Նա մի քանի սերնդի գրական ու գեղարվեստական
բարձր ճաշակ ձևավորողն էր
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական ուղերձը Ալեքսանդր Թոփչյանի
մահվան կապակցությամբ
Խոր ցավ ապրեցի՝ լսելով թարգմանիչ, գրաքննադատ, գրականագետ, ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր, «Մովսես Խորենացի» մեդալակիր Ալեքսանդր Թոփչյանի մահվան մասին։
Ալեքսանդր Թոփչյանն իր կյանքով և ստեղծագործական գործունեությամբ գրական ու գրականագիտական մի քանի սերնդի ներկայացուցիչ էր և միաժամանակ, մի քանի սերնդի գրական ու գեղարվեստական բարձր ճաշակ ձևավորող։
Բառի ու բանի նրա յուրահատուկ զգացողության շնորհիվ են հայերեն թարգմանությամբ մեզ հասանելի դարձել ֆրանսիական և ռուսական գրականության լավագույն շատ նմուշներ։ Դրանք մնայուն վկայությունն են այն բանի, որ Ալեքսանդր Թոփչյան թարգմանիչն իսկապես անգնահատելի ավանդ ունի մեր մշակութային միջավայրում, որի ինքնատիպ մասն են նաև նրա իսկ գրչին պատկանող բազմաժանր գրքերը, գրականագիտական ու գրաքննադատական վերլուծություններն ու հոդվածները։
Իր ողջ կյանքի ընթացքում նա արժանապատվորեն կատարեց արվեստի ու մշակույթի նվիրյալի իր առաքելությունը և իր գրական վաստակը որպես լուսավոր հետք թողեց արվեստասեր ու արվեստագետ հանրության հիշողության մեջ։
Խորին ցավակցություններս ու մխիթարության խոսքերս եմ հղում Ալեքսանդր Թոփչյանի ընտանիքին, հարազատներին ու գրչակից ընկերներին։
***
Ալեքսանդր Թոփչյանի կորուստը շատ մեծ ցավ է մեզ, գրական ընտանիքի և, առհասարակ, Հայաստանի մշակութային ընտանիքի համար: Երիտասարդ տարիներից մշտազվարթ, նոր գաղափարներով, մարտական, գրականության պահապանի և գրականության նորարարության հունը բացողի կերպար ուներ, և «Գարուն» ամսագրում իր գործունեությունը հենց այդպիսին էր՝ նոր սերնդի գրականության, հատկապես պոեզիայի առաջամարտիկը լինելով՝ ներկայացնելու, տարածելու, ինչու չէ, նաև համաշխարհային անցուդարձերում:
Ալեքսանդր Թոփչյանը կյանքի այդ հատվածից հետո ավելի խորացավ թարգմանական արվեստում և 50-ից ավելի գիրք թարգմանեց ֆրանսերենից: Նա առաջիններից էր, որ ներկայացնում էր եվրոպական պոեզիան, լավագույն արձակը: Հազվագյուտ դեմքերից էր, որ աշխարհի գրականության մասին խոսում էր որպես հարազատ՝ ասես մեր հայաստանյան գրականությունն է ներկայացնում: Նա հանրահռչակում էր սփյուռքահայ գրականության լավագույն դեմքերի գործերը, որոնք մեզանում դեռ տարածված չէին, և առաջիններից էր, որ գրեց Զահրատի մասին որպես լավ բանաստեղծի՝ պոլսահայ իրականության մեջ: Վազգեն Շուշանյանի, Նիկողոս Սարաֆյանի, Շահան Շահնուրի մասին հոդվածները ամփոփվել են նրա գրականագիտական գրքերում: Ստեղծում էր նաև գրականագիտական տեսական աշխատություններ: Անդրադառնանք հատկապես երկու վեպերին, որոնցից մեկը՝ «Եվ անգամ մահից հետո», ներկայացնում է Ռուբեն Սևակի կյանքը, գործունեությունը, և լավագույն հայ կենսագրական վեպերից է, որ արժանացավ ՀՀ Նախագահի մրցանակի: Իսկ «Բանկ Օտոման» վեպը 5 լեզվով թարգմանվել է ու տարածվել է աշխարհում: Մի ժամանակ, երբ մեղադրում էին նոր սերնդին, թե նրանց գործերը եվրոպական են, հայկականությունը քիչ է և այլն, մոռանում էին, որ հենց Ալեքսանդրի գործերը բուն հայոց պատմության դրվագներ են, ինչպես նաև իր պիեսը՝ «Արտագերսը»:
Ալեքսանդր Թոփչյանն ամեն ինչի հանդեպ իր ուրույն կարծիքն ուներ և երբեք չէր պարտադրում այն ուրիշներին, ոչ էլ ցանկանում էր, որ իր կարծիքը համարեին վերին ճշմարտություն: Մշտապես առինքնող, հրաշալի զույգ էին ինքն ու Անահիտ Թոփչյանը, քաղաքի մեջ գեղեցիկ տեսանելիություն: Որպես մարդ միշտ ձգող էր, սպասում էին, որ խոսի, իր կարծիքը հայտնի, և այդ կարծիքն էլ շատերի քիմքին հարիր չէր լինում, որովհետև եթե թույլ գրող է, այդպես էլ ասում էր:
Նա հսկայական գործ արեց և երբեք չմտածեց հավերժանալու մասին: Աշխատող մարդ էր, հայ գրականության, հայ մշակույթի իսկական մշակներից, ինչպես Թոփչյանների իր տոհմն էր:
Աշխարհի և Հայաստանի մշակույթի մարդ, մեծ երևույթ, որի ստեղծածը մշտապես մնայուն է:
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
***
Ցավալի կորուստ է մշակույթի, գրականության, գրականագիտության համար: Ալեքսանդր Թոփչյանը առանձնահատուկ անձնավորություն էր, ընտանիքով էին նրանք մտավորական: Ուսանողական տարիներից եմ նրան ճանաչել, հաճախ էինք հանդիպում… Ցավալիորեն վերջին տարիներին մենք շատ կորուստներ ունեցանք մշակույթի ասպարեզում, բայց Ալեքսանդրի կորուստը ինձ համար շատ ավելի զգալի է: Մեծ կորուստ է մեր ժողովրդի, մեր մշակույթի համար: Ցավակցում եմ բոլորիս:
Հաղթանակ ՇԱՀՈՒՄՅԱՆ
***
Այսօր ինձ և բոլորիս համար ցավալի և տխուր օր է: Ճանապարհ ենք դնում մի մարդու, որի կորստյան մասին մենք չէինք էլ մտածում: Ինձ թվում էր՝ ինքը միշտ գոյություն է ունենալու: Ինձանից մեծ էր տարիքով, և ասես իր թիկունքում լինեի: Ալեքսանդր Թոփչյանը մեր սերնդի վերջին մոհիկաններից մեկն էր, բացառիկ անձնավորություն, բացառիկ ամեն ինչով՝ իր գիտելիքներով, մշակույթով, կուլտուրայով, իր աշխարհայացքով:
1960-ական թվականների առաջամարտիկն էր ինքը: Միակ գրականագետը, որ պայքարում էր նոր գրականության, նոր արվեստի, նոր աշխարհայացքի համար: Մի մարդ էր, որը չձգտեց փառքի և պաշտոնի, նրա ամենամեծ նվիրումը գրականությունն էր, պոեզիան, արվեստը: Այդպիսի մարդ էր նա: Կարող էր շատ բանի հասնել, նկատի ունեմ պաշտոնի, բայց նա ընտրեց ամենաբարձր պաշտոնը՝ առաջամարտիկ լինելու, մի սերնդի գաղափարախոսը լինելու ճակատագիրը ընդունեց, և բոլոր հարվածները, իհարկե, գալիս էին նախ և առաջ նրա վրա: Գրական պայքար էր, և նա կարողանում էր ինչպես որ հարկն է պատասխանել, հաստատել և գնահատել, պոեզիայի, գրականության մեջ դասդասել նորը, հինը, լավը, վատը… Այսինքն՝ նա մի նվիրական մարդ էր, նվիրական ամեն ինչով, գեղեցիկ ամեն ինչով՝ և՛ արտաքինով, այսպես, ապոլոնյան կերպար էր, և՛ իր լուսավոր աշխարհայացքով, լուսավոր մտքերով, գաղափարներով, արիստոկրատ անձնավորություն էր: Նվիրյալ էր, նվիրյալ բառիս բուն իմաստով: Միայն մտքերով ապրող չէր, այլև աշխատում էր, աշխատում քրտնաջան, 50-ից ավելի գիրք է թարգմանել ֆրանսերենից: Նա ֆրանսիական բարձր գրականությունը, մշակույթը, պոեզիան մտցրեց մեր գիտակցության, մեր գրականության մեջ: Թարգմանեց այնպիսի հեղինակների, որոնց անունները մինչ այդ չէինք էլ լսել: Օրինակ՝ Շոդերլո դը Լակլոյի «Վտանգավոր կապերը»՝ զարմանալի և մեծ ֆրանսիական գրականության պարծանքներից մեկը, որ թարգմանեց 60-ական թվականներին: Առաջին անգամ նա հայերեն ներկայացրեց Ժակ Պրևերի ժողովածուն, որը շատ մեծ ազդեցություն գործեց հայ պոեզիայի վրա՝ լավ իմաստով: Եվ այսպես, թարգմանում էր, գրում էր հարյուրավոր հոդվածներ կենտրոնական թերթերում, «Литературная газета»-ում, «Вопросы литературы», «Дружба народов» ամսագրերում, էլ չեմ ասում՝ մեզ մոտ: Նա սկզբունքային մարդ էր, իր սկզբունքներն ուներ գրականության մեջ: Նա գտնում էր, որ պետք է գիտակցության մեջ ինչ-որ փոփոխություն կատարվի՝ այսպես ասած, հին կառքով երկար ճանապարհ չես անցնի, պետք է վերափոխվել, վերազինվել, մեր ազգը պետք է դառնա ժամանակակից, արդիական պիտի դառնա, նոր աշխարհում ապրելու իրավունք պիտի ունենա, ներկայով ապրի, բավական է անցյալով ապրել, անցյալը մի ամբողջ աշխարհ է, դրա մեջ մարդը կարող է կորչել ու անհետանալ:
Նրա բացակայությունը, իհարկե, կոնկրետ ինձ համար կատաստրոֆիկ նշանակություն ունի: Նա ինձանից մի տարի մեծ էր, երբ կատակով այդ մասին խոսում էինք, ասում էր՝ քանի ես կամ, դուք հանգիստ մնացեք: Հիմա ես արդեն հանգիստ չեմ կարող մնալ, որովհետև այդ սյունը, որը մեր առաջ կանգնած էր, զարմանալի, անհավատալի ձևով… երբ լսեցի, չհավատացի ականջներիս: Ալիկ Թոփչյա՞նը… Հեչ նման չէր մահվանը: Նա մահվան հետ կարծես թե կապ էլ չուներ, որովհետև նա հոգու մարդ էր, մտքի մարդ էր: Ոչ միայն գրականագետ, ոչ միայն քննադատ, ոչ միայն անծայրածիր գիտելիքների տեր անձնավորություն, այլև հրաշալի գրող էր: Վեպեր, պիեսներ, զանազան գեղարվեստական ստեղծագործություններ: Նույնիսկ ես զարմացա, ասացի՝ Ալի՛կ, դու գրող դարձար, գրականագետ էիր: Ասաց՝ ես ամեն ինչ էլ կարողանում եմ անել: Դրա համար էլ նրա այսօրվա հեռանալը մի բան է, որ նրա տեղը ոչ մեկը արդեն չի գրավի: Նա միայն մեր հոգու մեջ, մեր մտքի մեջ պետք է մնա: Նրա անունը, նրա գործը պետք է մնա: Պետք է հենվենք նրա մեծ ժառանգության վրա: Այսօր շատ տխուր, շատ ցավալի օր է, անսպասելիորեն ցավալի, որովհետև ոչ մեկս չէր սպասում…
Հենրիկ ԷԴՈՅԱՆ
***
Գիտելիքի, ինտելեկտի, ճաշակի, հմայքի, առաջնորդության, խիզախության ու, հաստատ, գրականության մարտիկի այդ օրինակ֊օրինակելին, այդ գեղեցիկ մարդը՝ Ալեքսանդր Թոփչյանը, որ շատերիս ուսուցիչը եղավ՝ չիմանալով, որ շատերիս մեջ լավագույնը սերմանեց՝ չիմանալով, որ անհնարինը շատ հաճախ հնարավոր դարձրեց՝ մեզ այլ ճանապարհ չթողնելով, այդ գրականություն֊մարդը՝ մեր գետնամած ժամանակներում, և անգամ մահից անդին շարունակվող գոյություն է, իր թողած բարձր ժառանգությամբ թելադրումի, եթե կուզեք՝ պարտադրումի մեր մշտական ուղեկիցը, քանզի նրա՝ Ալեքսանդր Թոփչյանի թողածը լավագույն գրականություն, ընտիր թարգմանություն, ճաշակավոր ու արժեքավոր քննադատություն, ազնվական մարդկանց հասարակություն ունենալու մեր պատիվն ու պարտականությունն է։
Արքմենիկ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԱՅՆՔԱՆ ՀԵՌՈՒ ԷՐ ԹՎՈՒՄ…
Երբ մեկ-երկու տարի առաջ լրացավ Ալեքսանդր Թոփչյանի 80-ամյակը, նրա հոբելյանին նվիրված իմ խոսքը վերնագրել էի «Ընդամենը ութսուն», որովհետև նրա կերպարը բոլորիս պատկերացումներում զուգահեռվում էր երիտասարդության, ստեղծագործական անսպառ եռանդի, գրական ու գիտական մտքի ներուժի հետ: Դրանում մեկ անգամ ևս համոզվեցի բոլորովին վերջերս նրա հետ ունեցած վերջին հանդիպման ժամանակ, երբ նույն ոգևորությամբ պատմում էր իր առաջիկա ծրագրերի, առնվազն երեք հիմնարար հետազոտությունների մասին: Ահա թե ինչու, դժվար է համակերպվել այսօր կատարվածի հետ, հավատալ ներկա իրականությանը, որն այնքան հեռու էր թվում…
Ալեքսանդր Թոփչյանը Թոփչյանների համբավավոր տոհմի արժանավոր ներկայացուցիչն էր, հպարտանում էր դրանով և կարողացավ իր անբասիր ու բեղմնավոր մշակութային գործունեությամբ ոչ միայն բարձր պահել իր նախորդների սահմանած նշաձողը, այլև փոխանցել այն եկող սերունդներին:
Ալեքսանդր Թոփչյանի անհատականության ամենաբնորոշ գծերից մեկը նրա բացառիկ համեստությունն էր՝ հիմնված նույնքան բացառիկ արհեստավարժության, իր կոչմանն ու գործին նվիրվածության ու բարեխղճության վրա: Կազմել, ծանոթագրել, հրատարակել էր Ռուբեն Սևակի երկերի ժողովածուն, գրել մի շարք հոդվածներ, լուրջ ու հիմնարար հետազոտություններ, տպագրել մեծ գրողին նվիրված իր կենսագրավեպը, այնուամենայնիվ, երբ այդ երկի շնորհանդեսի ժամանակ խոսեցի սևակագետ Ալ. Թոփչյանի մասին, առարկեց՝ ասելով, թե շուտ է նման որակումը իր համար, քանի որ դեռ շատ ճանապարհ ունի անցնելու: Ի զարմանս շատերի, երբեք չձգտեց գիտական կոչումների, պատճառաբանելով, թե դա կարող է պարզապես զգալի ժամանակ խլել իրենից, մինչդեռ, համոզված եմ, որ նա իր վաստակով միանգամայն արժանի էր ոչ միայն հայրենական ու արտասահմանյան գրական ու պետական բարձրագույն պարգևների, որ ուներ, այլև ցանկացած գիտական կոչման:
Այս պահին և այսուհետև մխիթարանքը թե՛ հարազատների, թե՛ իր գրչակիցների և թե՛ ընթերցողների՝ Ալեքսանդր Թոփչյանի գրի ու գրչի երկրպագուների համար մեկն է՝ իր ապրած անբասիր ու ազնիվ մտավորականի կյանքը, բեղմնավոր ու կարևոր ստեղծագործական ժառանգությունը՝ Գործը, որը մշտապես ուղեկցելու է մեզ, ինչպես մեծն Թումանյանը կասեր, խոսվելու է դարեդար:
Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ
…ԵՒ ԱՆԳԱՄ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉԵԱՆԻ ՄԱՀԻՑ ՅԵՏՈՅ
Այդպէս էլ չհասցրեց ծերանալ Ալեքսանդր Թոփչեանը. մահը վրայ հասաւ դաւադիր ու անժամանակ: Բայց նա պատրաստ էր կեանքի ամէնից անակնկալ հանդիպումներին եւ մահը դիմաւորեց պատնէշի վրայ: Իսկապէս, եթէ մենք նայենք գրողի անցած ուղուն, ապա կարող ենք ասել, որ նրա՝ միշտ անփոյթ, միշտ լեցուն գրոյ սեղանը վկայել է անհանգիստ հոգի, հետաքրքրութիւնների լայն շրջանակ: Նրա սուր հայեացքի տակ հասունացաւ եւ ձեւաւորուեց 60-ականների երիտասարդ կոչուած պոեզիան մեզանում: Թոփչեանը իր հայեացքն ուղղեց մե՛րթ միութենական աշխարհում ինքնութիւն բացայայտած լիտուական պոեզիային (Յուստինաս Մարցինկեաւիչուս, Էդուարդաս Մեժելայտիս), մե՛րթ Սփիւռքի, մասնաւորապէս Ստամբուլի հայ բանաստեղծութեան զարթօնքին (Զահրատ, Զարեհ Խրախունի), որ 10-ականներից կէս դար յետոյ նորից բացուեց ինքնութեան զարմանալի շնչով:
Նրա մեծագոյն ծառայութիւնը հայ գրականագիտական աշխարհին եղաւ ֆրանսիական դարպասների շռնդալից բացումը թարգմանութիւններով, մեկնաբանութիւններով: Դա թերեւս սկսուեց 60-ական թուականներից, երբ առերես շփուեց Ժ. Պօլ Սարտրի եւ Սիմոնա դը Բովուարի հետ: Յիրաւի, նրա համար ֆրանսիական արձակը յայտնութեան դուռ էր, որն օգնեց հասկանալու նաեւ Շահան Շահնուրին, Վազգէն Շուշանեանին, Նիկողոս Սարաֆեանին, մեր արձակի ինքնութիւնը մեզ վերադարձնող ուժերին:
Ալ. Թոփչեանը 60-ականներից, իր ազգանուանը հաւատարիմ, գնդակի պէս ներխուժեց նաեւ ժամանակակից գրական տարերք ենթադրող գեղարուեստական աշխարհ, բերեց հին եւ նոր մարդու կենսագրութեան իրար կապող կամուրջները: Նրա համար յատկապէս սրբութիւն դարձաւ Ռուբէն Սեւակը, որի մասին գրեց «…Եւ անգամ մահից յետոյ» փաստավաւերագրական եւ գեղարուեստական եզակի սահմանի հատած վէպը:
Նրան մի կողմից հետաքրքիր էր Արտագերսի պատմութիւնը, միւս կողմից՝ Բանկ Օտոմանի խիզախ գրաւումը, հարցադրումներ, որոնց մէջ ինքը քննում էր ոչ այնքան գրափիլիսոփայական քարտէսի սահմանները, որքան մեր ժողովրդի շարունակականութեան հաւատը:
Ալ. Թոփչեանը վերադարձրեց արեւմտահայ գրականութեան հանդէպ հակակշիռների գիտութիւնը՝ գրողների մեծութիւնը համադրելով համաշխարհային գրական սահմանների ճանաչման իր սկզբունքներին: Միշտ դասական բարձունքների ճամբան որոնեց՝ նոր դուռ բանալով մեր ընթերցողներին, ընդլայնելով նրանց ըմբռնումների սահմանները, եզակի օրէնսդիր դառնալով շատ յաճախ, մի բան, որ իր մէջ զարգացրել էր «Գարուն»-ին աշխատակցելու տարիներից:
Ալեքսանդր Թոփչեանը եւ կինը՝ Անահիտ Թոփչեանը, շուրջ երկու տասնամեակ խորապէս կապուած էին Խ. Աբովեանի անուան ՀՊՄՀ «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի հետ: Մեր ուսանողները Գրողների Միութիւնում ելոյթներով հանդէս էին եկել «…Եւ անգամ մահից յետոյ» վէպի առիթով, հիւրընկալել նրանց համալսարանում, երկխօսել թատրոնից, գրականութիւնից ու մշակոյթից: Իսկ Ալեքսանդր Թոփչեանի արժէքաւոր հաւաքածուն, իբրեւ առանձին ֆոնդ, շուրջ 300 անուն գիրք եւ մամուլ, հանգրուանել է Կենտրոնի սփիւռքագիտական ընթերցասրահում:
Գնաց Ալեքսանդր Թոփչեանը, արագ ու անհասկանալի հեռացաւ աշխարհից, բայց մեզ հետ մնաց Թոփչեանի հայեացքը՝ ուղղուած գրական շարժումին, որը վերելքի ճանապարհ է ապահովել իրեն՝ առանց կոչումների, առանց շնորհների մեր գրագէտին, մեր արձակագրին:
Սուրէն ԴԱՆԻԷԼԵԱՆ
***
Որտեղ Ալեքսանդր Թոփչյան, այնտեղ նորը: Կարծես իր կյանքի բանաձևն էր՝ լինել նորացման և երիտասարդության կողքին, որովհետև այս երկու հասկացությունները նույնական են. երիտասարդությունն է իր հետ արվեստներում բերում նորություն՝ անկախ այն բանից՝ որքանով ես դու այն ընդունում կամ որքանով չես ընդունում, ունես բանավեճ թե չունես բանավեճ: «Գարուն» ամսագրի տարիներից նա հսկայական դեր խաղաց գրական նոր սերնդի կայացման գործում: Բանավիճային տարերք ուներ մեջը, զգում էր անմիջապես, թե ինչն է, որ կարող է գրականությունը թարմացնել: Թոփչյանը՝ որպես լայնախոհ մտավորական, շահագրգռված ու հետամուտ էր, որ այն ժամանակների համար արդի և գուցե նաև այսօր արդի՝ իր գեղարվեստական նշանակությամբ, ֆրանսիական, եվրոպական գրականությունը գա դեպի մեզ, և մենք գնանք դեպի այդ գրականությունը: Աներկբա է, որ նրա թարգմանական գործունեությունը լուրջ է, ծանրակշիռ է: Հիշում եմ՝ 1970-ին, Անահիտ Թոփչյանը Արմեն Մանարյանի «Վերադարձ» ֆիլմում էր նկարահանվում, իրենք նոր էին ամուսնացել, ես էլ «Գարուն» գնում-գալիս էի, պատմվածքներ էի տանում, և մի օր նորապսակները ինձ հրավիրեցին իրենց տուն: Մեկ սենյականոց բնակարան՝ այն ժամանակ Կուտուզով, այսօր՝ Գյուլբենկյան փողոցի մոտերքում: Ալեքսանդրը միացրեց նվագարկիչը. Ալֆրեդ դը Մյուսեի «Պոետն ու մուսան» չափածո երկխոսությունն էր: Պոետի անունից տեքստը կարդում, ավելի ճիշտ՝ ապրում, խաղում էր Ժերար Ֆիլիպը՝ համաշխարհային կինոաստղ, մուսայի անունից տեքստը կարդում էր, ապրում, խաղում էր ֆրանսիական թատրոնի և կինոյի աստղ Մարիա Կազարեսը, ու մենք նստած լսում ենք… Դա էր իր, այսպես ասած, կերպարը, կարող եմ նույնիսկ ասել՝ էսթետիկական կերպարը: Եվ այդ հիանալի, տաղանդավոր զույգի կերպարը:
Ինքը հակված էր մի ճանապարհի, որը բնականորեն հանդիպեցնում է իրար հայ գրականությունը, հայ գեղարվեստական մտածողությունը և եվրոպական գեղարվեստական մտածողությունը: Ինքը դրա՛ ջատագովն էր: Թոփչյանը մեծ դեր խաղաց այդ հանգրվանում և իսկապես հարստություն էր՝ որպես մտավորական, ես կասեի՝ հասարակական հարստություն իր մտավոր ներդրումներով, թարգմանություններով, ասենք՝ Դենի դը Ռուժմոնի «Եվրոպայի 28 դարերը» հիմնարար աշխատության հայերեն թարգմանությամբ: Այդպիսի մտավորականը նաև հասարակական հարստություն է: Մենք իրեն հրաժեշտ տվեցինք ցավալիորեն հենց իր ծննդյան օրը՝ սեպտեմբերի 7-ին: Ալեքսանդր Թոփչյանը լիարժեք ապրեց իր կյանքը, լիարժեք ստեղծագործեց: Դա կայացած կյանք է, կայացած կենսագրություն:
Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՆԱ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ՈՒՂԻՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԵՑ
Ցավալի օրինաչափությամբ տարեցտարի նոսրանում են 60-ականների գրողների սերնդի շարքերը, և այս համատեքստում առավել ցավալի է ընկալվում Ալեքսանդր Թոփչյանի հրաժեշտը երկրային կյանքին, ով այդ սերնդի կայացման, աշխարհընկալման, ազգային մտածողությանը գեղարվեստական նոր որակ ներարկելու նրանց ձգտումների օրենսդիրն էր: Ինչքան ներվ էր պետք՝ կոտրելու կարծրատիպերը, ինչքան հավատ ու սկզբունքայնություն, պայքարի ոգի՝ հաղթահարելու արգելապատնեշները… Այդ պայքարի դատավորը ժամանակն էր, և ժամանակի վճիռն հօգուտ նրա էր: Մշակույթի ոլորտում ազնվականի կոչում չկա, բայց նա իր նկարագրով, իր ապրած կյանքով, մշակույթի նկատմամբ իր նվիրվածությամբ, իր ինտելեկտով և իմաստնությամբ և, վերջապես, իր անգնահատելի վաստակով կարողացավ ներշնչել, որ ազնվականի տիտղոսը մշակույթում նույնքան տրամաբանական է, քանի որ մշակույթն առավել քան իշխանական և թագավորական է: Կարող էր պաշտոնների ձգտել և հասնել, իր բազմաժանր ունակություններով բարձր կոչումների արժանանալ, բայց նրա ճանապարհը դեպի հոգևորն ու ստեղծագործն էր: Նա իր չափանիշներն ուներ, որոնք համահունչ էին համաշխարհային արժեքներին, և անկախ իրավիճակից և հեղինակություններից, երբեք չդավաճանեց իր դավանանքին և սկզբունքներին: Ինձ համար նրա մահվան գույժի առաջին զգացողությունը ափսոսանքը չէր, այլ ցավը, որ նրա բացակայությամբ ևս մի սև խոռոչ թուլացնելու է մեր մշակույթը, որն առանց այդ էլ վերջին շրջանում երերումների մեջ է: Նա այն քիչ մտավորականներից էր, ով չքայլեց ուրիշների բացած արահետով և իր սեփական ուղին ճարտարապետեց, վստահ, որ այն իրենից հետո էլ շարունակվելու է:
Եվ մահն անգամ անզոր է ստիպել բացակա համարել նրան, քանզի նրա ներկայությունն ապահովելու են նրա հոդվածները, վեպերը, թարգմանությունները, դրամատուրգիան, նրա գեղարվեստական ողջ ժառանգությունը: Միայն ափսոս, այդպես էլ չենք իմանա, թե էլի ինչ արժեքներ պիտի թողներ, որ չհասցրեց ու տարավ հետը, ինչպես և չգիտենք, թե որ աստղի միջավայրում է բնավորվելու նրա հոգին: Հնարավոր է, էլի բաներ չգիտենք, որ եթե մեզ հետ լիներ, անպայման կիմանայինք, որովհետև…
Որովհետև նրա ներսի լույսը թույլ չէր տալիս իմացածը թաքցնել…
Սամվել ԿՈՍՅԱՆ