնե մի քանի գործեր):

Ըստ էության, գրական դաշտի համայնապատկերը հետևյալն է` ճանաչված ու չճանաչված սերունդների զուգահեռ շերտեր, որոնցից ամեն մեկը մյուսին մերժում է ու իր ընթացիկ հաճույքներին տրված` չի էլ մտածում համակեցության մասին: Նրանց ամենապարզ տարբերակումը թերևս սերնդային բաժանումն է: Առաջին սերունդ` մինչև 40 տարեկան` մի քիչ ավելի կամ պակաս (գործում են 90-ականների ավանդույթով), երկրորդը` 40-60 տարեկան, որը լծաքարշ էր, թեև այդպես էլ չճանաչված մնաց (պատճառը` պատերազմ, սեփական քննադատի բացակայություն), երրորդը` 60-ից բարձր տարիք ունեցողների սերունդը (վաստակած հանգստի վիճակում է` հին դափնիների վրա նստած, բացի մի քանի ուշ ու ուշացած արթնացածների), բայց կա նաև այս երեքի արբանյակ ֆեյսբուքյան խառնափնթոր հոսքը. ա՛յ, եռանդուն գրական մարտնչողները սրանք են: Եթե մի փոքր հումորով պատկերելու լինեմ ընթացիկ գրական անդեմությունն ու նրանով ծավալվող գործընթացները, պետք է ասեմ, քանի որ մարդատար գրական գնացքները տո՛ւ անելով անցել-գնացել են, հիմա այդ գնացքների ետևից մի ամբողջ գրական էշելոն է վազեվազ անում ապրանքատար վագոններով, որոնց մեջ խցկվել են գրող ու չգրող, գրագետ ու անգրագետ, գրականագետ ու ոչ գրականագետ: Գրական ապրանքատար գնացքը փնչալով ընկել է ճամփա առանց կայարաններում կանգնելու, առանց շունչ քաշելու, որ հասնի մարդատար գնացքներին: Արդարության դեմ չմեղանչելով` վկայեմ, որ շատ ուրախ է ապրանքատար վագոններում: Բոյովներն ու ուրիշի ուսերին նստածները վագոնի վերևի օդանցքներից գլուխ ու ձեռքերը հանած` թաշկինակ են թափահարում` գոռալով` բա՜րձր գրականություն: Կարճերն ու խեղճերը, ոտքերի արանք ընկած, ներողություն, պարզապես ոտքի տակ չընկած, վագոնի կողերին անցքեր են գտել, այնտեղից են գոռում` բա՜րձր գրականություն: Բայց ինչ որ ճիշտ է` ճիշտ է. մի հոգեզմայլ, միմյանց շնչառությունն զգալու չափ հարազատ իրավիճակ է ստեղծվել, որտեղ, իրար հերթ չտալով, գրքերի շնորհանդեսներ են անում ահել ու ջահել` ի հեճուկս վագոնում չգտնվող նախանձների ու չկամների: Հարկ է նշել, որ ամեն վագոն իր երամն է հավաքել:

Այսօրվա մշակույթում շատ են խորքային խոցերը, որոնք ծածկված են անամոթության վարագույրներով: Սպասենք. չէ՞ որ վարագույրները մի օր բացվում են, ու տեսնենք` հերթական հեղափոխությունը վերջապես ե՞րբ կհասնի մշակույթի վարագույրներին:

 

 

One thought on “ԱՆԱՄՈԹՈՒԹՅՈՒՆԸ` ՇԱՀԱՇԱՐԺ  ԳՈՐԾՈՆ / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.