Որքան հայերիս կենսունակությունը սկսում է աշխատել, այդքան ավելի են խտանում Ալիևի նենգությունները հայոց սահմաններին և միջազգային դիվանագիտական հարթակներում: Սեպտեմբերը անցումային փուլ է և քաղաքական շիզոֆրենիայի ակտիվացման նոր շրջան՝ Իլհամ Ալիևի համար: Նա ամեն վայրկյան պատերազմ է շեփորահարում՝ մեր ընդարմացած նյարդերին: Իսկ մենք, փոխանակ հզորացնելու մեր ռազմական արդյունաբերությունն ու տնտեսությունը, հեռու մնացինք երկրում ապրելու և այն անխոցելի դարձնելու հիմնական գաղափարից՝ մեր գլխին կարգած ապաշնորհ ղեկավարների ներկայությամբ: Սա այլևս փաստ է: Մենք չգնահատեցինք մեզ տրված խաղաղ լուսաբացների խորհուրդը՝ մեր վաղվա օրը մշտապես վստահելով օտարներին և նրանցից սպասելով մեր «փրկությունը»: Ո՛չ սխալները շտկեցինք, ո՛չ դասեր առանք: Ու շարունակվեց այն, որ չպետք է շարունակվեր: Մեր անպատասխանատու անտարբերության 126 կուսակցականանոց երկիրը՝ կարապի, խեցգետնի ու գայլաձկան բազմաբևեռ քաշքշուկով, 21-րդ դարի առաջին 20-ամյակին կրկին կանգնեց նոր եղեռնի առաջ: Սա հայի բախտ չէ, երբեք չասեք, այլ՝ հղփացած անհատների, անհայրենիք, 30 արծաթով ծախված և Նժդեհի ասած՝ ներքին տականքի ազգուրացության արդյունքում կատարվեց, որին ներում չկա… Մեկ տարի է արդեն, սգի մեջ է մեր ողբացյալ ազգը, և մեկ տարվա ամեն օրվա 24 ժամը պետք է հզորացներ իր բանակն ու դիրքերը, տնտեսությունն ու դիվանագիտությունը, իսկ ազգային համախմբվածությունը այսօր ոչ թե խորհրդարանական խառնաշփոթ պետք է լիներ, այլ միջոցների ու գիտական ներուժի հաշվառում… բոլորի՛ կողմից: Մենք մեկ հայրենիք ունենք,- ո՞ւր է, մի՞թե սա ենք մենք, մենք մեզ չե՞նք ափսոսում: Ասել, որ խաղաղության դադար է և ապրել այդ դադարի հույսով՝ չարաչար սխալվում ենք: Ալիևին թվաց, որ ինքը հորից՝ Հեյդարից ավելի խելացի է և միջազգային հարթակներում, հակառակ իր պատմական միակ ժառանգության՝ Հեյդար Ալիևի (նա գոնե պարբերաբար հիշեցնում էր, որ Արցախն ու Նախիջևանը հայկական տարածքներ են եղել), ինքնահաստատման իր հորինած ֆանտաստիկ պատմություններով և Արցախի հայկական եկեղեցիների վրայից հայոց այբուբենով քարերի վրա գրված` բնիկներիս մասին հիշատակությունները քերելով, միջազգային չթույլատրված զենքերով ու ահաբեկիչներով գենոցիդի ենթարկելով պատերազմներից հոգնած, զզված, զարմացած, սակայն սեփական հողն անգամ արյունով պահող հայոց ազգին, Սև լճերով ու Սյունիքի արոտավայրերով դանդաղորեն արմատակալում է մեր կենսատարածքներում, խաղալով մեր ամենազգայուն լարերի վրա՝ հայ գերիներին փուլ առ փուլ բաց թողնելու ստորագույն թուրքական իր դիվանագիտությունը, խաբելով մեզ, ռուսներին, աշխարհին, իր ժողովրդին: Ահաբեկիչներով հաղթանակ կորզած ագրեսորը փորձ է անում ճանապարհային կոմունիկացիաների անվան տակ խրվել Հայաստանի պաշտպանիչ երակը՝ Սյունիքի տարածք, հայերիս կանգնեցնելով անհնարինի և գոյության խղճուկ փաստի առաջ: Ռուսաստանը այս ամենին քաջատեղյակ է, և կարծում եմ, Չավուշօղլուի և Էրդողանի վերջին հայտարարությունները՝ Ղրիմի հետ կապված, ինչպես նաև թուրքալեզու պետությունների թուրքական կայսրություն ձևավորելու վերաբերյալ, արդեն ետ են տարել թուրքերին անտեղի քողարկող ռուսական վարագույրները, հիշելով թուրքերի կողմից մշտապես իրենց խաբված լինելն ու հայերիս մի բռունցքի չափ թողնելու չխոստովանված մեղքը, որի մասին պարբերաբար հիշեցնում են ռուս ռազմական փորձագետներն ու քաղաքագետները: Դրա վկայությունը վերջին օրերին ՌԴ պաշտպանության նախարարության կողմից Արցախի կարգավիճակը ճշտող հայտարարությունն էր՝ այն անվանելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որը ագրեսիվ «ցնծություն» է առաջ բերել Ադրբեջանում:
Մինչ արտաքին ու ներքին հակահայ գործակալները անպաշտպան երկրի ներսում մեզ իրար դեմ են հանում, մեր դեմ գործող և թուրքերին միջոց ծառայեցնող տերությունները, որոնք Բաքվի նավթադոլարներին «թիկնած», Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մեզ առանց մի կաթիլ ափսոսանքի գենոցիդի ենթարկեցին, տիրեցին մեր անսպառ պատմամշակութային ժառանգությանը, հողին, հանքերին, տարածքային կարևոր ճանապարհային ռեսուրսներին, հայերիս թվաց, որ պատմությունը դրանով ավարտվեց, որովհետև գենոցիդից վեր ուրիշ բան չկար ազգային ցավով ազգը մեռցնելու համար, և միամիտներս հավատացինք, որ աշխարհի կողմից պաշտպանված պետք է լինեինք՝ որպես հին ու կորչող ազգային տեսակ: Ավա՜ղ, սխալվեցինք, կրկին ու հազար անգամ, որովհետև մեզնից փորձեցին անվերջ պոկել, հեռացնել ազգայնականության գաղափարը, մեր փրկության խարիսխը՝ մեզ թողնելով ֆիզիկական գոյության անհաղորդ ողնաշարի հեշտորեն ճկվող տեսակի տարածքում:
Արդ սեպտեմբերն է, ողբերգական ամիս, որի արնոտ արշավը հազարավոր զոհերի պատճառ դարձավ՝ նույն ծրագրով, հայ գենի ոչնչացման և տարածքների յուրացման թուրքական սադրանքներով: Հաճախ եմ կրկնել՝ մեր համախմբվածության բանալին մեր ազգային գիտակցության մեջ է, մենք կարող ենք շատ արագ կազմակերպվել և անխոցելի դարձնել մեր ինքնապաշտպանվածությունը: Ուզո՞ւմ ենք Հայաստանը վերագտնի իր ինքնությունը, ուրեմն հզորանանք, որ հզորացնենք: Ամենքն իր շահի ետևից է ընկած… Մի՞թե չենք կարող անձնական շահից վեր դասել ազգային շահը, որպեսզի Հայաստանը կարողանա հավերժացնել իր սերունդների ճանապարհը, և այդ ամենը՝ գիտակցաբար, պարտադրորեն, ազգային անքակտելի օրենքների սահմաններում: Մեկ ամիս ևս մեր հիշողության մեջ ծանր ու անջնջելի հետք թողեց, և դա սեպտեմբերի 27-ն է…