Սամվել ՄԱՐԳԱՐՅԱՆ / ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՍԵՐԸ

Ո՞վ խրախուսեց
Ալիևին
Ապրիլի 2-5-ը տեղի ունեցած արցախյան-ադրբեջանական քառօրյա պատերազմի դասերը մտորելու, խորհելու, վերլուծելու, տրամաբանելու տեղիք են տալիս: Այդ պատերազմի դասերը դառն են ու դժվարին, խորհրդավոր: Ընթացիկ տարվա մարտի վերջերին Ադրբեջանի նախագահը հանդիպեց Ռուսաստանի և ԱՄՆ-ի բարձրաստիճան ղեկավարների հետ: Ամերիկայից վերադառնալիս նա հրաման տվեց լայնամասշտաբ պատերազմական գործողությունների: Ո՞վ խրախուսեց Իլհամ Ալիևին. Էրդողա՞նը, Պուտի՞նը, թե՞ Օբաման… Հարցականներ, որ ուշ թե շուտ կպարզի ամենազոր ժամանակը:

Որտե՞ղ էր մեր
բանակային
հետախուզությունը
Թշնամին մեզ անակնկալ մատուցեց` լայնածավալ և անսպասելի հարձակումով: Մենք այդքան զոհեր չէինք ունենա, եթե մեր բանակային հետախուզությունը կարողանար պարզել թշնամու հարձակման օրը, գոնե մոտալուտ ժամանակը:

20 տարիների
սպառազինություն
Պատերազմի օրերին նոր հիշեցինք, որ Ադրբեջանի բանակը ավելի քան 20 տարի է, ինչ սպառազինվում է ռուսական, թուրքական և այլ երկրների ժամանակակից հզոր զենքով և զինտեխնիկայով, որ մեր մեկ տանկի, հրանոթի, ինքնաթիռի, շանթացիրի և այլ զենքերի ու զինտեխնիկայի դիմաց հակառակորդն ունի եռակի ու քառակի շատ: Ապշեցինք, երբ Ռուսաստանի Պետդումայի ներկայացուցիչը Երևանում հայտարարեց. «Եթե Ադրբեջանը Ռուսաստանից զենք չգնի, ապա կգնի Իսրայելից, Գերմանիայից, այլ երկրներից…»:
Թող գնի այլ երկրներից, բայց ոչ մեր դաշնակից Ռուսաստանից: Անբարոյականություն է, երբ ընկերը զենք է վաճառում մեկին` իր ընկերոջը խփելու համար:
Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ, ցավոք, մենք հավատարիմ և հզոր դաշնակից չունենք, որ դեռ թույլ է մեր դիվանագիտությունը:
Եվ փոթորկվեց
հայկազուն ոգին
Ադրբեջանի բանակի հարձակումը կասեցվեց մեր նոր քաջերի սխրանքներով: Հավերժ փառք մեր զոհվածներին, որ զրկվեցին Աստծու պարգևած կյանքից և իրենց կյանքը նվիրաբերեցին հայրենիքին: Եվ փոթորկվեց հայկազուն ոգին… Ոտքի կանգնեց համայն հայությունը: Արցախյան ռազմաճակատ մեկնեցին մեր երկրապահները, հարյուրավոր կամավորներ: Ժողովուրդը բարոյական, նյութական մեծ աջակցություն ցուցաբերեց հարազատ բանակին: Ասպարեզ եկան նոր հերոսներ: Թշնամին տեսավ և համոզվեց, որ անկարող է դիվերսիաներով, ահաբեկումներով կոտրել մեր հայկազուն ոգին և ծնկի բերել հերոսական ժողովրդին:
Պատրաստ լինենք
գալիք փորձություններին
Չի բացառվում, որ վաղը կամ մյուս օրը Ադրբեջանը վերսկսի լայնածավալ պատերազմական նոր գործողություններ: Ազգովի պետք է պատրաստ լինենք գալիք նոր փորձություններին: Ունեինք դարավոր մեկ թշնամի, արդեն ունենք երկուսը, և չի բացառվում, որ գալիքում հայ ժողովուրդը մարտնչի երկու ճակատներով: Հայ ժողովրդի արդար դատը, օրինական պահանջատիրությունը պետք է պսակվի հաղթանակով: Աշխարհը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ազատ ապրելու, գոյատևելու ինքնորոշման իրավունքը, Արցախի Հանրապետությունը:
Կարծում եմ, ժամանակն է, որ ստեղծենք համահայկական ռազմական ուժեր, զինված պահեստազոր: Ժամանակի հրամայականն է նաև` ռազմականացնելու Ադրբեջանի հետ սահմանամերձ մեր գյուղերն ու քաղաքները:

Հաղթում են ոգով,
հաղթում են զենքով
Անպարտելի է և անընկճելի հայոց ոգին, որ չի խոնարհվել, չի խամրել, չի խոտորվել դարերի փոթորկահույզ խառնարաններում: Համազգային միասնություն, հզոր ոգի և հզոր զենք: Այս եռամիասնությամբ է այսօր ամրագրվում հայոց հաղթանակների բանաձևը: Հայ անվանի մի խումբ գիտնականներ ստեղծեցին զանգվածային ոչնչացման հզոր զենքեր և մատուցեցին ռուսներին: Ժամանակն է, որ մեր գիտնականները ստեղծեն այդպիսի զենքեր հայոց բանակի համար: Գերհզոր զենքերով զինված հինգ հազարանոց ռազմագունդը կարող է պարտության մատնել հակառակորդի 5 միլիոնանոց բանակին:
Գնալով ավելի է համախմբվում իսլամական-մահմեդական աշխարհը: Քրիստոնյա աշխարհը և առաջին հերթին մեր դաշնակից Ռուսաստանը պետք է սատար կանգնեն հայ ժողովրդին:

Բաղձալին
խաղաղությունն է
Խաղաղություն, որ
սրտերը խաղաղվեն,
Որ ցավերը, խռովքները
խոնարհվեն…
Բաղձալին, այո՛, խաղաղությունն է: Եվ տա Աստված, որ խաղաղ ճանապարհով լուծվեն հիմնախնդիրները, որ մեր հարևաններն ընդունեն պատմական ճշմարտությունները, վերանան ատելությունն ու թշնամանքը երկու հարևան ժողովուրդների միջև, ստեղծվեն հաշտության, խաղաղության կամուրջներ:
Խաղաղասեր, խաղաղապաշտ հայ ժողովուրդը ոչ ոքի չի սպառնում: Նա պահում, պաշտպանում է Աստծու կողմից իրեն տրված հողն ու ջուրը, ազգային արժեքները, ազգային սրբությունները: Ադրբեջանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ մշտատև թշնամանքից, ատելությունից, պատերազմներից առաջին հերթին իրենք կտուժեն: Ժողովրդական հինավուրց խոսքն ազդարարում է. «Սուր բարձրացնողը սրից էլ կընկնի»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։