Դանդաղ քայլերով և մեր մեծ վշտին խոնարհ, մոտենում ենք Ծիծեռնակաբերդին: Մոտենում ենք խնկարկելու մեկ ու կես միլիոն զոհերի հիշատակը: Մեր հոգիները սրբազօծե՛նք բարոյականության պասով, որ արժան լինենք հարյուր տարի հետո սրբացածների հիշատակը հարգելուն: Ցեղասպան պետությունը աշխարհի դռներն է ընկել` սգո մեր հարգը խանգարելու և իր ազգային հանցանքը թաքցնելու համար, սակայն մեկ ու կես միլիոն անմոռուկներ մոլորակի մարդկության խղճի փորձության առաջ թմբկահարում են լռության ոգու դեմ՝ գալիք աղետները կանխելու ակնկալիքով: Անմոռուկներից արցունք է կաթում Դեր Զորի անապատներում, և հայերիս հոգիներում 100-ամյա մահվան ստվերը կրկին ընդերքի կեղծիքը ջրի երես է հանել: Թերթերը, հեռուստաեթերը, էլեկտրոնային էջերը օրեցօր հայտնաբերում և ընթերցող հասարակությանն են ներկայացնում Հայոց Մեծ եղեռնին վերաբերող սահմռկեցուցիչ փաստեր, որոնք քաղաքական պարտադրանքների տակ ննջում էին խոշոր տերությունների արխիվներում, գուցե մեզ՝ է՛լ ավելի մեր ցավի ճահիճը ներքաշելու նպատակով նաև… Իհարկե, իրենք ավելին չէին կարող ասել, ի՞նչ կար մեր արյան հիշողության մեջ, որ դարեր շարունակ որոնում ու չենք գտնում: Գտնելուց էլ կորցնում ենք, կրկին որոնելու հույսով` նույն ջուրը նույն սանդերքում հազար անգամ ենք ծեծում: Սա հայկական մտածողություն է: Այսօր էլ` 21-րդ դարի առաջին 15-ին, պետք է խոստովանել, որ դեռ մեկս մյուսին հարց ենք տալիս՝ Դեմիրճյանի՞ «Հայն» ենք, թե՞ Թումանյանի, փաստ վավերագրողնե՞ր ենք, թե՞ միացյալ ուժերով մեկ ու կես միլիոն ժողովրդին բնաջնջող թուրքի դեմ թղթե շերեփով միայն բողոքի ձայն բարձրացնողներ: Ուզում եմ շատ զգուշորեն անցյալի ու ներկայի միջև անցկացնել համեմատության որոշակի եզրեր՝ ճշտելու համար, թե հարյուր տարի հետո ի՞նչ է փոխել հայն իր բնավորության մեջ, ինչո՞ւ է մշտապես ինքն իրենից դժգոհ, երբ պատմության էջերը խոսում են միայն նրա ստեղծագործ ու տաղանդավոր ազգ լինելու մասին, երբ աշխարհի մեծերը՝ գերմանացի հայագետ Մագդա Նեյմանը, Կանտը և մյուսները, խոսում են միայն նրա լուսավոր կերպարի, շինարար և օրենսդիր ազգ լինելու մասին: Անցկացնելով անցյալի ու ներկայի կապը՝ չեմ կարողանում հավատալ, որ միլիոնավոր կորստից հետո, երկար ժամանակ պետականազուրկ ու գաղութացված իրավիճակում ինքնությունը կորցրած ազգը կարողանում է արթնացնել վերհառնումի հրաբուխը և մեզանից բռնակցված փոքրիկ մի հատված վերադարձնելով՝ մտովի վերադառնում է իր ակունքներին` համոզված լինելով և՛ անկախ պետականության, և՛ բանակի հզորության ու մեր բարոյական արժեքների կայունությանը: Սակայն, ինչպես վերը նշեցի, կորցնելու բնազդին տրված, հանկարծ դեմ ենք առնում մեր դարավոր ավանդույթին անհարիր այնպիսի երևույթների, որոնք ոչ միայն հաղթանակ տարած զինվորին՝ իր արյան գնով պաշտպանած հողից են հեռացնում օտար երկրներ հաց որոնելու, այլև նոր իրավիճակների մեջ` նոր, օտարամուտ բարքերի ներխուժման պատճառով, խաթարում են ազգի կայուն դիմագիծը: Սա ճակատագիր չէ, այլ ազգի կամ անհատի ինքնագաղութացման դեմ տածած անտարբերություն, որը հաճախ վերածվում է ազգային աղետի: Այն սկսվում է մասնավոր դեպքերից ու տարածվում որպես աղետալի կենսաբանական զենք, ցավոք, բթացնելով ազգային դիմադրության սթափությունը, զգայուն ու խոցելի մնալով արտաքին ու ներքին թշնամու դեմ: Ընդամենը երեկ, նախորդ օրը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, իր իսկ «ընկերների» կողմից դաժանորեն սպանվեց նրանց կարգի հրավիրող զինվորը: Մենք ինչպես որ գրագետ արձանագրել ենք Եղեռնի 100 տարվա փաստերը մեր բազմահատոր վեպերում, այդպես էլ արձանագրեցինք հայոց բարձրագույն ռազմական կրթօջախի տարածքում անհայտ արյան տեր այդ հայերի կողմից իրագործված եղբայրասպան ոճիրը, հետո՞… մի քանի օր անց, ինչ-որ զորամասում մեկ այլ զինվոր ինքնասպան եղավ: Քանի՜-քանի անգամ որդեկորույս մայրերը արդարության դռները թակեցին ու մնալով անպատասխան՝ չկարողացան տարբերակել` հայրենիքո՞ւմ են պաշտպանում իրենց իրավունքները, թե՞ օտարի տիրույթում: Մեկ և կես միլիոն կորուստ ունեցող ազգի զավակները ինչպե՞ս կարող են ձեռք բարձրացնել իրար վրա: Համոզված եմ՝ նրանց ծնողները այդ հերձվածողների ձեռքից բռնած երբեք Ծիծեռնակաբերդ չեն բարձրացել… Հայր մեր, որ հերկինս ես, ների՛ր ազգիս տականքի բարբարոսությունը: Դրանք 1915-ի դավաճաններ, Աղբյուր Սերոբին մատնող Ավեի ու Սալեի ժառանգներն են, այլապես Անդրանիկ, Գևորգ Չաուշ, Աղբյուր Սերոբ ծնող ժողովրդին ի՞նչ էր պատահել: Միգուցե այն ժամանակ էլ, այսպես կոչված, ընդդիմադիրները, ժողովրդի կողմն անցնելու նույն երդումով, իրենց շուրջն են հավաքել կարող ուժերին ու գլխատե՞լ նրանց հույսը… Պատահականություն չէր, որ Պարույր Սևակի «Մարդը ափի մեջ» ու «Անլռելի զանգակատուն» գրքերը երկար ժամանակ արգելափակված էին ու մանրադիտակով մաքրված հայրենասիրական հղումներից: Պատահականություն չէին Եղիշե Չարենցին, Գուրգեն Մահարուն, Ակսել Բակունցին ու մյուսներին անգերեզման թողնելը, որովհետև նրանց աճյունների հայրենապաշտությունից անգամ վախ ունեին մեկ արծաթով ծախված մեր ներքին թշնամիները: Ինքնաքննադատությունը տկարների մահն է՝ բարոյական մահը, որից նրանք ավելի են խուսափում, քան սատանայից: Ի՞նչ անուն կարող եմ տալ այն չարագործին, որի ձեռքի կացինը Արամուս գյուղում վայրագաբար կտրում է 250 պտղաբեր խնձորենի. նա սերում է սաֆարովյան ախոռներից, ուրիշ անուն տալ չենք կարող: Աշխարհում կա՞ այդպիսի օրինակ, որ դժվարին պատերազմում ազգը հաղթանակ տանի հազարավոր կորուստների գնով, և նրա զավակներն ուրանան երկիրը՝ իրենց զավակներին սովամահ չանելու համար… Մենք մեզ չենք սիրում, օտարը ինչո՞ւ պիտի մեզ սիրի: Ազգը ե՞րբ է ծաղկում. երբ լեզուն չի արտագաղթում, երբ երիտասարդ ընտանիքը տանիք ունի գլխավերևում, երբ նրան կառավարողները աստղաբաշխական թվերով չեն հարստանում իրենց երկրի աղքատության ու արտագաղթի ավերի վրա:
Անցյալ դարի հայ մեծահարուստ Քասաբյանները չէին կարող պատկերացնել, որ իրենց կառուցած դղյակը երբևէ դառնալու է Թուրքիայի նախագահի նստավայր. նրանք սպանվեցին իրենց տան մեջ…
Ժողովրդի փրկության մասին պիտի մտածեր Անդրանիկը և օտարվեր հայրենիքից, Լեռնահայաստանը պիտի փրկեր Նժդեհն ու տառապեր ռուսական աքսորում, ազգային բանակ պիտի կազմավորեր Վազգեն Սարգսյանը և դաժանաբար սպանվեր երկրի օրենսդիր մարմնի դահլիճում…
Եթե հերոսը և՛ անցյալում, և՛ այսօր զրկվում է իր խորհրդանշական արժեքից, ապագան նրանց կարիքը շատ է զգալու: Ինչպես անհատները, այնպես էլ ազգերը ապագայի դռները պետք է բախեն միայն սեփական ուժերին ապավինելով:
Գաղտնիք չէ, որ մեր ազգային ատելությունը կոտրվում է միայն ընդհանուր ողբերգության պահերին: Ինչո՞ւ թույլ տանք, որ դանակը ոսկորին հասնի ու վերածվի կործանարար հեղեղի: Ազգը մեկ մարմին է, եթե նրա մի օրգանը հիվանդ է, մյուսներն այդ ցավն անպայման զգալու են: Վշտի մեջ թաթախված մերձավորիդ կողքին երջանիկ լինել չես կարող: Մեծն Կոմիտասը, տեսնելով Սիամանթոյի, Դանիել Վարուժանի, Գրիգոր Զոհրապի ու մյուսների ցնցող սպանությունը, ոչ թե խելագարվեց, ինչպես այն ժամանակ փորձում էին ապացուցել մեր ազգային ցավին անտարբեր օտար բժիշկներն ու զանազան շահագրգիռ անձինք, այլ լռեց, որովհետև բանականությունից դուրս էր կատարվածը: Ազգը նրա մեծ սերն էր և մորթվել էր թուրքի ձեռքով: Մի բուռ ենք մնացել Հայաստանում, մի՞թե դժվար է զուլալ պահել այդ մեկ բուռը…
«Լավ է կույր աչոք, քան կույր մտոք». Եղիշեի իմաստնությունը խոր հիմքեր է ունեցել… Ի՞նչ ասեմ, և այդ կույր մտքի պատճառով է, որ ըստ մամուլի տվյալների՝ 1000 թվականին հայերիս թիվը վեց միլիոն է եղել, բրիտանացիներինը՝ երկու միլիոն, 1920 թ. հայերի թիվը` մեկ միլիոն, իսկ բրիտանացիներինը 40 միլիոնի է հասել: Սան Ստեֆանոյի պայմանագրից մինչև ցյուրիխյան ճանապարհային քարտեզ անվերջ տանուլ ենք տվել: Երկու բանակի է բաժանված հայ ժողովուրդը` մեկի ձեռքին փողն է և ուժը, մյուսի մոտ` գաղափարն ու ազգասիրությունը: Այս երկու ուժերի մշտական պայքարն ու անմիասնականությունը դարեր շարունակ չկարողացան սրբագրել հայ ժողովրդի վերահաս վտանգները` մշտապես իրենց սխալները թաքցնելու նպատակով մեղադրելով օտար պետություններին, ճակատագրին, խոցելի կողմերով լիդերներին, մտավորականներին: Այս թեմայով երկրի ցավին ձեռքս դրած` քանի՜-քանի հոդվածներով եմ հանդես եկել: Հետևանքը վերացնելը խնդրի լուծում չէ, որովհետև պատճառն է ծնում հետևանք: Ազգը մեկ մարմին է, և նրա գլուխը անպայման ցավելու է, եթե մարմինը հիվանդ է. պատճառը պետք է վերացնել, գլխացավի պատճառը: Իսկ պատճառը ժողովրդի և իշխանության ազգաձույլ գործունեության պակասն է, հայի հորինովի ճակատագրի շրջադարձն ու ինքնամաքրվելը, հասարակության մեջ անհավատալի բարեգործությունները, հայոց պատմության իրական էջերը ճշմարտացիորեն սերնդին ներկայացնելը, սերունդ` ոչ թե արտերկրի համար, այլ՝ սեփական ազգի առաջընթացի:
Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակի տարելիցին ընդառաջ էլեկտրոնային լրատվամիջոցներով խոսք հղեցի Հայաստանի և արտերկրի մեծահարուստներին, կոչ անելով բացառիկ քայլի, որը Հայաստան-Սփյուռք հարաբերություններում նոր` միասնականության հանգանակ կարող էր դառնալ, այն է՝ Երևանում կառուցված բազմահարկ բնակելի շենքերից մեկը բարեգործությամբ նվիրել ներգաղթյալ մեր հայրենակիցներին… «Ձայն բարբառո հանապատի»: Իսկ Երևան քաղաքը տնքում է էլիտար շենքերի առատությունից, որոնք սնկի նման բազմանում են` անտեսելով երկրաշարժի վտանգն ու մեկ շնչին հասնող կանաչ գոտու սովը: Այդպես էին վարվում նաև 100 տարի առաջ, չկասկածեք, զենք գնելու և պաշտպանվելու փոխարեն ոսկի էին գնում…
100-ամյա տարելիցը լռությամբ ահազանգում է մեր կրկնվող սխալների մասին, ու ես ասում եմ` Հայր մեր, որ հերկինս ես, թույլ մի՛ տուր բազում թշնամիներով շրջապատված երկիրս նորից փորձության գնա, մաքրի՛ր նրան արատավորից և զորացրո՛ւ հանուն աշխարհասփյուռ տառապյալ ազգի, անցյալ ու ներկա մեղքերին թողություն տուր: Զի ազգային արժանապատվությունն առավե՛լ զորեղ է ու անհրաժեշտ…
Արդ, անցյալից խոսելով, կմնանք անցյալի մեջ: Ժամանակն է ազատվել գաղափարական մազոխիզմից. ոչ թե ընկնել խոշոր պետությունների ոտքի տակ, այլ քայլել նրանց համընթաց և Եղեռնի հիշողությունը ծառայեցնել միայն հայազորացմանը: