ՊՈԵԶԻԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԻ ՄԵՋ / Էդ­վարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

 

ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿ
Բա­ռե­րը չա­փա­զանց շատ էին փքուն ձո­ներ, ջրիկ գով­քեր՝ հե­րո­սա­կան ա­րարք­ներն ու հո­րի­նո­վի հե­քիաթ­նե­րը, քա­ջե­րին, զո­հե­րին ու գի­տակ հրա­մա­նա­տար­նե­րին, ինք­նահռ­չակ խի­զախ­նե­րին, հաղ­թա­նա­կը միմ­յանց ձեռ­քից խլխլե­լու, վեր­ջա­պես, ար­ծիվ­նե­րի նման ծվա­տե­լու հա­մար։ Հե­տո ինք­նա­գոհ ննջե­լու փառ­քի բար­ձե­րին։ Ք­նած­նե­րին բա­ռեր պետք չեն, նրանց ե­րազ­ներն են դյու­թում։ Ն­րանք ինք­նա­խա­բեութ­յամբ ար­բած՝ բա­ցար­ձակ հա­վա­տում են բա­րե­կա­մին և­ ար­հա­մար­հում թշնա­մուն։ Ո­մանք էլ բա­ռե­րի չա­փա­զանց շատ լի­նե­լը վե­րագ­րում են թշնա­մու խար­դա­վանք­նե­րին և բա­րե­կա­մի բա­րե­հա­ճութ­յա­նը և մեկ էլ՝ բա­րե­կա­մին՝ թշնա­մի, թշնա­մուն բա­րե­կամ են հա­մա­րում։ Սա էլ՝ մի այլ բա­ռա­շա­տութ­յան թա­կարդ, մի խոս­քով, շատ բա­ռե­րի մեջ կա շատ ու­նայ­նութ­յուն։

ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
Բա­ռե­րը չա­փա­զանց քիչ են՝ սե­պե­լու ամ­բողջ ճշմար­տութ­յու­նը։ Դա է գու­ցե պատ­ճա­ռը, որ ա­մեն ոք ի­րեն հա­մա­րում է վե­րին և վեր­ջին ճշմար­տա­խո­սը։ Պոե­զիան գլխա­հակ խո­կում է իր ներ­սում, փոր­ձում գծագ­րել իր մեղ­քի չա­փը։ Լռ­վել է եր­կու քա­րի ա­րան­քում։ Ո՛չ զո­րում է ող­բի գմբե­թին հաս­նել, ո՛չ վտան­գի զան­գա­ձայն հնչեց­նել, ո՛չ ճա­նա­չել մեր­ձա­վո­րին ու հե­ռա­վո­րին, ո՛չ ինքն ի­րեն ճա­նա­չե­լու խի­զա­խութ­յու­նը համ­տե­սել, ո՛չ… ո՛չ… ո՛չ, վեր­ջա­պես, պար­տութ­յու­նը չշփո­թել հաղ­թա­նա­կի հետ, միայն մի բան է դեռևս ճա­նա­չել պոե­զիան՝ հաղ­թել են մեր զոհ­ված­ներն ու կռված­նե­րը, պարտ­վել՝ բո­լորս, ա­մեն մեկն իր չա­փով։ Նո­րից հայտ­նա­բե­րել ենք երկ­դի­մի աշ­խար­հի կեր­պը և կար­կա­մել գյուտ ա­րա­ծի պես։ Կար­ծես ցե­ղաս­պա­նութ­յու­նը մեր կող­քով է ան­ցել, կար­ծես թու­րա­նաիս­լա­մա­կան ծրագ­րեր մռնչա­ցող­նե­րը մեր արևով են երդ­վում, և քրիս­տոն­յա աշ­խարհն էլ ա­մեն օր ա­ղո­թում է պե­տա­կա­նո­րեն ա­ռա­ջի­նը քրիս­տո­նեութ­յուն ըն­դու­նած թա­գա­վո­րի ու ժո­ղովր­դի հա­րատ­ևութ­յան հա­մար։
Շա­հա­սի­րա­կան և­ ագ­րե­սիվ քա­ղա­քա­կա­նութ­յու­նը խժռում է հա­վատ ու կրոն, ազգ ու պատ­մութ­յուն։ Նա եր­բեք չի լսում ե­րե­խա­յի լա­ցը։
Փա­րի­սե­ցի­նե­րը վե­րա­դար­ձել են տա­ճար, նրանց քշե­լու հա­մար նոր Գա­լուստ է անհ­րա­ժեշտ և բա­ռեր, ո­րոնք ստի, երկ­դի­մութ­յան, ան­տար­բե­րութ­յան, պոր­տա­պա­րու­հու ծեք­ծե­քուն ծի­սա­կա­նութ­յամբ չեն կեղ­ևա­պատ­վել։
Բա­ռե­րը չա­փա­զանց սա­կավ են ա­սե­լու՝ ճշմա­րիտ, ճշմա­րիտ եմ ա­սում։ Պոե­զիան խոս­քի և լռութ­յան մի­ջո­ցում Տի­րա­մոր հա­յաց­քով նա­յում է ի խաչ ըն­թա­ցող Որ­դու ետ­ևից։
Սա­կայն «­Հա­րութ­յուն» բառ կա։
Եվ դա է լոկ ի­րա­կա­նը։
Պոե­զիան ո՛չ շատ, ո՛չ սա­կավ բա­ռե­րի­նը չէ, նա պոռթ­կա­լու է հրաբ­խի հան­գով, հե­ղե­ղի և զու­լալ աղբ­յու­րի ա­ռո­գա­նութ­յամբ։
Թող բա­ռե­րը և­ ըն­թեր­ցող­նե­րը չսպա­սեն պոե­զիա­յի վախ­ճա­նին, նա Հաղ­թա­նակ և Պար­տութ­յուն բա­ռե­րի վրա իր կա­մարն է ձգում, նրա տա­կով անց­նե­լու են Հո­մե­րո­սը, Կոն­ֆու­ցիո­սը, Ա­վե­տա­րա­նիչ­նե­րը, Ֆիր­դու­սին, Նա­րե­կա­ցին, Դան­թեն, Շեքս­պի­րը, Գ­յո­թեն, Տոլս­տոյն ու Դոս­տոևս­կին, Հ­յու­գոն, Թա­գորն ու նրանց ժո­ղո­վուրդ­նե­րը։
Մ­նաց­յա­լը լռութ­յուն է. ա­րար­ման և շող­շո­ղիկ մրմուն­ջը հա­վի­տե­նա­կան Ա­սո­ղի­կի։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։