ԳՐԵՑ ՉԱՓԱԾՈ ԵՎ ԱՐՁԱԿ
Հայրս` Ծերուն Թորգոմյանը (Դեղդրիկյան) ծնվել է 1896 թվականին, Վան քաղաքում, Վանի մեծ դեպքերի` Համիդյան կոտորածների տարում: Դժվար է անցել մանկությունը, բայց կարողացել է սովորել քաղաքի հայտնի Երամյան վարժարանում, ապա ուսումը շարունակել է տեղի մանկավարժական քառամյա դասընթացներում, որն ավարտելուց հետո նրա առջև է բացվել եվրոպական առաջատար բուհերի ճանապարհը:
Ապա… Պայթեց Առաջին աշխարհամարտը: Թուրքիան շուտով ձեռքերին ազատություն տվեց և ձեռնամուխ եղավ Արևմտյան Հայաստանի հայությանը բնաջնջելու իր ծրագրի իրականացմանը: 1915 թվականի վաղ գարնանը սկսվեցին Վասպուրական աշխարհի հայկական բնակավայրերի հայ բնակչության նկատմամբ նոր բռնարարքներն ու կոտորածները: Վտանգն օրեցօր մոտենում էր Վանին: Օրհասական այդ պահին հայկական կուսակցությունները, մոռացության տալով կուսակցական հակամարտությունները, որոշում են միավորել և համատեղ կազմակերպել քաղաքի ինքնապաշտպանությունը: Վանի մեկամյա հերոսամարտն ընդդեմ թուրքական զորաբանակի և «խուժանի», ավարտվեց հաղթանակով, որին անշուշտ նպաստեցին տեղ հասած ռուսական զորամասերը և հայկական կամավորական ջոկատները:
Թվում էր, թե Վասպուրականը ազատագրված է անարգ թշնամուց, սակայն անդորրը հարաբերական էր: Երկուսուկես ամիս անց հաղթանակած վան-վասպուրականցիները հարկադրված էին բռնել գաղթի ճանապարհ` ենթարկվելով թշնամական նոր հարցակումների, տալով նորանոր զոհեր: Մինչև Թիֆլիս հասնելը այդ անասելի տառապանքներից և հարազատների ու մտերիմների կորուստներից անմասն չմնաց նաև հորս՝ Թորգոմյանների ընտանիքը: Չնայած կենսական ծանրագույն պայմաններին, գրական ձիրքով օժտված երիտասարդ հայրս սկսում է ստեղծագործել, հացը հանապազօրյա վաստակել իր գրչով, որպես սյուժե ունենալով իրական պատմությունները, իր տեսածն ու ապրածը, բնօրրանի կորուստն ու սերը:
«Լաչակս գլխիդ, մարդ» պատմվածքը Թորգոմյանի հանրահայտ գործերից է՝ գրված գաղթի ճանապարհին իր և հազարավոր մյուսների ապրած ողբերգությունների տպավորությունների տակ: Այդ հուզիչ պատմությունը 1916 թվականին Վահան Տերյանի աջակցությամբ հրապարակվում է Բաքվում լույս տեսնող հայերեն «Գործ» ամսագրում և անմիջապես էլ լայն արձագանք գտնում ընթերցող հասարակայնության շրջանակներում: Մինչ այդ, Թիֆլիսի «Հորիզոն» ամսագրում տպագրվում է «Մահվան թերթեր» էտյուդը:
Ընդհանրապես, Թիֆլիսում միջավայրը, հայ անվանի գրողների հետ ծանոթություններն ու շփումները հորս համար մեծ դեր են խաղում գրական աշխարհում իր տեղը գտնելու գործում: Անգամ ձեռնամուխ է լինում «Հրազդան» գրական-գեղարվեստական ալմանախի հրապարակմանը: Բայց շուտով նոր խնդիրներ են առաջ գալիս:
Սկսվում են անկախ հռչակված Վրաստանի ղեկավարների անհիմն հալածանքները հայ մտավորականների դեմ՝ բանտ, աքսոր: Շատերի նման Ծերունն էլ է փախուստի դիմում և հաստատվում է Կրասնոդարում, զբաղվում է լրագրողական աշխատանքով: Այստեղ հրատարակում է «Արձագանք» և «Կարմիր աստղ» թերթերը:
1921 թվականին Վրաստանում խորհըրդային կարգերի հաստատումից հետո Ծերունը վերադառնում և հիմնովին հաստատվում է Թիֆլիսում, որտեղ էլ ծավալում է գրական, լրագրողական և հասարակական բեղուն գործունեություն: Մոտիկից ծանոթանում ու շփվում է Հովհաննես Թումանյանի հետ, որին առաջին անգամ հանդիպել էր Վանում 1915 թվին, երբ հերոսամարտի հաղթական ավարտից հետո հայ մտավորականների խմբի՝ Լեոյի, Գարեգին Լևոնյանի, Խնկո-Ապոր և հայ այլ նշանավոր գործիչների հետ այստեղ էր եկել նաև մեծ բանաստեղծը: Հայրս լի էր ստեղծագործական եռանդով, երիտասարդ էր, նպատակասլաց: Ընդգրկվում է Անդրկովկասի կենտրոնի հասարակական բուռն կյանքին, մասնակցում պրոլետգրողների ասոցիացիայի հայկական մասնաճյուղի, տեղի ամսագրերի աշխատանքներին: Սակայն 1932 թվականին, դժբախտ պատահարի հետևանքով, կորցնում է տեսողությունը և կյանքի մնացած 55 տարիներն աշխատում է քարտուղարի օգնությամբ: Ինչպես ասում են` մեծ կամք էր հարկավոր հաղթահարելու ֆիզիկական և հոգեկան այդ անբուժելի հարվածը:
Եվ, այդուհանդերձ, հայրս բարի և կենսուրախ մարդ էր, միշտ ձգտում էր օգնել նրանց, ովքեր դիմում էին որևէ առիթով:
Իր ապրած տարիների ընթացքում երբեք չկորցրեց իր հոգու առույգությունն ու կենսուրախությունը: Ես չեմ հանդիպել ավելի աշխատասեր և լավատես մարդու, քան իմ հայրն էր: Հայրս ակտիվ մասնակցում էր Թիֆլիսի գրողների միության հայկական սեկցիայի աշխատանքներին: Այսօրվա պես հիշում եմ 50-ական թվականներին ավարտած նրա «Անմար կրակներ» վեպի հրատարակությունը:
Այդ տարիներին հայ սովետական գրողի համար մեծ քաջություն էր համարվում 1915 թվականի հայկական կոտորածի թեմայի շոշափումը: Քանի որ ամբողջ վեպը արծարծում էր այդ թվականի դեպքերը, ապա մեծ դժվարություններ ու խոչընդոտներ առաջացան նրա հրապարակման համար: Այնուամենայնիվ, 4-5 տարիների անդադար աշխատանքը իզուր չանցավ, և այն հրապարակվեց, սկզբում՝ Թբիլիսիում, իսկ ապա` Երևանում: Իր տեսողությունը կորցնելուց հետո հայրս հրատարակել էր մոտավորապես 5000 էջ (500 տպագրական մամուլ): Այս բոլորին հասել էր միմիայն մորս` Մարգարիտ Թորգոմյանի շնորհիվ, որը խնամում էր նրան, ինչպես մի փոքր երեխայի: Մայրիկիս անխոնջ հոգատարության և խնամքի շնորհիվ էր, որ նա կարողացավ ապրել այդքան երկար ու բեղմնավոր կյանքով:
Հետագայում արժանացավ ՀԽՍՀ կուլտուրայի վաստակավոր գործչի կոչման:
«Առաջին գրական թոթովանքներից, որոնք բանաստեղծություններ էին, մինչև կյանքի վերջին տարիները, նա հետամուտ եղավ իր՝ Վան քաղաքի կյանքի գեղարվեստական արտացոլմանը: Գրեց չափածո և արձակ բազմաթիվ գործեր, երբեմն հասավ ստեղծագործական բարձր ընդհանրացման, բերեց նաև ոչ քիչ պարզ կենսահյութ, որի նշանակությունը նույնպես երկրորդական չէ»: Այսպես է բնութագրել Ծերուն Թորգոմյանին գրականագետ Մելիքսեթ Մելքոնյանը:
Հայրս իր մահկանացուն կնքեց կյանքի 91-րդ տարում` թողնելով բարի անուն, իր ստեղծագործություններով նոր էջ ավելացնելով հայ գրական պատմագրքում:
Նրա շատ գործեր չեն կորցրել իրենց այժմեական հնչեղությունը: Դրանք անաչառ վկայագրեր են նաև թուրքերի կողմից 20-րդ դարի սկզբին հայ ժողովրդի դեմ կիրառած ցեղասպանության, որն այդպես էլ համառորեն և անամոթաբար շարունակում են հերքել երիտթուրքերի իրավահաջորդները: